Արտակ Բեգլարյան․ Ամենակարևորն այն է, որ չհրաժարվենք մեր իրավունքներից

Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ վերջին ահազանգերը ցույց են տալիս, որ նրանց կապն արտաքին աշխարհի հետ շարունակում է խիստ սահմանափակ մնալ։ Սեպտեմբերի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ գերիները չեն հանդիպում հարազատների, անկախ բժիշկների, փաստաբանների, հյուպատոսական աշխատակիցների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ։ Արտաքին աշխարհի հետ կապի հիմնական միջոցը վերահսկվող հեռախոսազանգերն են․ երեք դատապարտյալների դեպքում դրանք, ըստ Սահակյանի, հնարավոր են մոտ 40 օրը մեկ, իսկ մյուսների համար՝ շաբաթական մեկ անգամ։ Նա նաև նշել է, որ չկա նրանց առողջական վիճակի անկախ գնահատական, իսկ բժշկական օգնության հետ կապված խնդիրներ կան։

Գերիների, արցախցիների իրավունքների պաշտպանության ու հնարավոր վերադարձի հարցերի շուրջ Step1.am-ը զրուցել է Արցախի նախկին պետական նախարար, նախկին օմբուդսմեն, «Արցախ միություն» հասարակական կազմակերպության նախագահ  Արտակ Բեգլարյանի հետ։

— Պարոն Բեգլարյան, ձեր կազմակերպությունը անմիջական կապ պահո՞ւմ է գերիների ընտանիքների հետ, և ինչպե՞ս են ստացվում գերիների վիճակի վերաբերյալ տեղեկությունները։

— Մենք գերիների ընտանիքների հետ առանձին և անմիջական աշխատանք չենք իրականացնում։ Որոշակի տեղեկություններ, իհարկե, ստանում ենք, սակայն ընտանիքների հետ կապը հիմնականում իրականացվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և Սիրանուշ Սահակյանի ու նրա  կազմակերպության միջոցով։

Միևնույն ժամանակ, գերիների հարցով մենք իրականացնում ենք իրավական աշխատանք միջազգային դատարաններում՝ դիմելով համապատասխան միջազգային ատյաններին նաև գերիների ընտանիքների անունից։ Այսինքն՝ ընտանիքների հետ մեր աշխատանքը հիմնականում անմիջական շփման ձևով չէ, այլ նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող իրավական գործընթացների միջոցով։

— Վերջերս նաև հարց բարձրացվեց, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել գերիների կողմից միջազգային դատարան դիմելու գործընթացին և չի ցանկանում, որ նրանք նման դիմումներ ներկայացնեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

Միջազգային դատարան դիմելը շատ ճիշտ որոշում է։ Ավելի շուտ գերիներն ու նրանց ընտանիքները պետք է այդ որոշումը կայացնեն, և դրա համար կան նաև ֆորմալ իրավական հիմքեր։

Կան բազմաթիվ ապացույցներ, որ Ադրբեջանում ներքին դատական համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդարադատությունը։ Կան բավարար հիմնավոր ապացույցներ նաև տեղի ունեցած դատավարությունների վերաբերյալ, այդ թվում՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներ։

Հետևաբար, արդեն իսկ անհրաժեշտ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ներպետական դատական ատյանների որոշումներից հետո պետք է օգտագործել նաև միջազգային դատական պաշտպանության հնարավորությունները։

Այս գործընթացը մի քանի կարևոր նշանակություն ունի։ Առաջինը՝ միջազգային ճանաչումն ու ուշադրությունը մեծանում են, և դա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև գործընթացի վրա։

Երկրորդը՝ այն կանխարգելիչ նշանակություն ունի, որպեսզի հնարավորինս կանխվեն հետագա խոշտանգումները, սպանությունները և այլ խախտումները։

Երրորդը՝ ռազմավարական նպատակն այն է, որ ինչ-որ պահի, երբ էլ դա լինի, միջազգային դատարանի կողմից հստակ արձանագրվի և ամրագրվի, որ նրանց իրավունքները խախտվել են, և նրանց դատապարտելու համար իրավական հիմքեր չեն եղել։

— Ադրբեջանը գերիների հարցը կապում է նաև մի շարք քաղաքական պահանջների հետ։ Մասնավորապես՝ Բաքուն պահանջում է ԱՄՆ Ազատության ակտի 907-րդ ուղղման վերացում: Միաժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական կողմը դեմ է այդ հարցերը գերիների վերադարձի հետ նախապայմանների ձևով կապելուն և համարում է, որ գերիների հարցը պետք է լուծվի առանց նախապայմանների։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։

Նախ՝ 907-րդ ուղղման վերացման մասով Հայաստանի դիրքորոշումն արդեն հրապարակային է։ Հայաստանի աջակցությունը Ադրբեջանի դիմումի խնդրանքին՝ ԱՄՆ վարչակազմի կողմից այդ սահմանափակման վերացման հարցում, առկա է։

Բայց այստեղ հիմնական խոչընդոտը Կոնգրեսի անդամների դիրքորոշումն է և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ազդեցությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների գործունեությանը կամ անգործությանը գերիների հարցում, առկա լծակներն ու մեխանիզմները շատ քիչ են օգտագործում։ Նույնիսկ այս հարցը պաշտոնական բանակցային սեղանին և օրակարգում չկա։ Մենք չգիտենք՝ ոչ պաշտոնական օրակարգում կա՞, թե՞ ոչ։

Մի շարք ապացույցներ ունենք առ այն, որ Հայաստանի գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, անձամբ չեն ցանկանում գերիների, առնվազն նրանց մի մասի՝ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերադարձը։

Արցախի ղեկավարության տարբեր ներկայացուցիչներին հաճախ հրապարակայնորեն պարսավում են, տարբեր մեղքեր են վերագրում և այլն։ Հետևաբար ակնհայտ է, որ նրանք շահագրգռվածություն չունեն գերիների վերադարձի հարցում։

— Անցնենք արցախցիների ունեցվածքի և իրավունքների պաշտպանության հարցին։ Գիտենք, որ «Արցախ միությունը», մի շարք գործընկեր կազմակերպություններ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում են այս հարցերով ։ Ի՞նչ փուլում է միջազգային դատարաններում ներկայացված դիմումների գործընթացը։

2025 թվականի սկզբից «Արցախ միությունը» և մի քանի գործընկեր կազմակերպություններ հավաքել են դիմումներ և ներկայացրել Եվրոպական դատարան։ Արդեն շուրջ 600 դիմում կա՝ մոտ 1300 արցախցիների անունից։

Դրանք վերաբերում են ոչ միայն սեփականության իրավունքի, այլև ավելի լայն իմաստով վերադարձի իրավունքի, ինչպես նաև տեղահանման հետևանքով արցախցիների իրավունքների խախտումների վերացման և արդեն իսկ ունեցած իրավունքների վերականգնման հարցերին։

Գործընկերների հետ միասին մենք որոշակիորեն վերականգնել և վերսկսել ենք աշխատանքները և հույս ունենք, որ առաջիկայում ավելի մեծ ծավալներով կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել։

Սա նպատակ ունի երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական արդյունքների հասնելու և անհամեմատ ավելի մեծ թվով արցախցիների իրավունքները միջազգային դատարաններում պաշտպանելու։

Հաջորդ փուլում նաև մի շարք այլ միջազգային մեխանիզմներ ենք օգտագործելու, թեև հիմնական ուշադրությունը պահելու ենք Եվրոպական դատարանի ուղղությամբ։

— Այս գործընթացի արդյունավետությունը ինչպե՞ս եք գնահատում։ Կա՞ արդյոք իրական հնարավորություն, որ այդ գործերով ստացված վճիռները կկատարվեն։

  Սրանք երկարաժամկետ, ռազմավարական քայլեր են։ Այսինքն՝ վճիռները մենք կարող ենք ստանալ տարիներ անց, նույնիսկ՝ 10-15 տարի հետո՝ հաշվի առնելով նախորդ պրակտիկան։

Եվ վստահ չենք, որ մեր հաղթող վճիռները Ադրբեջանը կկատարի՞, թե՞ ոչ։ Դա կախված է նաև այդ ժամանակահատվածում ձևավորված միջազգային իրավիճակից և տարածաշրջանային իրադրությունից, միջազգային կառույցների ազդեցությունից ու լծակներից, Ադրբեջանի միջազգային հարաբերությունների զարգացումներից, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակից ընդհանրապես։

Միջազգային իրավունքն այնքանով է տեղ ունենում տվյալ ժամանակահատվածի միջազգային կարգում, որքանով այդ իրավունքի իրացման համար առկա են համապատասխան մեխանիզմներ։

Բայց դա չի նշանակում, որ այդ փաստաթղթերի ուժը կորչում է։ Դրանք շատ կարևոր հիմնարար փաստաթղթեր են լինելու մեր հետագա իրավական, քաղաքական և դիվանագիտական պայքարի համար՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով։

— Ի՞նչ պայմաններում է հնարավոր արցախցիների վերադարձը։ Եթե հարցը դիտարկենք ոչ միայն իրավական, այլև անվտանգային և քաղաքական տեսանկյունից, հնարավո՞ր է առաջիկա տարիներին դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։

Անվտանգության և այլ երաշխիքների առկայությունը այդքան էլ իրատեսական չեն դարձնում հարցը։ Առաջիկա մեկ-երկու տարում արցախցիների վերադարձը ես չեմ համարում իրատեսական, որովհետև աշխարհը շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում, խնդիրները բազմաթիվ են, ռիսկերը՝ մեծ։

Մարդու իրավունքների վրա հիմնված միջազգային կարգի հիմնական երաշխավորները՝ գերտերությունները, այսօր իրենք են դարձել այդ կարգի գլխավոր խախտողները։

Եվ արդյունքում ես չեմ կարծում, որ վերադարձի մասով առաջիկայում գործնական միջազգային քայլ կամ գործնական արդյունք կարող է լինել։

Բայց դա չի նշանակում, որ մեր հույսը պետք է կտրենք և չպետք է պայքարենք։ Դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ պայքարի և դրան  պատրաստվելով՝ սպասենք այն պահին, երբ միջազգային միջավայրը, այդ թվում՝ գլոբալ միջազգային կարգը, կարող է մեզ համար բարենպաստ պայմաններ ապահովել մեր վերադարձը կազմակերպելու համար։

Ամենակարևորն այն է, որ մենք չհրաժարվենք մեր իրավունքներից։

Արսեն Աղաջանյան