Արցախի և գերիների հարցը ԵԱՀԿ համաժողովում

2026 թվականի հոկտեմբերի 5–15-ը Վարշավայում անցկացվում է ԵԱՀԿ 2026 թվականի Մարդկային չափողականության համաժողովը։ Այն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով Եվրոպայի խոշորագույն ամենամյա հարթակներից է։ Այս տարվա համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 մարդ, իսկ գրանցված մասնակիցների կեսից ավելին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին։

Հայաստանը համաժողովում ներկայացված է ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակով։ Սակայն այս երկու ուղղությունների օրակարգերը միշտ չէ, որ համընկնում են։ Մասնավորապես, հայ գերիների հարցի շուրջ վերջին ամիսների հրապարակումները ցույց են տալիս, որ իրավապաշտպանների, գերիների ընտանիքների, սփյուռքյան կառույցների և Հայաստանի իշխանությունների մոտեցումներն ու կիրառվող գործիքները հաճախ տարբեր են։

Համաժողովի շրջանակում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փորձագետ Աննա Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված հնարավոր պատերազմական հանցագործություններին, հայ գերիների դատավարություններին, անհետ կորածների ճակատագրին և պատասխանատվության խնդրին։ Նա ընդգծել է, որ առանց իրավական պատասխանատվության, տեղահանվածների իրավունքների երաշխավորման, գերիների և անհետ կորածների հարցի լուծման ու հայկական մշակութային ժառանգության պաշտպանության՝ խաղաղության գործընթացը չի կարող ամբողջական լինել։

Մելիքյանի խոսքով՝ Ադրբեջանում առնվազն 20 հայերի նկատմամբ իրականացված դատավարությունները չեն ապահովել արդար դատաքննության անհրաժեշտ երաշխիքները։ Նա նաև կոչ է արել ազատ արձակել հակամարտության համատեքստում պահվող հայերին և ապահովել պատերազմական հանցագործությունների անկախ քննություն։

Այս թեման համաժողովում չի սահմանափակվել մեկ ելույթով։ Համաժողովի շրջանակում Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ ևս անդրադարձել են հայ գերիների նկատմամբ խոշտանգումների, բռնության և իրավունքների այլ խախտումների հարցերին, ինչպես նաև Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի լիարժեք և կանոնավոր հասանելիության անհրաժեշտությանը։

Գերիների իրական վիճակի վերաբերյալ վերջին հրապարակումները նույնպես լուրջ խնդիրներ են արձանագրում։ Վերջերս իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Բաքվում պահվող հայերը չեն կարողանում հանդիպել հարազատների, անկախ բժիշկների, փաստաբանների, հյուպատոսական պաշտոնյաների կամ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ։ Նրանց արտաքին աշխարհի հետ կապի հիմնական միջոցը վերահսկվող հեռախոսազանգերն են, իսկ առողջական վիճակի անկախ գնահատական չկա։

Այս իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի ԿԽՄԿ-ի հասանելիության հարցը։ Խնդիրը միայն առանձին այցելությունների կազմակերպումը չէ, այլ հայ գերիների նկատմամբ լիարժեք, կանոնավոր և անկախ մարդասիրական հասանելիության ապահովումը։

Գերիների հարցը Վարշավայում բարձրացվում է նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների ավելի լայն համատեքստում։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օրակարգում են վերադարձի իրավունքը, սեփականության և այլ իրավունքների պաշտպանությունը, մշակութային ինքնության պահպանումը և Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ միջազգային պաշտպանության մեխանիզմների ստեղծումը։

Աննա Մելիքյանն իր ելույթում շեշտել է, որ Արցախում տեղի ունեցածը չի կարելի դիտարկել միայն որպես պատերազմի կամ հումանիտար ճգնաժամի հետևանք։ Նրա գնահատմամբ՝ առանց տեղահանվածների իրավունքների երաշխավորման, գերիների և անհետ կորածների հարցերի լուծման ու մշակութային ժառանգության պաշտպանության՝ հակամարտության կարգավորումը կարող է փաստացի ամրագրել ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները։

Միևնույն ժամանակ, հայկական պաշտոնական և հասարակական օրակարգերի տարբերությունը հատկապես տեսանելի է հենց գերիների հարցում։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Step1.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «չափազանց քիչ են օգտագործում առկա լծակներն ու մեխանիզմները», իսկ գերիների հարցը, իր տեղեկություններով, նույնիսկ ներառված չէ պաշտոնական բանակցությունների կամ օրակարգի մեջ։ Բեգլարյանի գնահատմամբ՝ գերիների ազատ արձակման հարցն առաջին հերթին քաղաքական է, իսկ իրավական և հումանիտար քայլերը պետք է ծառայեն այդ քաղաքական խնդրի լուծմանը։

Նույնն է նաև  Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երեմյանի դիրքորոշումը։  Step1.am-ի հետ նա խոսել էր ԱՄՆ Կոնգրեսում հայ գերիների ազատ արձակման, ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների և «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ Այսինքն՝ սփյուռքյան կառույցները շարունակում են օգտագործել քաղաքական և օրենսդրական ճնշման կոնկրետ գործիքներ։

Step1.am-ի հետ հարցազրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ Հայաստանի իշխանությունների վարած խաղաղության գործընթացը գնահատել է խիստ քննադատաբար։ Նրա խոսքով՝ գործընթացը «շատ փխրուն է», իսկ վերջին զարգացումները, իր գնահատմամբ, ցույց են տալիս նաև Հայաստանի անվտանգային համակարգի լրջագույն խոցելիությունը։ Պապյանը, մասնավորապես, հարցականի տակ է դնում այն մոտեցումը, որ քաղաքական զիջումները կարող են ինքնին ապահովել կայուն խաղաղություն։

Այս ֆոնին պետական և հասարակական աշխատանքը պարզապես «չհամակարգված» անվանելը բավարար չէ։ Խնդիրն ավելի խորն է՝ դրանց գնահատականները, առաջնահերթությունները և քաղաքական գործիքների վերաբերյալ պատկերացումները հաճախ էապես չեն համընկնում։

Դրա մեկ այլ օրինակ է հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարության շենքի դիմաց Արտակ Բեգլարյանի նախաձեռնությունը։ Նա կառավարությանը փոխանցելու համար բերել էր Բաքվում պահվող հայ գերիներին ուղղված 1254 նամակ՝ Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում։ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի արձագանքել նախատեսվող մարդասիրական առաքելությանը, իսկ Հայաստանի կառավարությունից ևս գործնական աջակցություն չի եղել։ Նրա գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները կարող են լրացուցիչ միջազգային ճնշում ստեղծել Բաքվի նկատմամբ։

Այսպիսով, Վարշավայի Մարդկային չափողականության համաժողովը միայն մարդու իրավունքների հերթական միջազգային քննարկումը չէ։ Հայկական քաղաքացիական հասարակության համար այն հնարավորություն է միջազգային մակարդակով փաստագրելու գերիների նկատմամբ վերաբերմունքը, խոշտանգումների և այլ խախտումների մասին տեղեկությունները, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքները և հայկական ժառանգության պահպանության խնդիրը։

Միաժամանակ, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Անտրանիկ Հովհաննիսյանը համաժողովի բացմանն ընդգծել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների կանխարգելման ու պատասխանատվության կարևորությունը։ Նա նաև նշել է քաղաքացիական հասարակության մասնակցության նշանակությունը։

Սակայն պաշտոնական հայտարարության և քաղաքացիական հասարակության բարձրացրած կոնկրետ խնդիրների միջև կապը միշտ չէ, որ ակնհայտ է։ Հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ արդյոք այդ տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքները կարող են վերածվել միասնական միջազգային քաղաքականության, թե դրանք շարունակելու են գործել միմյանցից առանձին։

Արսեն Աղաջանյան