Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը ճանաչեց հանրային գերակա շահ

Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկս բաժնետոմսերը ճանաչեց հանրային գերակա շահ։ Այս մասին համտնում է Ազատությունը։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

«Մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները կուսումնասիրեն նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը: Մենք նաև պրոցեսները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետև մեկը մյուսին չի խանգարում ու չի բացառում», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փոխհատուցման կոնկրետ չափ չնշեց. «Պիտի լիցենզավորված կազմակերպությունը գնահատում իրականացնի»:

«Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ դա [ՀԷՑ-ը] դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման հանձնենք համաշխարհային թոփ ընկերության։ Մենք մասնավորեցնելու նպատակ չունենք։ Եթե հանկարծ պարզվի, որ մեր պլան Ա-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, մենք նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարությունը մտադիր է ազգայնացնել գործարար և ընդդիմադիր «Հզոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այս հարցի վերաբերյալ որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am պետական ​​պորտալում։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էլ նշել է. «Առաջիկա ամիսներին կկազմվի օտարվող գույքի նկարագրի արձանագրություն, բաժնետոմսերը կանցնեն շուկայական գնահատում, և օրվա սեփականատերերին կտրամադրվի գնահատման չափով փոխհատուցում։ Արդյունքում՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն»։

Ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, սակայն, դեռ անցած ամիս հայտարարել էր, թե ՀԷՑ-ը չի վաճառվում:

Տաշիրը ՀԷՑ-ի սեփականատեր է դարձել 2015-ի դեպտեմբերից՝ Հայաստանում բազմահազար բողոքի ակցիաներից հետո։ Ընկերությունը պատկանում էր ռուսական ИНТЕР РАО ЕЭС պետական խմբին։ Ըստ մամուլի հաղորդումների, Սամվել Կարապետյանին դժվարությամբ են համոզել գնել ընկերությունը։ եղեկատվություն կար, որ  ИНТЕР РАО ЕЭС-ին նա վճարել է մոտ 300 մլն․ դոլար։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ «Ազատություն»-ը գրել էր, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։

Թե որ միջազգային թոփ-ընկերության կփոխանցվի ՀԷՑ-ը, դեռ պարզ չէ, սակայն ներկա տրամաբանությամբ չի բացառվում, որ այն կլինի ռուս-ամերիկյան կազմակերպություն՝ ԹՐԻՓՓ-ФСБ շրջանակներում։