
Մարատ Մեհրաբյանի ընտանիքը Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել։ Ինչպես բռնատեղահանված արցախցիներից շատերը, նրանք ևս բռնել են արտագաղթի ճանապարհն ու հասել հեռավոր Ֆրանսիա։ 2025 թվականի օգոստոսից արցախցի ընտանիքը բնակություն է հաստատել Ֆրանսիայի Նանտ քաղաքի մերձակա բնակավայրերից մեկում։ Ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ նոր բնակավայրում Մեհրաբյաններն զբաղվում են սիրած գործով՝ գյուղատնտեսական աշխատանքներով։
– Հողագործությամբ սկսել եմ զբաղվել 2022 թվականից։ Երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, ես հասկացա, որ պետք է հույսս դնեմ իմ վրա ու ինչ-որ բան ձեռնարկեմ։
Ասկերանի շրջանի Այգեստանի վարչական տարածքում մոտ 6000 քառ․ մետր հողատարածքի վրա սկսեցի իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ։
Առաջին անգամն էի նման գործունեություն ծավալում, ցանքսը բարեհաջող էր։ Արդեն վաղահաս բերքը պիտի հավաքեի, երբ 2023 թվականի հունիսին կարկուտն ու սելավները միանգամից գետնին հավասարեցրին ընտանիքիս տքնաջան աշխատանքը։ Մենք չվհատվեցինք ու նորից սկսեցինք կռիվ տալ հողի հետ, ստեղծել․․․ Սակայն դա ևս կարճ տևեց։ Արցախը բռնատեղահանվեց, արցախցիները սփռվեցին աշխարհով մեկ։
Մենք հաստատվել էինք Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, որտեղ նորից կցվեցի հողագործությանը։ Շուրջ մեկուկես հա հողատարածքի վրա աճեցնում էի տարբեր տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ։ Հողը շատ բերրի էր, ու կային բոլոր բարենպաստ պայմանները լավ բերք ստանալու համար։ Որոշակի փորձ ունեի արդեն։ Առատ բերք ստացանք, սակայն չէինք կարողանում իրացնել, ու դա հուսահատեցրեց մեզ։ Ամեն առավոտ, ժամը 5-ին ամբողջ ընտանիքով գնում էինք աշխատում, հավաքում բերքը, որից հետո երեխաները գնում էին դպրոց։ Մի տեսակ ծանր էի տանում, որ մեր չարչարանքն արդյունք չէր տալիս, առանձնապես, երբ այդ գործի մասնակիցն էին դպրոցահասակ երեխաներս ։
Մեհրաբյանները մեծ դժվարությամբ են որոշել արտագաղթել Հայաստանից
-Իհարկե, որոշում կայացնելը ծանր էր մեզ համար, բայց, ցավոք, մեր իսկ հայրենիքում մենք չկարողացանք գտնել մեզ։ Արտագաղթելու մեր ամենամեծ պատճառն Արցախի անձնագրից հրաժարվելն էր։ Գուցե ինձ քննադատեն շատերը, բայց ես չկարողացա գնալ այդ քայլին։ Ես հայ եմ ու Հայաստանում էի ապրում (իհարկե, ոչ իմ կամքով էի տեղահանվել իմ տնից), ուստի ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանամ, եթե արդեն իսկ ունեմ նույն կապույտ անձնագիրը։ Դե, արդեն իսկ պարզ է, եթե քաղաքացի չես, ուրեմն կայուն աշխատանք ևս չես կարող ունենալ։
Մեր սեփական արտադրանքը չէինք կարողանում վաճառել, որ գոնե դրանով ապրենք։ Ես ինձ օտար էի զգում իմ հայրենիքում։ Մեր արտադրանքը տանում էինք «Մեյմանդար» առևտրի շուկա, սակայն եթե արցախցիներ, կամ ծանոթներ չէին գալիս, ապա մեր արտադրանքը չէր վաճառվում։ Այդ ջոկողությունը ինձ կոտրում էր։ Միաժամանակ չէի կարող տանել արցախցիներիս հանդեպ անարդար վերաբերմունքը՝ ինչո՞ւ եք եկել, մնայիք ու կռվեիք, գնացեք ձեր Արցախը, ո՞վ է ձեզ այստեղ պահում և այլն․․․ Արցախցիներիս հանդեպ մի տեսակ վանում կար մարդկանց մեջ, որի պատճառն այդպես էլ չեմ հասկանում։ Ես գիտակցում եմ, որ պետք էր ինտեգրվել, մերվել բոլորի հետ, բայց չկարողացա և տեղահանությունից մոտ 2 տարի անց արտագաղթեցինք Հայաստանից։
Մեհրաբյանները փորձում են հարմարվել նոր բնակավայրին։ Այսօր նրանց շրջապատում միայն ֆրանսիացիներ են․ ոչ մի հայկական ընտանիք չկա
-Դժվար է անշուշտ, սակայն մենք պետք է հաղթահարենք այս փորձությունը։ Երեխաներն արդեն տիրապետում են ֆրանսերենին։ Ես և կինս դեռևս սովորում ենք։ Բարեբախտաբար գտնվել են մարդիկ, ովքեր մեզ մի փոքր հողակտոր են տրամադրել․ զբաղվում ենք նաև հողի մշակմամբ։ Բնությունն Արցախի բնության պես է։ Ամեն ինչ աճում է այստեղ՝ մոշ, զկեռ, հոն, ընկույզ․․․ Երբեմն ինձ թվում է, թե ես Արցախում եմ՝ անընդհատ համեմատությունների մեջ եմ, ու դա ինձ հանգստացնում է։ Մեր տան դիմաց մեծ ու գեղեցիկ մի եղևնի կա, որին նայելով, ինձ թվում է, թե Ստեփանակերտի «Պիտաչոկում» եմ․ հենց այդպես էլ ասում եմ ընկերներիս, որ հաճախակի զանգում են ինձ։ Իհարկե, կարոտն անտանելի է։ Ապրում ենք Արցախի հուշերով ու հետվերադարձի հույսով։ Չգիտեմ՝ վաղն ի՞նչ է լինելու, կյանքն այնքա՜ն անկանխատեսելի է, բայց ուզում եմ, որ բոլորը հաջողությունների մեջ լինեն և փորձեն գտնել իրենց, թեև դա չափազանց դժվար է։
Մարատն ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թվականի սեմտեբերի 19-ի պատերազմների մասնակից է։ Մարտական դիրքերում էր, երբ սկսվեցին թշնամու առաջին հրետակոծությունները։ Նա ողջ մնաց, բայց ընկերներից շատերը զոհվեցին, տղաների կորուստը մեծ ցավ է Մարատի համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ