
Կառավարության ներկայացուցիչները Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին պարբերաբար կոչ են անում բնակապահովման հավաստագրերով տներ ձեռք բերել Հայաստանի սահմանամերձ մարզերում, որտեղ մեկ անձի հաշվով հավաստագրի արժեքը 5 մլն դրամ է։ Սահմանամերձ այն գյուղերում, որտեղ աշխատատեղեր ու զարգացում կա, տների գները թանկ են, իսկ որտեղ անշարժ գույքի գներն էժան են, այդ համայնքներում չկան աշխատատեղեր։ Եվ արցախցի ընտանքիներն անորոշության մեջ են՝ որտե՞ղ տուն գնել։ Այս անորոշությունն է պատճառը, որ շատ ընտանիքներ հավաստագրերը ստացել են, սակայն դեռ չեն իրացրել։
Step1.am-ը փորձել է պարզել, թե այս առումով ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզում, ինչո՞ւ արցախցի ընտանիքները Սյունիքի սահմանամերձ գյուղերում տներ ձեռք չեն բերում։
Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում շուրջ 1500 արցախցի է բնակություն հաստատել։ Արցախից բռնի տեղահանված անձանց մեծ մասը տեղակայվել են հենց Կապան քաղաքում, քանի որ գյուղերում աշխատատեղ չկա։ Իսկ Կապանում արցախցիները բնակապահովման հավաստագրով տներ կարող են գնել միայն այն դեպքում, եթե, բացի հավաստագրի գումարից, սեփական միջոցներ էլ ներդնեն։ Բնակարանների գներն այստեղ թանկ են։ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադեւոսյանի խոսքով՝ առաջնային շուկայում բնակարանների մեկ քմ արժեքը 1300-1400 դոլար է, իսկ երկրորդային շուկայում՝ մոտ 1000 դոլար։
Կապանում անշարժ գույքի գները բարձր են, քանի որ պահանջարկը մեծ է, իսկ Կապան համայնքի կազմում ընդգրկված սահմանամերձ գյուղերում տների գներն էժան են, բայց արցախցիները գյուղերում տներ չեն գնում, քանի որ զբաղվածության խնդիր կա։
Շիկահող գյուղի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանի խոսքով՝ իրենց գյուղում արցախցի անգամ մեկ ընտանիք չկա։ «Փորձել ենք ճշտել, թե ինչու չեն գալիս, անգամ պատրաստ ենք եղել տեղ տրամադրել իրենց, բայց չեն եկել։ Երեւի սահմանամերձ է, խուսափում են»,- ասաց նա։
Շիկահողի տների գները 5 000 դոլարից են սկսվում, հասնում են մինչեւ 15-20 հազար դոլարի։ Համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ գյուղի տները հիմնականում հին տներ են, բայց ազատ բնակֆոնդ կա, արցախցիները կարող են իրենց հավաստագրերով դրանք ձեռք բերել։ Շիկահողում այսօր բնակվում է 102 բնակիչ՝ հիմնականում ծերեր։ Գյուղի երիտասարդներն արտագաղթել են, քանի որ աշխատատեղ չկա։ Գյուղը դիտարկվում է ադրբեջանցիների կողմից, մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակել։
Կապանի Սրաշեն համայնքում եւս արցախցի ընտանիքներ չկան։ Հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է։ Սրաշենում եւս ազատ բնակֆոնդ կա, տների գները 5-6 մլն դրամի սահմաններում են։
Եւ Շիկահող, եւ Սրաշեն համայնքներն ադրբեջանցիների դիտարկման տակ են, համայնքի հողերի մի մասը չեն մշակվում հենց անվտանգային պատճառներով։
Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում Արցախից բռնի տեղահանված 27 ընտանիք է բնակվում, բայց նրանցից 5 ընտանիք է դեռեւս հավաստագրով տուն գնել Կոռնիձորում, մյուսները սպասում են։ Ինչո՞ւ են սպասում հարցին, արցախցիները պատասխանում են, որ փորձում են կողմնորոշվել՝ հենց Կոռնիձորում ու հարակից գյուղերո՞ւմ տուն գնեն, թե՞ Գորիս քաղաքում։ Գորիսում տները շատ թանկ են, մարդիկ հավաստագրով չեն կարող գնել, սպասում են՝ հույսով, որ միգուցե գնիջեցում կլինի։
Կոռնիձոր գյուղում տների միջին գները 10-15 մլն դրամ են։ Համայնքի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի խոսքով՝ արցախցիները կարող են իրենց թույլ տալ հավաստագրերով տներ գնել Կոռնիձորում։ Նա կոչ է անում արցախցիներին գալ ու տնավորվել Արցախին սահմանակից Կոռնիձորում։
Իսկ գյուղացիներն ասում են, որ Կոռնիձորում էլ աշխատատեղեր չկան, անգամ տեղացիները չեն կարողանում եկամուտ ստեղծել գյուղում, երիտասարդները ստիպված արտագաղթում են քաղաքային համայնքներ։