Փաշինյանի և Ալիևի խոստովանությունները. նույնիսկ առանց հայերի Արցախը հանգիստ չի տալիս

  • 14:00 11.05.2026

Թվում է, թե Ղարաբաղի հարցը «փակված է», Արցախում հայեր չկան, Հայաստանը չի խոսում նրանց իրավունքների և սեփականության մասին, Բաքվում Արցախի ղեկավարությունը դատապարտվում է անջատողականության ու ահաբեկչության համար, Հայաստանը պնդում է, որ 2020-2023 թվականների ցեղասպանությունը Բաքվի «հայելային» պատասխանն էր, արցախցիները զրկված են Հայաստանում քվեարկելու իրավունքից։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցը դեռևս ոչ ոքի հանգիստ չի տալիս։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր Հայաստանի համար։ Նույն ձև էին կարծում շատ հայեր, ինչպես նաև 1988-1989 թվականներին Բաքվից և Սումգայիթից փախստականները, Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի և Գետաշենի բնակիչները, որտեղ 1991 թվականին ՕՄՕՆ-ը, խորհրդային զորքերի հետ միասին, իրականացրին «Օղակ» գործողությունը։ Շահումյանի շատ բնակիչներ այդպես էլ չմնացին Արցախում և հեռացան, հիմնականում դեպի Ռուսաստանի հարավ։ Նրանք ասում էին, որ Շարժման համար վճարած գինը չափազանց բարձր է, և նրանք չեն հավատում, որ կարելի է լավ արդյունքի հասնել։

Եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք ԽՍՀՄ փլուզման ժամանակ ծափահարելով աջակցում էին Ղարաբաղյան շարժմանը որպես ժողովրդավարական և իրավական շարժման, այպպես էլ չեն համարձակվել ճանաչել հայերի ինքնորոշման իրացված իրավունքը 1994 թվականի պատերազմից հետո։ Հիմա, մասնավոր զրույցներում, նրանք ասում են. «Դուք սխալվում էիք այն ժամանակ, որ հավատում էիք ժողովրդավարությանը»։

Այս տրամադրությունները միշտ էլ գոյություն են ունեցել, բայց նրանք, ովքեր հույս ունեյին միջազգային դիվանագիտության միջոցով հասնել 1990-1994 թվականների հայկական հաղթանակի ճանաչմանը, շարունակել են աշխատել: Այս 30 տարիների ընթացքում ծնվել և մեծացել է մի ամբողջ սերունդ, որի համար կյանքը ինքնորոշված դեմոկրատական Արցախում երջանիկ էր՝ չնայած զրկանքներին և «վառոդի տակառի» համախտանիշին: Բայց հիմա Հայաստանի կառավարության ղեկավարն ասում է, որ զոհաբերել է այս սերունդը և հայկական Արցախը՝ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար, քանի որ Ղարաբաղը երբեք մերը չի եղել:

Նախկին հայ ղեկավարները պնդում են, որ հնարավորություններ կային Արցախը պահելու, և շարունակական զգույշ դիվանագիտությունը կարող էր արդյունքի հանգեցնել առանց նման զոհաբերությունների: Մյուսները պնդում են, որ պատերազմում պարտությունը չպետք է լինի ազգային իրավունքներից հրաժարվելու պատճառ: Նրանք ասում են, որ Ղարաբաղյան շարժումը սխալ չէր, քանի որ այն նպատակ ուներ կանխել Արցախում հայերի ցեղասպանությունը, և 30 տարի շարունակ դա հաջողությամբ իրականացվել է: Առանց Արցախյան շարժման, ասում են քաղաքական գործիչները, հայերը միևնույն է կվտարվեին Ադրբեջանից, և ինքնիշխան Հայաստանը կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ:

Ենթադրական ձևով խոսելը անշնորհակալ գործ է։ Սակայն հողն ու մարդկանց «զոհաբերելը» պետական ​​հանցագործություն է, և Փաշինյանը փորձում է արդարացնել դա՝ ասելով, որ դա մեր հողը չէ։

Միևնույն ժամանակ, Ալիևը խոստովանում է, որ ուժով է գրավել Արցախը, ապա շանտաժի ենթարկել՝ Քարվաճառը, Անկան և Քաշաթաղը “առանց մի կրակոցի” հանձնելու համար։ «Վերջնագիրը հետևյալն էր. եթե Հայաստանը արագ չհանի իր զորքերը այս հողերից, ըստ էության՝ մեկ ամսվա կամ նույնիսկ ավելի քիչ ժամանակում, Ղարաբաղում մնացած բոլոր հայկական զինված ուժերը կոչնչացվեն։ Հրամանը տրված էր, և հայկական զինված ուժերի 15,000-անոց զորակազմը կոչնչացվեր», – ասել է Ալիևը։

Կտրվե՞ր արդյոք հայկական կողմը Ալիևի շանտաժին, եթե իշխանության գլուխ այլ ուժեր լինեին։

Ալիևը այս հարցին պատասխանել է յուրովի. «Հայաստանի քաղաքական ոլորտում կան բավականաչափ շրջանակներ, որոնք ապրում են ադրբեջանական ժողովրդի և պետության նկատմամբ ատելությամբ, և եթե նրանք իշխանության գան, ապա հայ ժողովուրդը մեծ դժվարությունների մեջ կհայտնվի, և մենք պետք է զգոն լինենք»։