Գերիների ազատ արձակում. Հայաստանը խուսափո՞ւմ է քաղաքական «սակարկություններից»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, օգոստոսի 17-ին հանդիպել են ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի վարչության, նաև Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Վերոնիկա Զոնաբենդի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարվա հուլիսի 8-ին և 31-ին ուղղված դիմումներից հետո։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կողմերը ընդգծել են ուղիղ երկխոսության հաստատման կարևորությունը։

Սա նշանակում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից երեք տարի անց ՀՀ կառավարությունը «ուղիղ երկխոսություն» չի հաստատել նրանց ընտանիքների հետ։

ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ անում է ամեն ինչ բանտարկյալներին ազատ արձակելու համար, սակայն կապ չունի նրանց ընտանիքների հետ։ Ինչպե՞ս հասկանալ սա։ Արդյո՞ք Հայաստանը պատասխանատու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի համար։

Թեմայի շուրջ NEWS.am զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, մարդասիրական  հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հետ:

«Նախ, արձանագրեմ, որ հենց պետությունն է պատասխանատու իր կողմից որպես հակամարտության կողմ մասնակցող անձանց, հատկապես՝ գերեվարված անձանց համար։ Ընդգծեմ, որ այս պահին Ադրբեջանում պահվող 19 հայերն անազատության պայմաններում հայտնվել են հենց զինված հակամարտության պատճառով, իսկ Հայաստանը այդ հակամարտության կողմ է դիտարկվում:

Հայաստան-Ադրբեջան հակամարտության պարագայում գերիների հարցը ներառված չէ խաղաղության համաձայնագրի տեքստում, առկա չէ նաև որևէ այլ համաձայնագիր, որն այս հարցերը կկարգավորի՝ բացառությամբ 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հենց այս հանգամանքը օգտագործելով, նոյեմբերի 9-ից հետո գերեվարված հայերին դատել են, չի տրամադրվել ռազմագերու կարգավիճակ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը», ասել է նա։

«Հակամարտությունների շրջանակներում պահվող անձանց վերադարձի ժամկետներն ուղիղ կապ ունեն գերիների քաղաքացիության երկրի ջանքերի ակտիվության հետ՝ կամ անմիջականորեն բանակցելու պահող երկրի հետ գերիների վերադարձի պայմանները, կամ ներգրավելով միջնորդ պետություններ  ու կազմակերպություններ՝ դրանց միջոցով արագացնելով գործընթացը։ Պետությունը պետք է օգտագործի ցանկացած դիվանագիտական հարթակ՝ ապահովելու Ադրբեջանում պահվող հայերի վերադարձը։ Ցավոք, այս առումով արձանագրում ենք բացթողնված հնարավորություններ, օրինակ՝ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները», ասել է Աննա Մելիքյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին։ Այս մասին գրված է Washington Times-ի հոդվածում։

«TRIPP-ը կօգնի պահպանել խաղաղությունը՝ Հայաստանի հարևաններին տալով գործնական շահագրգռվածություն այն երթուղիներում, որոնք մնում են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո։ Սակայն կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն քարտեզների և առևտրային երթուղիների վրա։ Թրամփի կովկասյան համաձայնագրի ամենահրատապ փորձություններից մեկն այն է, թե արդյոք այն կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ադրբեջանում պահվող 19 հայ բանտարկյալների վերադարձը։

Շատ հայերի համար Ադրբեջանում պահվող գերիները մնում են նշան այն բանի, որ պատերազմը դեռևս լիովին չի ավարտվել։

Միջանկյալ ընտրությունների մոտենալուն զուգընթաց, հայ-ամերիկյան համայնքը, որի թիվը գնահատվում է ավելի քան 1 միլիոն, ուշադիր հետևում է, թե արդյոք Վաշինգտոնը լսում է նրանց վաղեմի մտահոգությունները։ Թրամփի մասնակցությունը խաղաղության գործընթացին նրան լծակներ է տալիս։ Նա պետք է խրախուսի Ալիևին ազատ արձակել 19 հայ բանտարկյալների՝ որպես Բաքվի խաղաղությանը հանձնառության ցուցադրություն», – նշվում է հոդվածում։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը կարող է ազատ արձակել գերիներին՝ 907-րդ բաժինը չեղարկելու դիմաց։

ԱՄՆ կոնգրեսական Համադեն, որը «Ազատության մասին» օրենքի 907-րդ հոդվածը չեղյալ համարելու մասին օրինագծի հեղինակն է, վերջերս այցելել է Ադրբեջան և Հայաստան: Սակայն հայ լոբբիստները նշում են, որ 907-րդ հոդվածի չեղարկումը իրենց համար անընդունելի է, քանի որ այն օրինականացնում է Ադրբեջանի ռազմական գործողությունների և Արցախում էթնիկ զտումների արդյունքները։

Այժմ ի հայտ է եկել մեկ այլ տարբերակ՝ գերիների ազատ արձակում TRIPP-ի դիմաց: Ի՞նչ է սա նշանակում: TRIPP-ը, ըստ հուշագրի, ճանապարհ է, որը պետք է կապի «Ադրբեջանը նրա էքսկլավ Նախիջևանի հետ»: Ալիևը Նախիջևանը անվանում է «Ադրբեջանի անբաժանելի մաս», բայց նա գիտի, որ դա այդպես չէ: Հայաստանի կառավարությունն էլ հիտի, դրա համար իր ծրագրում նշվում է, որ “վերականգնվելու են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիաի սահման և Երասխ-Նախիջևանի սահման” երկաթուղային հատվածները: Ոչ թե Ադրբեջանի, այլ Նախիջևանի հետ սահման։

Չկարողանալով «վաճառել» գերիների հարցը 907-րդ հոդվածի չեղարկման դիմաց, Ալիևն այժմ փորձում է «վաճառել» այն Նախիջևանը «Ադրբեջանի մաս» ճանաչելու դիմաց։ Սակայն, Հայաստանի կառավարության և գերիների ճակատագրի միջև տեսանելի «կապի» բացակայությունը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է խուսափել գերիների հարցը քաղաքական առևտրի առարկա դարձնելուց։

Միևնույն ժամանակ, 19 բանտարկյալների գործով բոլոր ներպետական ​​դատական ​​գործընթացներն Ադրբեջանում ավարտվել են, և եկել է ժամանակը, որ դատական ​​հայցերը ներկայացվեն միջազգային դատարան։

Նաիրա Հայրումյան