Փաշինյանը զարմացած է, թե ինչու Բաքվում գերիներին ուղղված նամակները չեն ուղարկվում փոստով

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին ուղղված 1254 նամակները պետք է ուղարկվեին փոստային ծառայության միջոցով, այլ ոչ թե հանձնվեին կառավարությանը։ Խոսքն այն նամակների մասին է, որոնք «Արցախ միություն» կազմակերպության ղեկավար, նախկին պետնախարար և օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-ին հանձնել է Հայաստանի կառավարությանը։ Դրանք գրվել են տարբեր երկրներում։ Նամակների հավաքագրումը նախաձեռնել է Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը։

«Չգիտեմ՝ ինչ որոշում է կայացվելու, բայց անկեղծ ասած՝ տարօրինակ է. եթե դա նամակներ են, ինչո՞ւ դրանք չեն ուղարկվում փոստով։ Կան փոստային ծառայություններ, որոնք կարող են դա անել։ Ինչո՞ւ պետք է մենք միջնորդի դեր կատարենք։ Չգիտեմ՝ քննարկե՞լ են այս հարցը կամ որևէ եզրակացության հանգե՞լ, բայց այստեղ կան նրբերանգներ։ Որքանո՞վ է տրամաբանական կառավարությանը հանձնել հազար նամակ՝ «Հանձնեք այս նամակները» գրությամբ»։ Ենթադրում եմ, որ այն մարմինը, որի հետ նրանք կապ են հաստատել, կքննարկի հարցը և կպատասխանի», – հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, երբեմն թվում է, թե նման գործողություններ են ձեռնարկվում ոչ թե խնդիրը լուծելու, այլ որոշակի իրավիճակ հրահրելու համար։

Նա նաև հավելեց, որ իշխանությունները զգուշություն են ցուցաբերում նման հարցերում, որպեսզի վերջնական արդյունքում չվնասեն Բաքվում պահվող հայերին։