Սեյրան Օհանյանի կտրուկ հայտարարությունը

  • 00:21 18.04.2026

Պետք է մեղադրել ոչ թե գեներալներին, այլ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ տապալեց զորահավաքն ու կառավարումը, չկարողացավ կազմակերպել ճակատի գծի հարավային տեղամասի պաշտպանությունը, ինչի պատճառով հակառակորդը կարողացավ հասնել Շուշի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի  (2021-2026թթ.) 2025թ․ կատարման ընթացքի եւ արդյունքների իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ ապրիլի 17-ին հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Միաժամանակ, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը հայտնվեցին Սյունիքի եւ Ջերմուկի մատույցներում։ Եվ նորից՝ «շնորհիվ» անփութության, որը դրսեւորեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասել է Օհանյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ճեղքել է պաշտպանությունն այն տարածքում, որտեղ ռազմական գործողություններն անմիջականորեն վերահսկվում եւ համակարգվում էին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից, որի որոշումները հաստատվել էին անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Պատգամավորը նաեւ նշել է, որ ոչ թե բանակն է կռվում առաջին հերթին, այլ պետությունը, որը պետք է բանակին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով։

Ընդդիմադիր գործիչը հարցում է ուղարկել գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե պատերազմից հետո հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում բանակի գործողություններին, եւ քանիսը՝ այլ կառույցների։ Նա համոզված է, որ Փաշինյանը որեւէ եզրակացություն չի արել կատարվածից։

Նրա խոսքով՝ գործող կառավարությունը ոչ միայն ձախողել է բանակցային գործընթացը, այլև անտեսել է միջազգային ձևաչափերում՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կատարված աշխատանքը, որի հիմքում եղել է Արցախի ինքնորոշման սկզբունքը։