Ո՞վ է սպանել Ղարաբաղը

Վաղ առավոտ Գորիսի երկար բարդիների վրա ինչ-որ սպիտակ թռչուններ են իջեւանել: Զգացվում է, որ տեղները հարմար չէ ծառերի կատարներին: Կռկռում-հեռանում են ճյուղերից, նորից վերադառնում ու փորձում հարմար տեղ գտնել:

Գորիսն ուշ է արթնանում: Արեւն այս “կարճ ամռան” օրերին 7-ին է ծագում այստեղ` Արցախի կողմից: “Կարո՞ղ է Գորիսը “կանգառ է” ձեզ համար”, թռչունների տեսարանը դիտելով համեմատեցի արցախցիների հետ, ու որքան հիշում եմ` ձայնով ծիծաղեցի:

Դա սեւ հումոր չէր, ոչ: Զուգադիպությամբ բարդիները հենց այնտեղ են, որտեղ արցախցիներն էին իջեւանել սեպտեմբերի 2023թ. սեպտեմբերի 25-ին` օրուելյան ոճի Գորիսի մշակույթի տան մոխրագույն այս շենքում ու դրա դիմաց: Բոլոր արցախցիներից այսօր այստեղ միայն տիկին Երջանիկն է մնացել Ակնաղբյուրից, ով հարեւանությամբ ժենգալով հաց է թխում, որ վարձը կարողանա տալ: Տիկին Երջանիկն էն օրը նույնպես թռչունների մասին մի պատմություն էր պատմել. “Երբ լսում եմ նրանց ծլվլոցն այս այգում, ասում եմ. կարո՞ղ ա մեր ծառի, մեր կտուրի ծտերն են”, հուզվում էր նա:

Նույն այգում առավոտյան նստած էի, երբ մի օրիորդ բարեւեց եւ հարցրեց, թե ինչպես եմ: “Լավ, դո՞ւք”, բաց չհիշեցի նրա անունը: Արցախցիները կհաստատեն, որ մենք անգամ մեր ծանոթների անուններն ենք մոռանում: Վերջերս էլ Էջմիածնում իմ համադասարանցուն էի հանդիպել, ով ինձ փորձեց հարցնել, թե արդյո՞ք հիշում եմ իր անունը: Ես հիշում էի Սինարային: Հիշում եմ անգամ իր հայրիկին` Գարիկ ձաձային, ով մեզ զագորդ էր տանում դպրոցական տարիներին: Նշեմ, որ 11 դպրոց կար Ստեփանակերտում, մերն էլ Չարենցի անվան էր, №7.

Առավոտյան մեկ այլ պատմություն հիշեցի Գորիսում, երբ անցնում էի Կարմիր Խաչի մեքենաների կողքով: Մեր տունը Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի մոտ էր, եւ այս մեքենաները չէին կարող ինձ մտքով այնտեղ չտանել: Բլոկադայի օրերին Լեոնիդին եմ հանդիպում, ով Կարմիր Խաչում էր աշխատում, երկու խոսք փոխարինելիս նա ասում է. “Բա գիտե՞ս երեկ ինչ է եղե՞լ: Մի պապիկ ասում էր՝ որ ժամացույցս քեզ տամ, չե՞ս կարող Երեւան ժամագործի մոտ տանել, որ վերանորոգեն, մենակ ձեր մեքենաներն են կարողանում Հակարին անցնել”, զարմացած կիսվում էր Լեոնիդը: “Մարդիկ հաց չունեն` այս մարդու դարդը ժամացույցն է”, ասում էր նա: Ծիծաղում ու բաժանվում ենք:

“Լավ է, հոգնել եմ, գնանք տուն”, Երեւանում նստարանին նստած մի աղջիկ հորանջելով դիմում է կողքը նստած ընկերուհուն: Իսկ դու ո՞ւր ես գնալու, այ ղարաբաղցի: 306 սենյա՞կ, որ վարձում ես հյուրանոցում, այն մասիսցու տո՞ւն, որ նրբատախտակով (фанера) բաժանել է “քո” սենյակն իրենից, ով գիշեր-ցերեկ Դոգ է լսում ու լսեցնում հարեւաններին, ով մի բաժակ թունդ օղով երդվում է, որ հունվարին արցախահայերը վերադառնալու են` միայն թե Դոգը վարչապետ դառնա: Բարեկամի տո՞ւն, ով ասում է “եկ հաց կեր”, եւ որը դու հասկանում ես “լավ, որքա՞ն երկար կարող եմ այստեղ մնալ”: Եվ ո՞վ կպատկերացներ, որ անտարբեր արտաբերած “գնանք տունն” այսպես կարող է խոցել:

Կլինիի՞ մեկը, առավել եւս Հայաստանում, որ ասի՝ աստվածաշնչյան պատգամով կարելի է ապրել երկնքի թռչունների պես: Ոչ, ամեն օր պետք է մտածել փողի մասին: Բոլորն են մտածում: Սակայն արցախցիների դեպքում ամեն ինչ ավելի բարդ է, նրանք փողի մասին չմտածել չեն կարող, ամիսն արագ է բոլորում, տանտերը գալու է: “Գիտես, Թել Ավիվում կյանքը վազք է, տենդ: Փողը շատ է, բայց սթրեսն էլ է շատ”, ասում էր իմ հրեա մի կոլեգա: Հայաստանում էլ է վազք, տենդ ու սթրես, բայց փողը քիչ է, ասում եմ ես:

“Ուղղակի տանիք, ոչ թե բնակարան, բացեք կայքերը, տեսեք՝ արցախցին ինչ կարող է ձեռք բերել տրվող գումարով: Անցած երեք տարում ընդամենը 4.000 ընտանիք է կարողացել սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել: Այս թիվը մի բան հուշո՞ւմ է, թե՞ ոչ:  Գիտենք միգրացիոն հոսքով պայմանավորված ինչ թռիչքային աճ է արձանագրվել անշարժ գույքի, վարձավճարների շուկայում: Հարգելի հայրենակիցներ, ամենաշատը արցախցիներն են տուժում այս իրավիճակում: Իսկապես մարդկանց իրավիճակը շատ ծանր է”, երեկ ասում էր Գեղամը: Բայց պարոն Ստեփանյան, ասողին էլ լսող է պետք: Այսինքն լսում են, բայց դա միակ բանն է, որ անում են:

“Էն օր նստել` հաշվել եմ, թե այս երեք տարում քանի միլիոն դրամ եմ տվել տանտիրոջը: Նոր մեքենա է գնել: Հենց ամիսը վերջանում է` կանգնեցնում է բակում` “փողը…”: Գիշեր-ցերեկ աշխատում եմ, ես ու ամուսինս, 16 տարեկան տղաս էլ ստէ մի խանութում բանվոր է աշխատում: Ամսվա վերջ ամբողջ “բյուջեն” տալիս ենք նրան` մի բան էլ ավելացնելով ստեղից-ընդեղից”, ասում է արցախցի մի կին: “Ու գիտե՞ս վատը որն է, հանգիստ վաղը կարող է ասել “ազատեք տունը” ու չգիտես, ուր գնալ հետո”, ասում է նա:

“Արդեն Գորիսում էլ չենք կարողանում վարձը տալ, Վերին շեն եմ տեղափոխվել”, սա էլ տիկին Երջանիկն է ասում: “Էհ~ մերը պռծած ա, ամեն հինչ հըրամվալա”, հոգոց է հանում նա:

2023թ. հենց այս օրը սկզիբ առան արցախցիների այս պատմությունները, որ շարունակվում ու նորերն են առաջանում: Բայց նրանց խնդիրները “լուծված է” վաղուց եւ ավելի կարեւոր բաներ կան այս տարածաշրջանում. ԹՐԻՓՓ ու չիպեր, Միջին միջանցք, Գանձասարի դատարկ էջեր, “Խաղաղույան կամուրջը” փլվել է, կարեւոր դատեր են ընթանում, Նյու Յորքում “անցուդարձ է”, “բողոքի մեծ ալիք է սպասվում”, “կմիանա՞ Հայաստանն Իրանի դեմ պատժամիջոցներին”, “Մեհրիբան Փաշաեւան ամուսնու ինքնաթիռով Իբից է թռել”, իսկ “Էրդողանը փառք է տալիս Ալլահին”, ահա այսպիսի առավոտյան վերնագրեր:

Սակայն ի տարբերություն արցախցիների, թռչունները գիտեն թե ուր են գնում եւ երբ են վերադառնալու: Նրանց միջազգային դատարանների որոշումներ պետք չեն:

Հ.Գ. Ամենամոտը ես եմ Ստեփանակերտին (Գորիս), բայց չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: “Անհաս, ինչպես լուսին”: Էն օրն էլ “Մեծ բանավեճում” իրար մեղադրում էին Ղարաբաղի սպանության մեջ: “Դուք եք սպանել Ղարաբաղը”, “Ոչ, հենց դուք եք, որ սպանել եք Ղարաբաղը”, “Ադրբեջանն է սպանել Ղարաբաղը”, “ոսկե միջին” է գտնում երրորդը: Անտանալի էր նայել՝ ոչ ոք չի վիճարկում, որ Ղարաբաղը ծանր վիրավոր է, բայց սպանված չէ:

Մարութ Վանյան