
2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների չափերը։ Աշխատանքի և բարեկեցության նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները։
Աշխատանքային կենսաթոշակի դեպքում հիմնական կենսաթոշակի չափը 34 հազար դրամից կդառնա 34 հազար 500 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 46 հազարից 47 հազար դրամ։
Աշխատանքային կենսաթոշակների ավելացման չափը տարբեր կլինի՝ կախված կենսաթոշակի տեսակից, աշխատանքային ստաժի տևողությունից և հաշմանդամության գնահատման արդյունքում սահմանված սահմանափակման աստիճանից։ Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կենսաթոշակների դեպքում նախատեսվում են մոտ 600-1200 դրամի հավելումներ՝ կախված ստաժից և հաշմանդամության աստիճանից։
Միաժամանակ, ասուլիսի ընթացքում մանրամասն չի պարզաբանվել աշխատանքային ստաժի հաշվարկման նոր բանաձևը, որի մասին հոկտեմբերի 1-ին խոսել էր Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ 2027 թվականի հունվարի 1-ից աշխատանքային ստաժի հաշվարկում մեկ տարվա արժեքը նախատեսվում է ավելացնել 500 դրամով։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում կենսաթոշակների բարձրացման չափը բոլոր քաղաքացիների համար նույնը չի լինելու, քանի որ այն կախված է նաև տվյալ անձի աշխատանքային ստաժից։
Այսինքն՝ Անահիտ Գալստյանի ասուլիսում ներկայացվել են կենսաթոշակների բարձրացման ընդհանուր չափերն ու տարբեր խմբերի համար նախատեսվող հավելումները, սակայն ստաժի մեկ տարվա արժեքի փոփոխության և դրա կիրառման մեխանիզմի վերաբերյալ նոր բանաձևը և հաշվարկի օրինակները չեն ներկայացվել:
Թորոսյանը նաև նշել էր, որ զինվորական կենսաթոշակների դեպքում գործում է այլ բանաձև, ուստի դրանց բարձրացման չափը նույն սկզբունքով չի հաշվարկվելու։
Փոփոխություններ նախատեսվում են նաև զինվորական կենսաթոշակների համար։ Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կենսաթոշակները նախատեսվում է ավելացնել 1400 դրամով։ Սպայական և ենթասպայական կազմի կենսաթոշակների դեպքում միջին հավելումը, ըստ ներկայացված հաշվարկների, կկազմի մոտ 1144 դրամ՝ կախված զինվորական ծառայության ստաժից և այլ հանգամանքներից։
Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները նախատեսվում է ավելացնել 1000 դրամով։ Բազմազավակ ընտանիքների երեխաների համար նախատեսվող համապատասխան հավելումը կավելանա 2500 դրամով։
Անահիտ Գալստյանի խոսքով՝ կենսաթոշակը և սոցիալական նպաստը տարբեր բնույթի մեխանիզմներ են։ Կենսաթոշակը, ըստ նրա, անձի աշխատանքով կամ զինվորական ծառայությամբ ձեռք բերած իրավունքն է և կապված է աշխատանքային ստաժի հետ, մինչդեռ սոցիալական նպաստների տրամադրումն այլ տրամաբանություն ունի։
Ներկայացված տվյալներով՝ Հայաստանում կա շուրջ 505 հազար աշխատանքային կենսաթոշակառու, մոտ 136 հազար սոցիալական նպաստ ստացող և շուրջ 39 հազար զինվորական կենսաթոշակառու։
Կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ նախատեսվում է փոփոխել նաև թաղման նպաստի տրամադրման կարգը։ Նախագծով առաջարկվում է վերանայել թաղման նպաստի շահառուների շրջանակը։ Եթե գործող կարգավորմամբ նպաստը կարող է տրամադրվել կենսաթոշակային ապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը կազմակերպած անձին, ապա նոր կարգավորմամբ այն նախատեսվում է տրամադրել կենսաթոշակային ապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ հուղարկավորությունն իրականացրած անձին։
Նախատեսվում է նաև, որ թաղման նպաստը կտրամադրվի այն դեպքում, երբ անձը մահացել և հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում։ Միաժամանակ նպաստի չափը չի փոխվի և կպահպանվի ներկայիս՝ 200 հազար դրամի չափը։ Դիմելու վեցամսյա ժամկետը նույնպես պահպանվելու է։
Նոր կարգավորումները նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ այդ ամսաթվից հետո արձանագրված մահվան դեպքերի դեպքում կգործի նոր համակարգը։
Գալստյանի ներկայացմամբ՝ թաղման նպաստի շահառուների շրջանակի փոփոխությունից ակնկալվում է շուրջ 4.3-4.4 միլիարդ դրամի խնայողություն։ Միաժամանակ կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար նախատեսվում է մոտ 5.6 միլիարդ դրամ։
Նրա խոսքով՝ թաղման նպաստի շրջանակի փոփոխությունը կապված է ոլորտային առաջնահերթությունները պետական բյուջեի հնարավորությունների հետ համադրելու անհրաժեշտության հետ։ Այս փուլում սոցիալական ոլորտի առաջնահերթություններից մեկը կենսաթոշակների բարձրացումն է։ Գալստյանը նշել է, որ ոլորտային առաջնահերթությունները համադրվում են բյուջետային հնարավորությունների հետ, և այս դեպքում առաջնահերթություն է տրվել կենսաթոշակների չափերի ավելացմանը։
Անահիտ Գալստյանը նշել է նաև, որ նվազագույն կենսաթոշակի բարձրացումը մինչև 47 հազար դրամ նպատակ ունի պահպանել կենսաթոշակի և նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցությունը։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի հաշվարկներով միջին կենսաթոշակի և նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցությունը մոտեցել է 99 տոկոսին։
Ներկայացված օրենսդրական փաթեթը դեռ հանրային քննարկման փուլում է, ուստի քննարկումների արդյունքում առաջարկվող կարգավորումներում կարող են փոփոխություններ կատարվել։