Արցախցիները կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում

Հայաստանում COP17-ի անցկացման նախօրյակին կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա է իրականացվում։

«Այս COP17-ը նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, որովհետեւ տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդը Արցախի հայ ժողովուրդն է։ Եվ այս պայմաններում, երբ նմանատիպ համաժողով է իրականացվում Հայաստանում, Արցախի ժողովրդի իրավունքները լրիվ անտեսվում են, նաեւ անտեսվում են ադրբեջանական ցեղասպանական հանցագործությունները մեր հանդեպ, ինչը, բնականաբար, խիստ անընդունելի է»,- ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Մենք այստեղ ենք՝ բարձրաձայնելու, որ մենք չենք մոռանում մեր իրավունքները՝ պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի համար, մեր մշակութային ժառանգության պաշտպանության համար, մեր կենսաբազմազանությունը պաշտպանելու համար, որի անբաժան բաղադրիչը հենց բնիկ ժողովուրդն է։ COP17-ի օրակարգային հարցերից մեկը բնիկ ժողովուրդների հարցերի բարձրացումն է եւ իրավունքների պաշտպանությունը, որի հիմննաքարը մեր պարագայում վերադարձի իրավունքն է։ Ոչ միայն վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլեւ մեկ այլ երկրի իշխանությունները մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին։ Ոչ միայն մեր կենսաբազմազանությունը չի պաշտպանվում, այլեւ Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը եւ մեր կենսաբազմազանությունը Արցախում։ Նաեւ ոչնչացնում է մեր մշակութային լանդշաֆտը։ Իսկ մշակութային լանդաշաֆտը ՄԱԿ-ի նորմերով անբաժանելի է բնական լանդշաֆտից»,- ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն աչք են փակում, այլեւ տարբեր հայտարարություներով լեգիտիամցում են եկեղեցիների եւ այլ մշակութային ծառանգության ոչնչացումը։ Միջազգային հանրությունն էլ դիտորդ մարմիններ չի ուղարկում բռնազավթված Արցախ, որպեզի հնարավորինս կանխվեն հանցագործությունները։

Արցախի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն էլ ասաց, որ այս համաժողովն առիթ է՝ անդրադառնալու այն վայրագություններին, այն ցեղասպանական քաղաքականությանը, որն Ադրբեջանի ֆաշիստական վարչակազմն է իրականացնում Արցախի տարածքում։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմից մինչ այսօր վանդալիզմի դեպքերն անցել են 1000-ի շեմը, 10-ից ավելի ոչնչացված գյուղեր ունենք՝ իրենց պատմական ու մշակութային լանդաշաֆտով։ Այս ամենի մասին պետք է խոսել, եթե լռում են, դառնում են Ադրբեջանի վարչակազմի քաղաքականության հանցակիցը եւ կանաչ լույս են վառում հետագա մշակութային ցեղասպանության համար։ Այս ամենի մասին չխոսելը նշանակում է երկակի ստանդարտների քաղաքկանություն։ Ադրբեջանը հանդիսանում է ցեղասպան քաղաքականություն իրականացնող երկիր՝ տեղահանելով ու սպանելով մարդկանց եւ ոչնչացնելով մեր մշակութային արժեքները»,- հայտարարեց Ավանեսովը։