Արցախի և հայի մասին Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» կցուցադրվի նաև Լոս Անջելեսում

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը հրավիրում է բոլորին նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի Alex Theatre-ում դիտելու իր «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Warner Bros. Studios-ի Steven J. Ross կինոթատրոնում կայացած ֆիլմի ամերիկյան պրեմիերան մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Հաշվի առնելով ֆիլմի նկատմամբ մեծ արձագանքն ու բազմաթիվ դիտողների հետաքրքրությունը՝ կազմակերպվում է երկրորդ ցուցադրությունը։

«Վերածնվածը» ֆիլմում Ջիվան Ավետիսյանն անդրադառնում է մարդկային ճակատագրերին, ազգային ինքնությանը, հիշողությանը և պատերազմի թողած խոր վերքերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախին և 2020 թվականի արցախյան պատերազմին։

Ֆիլմի սյուժեի կենտրոնում ֆրանսիայում մեծացած հայազգի երիտասարդ Մուրադ Առաքելյանն է, որը Մարսելի համալսարանում զբաղվում է արհեստական բանականության մշակմամբ։ Հոր մահվան առեղծվածային հանգամանքները բացահայտելու և սեփական արմատներին առերեսվելու նպատակով նա թողնում է իր գիտական նախագիծը և հայտնվում պատերազմի հորձանուտում։

2020 թվականի արցախյան պատերազմը դառնում է նրա կյանքի շրջադարձային փուլը։ Պատերազմի ընթացքում Մուրադն ու նրա սիրելին հայտնվում են վտանգավոր իրավիճակում՝ կորցնելով միմյանց հետ կապը։ Միաժամանակ նրա ստեղծած արհեստական բանականության համակարգը՝ OR.CH.I.D.-ը, զարգանում է՝ ձեռք բերելով ինքնագիտակցություն։ Այն առերեսվում է պատերազմի դաժան իրականությանը, մարդկային տառապանքին և բացահայտում Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ։

Այսպիսով, ֆիլմում Արցախի պատմությունը միահյուսվում է մարդկային խղճի, պատասխանատվության, ճշմարտության և տեխնոլոգիական առաջընթացի բարոյական սահմանների մասին հարցերին։ Այն պարզապես պատերազմի մասին պատմություն չէ, այլ նաև անդրադարձ՝ հայրենիքի, ինքնության, հիշողության և մարդկային արժանապատվության թեմաներին։

Արցախի թեման առանձնահատուկ տեղ ունի Ջիվան Ավետիսյանի ստեղծագործական կյանքում։ Ինչպես ռեժիսորը պատմել էր Step1.am-ին տված հարցազրույցում, նրա ընտանիքը 1989 թվականին տեղափոխվել է Արցախ, և նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են արցախյան իրականության մեջ։ Հենց այդ փորձառությունն է մեծապես ձևավորել նրա ստեղծագործական աշխարհը և կինոյի միջոցով Արցախի մասին պատմելու ցանկությունը։

Ավետիսյանի համար Արցախը պարզապես կինեմատոգրաֆիական թեմա չէ․ այն իր անձնական պատմության, հիշողությունների և ինքնության անբաժանելի մասն է։ Տարիներ շարունակ նա իր ֆիլմերով փորձել է հայկական պատմությունները հասցնել միջազգային հանդիսատեսին՝ ներկայացնելով Արցախի մարդկանց ճակատագրերը, նրանց ապրած ողբերգությունները և սեփական հողում ապրելու իրավունքի համար պայքարը։

«Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է՝ Հայաստանի, Լիտվայի և Կիպրոսի համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում նկարահանվել են աշխարհահռչակ դերասաններ Արմանդ Ասանտեն, Հայնո Ֆերխը, Մայա Մորգենշտերնը, Ռոբին Հայրաբեանը, Քլեմանս Բոդուենը, ինչպես նաև հայ դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը և այլք։

Warner Bros.-ում կայացած հաջողված պրեմիերայից հետո Լոս Անջելեսի հանդիսատեսը ևս մեկ հնարավորություն կունենա մեծ էկրանին դիտելու ֆիլմը և հաղորդակից դառնալու դրա կարևոր ուղերձին։

Ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ Լոս Անջելեսի Alex Theatre-ում։

Տոմսերի ձեռքբերման համար՝ https://thealex.evnsong.com/events/revival-tickets

Ջիվան Ավետիսյանը սիրով հրավիրում է հայ համայնքի ներկայացուցիչներին, կինոսերներին և բոլոր հետաքրքրվածներին՝ ներկա գտնվելու ցուցադրությանը և միասին կիսելու այս կինեմատոգրաֆիական իրադարձությունը։

«Վերածնվածը» պատմություն է Արցախի, մարդկային ճակատագրերի, հիշողության և ճշմարտության որոնման մասին։ Պատմություն, որի միջոցով հայկական ձայնը կրկին հնչում է միջազգային կինոհարթակում։

Արսեն Աղաջանյան