
Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը քայլ առ քայլ կփոխանցվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությանը։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելու գործընթացը փուլային բնույթ է կրում և կապված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ռեսուրսների ու կարողությունների զարգացման հետ։ Թե որքան այն կտևի, ոչ ոք չգիտի։
Ժամանակացույց չկա և սահմանազատման հաջորդ փուլի համար։
Հաջորդ փուլի աշխատանքների ժամանակացույցի հետ կապված դեռ չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ շուտով կլինի, կքննարկենք, կպայմանավորվենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ սահմանազատման աշխատանքների հետ կապված տևական ժամանակ է նորություն չկա։
«Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ–ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և կազմակերպել աշխատանքները և իրականացնել։
Հիմա, մենք, չսպասելով ԹՐԻՓՓ–ի ձևավորմանը, որովհետև հետագայում կփոխանցենք ԹՐԻՓՓ–ին, ուզում ենք մեկնարկել նախագծային աշխատանքները էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհի և երկաթգծի։ Երեք ենթակառուցվածքներն էլ պիտի կառուցվեն Սյունիքում»,–ասաց նա։
«Կա կանոնակարգ, կա իրավական բազա և աշխատանքը հիմա ավելի շատ պիտի լինի տեխնիկական և տոպոգրաֆիկ, քան այն բարդ իրավական գործընթացները, որոնք, փառք Աստծո, անցել ենք արդեն», ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանի նշած “իրավական բազան” իրականում չկա․ Բաքուն հրաժարվում է որպես հիմք ընդունել 1975 թ․ սովետական քարտեզները, որոնց մասին խոսում է Հայաստանը։ Թե որ հիմքով է կատարվելու սահմանազատումը ԹՐԻՓՓ-ի հատվածում, դարձյալ պարզ չէ։ Հատկապես, որ խոսվում է ոչ թե մեկ, այլ մի քանի երթուղու մասին։
Նպատակները հայտարարված են, սակայն “տեխնիկական մանրուքներն” այնքան շատ են, որ ոչ մի հստակություն չկա երկու հարցում էլ՝ ԹՐԻՓՓ-ի և սահմանազատման, ինչպես նաև Հայաստանի կողմից ՀՀ սահմանները վերահսկելու հարցում։
Քարոզչությունից զատ ունենք ԹՐԻՓՓ-ի նույնիսկ նվազագույն քարտեզավորման բացակայություն, գործող հայ-իրանական սահման, որը վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, բաց և կառուցվող հայ-իրանական ճանապարհ և սահմանազատման իրավական հիմքի բացակայություն։