Ինչո՞ւ Շաքի։ Պատահականությո՞ւն։ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է միջոցներ ձեռնարկի

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են ուկրաինացի պատմաբանի՝ Կուզարի կեղծանվամբ գրված «Անհետացած քաղաքակրթություն՝ աննկատելի աղետ» գրքի մասին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ուսումնասիրությունը նվիրված է «ներկայիս Հայաստանի տարածքում, հիմնականում պատմական Էրիվանի նահանգում և Զանգեզուրում բնակվող ադրբեջանցի ժողովրդի նախնիների, ինչպես նաև ժամանակակից ադրբեջանցիների պատմությանը։ Գիրքը ներկայացնում է տարածաշրջանի քաղաքների և գյուղերի պատմությունը, որոնք դարեր շարունակ բնակեցված են եղել ժամանակակից ադրբեջանցիների նախնիներով, նրանց դերը տեղական մշակութային լանդշաֆտի ձևավորման գործում, ինչպես նաև հետագա ժողովրդագրական փոփոխությունները, բռնությունը, արտաքսումները և տեղահանությունները»։

Բաքվի լրատվամիջոցները մոտ 10 օր առաջ սկսել են հրապարակել գրքից հատվածներ, և գուշակեք, թե որ գյուղից են սկսել։ Շաքիից՝ նույն Շաքիից, որտեղ երեկ ներխուժել է մի ադրբեջանցի զինվոր՝ գնդացիրով կրակելով մի կնոջ վրա և պատանդ վերցնելով նրա երեխաներին։ Իսկ դրանից առաջ նա խաղաղ քնել էր հայ ընտանիքի տան բազմոցին։

Սոցցանցերում Բաքվի զինվորի ծագման մասին որևէ տեղեկություն չկա, սակայն հնարավոր է, որ շատ շուտով ի հայտ գան նրա հեռավոր «նախնիները» Շաքիից, և հայտարարվի, որ նա «վերադարձել է հայրենիք՝ «Արևմտյան Ադրբեջան», և սա «մեծ վերադարձի» սկիզբն է»։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացել էր ադրբեջանցի զինվորի “սամավոլկայի” մասին, բնակիչներին չտեղեկացրին թափառող զինված թշնամու զինվորի մասին, իսկ նրան հայտնաբերելուց հետո գործ չհարուցվեց սահմանի անօրինական հատման հոդվածով: Ավելի ուշ այս հոդվածով առանձին գործ հարուցվեց, բայց միայն այն բանից հետո, երբ Հայաստանում մեծ իրարանցում առաջացավ: Ազգային անվտանգության ծառայությունը նաև հերքեց այն տեղեկությունները, որ զինվորը իբր դիվերսիոն խմբի անդամ էր՝ ինչ-որ տեղից տեղեկանալով, որ նա մենակ էր։

ԱԱԾ-ի տարօրինակ հեռատեսությունը ենթադրում է, որ զինված զինվորի ներխուժումը Հայաստան ի սկզբանե չի համարվել սահմանի խախտում կամ դիվերսիա, այլ՝ ինչ-որ արօրյա բան՝ մարդ է, կորել է, գուցե ինչ-որ գործեր ուներ: Ամեն ինչ լավ կլիներ, եթե Շաքիում նա չհանդիպեր կնոջ, որը հյուրընկալ չգտնվեց։

Բայց նախ՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին գրքի և դրա հեղինակի մասին: Գրքի կայքում նշված է, որ դրա հեղինակ Կուզարին Ուկրաինայի քաղաքացի է և Դնեպրոպետրովսկի պետական ​​համալսարանի պատմության ամբիոնի շրջանավարտ: Նա ավելի քան 30 տարի ուսումնասիրում է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի էթնիկ և կրոնական պատմությունը: Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ հեղինակը չի պատկանում Հարավային Կովկասի որևէ ժողովրդի։

«Երևանի և Զանգեզուրի անհետացած թյուրքական քաղաքակրթության վերջին ներկայացուցիչների երեխաներն ու թոռները զգալի օգնություն են ցուցաբերել հեղինակին», – ըստ Բաքվի լրատվամիջոցների։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է պարզի այս հեղինակի ինքնությունը և խիստ բողոքի նոտա հղի Ուկրաինային, որի քաղաքացին, գիտական ​​հետազոտությունների քողի տակ, փաստորեն հարթում է Ադրբեջանի ժողովրդագրական և մշակութային էքսպանսիայի ճանապարհը դեպի Հայաստան։ Ուկրաինան, որը ապրում է Ղրիմի և Դոնբասի մեծ մասի անեքսիան և պայքարում է իր տարածքները պահպանելու համար, չպետք է խրախուսի Ադրբեջանի պնդումները հայկական տարածքի, պատմության և մշակույթի նկատմամբ՝ ուկրաինական գիտնականների միջոցով։ Դրա առաջին հանրային նշանը Շաքիի ներխուժումն է, որը Բաքվի մամուլը ներկայացնում է որպես ադրբեջանական գյուղ։ Հայկական իշխանությունների դիրքորոշումը ցույց է տալիս, որ սա գուցե «խաղաղ վերադարձի» փորձարկում էր։

Այսօր Բաքվի ԶԼՄ-ը հրապարակել են գրքի Բջնիի մասին հատվածը։