Հովսեփյանների ընտանիքը Թալինում նորից տուն է կառուցում

Հովսեփյանների ընտանիքը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստիպված է եղել հեռանալ հարազատ Ավետարանոց գյուղից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին կանգնել նոր՝ ավելի դառը իրականության առաջ։ Երկրորդ տեղահանությունից հետո ընտանիքը սկզբում հաստատվել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքում, ապա տեղափոխվել Թալին։

Այսօր Հովսեփյաններն ապրում են ութ հոգով՝ չորս զավակների հետ։ Ընտանիքի կրտսերը՝ Նարեկը, ծնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և երբեք չի տեսել իր ծննդավայր Ավետարանոցը։ Բայց ընտանիքում նրան պատմում են գյուղի, իրենց տան ու հայրենի եզերքի մասին, որպեսզի նա ճանաչի այն հողը, որի մասին ծնողները, տատիկն ու պապիկը խոսում են կարոտով ու հպարտությամբ։

Օրեր առաջ ընտանիքը տեղափոխվել է արցախցիներին տրամադրվող հավաստագրով ձեռք բերած նոր տունը։ Տունը կիսակառույց էր, և ունեցած միջոցներով հնարավորինս վերանորոգել ու կահավորել են այն։ Սակայն աշխատանքները դեռ ավարտված չեն։

«Երրորդ անգամ ենք վերսկսում ապրել, նորից ենք սկսում զրոյից»,- ասում է չորս երեխաների մայրը՝ Լուսինեն։

Ընտանիքը, սակայն, չի սպասում, որ ամեն ինչ պատրաստ լինի, որպեսզի սկսի ապրել ու ստեղծել։ Նոր տան շուրջ 1000 քառակուսի մետր տնամերձ հողատարածքն արդեն մշակել են, այգի հիմնել, տնկել ծիրանենու, խնձորենու և տանձենու տնկիներ։ Այժմ կառուցում են հավաբուն։ Հետագայում ցանկանում են նաև կովեր ու խոզեր պահել, սակայն դրա համար դեռ համապատասխան շինություն չունեն։

Լուսինեն աշխատում է Թալինի Թաթուլ և Զովասար գյուղերի միջնակարգ դպրոցներում՝ դասավանդելով ֆիզիկա։ Ամուսինը նույնպես աշխատում է։ Երկուսն էլ ամեն օր անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխաները կրթվեն, մեծանան և կարողանան արժանապատիվ կյանք ունենալ։

2023 թ․, դեռ Արցախում

Երեք երեխաները՝ Մարիաննան, Նիկոլայը, Աննան, դպրոց են հաճախում, իսկ փոքրիկ Նարեկը՝ մանկապարտեզ։ Դպրոցից ու մանկապարտեզից բացի՝ երեխաները մասնակցում են տարբեր խմբակների, նոր ընկերներ են ձեռք բերում և աստիճանաբար հարմարվում նոր միջավայրին։

Լուսինեն ասում է՝ Թալինում իրենց լավ են ընդունել։ Քաղաքը հանգիստ է, մաքուր, մարդիկ՝ մարդամոտ ու սրտացավ։ Այստեղ շուրջ 50 արցախցի ընտանիք է բնակվում։ Հովսեփյանների կողքին են նաև Լուսինեի ծնողները, որոնք ընտանիքի մեծագույն հենարաններից են։

Ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչը՝ Սվետլանա Մնացականյանը, 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժ է։ Նա կարոտում է դպրոցը, գործընկերներին ու իր սաներին։ Նրա խոսքում երկու տեղահանությունների ցավն ու ապագայի հանդեպ հավատը միաժամանակ են հնչում։

«Երբ կորցրինք Ավետարանոցը, ցավն անչափելի էր, սակայն սփոփվում էինք գոնե նրանով, որ Արցախը կար, թեկուզ կոտրված ու փոքրացած։ Մենք պատրաստ էինք շտկել մեր մեջքը, ոտքի կանգնել, սակայն 2023-ի արհավիրքը մեզ ամենաուժեղ հարվածը հասցրեց»,- ասում է նա։

Լուսինեն Հայաստանը համարում է արցախցիների Մայր հայրենիքը և ձգտում է իր ընտանիքի համար այստեղ ապահովել արժանապատիվ կյանք, սակայն չի մոռանում ծննդավայր Արցախը։

«Երկու անգամ տեղահանվել ենք, երկու անգամ ստիպված ենք եղել զրոյից սկսել, բայց չենք հրաժարվել տուն ունենալու, հող մշակելու, աշխատելու ու ստեղծելու իրավունքից։ Եվ, որքան էլ ծանր լինի ներկան, մենք չենք կորցնում այն հույսը, որ մի օր վերադարձը հնարավոր կլինի, իսկ եթե այդ օրը չտեսնենք մեծերս, ապա մեր սերունդներն անպայման կտեսնեն այդ երանելի օրը»,- ասում է բազմազավակ հայրը՝ Արթուրը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ