Տպավորություն է ստեղծվում, որ մինչև 1988 թ․ Արցախի բնակչության մեծամասնությունը հայեր չէին

  • 12:41 13.05.2026

Ծիծեռնավանք

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը սկսվեց «Արցախը մերը չէր», Ղարաբաղյան շարժումը սխալ էր, իսկ Արցախում շարունակվող ցեղասպանությունը՝ Ադրբեջանի «հայելային պատասխանն է» հայտարարությամբ։

Այս հայտարարությունները անհնար կլինեին առանց Բաքվի «հաստատման»։ Ամենակարևոր «փաստարկն» այն է, որ ադրբեջանցիները «վերադառնում են» Արցախ՝ իրենց տները գտնելով ավերված, իրենց «մշակութային ժառանգությունը»՝ ոչնչացված։ Արհեստականորեն ստեղծվում է տպավորություն, որ մինչև 1988 թվականը Արցախի բնակիչների մեծամասնությունը նստակյաց ադրբեջանցիներ էին, որոնք դարեր շարունակ ապրել են այնտեղ և ստեղծել են ուշագրավ ժառանգություն, մինչդեռ «քոչվոր հայերը» բարբարոսաբար ոչնչացրել են ամեն ինչ, ապա բնակություն հաստատել ադրբեջանցիների տներում։

Հունվարին գրող և սցենարիստ Սլավի Ավիկ Հարությունյանը իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացված Մարտակերտի շրջան կատարած այցը. «Իլհամ Ալիևն այցելել է իմ հայրենի Չլդրան գյուղը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանցիները երբեք չեն ապրել այս գյուղում: Ադրբեջանի նախագահը լուսանկարվել է իմ համադասարանցու՝ Արթուր Ծատրյանի տանը մի քանի մարդկանց հետ, որոնք ներկայացվում են որպես այս տան և գյուղի ենթադրյալ նախկին բնակիչներ: Իմ համակուրսեցու տանը գտնվելով՝ Ալիևը այս գյուղը աշխարհին ներկայացնում է որպես նախկինում «հայերի կողմից օկուպացված» գյուղ: Մինչդեռ 12-րդ դարի Նահատակ և 13-րդ դարի Կարմիրի պահպանված եկեղեցիները ադրբեջանական մամուլը ներկայացնում է որպես «ալբանական»:

Սա առանձին դեպք չէ, այլ համակարգված քաղաքականություն։ Հայկական կողմը ոչ միայն հարցեր չի տալիս, այլև հաստատում է ադրբեջանցիների «իրավունքները»։ Հայաստանի կառավարությունը Բաքվից չի խնդրում տրամադրել Արցախում ենթադրաբար ոչնչացված մզկիթների ցանկը, քանի որ նման ցանկ գոյություն չունի։ Հայաստանի կառավարությունը չի հարցնում, թե ինչու է Բաքուն ոչնչացրել Ստեփանակերտի ամբողջ թաղամասերը և մի քանի հայկական գյուղեր, եթե այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ, իսկ հայերը “օկուպացրել են”։ Հայաստանի կառավարությունը արդարացնում է Արցախից ից և ազգային իրավունքներից հրաժարվելու սեփական քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի «իրավունքներով», մոլորեցնելով ամբողջ աշխարհին և հայ հասարակությանը։

Նույնիսկ Հայաստանում արցախցիները ստւպցված են ակնհայտ փաստեր ներկայացնել և ապացուցել, որ հայերը միշտ կազմել են Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը, որ այնտեղ մնացել են հարյուրավոր հին հայկական եկեղեցիներ, և որ Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին դպրոցներից մեկը արցախյան Ամարասում։ Սակայն «Արցախը մերը չէ» մոլեգին քարոզչության ֆոնին այս բոլոր փաստերը թվում են պարզապես արդարացումներ։