ԵՄ-ն վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ

  • 12:17 26.04.2026

Politico-ն հաղորդում է, որ Թուրքիան կրկին հայտնվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և նրա վաղեմի հակառակորդ՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի միջև հակամարտության կենտրոնում։

Անցյալ շաբաթավերջին ֆոն դեր Լեյենը ակնարկել է, որ Անկարան աշխարհառազմավարական սպառնալիք է ներկայացնում ԵՄ-ի համար։ «Մենք պետք է ապահովենք, որ եվրոպական մայրցամաքը ամբողջական լինի, որպեսզի այն չընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ», – ասել է նա։

Միշելը քննադատել է ֆոն դեր Լեյենին իր խոսքերի համար և Թուրքիան անվանել է «ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակից, կարևոր գործընկեր, էներգետիկ միջանցք, Եվրոպայի պաշտպանության ոլորտի խոշոր խաղացող և լուրջ տարածաշրջանային տերություն»։

2021 թվականին Թուրքիա կատարած համատեղ այցի ժամանակ, Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը նստել է իր Էրդողանի կողքին՝ հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենին մղելով հարևան բազմոց։

Եվրոպացի առաջնորդների 2021 թվականի այցը Թուրքիա տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների Արցախյան պատերազմից հետո։ Սյդ այցը, կարծես, հավանություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս ռուս-թուրքական ռազմական «լուծմանը»․ համանախագահությունում ԵՄ-ն ներկայացված էր Ֆրանսիան։ Չնայած Եվրախորհրդարանի և եվրոպական երկրների, մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանների բանաձևերին, ԵՄ գործադիր ղեկավարությունը այդպես էլ չդատապարտեց հակամարտության ռազմական լուծումը։ Դրան հաջորդեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը 2022 թվականի փետրվարին և Սիրիայի բռնազավթումը թուրքական պրոքսիների կողմից։ Այժմ բոլորի աչքի առաջ տեղի է ունենում Լիբանանի և Գազայի օկուպացիան Իսրայելի կողմից։ Եվ ԵՄ դիրքորոշումն այս հարցում անհասկանալի է։

2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելը և Մակրոնը առաջարկեցին, որ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում ստորագրեն փաստաթուղթ, որը ճանաչում է իրենց երկրների խորհրդային սահմանները։ Դրանից հետո, 2023 թվականի սեպտեմբերին, ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Կոստանդնուպոլսում համաձայնության եկան հայկական Արցախի հայաթափման և “ստալինյան սահմանների” վերականգնման վերաբերյալ։

Մասնագետները նշում են, որ Արցախյան շարժման ամենասկզբում և ԵԱՀԿ-ի բանակցություններին ներգրավվելիս թաքնված որոշում էր կայացվել խորհրդային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ 1994 թվականի հրադադարից հետո ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէր համարվում միայն այն պատճառով, որ Արևմուտքն ու Ռուսաստանը խստորեն պահպանում էին խորհրդային սահմանները։ Իսկ 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո հակամարտությունը համարվում էր «լուծված», քանի որ վերականգնվել էին խորհրդային սահմանները։

Սակայն, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ինքնին խորհրդային սահմանների բռնի խախտում է: ԵՄ-ն այժմ անում է ամեն ինչ՝ մերժելու Ռուսաստանի իրավասությունը Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ և «պաշտպանելու» խորհրդային սահմանները՝ պաշտպանելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը: Բայց որքանո՞վ դա կհաջողվի: Եվ ի՞նչ կպատահի եվրոպական Բալկանների հետ, եթե Ռուսաատանն ու Թուրքիան անպատիժ մնան:

Միշելի և ֆոն դեր Լեյենի միջև Թուրքիայի շուրջ հակամարտությունը կապված է եվրոպական ղեկավարության դիրքորոշման հնարավոր փոփոխության հետ՝ որոշ երկրների էքսպանսիայի իրավունքի վերաբերյալ:

Միշելը սուր քննադատության ենթարկվեց Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի կողմից, որը հանդիմանեց բելգիացուն՝ ԵՄ անդամի երկրի տարածքը օկուպացրած պետությունը պաշտպանելու համար: «Թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին և շարունակում է օկուպացնել եվրոպական տարածքը», – նշեց Քրիստոդուլիդեսը:

Սակայն Միշելին այլևս հնարավոր չէ կանգնեցնել. վերջերս, նրա ձեռքով, Փաշինյանին և Ալիևին շնորհվեց արաբական մրցանակ՝ «խորհրդային սահմանները վերականգնելու» համար: