Ընտրարշավը Նիկոլ Փաշինյանի համար անհաջող սկսվեց․ Սյունիքում նա հայտարարություններ արեց, որոնք նման էին ժողովրդավարության այլասերման։
Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղյան շարժումը ի սկզբանե ճակատագրական էր Հայաստանի համար, բայց երբ նա իշխանության եկավ, հավատարիմ մնաց նախկին ընթացքին։ Ապա ընթացքում հասկացավ, որ Ղարաբաղը մերը չէր, և այդպիսով նա և Ալիևը հասան խաղաղության։
Ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ստիպված էր զոհաբերեր Ղարաբաղը՝ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար։
Եթե Ղարաբաղը մերը չէր, ապա ինչպե՞ս կարող էր Փաշինյանը զոհաբերել այն։ Իսկ եթե Ղարաբաղը մերն էր, ապա ի՞նչ իրավունքով Փաշինյանը հանձնեց հայկական տարածքը։ Երկու դեպքում էլ խոսքը ազգային մասշտաբի հանցագործության մասին է։
Մյուս կողմից, ժողովրդավարության մոլի երկրպագու Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ իշխանության է եկել մեկ ծրագրով (և՛ 2018-ին, և՛ 2021-ին), բայց իր ժամկետն ավարտում է մի արդյունքով, որն արմատապես հակասում է իր ընտրական ծրագրին։ Խոսքը սոցիալ-տնտեսական հարցերի, ասֆալտի կամ կոռուպցիայի դեմ պայքարի մասին չէ։ Հարցն այն է, որ Փաշինյանի ծրագրին քվե են տվել, քանի որ այն խոստանում էր Արցախի հարցի խաղաղ և արդարացի լուծում, իսկ 2021 թվականին՝ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա։ Առնվազն 2022 թվականի սեպտեմբերից ի վեր կառավարությունը աշխատում է իր ծրագրին հակառակ ուղղությամբ։ Դա ժողովրդավարության բռնաբարում է;
Փաշինյանն այսօր մեկնաբանեց իր 2019 թվականի հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»․ «Այո, ասել եմ, ես հավատարիմ եմ եղել այն գաղափարին, մենք գնացել ենք դրա հետևից։ Մեկ քայլ, երկու քայլ, երեք քայլ և մենք հասկացել ենք որ այստեղ մի բան այն չի, մենք մի բան սխալ գիտենք, մենք մի տեղ ինքներս մեզ խաբում ենք։ Այո պետք է արձանագրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Մենք ճանաչել ենք հետևանքը, և մենք կանգնել ենք, ասել ենք՝ ժողովուրդ, մենք սխալ ճանապարհով ենք գնում, պետք է փոխենք մեր ճանապարհը, և այդ փոխած ճանապարհով մենք եկել, հասել ենք խաղաղության այս կետին»։
Ժողովրդավարության կանոնը թելադրում է, որ եթե կուսակցությունը շեղվում է իր ծրագրից, չի կարողանում կամ չի ցանկանում իրականացնել դրա հիմնարար դրույթները կամ մտադիր է փոխել ուղղությունը, ապա այն պետք է ստանա վստահության նոր քվե՝ հրաժարական տա և մասնակցի ընտրություններին նոր ծրագրով։
Սակայն Հայաստանում ժողովրդավարությունն իսկապես աղավաղված է բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ բանակները կրակելու հրաման չեն տալիս նույնիսկ ագրեսիայի ժամանակ, և տարածքների կորուստը համարվում է սովորական երևույթ։
Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտարարեց հրաժարական տալու իր պատրաստակամության մասին, այն բանից հետո, երբ երկրի հակաօդային պաշտպանությունը վերջերս չկարողացավ խփել Ռեզեկնեի մոտ գտնվող նավթամբարին մոտեցած ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Մինչդեռ, Հայաստանի կառավարությունը հպարտությամբ հայտարարում է, որ ուժ չի կիրառի Հայաստանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար։
Բայց ի՞նչ գիտեն Լատվիայում ժողովրդավարության մասին։