
«Եվրոպական օրերի» ավարտից և Մակրոնի Հայաստան կատարած պետական այցից հետո հասարակությունը փորձում է վերականգնվել «էյֆորիայից» և գնահատել չոր մնացորդը: Ամենահրատապ հարցն այն է, թե ով է հեղինակել 2022 թվականի հոկտեմբերին ստորագրված Պրահայի հռչակագիրը, որի համաձայն Հայաստանը հրաժարվեց Արցախից:
Փաշինյանը «մեղադրում է» Մակրոնին, մինչդեռ ֆրանսահայերը պնդում են, որ Փաշինյանն ինքն է ստիպել եվրոպացի առաջնորդներին կայացնել այս որոշումը։
Պրահայի հռչակագիրն իսկապես շրջադարձային կետ էր: Այն ստորագրելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը շրջափակեց Բերձորի միջանցքը: Ինը ամիս տևած շրջափակումից և Աղդամով «ճանապարհ» բացելու փորձերից հետո Բաքուն սկսեց ուժային հարձակում՝ արդյունքում թողնելով Արցախը առանց իր բնիկ հայ բնակչության։
Պրահայի հռչակագիրը ստորագրվել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից և Ջերմուկի ու Սոթքի տարածքների մի մասի օկուպացիայից մեկ ամիս անց: Այդ ժամանակ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն հայտարարեցին, որ չեն միջամտի, քանի որ պարզ չէ, թե արդյոք Հայաստանն ունի «սահմաններ»։ Պրահայում Հայաստանը Ադրբեջանի հետ ստորագրեց փաստաթուղթ, որով «ճանաչում» էր սեփական սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, այսինքն՝ նախկին խորհրդային սահմանները, որոնք գծագրվել էին դեռևս ուժի մեջ գտնվող 1921 թվականի Կարսի ռուս-թուրքական պայմանագրով։
Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը պնդում է, որ բոլոր ստորագրված միջազգային փաստաթղթերը ճանաչեն Հայաստանի սահմանները «համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»։ Բանը հասել է նրան, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ ստորագրված հռչակագրերում նշվում է «խորհրդային» կամ, այլ կերպ ասած, ռուս-թուրքական սահմանների անձեռնմխելիությունը։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոստովանեց, որ զոհաբերել է Ղարաբաղը՝ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար։ Հայաստան կատարած այցի ժամանակ Մակրոնը ևս ակնարկեց, որ խոսքը Հայաստանի պետականության պահպանման մասին էր, և «Ֆրանսիան կատարել է իր պարտքը»։
«Ալմա-Աթայի» սահմանները “չեղյալ են” հայտարարում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևը, որը և հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ստեղծման համար։ Ալիևը իրավացիորեն կարծում է, որ Արցախը Հայաստանի մաս է կազմում, այդ իսկ պատճառով նա պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում։ Փաշինյանն ասում է, որ Արցախը Հայաստանի մաս չէ, և անհասկանալի է, թե ինչպես կարող էր նա զոհաբերել Արցախը, եթե այն Հայաստանի մաս չէր։
Այս առումով, հայ հասարակության մեջ գլխավոր հարցը մնում է բաց. եթե Արցախը Հայաստանի մաս է կազմում, և Փաշինյանը խոստովանել է, որ զոհաբերել է Արցախը Հայաստանի համար, և այս «իրավունքը» ճանաչվել է Եվրոպայի կողմից, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ վաղը Հայաստանի մյուս մասերը չե՞ն զոհաբերվի։ Թեկուզ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց TRIPP հռչակագիրով Հայաստանը գործնականում հրաժարվեց կես դարով Իրանին սահմանակից իր հարավային տարածքներից։
Մակրոնի Հայաստան այցի էյֆորիան չկարողացավ թաքցնել Փաշինյանի փորձերը՝ բարդելու Պրահայի համաձայնագրի մեղքը Մակրոնի վրա։ Փաշինյանը բազմիցս շնորհակալություն հայտնեց Մակրոնին Պրահայի հռչակագիրը «նախաձեռնելու» համար։
«Նախագահ Մակրոնի դերը այս խաղաղության ճարտարապետության կառուցման գործում կարևոր է։ Հետևողականության, ճկունության և բացառիկ դիվանագիտական հմտությունների շնորհիվ Մակրոնին հաջողվեց համաձայնության հասնել մեր և Ադրբեջանի միջև», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մակրոնն ինքը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին «խիզախության» համար՝ այդպիսով նշելով, որ հենց Փաշինյանն է Պրահայի հռչակագրի հեղինակը։
Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդներից մեկը՝ Մուրադ Փափազյանը, որը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում, ասել է, որ «նախագահ Մակրոնը հերքում է իր մասնակցությունը Պրահայի հռչակագրին»։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին պետք չէ Մակրոնի դիրքորոշումը Արցախի հարցում։ Ֆրանսիան չի դրդել Հայաստանին ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Սա Ալիևի և Փաշինյանի միջև հարաբերությունների արդյունքն է։ Մակրոնը այս պատմության հետ որևէ կապ չունի։ Հարցը վերաբերում էր Հայաստանի սահմաններին, որպեսզի Ադրբեջանը չդիմի ռազմական գործողությունների։ Մակրոնի հիմնական մտահոգությունը Հայաստանի անվտանգության ապահովումն էր», – ասել է Փափազյանը։
Ո՛չ Մակրոնը, ո՛չ էլ Փաշինյանը չեն կարողանա խուսափել այն հարցին պատասխանելուց, թե ի՞նչ իրավունքով էր «զոհաբերվել Ղարաբաղը Հայաստանի անվտանգության համար»։ Եվ որտե՞ղ են այդ իրավունքի սահմանները։