
2023 թվականի սեպտեմբերի 25-ին մի քանի վայրկյանը հարյուրավոր մարդկանց կյանքը բաժանեց «մինչև»-ի և «հետո»-ի։
Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի հերթում կանգնած մարդիկ եկել էին մեկ նպատակով՝ վառելիք ձեռք բերել և ընտանիքների հետ դուրս գալ Արցախից։ Շատերի համար դա պետք է լիներ ճանապարհ դեպի փրկություն։ Բայց այդ ճանապարհը մի ակնթարթում վերածվեց կրակի, ճիչերի, խուճապի ու մահվան։
Այդ օրը այնտեղ էր նաև Արթուրը։
Նա ընկերների՝ Արտյոմի և Նարեկի հետ գնացել էր վառելիքի հետևից։ Մի քանի վայրկյանում նրանց կյանքը փոխվեց ընդմիշտ։
«Սոսկալի պայթյունից ամեն ինչ կորավ կրակի մեջ։ Ոչինչ չէր երևում։ Դեռևս չէի հասկանում, թե ինչ է կատարվել։ Շորերս լրիվությամբ վառվում էին։ Հասկանում էի, որ ողջ եմ ու միայն մի բան մտածեցի՝ երեխաս կարող է առանց հայր մեծանալ․ կինս հղի էր։
Այդ պահին աչքերիս առաջ հայտնվեց հայրս ու ասաց՝ ուժ հավաքիր, դուրս արի, բռնիր երկաթե մեծ ձողից և դուրս արի կրակների միջից։ Հենց այդպես էլ արեցի։ Դիմացս մի մեծ ձող կար, որի օգնությամբ դուրս եկա կրակի բերանից»։
Արթուրը ոտքով վազեց դեպի մեքենաները՝ ճանապարհին հանելով վառվող հագուստը։ Նրան նստեցրին մեքենա և տեղափոխեցին Ստեփանակերտի մանկական հիվանդանոց։
Այստեղ նա տեսավ այն, ինչ երբեք չէր պատկերացնի, որ կարող է տեսնել։
Հիվանդասենյակում էր նաև համաքաղաքացի Անդրեյը։ Նա ծանր այրվածքներ էր ստացել, բայց դեռ ողջ էր, նույնիսկ խոսում էր։ Արթուրը, սակայն, օրեր անց իմացավ, որ Անդրեյը մահացել է։ Հետո իմացավ նաև, որ ծանր այրվածքներ էր ստացել իր ընկեր Արտյոմը։
Հիվանդանոցում ամեն ինչ միախառնվել էր՝ ցավը, վախը, լռությունը, մարդկանց հառաչանքներն ու այն գիտակցումը, որ կողքի մահճակալում ինչ-որ մեկը պայքարում է կյանքի համար։
«Ցավերն ահավոր էին, անտանելի։ Հիվանդանոցում մարդիկ պարզապես մեռնում էին, իսկ ոմանք էլ պայքարում կյանքի համար»։
Հաջորդ օրը Արթուրին մյուս ծանր վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։
Մեկուկես ամիս նա բուժում ստացավ Երևանի 8-րդ հիվանդանոցում։
Այրվածքներ էր ստացել ոտքերի, ձեռքերի և որովայնի հատվածում։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ կյանքը միանգամից չվերադարձավ բնականոն հուն։ Երկար ժամանակ էր պահանջվում, որպեսզի նա կրկին կարողանար ոտքի կանգնել, քայլել, ապրել այնպես, ինչպես նախկինում։
Բայց իրականում «նախկինի պես» այլևս ոչինչ չէր կարող լինել։
Սեպտեմբերի 25-ը մնացել էր նրա մարմնի վրա՝ սպիների տեսքով։ Բայց մարմնի սպիներից ավելի խորն էին հիշողության մեջ մնացած պատկերները, որոնք մինչև այսօր նրա աչքի առաջ են։
Արթուրը ընտանիքի ավագ զավակն է։ Մի քանի տարի առաջ կորցրել է հորը, և ընտանիքի հոգսի մեծ մասն ընկել է նրա ուսերին։
2023 թվականի սեպտեմբերի 25-ից ընդամենը երկու ամիս առաջ էր նա ընտանիք կազմել։ Այդ օրերին նրա կինը հղի էր։
Այսօր Արթուրն արդեն երկու երեխաների հայր է։
Նա ապրում է ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում։ Տեղահանությունից հետո Աղաջանյանների ընտանիքը ստիպված էր ամեն ինչ սկսել զրոյից՝ նոր քաղաքում, նոր պայմաններում, նոր կյանքում։
Կարո՞ղ է մարդը երբևէ մոռանալ այն դժոխքը, որի միջով անցել է և որից հրաշքով է փրկվել։
Եվ ամենակարևորը՝ ո՞վ է պատասխան տալու այդ օրը զոհված մարդկանց, վիրավորների, անհետ կորածների և նրանց ընտանիքների առաջ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ