Արզու Խաթուն. Ավելին, քան պարզապես իշխանուհի

Արզու Խաթունը 13-րդ դարի պատմական Հայաստանի, մասնավորապես՝ Վերին Խաչենի ամենանշանավոր ու ազդեցիկ իշխանուհիներից մեկն էր, նրա վառ կերպարը անբաժանելիորեն կապված է Դադիվանքի վանական համալիրի և միջնադարյան հայկական մշակույթի ծաղկման հետ։

Ո՞վ էր Արզու Խաթունը

Մահկանաբերդի տեր և Տփղիսի ամիրա, իշխանաց իշխան Քուրդ Արծրունու դուստրը, ով ամուսնացել էր Հաթերքի ու Վերին Խաչենի տեր թագավորազն Վախտանգի հետ։ 1214 թվականին վախճանվեց իշխան Վախթանգը, իսկ մինչ այդ Արզու Խաթունը կորցրել էր իր որդիներին․ կրտսերը՝ Գրիգորը, մահացել է վաղ հասակում, իսկ ավագ որդին՝ Հասանը, զոհվել է սելջուկ-թուրքերի դեմ մղված մարտերում։

Դատելով Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու հարավային պատին իշխանուհու թողած ընդարձակ արձանագրությունից, նա մեծ հույսով կառուցել է եկեղեցին՝ իր ամուսնու և զավակների հանգստարանի տեղում․ «Ես՝ Արզու Խաթունս․ նվաստ աղախին Քրիստոսի, դուստր մեծի, իշխանաց իշխանին Քրդին և ամուսին Վախտանգա, թագավորազնո, տյառն Հաթերքո և ամենայն Վերին Խաչենո, յուսով մեծավ շինեցի զսուրբ կաթողիկէս ի տեղոջ հանգստարանի առն իմո և զավակաց իմոց․․․»։

Վիմագրի վերնամասում, լուսամուտի երկու կողմերում քանդակված են նրա որդիները՝ իշխանազուններ Հասանն ու Գրիգորը։ Նրանք պատկերված են ամբողջ հասակով, դարաշրջանին բնորոշ ազնվական հագուստներով ու բարձր գլխարկներով։

Իշխանազունների առաջ պարզած ձեռքերից վեր քանդակված է տաճարի մանրակերտը։ Քանի որ այդ ժամանակ որդիներն արդեն մահացած էին, քանդակագործը նրանց գլխավերևում փոքրիկ լուսապսակներ է կերտել՝ ընդգծելով նրանց հավերժական կարգավիճակը։

Հատկանշական է նաև ճարտարապետական ինքնատիպ հնարքը․ մանրակերտի թիկունքում բացված է փոքրիկ լուսամուտ, որն ավելի է ընդգծում այն։

Ուշագրավ է Դադիվանքի և Հառիճավանքի բարձրաքանդակներում իշխանական հանդերձանքի զարմանալի նմանությունը, անգամ՝ կատարյալ նույնությունը։ Երկու հուշարձաններում էլ իշխանազունները պատկերված են համեմատաբար կարճ, անթև պարեգոտներով, որոնք ավարտվում են ալիքաձև քղանցքներով, երկարավիզ կոշիկներով և ազնվականությանը բնորոշ բարձր գլխարկներով։

Հառիճավանքի հետ գրեթե նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 10 տարվա տարբերությամբ, կերտված Դադիվանքի Կաթողիկեի պատին Արցախի իշխանազն եղբայրների ներկայանալը ճիշտ նույն շքեղ հանդերձանքով, ինչով պատկերված են Հայաստանի փաստացի կառավարիչներ Զաքարեն ու Իվանեն, պատահականություն չէ։ Այս դարաշրջանային ու ոճական ընդհանրությունն անհերքելիորեն վկայում է Հաթերքի իշխանական տան բարձր դիրքի, անվիճելի հզորության և համահայկական քաղաքական ասպարեզում ունեցած ծանրակշիռ հեղինակության մասին։

Արզու Խաթուն իշխանուհին միայն եկեղեցաշինության մեծահոգի մեկենաս չէր, նրա կերպարը շատ ավելի ընդգրկուն է․ նա մի կին էր, որի անունը կապվում է միջնադարյան արվեստի, ճարտարապետության և հոգևոր մշակույթի հետ։ Իշխանուհին հանդես էր գալիս ոչ միայն որպես պատվիրատու, այլև որպես արվեստի գործուն մասնակից՝ հասկանալով, որ սրբավայրի արժեքը միայն նրա պատերի մեջ չէ։ Այն ամբողջական գեղարվեստական միջավայր է, որտեղ ճարտարապետությունը, քանդակը, զարդարվեստն ու հոգևոր գաղափարը միավորվում են մեկ ամբողջության մեջ։

Ամուսնու և որդիների մասհից հետո իշխանական տանը մնացել էին միայն դուստրերը՝ մխիթարության վերջին շողերը։ Բայց իշխանուհին թույլ չտվեց, որ վիշտը տիրի իրեն, և իր սուգը վերածեց ստեղծագործ ուժի։

Արզու Խաթունն իր դուստրերի հետ միասին պատրաստել է գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող եկեղեցական վարագույրներ, որոնք զարդարել են միջնադարյան Հայաստանի խոշորագույն հոգևոր կենտրոնները՝ Դադիվանքը, Հաղբատը, Նոր Գետիկը (Գոշավանք) և Մակարավանքը։ Գանձակեցին հատուկ հիշատակում է, որ այդ վարագույրները զարմանք էին պատճառում դրանք տեսնողներին իրենց վարպետությամբ։

Ավանդույթի համաձայն քարե Դադիվանքի Հայտնի զույգ խաչքարերի «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Ստացվել է նոր նուրբ գործվածք, որն այս անգամ քարից։

Արմինե Հայրապետյան