
Լարիսան ու Սուրենն ամուսիններ են։ Մինչև բռնի տեղահանումը նրանք ապրում էին Արցախում, իսկ այժմ՝ Տավուշի մարզի սահմանային Այրում քաղաքում։ Ասում են՝ աշխատանք չկա, նույնիսկ բանվորի գործ չես գտնի։ Ապրում են թոշակով և բնակվարձերից ստացվող գումարով։ Լարիսան սպիտակեղեն, սփռոցներ ու ցամքոցներ է կարում, բայց նույնիսկ իր ձեռքի աշխատանքն իրացնելն է դժվարացել։
Սա է այն իրականությունը, որի մեջ ապրում են Արցախից բռնի տեղահանված շատ մարդիկ։ Եվ այս իրականության մեջ պետության առաջարկած բնակարանային հավաստագիրը դեռևս չի նշանակում, որ ընտանիքը կարող է տուն ձեռք բերել ու արժանապատիվ կյանք սկսել։
Հոկտեմբերի 13-ին արցախցիների հետ հանդիպմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փոքր ընտանիքների խնդիրը բացատրում էր հնարավոր չարաշահումների վտանգով՝ նշելով, որ եթե փոքր ընտանիքների համար այլ չափի աջակցություն սահմանվի, ընտանիքները կարող են արհեստականորեն բաժանվել։ Իսկ բնակարանների աշխարհագրական ընտրության մասին խոսելիս հայտարարում էր. «Մարդն ինքը պետք է որոշի, թե որտեղ պետք է ապրի, ոչ թե պետությունը»։
Բայց ինչպե՞ս պետք է Լարիսան ու Սուրենը որոշեն, թե որտեղ ապրեն, եթե նրանց համար հասանելի բնակավայրերում աշխատանք չկա, իսկ տուն ձեռք բերելու համար նախատեսված գումարը բավարար չէ։ Արդյո՞ք բնակության վայրն ընտրելու ազատությունը բավարար է, երբ այդ ընտրության համար անհրաժեշտ տնտեսական հնարավորությունները բացակայում են։
Փոքր ընտանիքների խնդիրը չարաշահումների հավանականությամբ բացատրելը գուցե վարչական տեսանկյունից հիմնավորում է, բայց չի լուծում Լարիսայի ու Սուրենի նման մարդկանց խնդիրը։ Պետության գործն է ոչ թե միայն կանխել հնարավոր չարաշահումները, այլ նաև այնպիսի լուծում գտնել, որ օգնության կարիքն ունեցող մարդիկ չզրկվեն աջակցությունից՝ իրենց ընտանիքի անդամների թվի պատճառով։
Լարիսան ու Սուրենը թվեր չեն վիճակագրության մեջ։ Նրանք մարդիկ են, որոնք իրենց տունն են կորցրել և հիմա փորձում են հասկանալ՝ ինչպես ապրել մի վայրում, որտեղ աշխատանք գտնելն անգամ խնդիր է։ Նրանց պատմությունը մեկ պարզ հարց է առաջ բերում՝ եթե պետությունը չի կարողանում լուծել փոքր ընտանիքների բնակարանային խնդիրը, ապա ո՞ւմ համար է նախատեսված այդ աջակցությունը։
Մարիամ Սարգսյան