Փաշինյանի վերջին այցը Արցախ և վերջին մանիպուլյացիան

ՀՀ վարչապետի կայքում մինչ օրս պահպանվում է «Լեռնային Ղարաբաղ» բաժին, որի երկու վերջին տեղեկատվությունը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն է Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ 2020 թվականի մայիսի 22-ին Շուշիում, և Փաշինյանի՝ 2020 թվականի օգոստոսի 30-ին Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի մասիտ ինֆորմացիան՝ 44-օրյա պատերազմից մի քանի շաբաթ առաջ։

Կարդացեք այս տեղեկությունները, քանի դեռ դրանք հասանելի են, և 6 դժվար տարիների տեսանկյունից դատեք, թե ինչպես 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը փորձեց նվաճել արցախցիների վստահությունը, որոնցից շատերը բացահայտ խոսում էին Փաշինյանի իրական նպատակների մասին։ Փաշինյանը ոգևորված խոսում էր ազգային նպատակների և Հայաստանի ու Արցախի միասնության մասին։

Այժմ նա բացահայտորեն Ղարաբաղը անվանում է թոկ Հայաստանի վզին, իսկ Արցախից հրաժարվելը անվանում է Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերում։ Իշխող կուսակցության անդամները բացահայտորեն ասում են, որ Արցախի ժողովուրդը և Արցախն ինքնին զոհաբերվել են Հայաստանի ինքնիշխանության համար։ Բայց արդյո՞ք ինքնիշխանությունը կպահպանվի։

2023 թվականից հետո կառավարամետ ուժերի վերաբերմունքը Արցախի ժողովրդի նկատմամբ բացարձակապես հակառակն է վեց տարի առաջվա վերաբերմունքին, երբ Փաշինյանը Բակո Մահակյանին անվանում էր իր ավագ ընկեր, իսկ Արայիկ Հարությունյանին՝ խոստումնալից մենեջեր։ Բակո Մահակյանը և Արայիկ Հարությունյանը այժմ Բաքվի բանտում են, արցախցիները, կորցնելով ամեն ինչ, փորձում են գոյատևել Հայաստանում, Արցախ տանող օրինական միջանցքը փակ է, իսկ Փաշինյանի կուսակիցները ասում են, որ արցախցիները պետք է մնային և զոհվեին։ Փաշինյանի նախարարները Արցախում եկեղեցիների ոչնչացումը անվանում են Ադրբեջանի «ներքին գործ»։ Արցախցիներին ստիպում են փոխանակել իրենց հայկական անձնագրերը նույն ՀՀ անձնագրերով, ստորագրելեվ, որ իբր մինչ այդ որևէ երկրի քաղաքացիություն չեն ունեցել։ Կարծես վերջին 30 տարիները չեն եղել, և վարչապետի կայքի նկարներն էլ ֆեյք են։

Ու՞մ է ՀՀ կառավարությունը միլիարդավոր դրամներ հատկացրել մինչև 2023 թվականի սեպտեմբերը, որ երկրի քաղաքացիներին։ Դավիթ Իշխանյանը և Բաքվում գտնվող մյուս գերիները դիմում են ՀՀ կառավարությանը՝ պաշտպանելու իրենց իրավունքները, քանի որ նրանք ՀՀ լիիրավ քաղաքացիներ են։

Ի վերջո, հենց այդպիսինն է նրանց համարում Բաքուն։ Բաքուն նաև Արցախն է ճանաչում որպես ՀՀ մաս՝ պահանջելով ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել և հանել 1989 թվականի ՀՀ-ի և Արցախի վերամիավորման մասին որոշման հղումը։

Վեց տարի անց Փաշինյանի կառավարությունը մտադիր է նոր Սահմանադրություն ընդունել, որի մեջ չի լինելու Հռչակագրի հղումը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է, որ «մենք չունենք ՀՀ-ն և ԼՂ-ն վերամիավորելու նպատակ»։ Նա չի ասում, որ ՀՀ-ն և ԼՂ-ն արդեն վերամիավորված են, և որ Հռչակագրում դա նշվում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես օրինական որոշում և հիմք։ Այսինքն, նոր Սահմանադրությունը ոչ թե Միացումի, այլ Անջատումի մասին, ևոչ միայն Արցախի։  

Նիկոլ Փաշինյանը ուստա է ոգեշունչ հայտարարություն անել և հետ վերցնել իր սեփական խոսքերը՝ «ընդունելով» սխալներն ու մանիպուլյացիաները և արդարացնելով դրանք ինչ-որ չապացուցվող  նպատակներով։

Նա «արդարացրեց» 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության ստորագրումը և Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի հանձնումը “35,000 զինվոր փրկելու” մտադրությամբ։ Ալիևը հետագայում խոստովանեց, որ ինքը ուժ չէր ունենա գրավելու Քարվաճառն ու Քաշաթաղը։ 2023 թվականին Փաշինյանը Հայաստանի չմիջամտելը Արցախում ցեղասպանությանը բացատրեց որպես Հայաստանը պահպանելու անհրաժեշտություն։ Ալեն Սիմոնյանը, աչքերը ֆռռացնելով, Բերձորի միջանցքից հրաժարվելը բացատրեց նրանով, որ դա կխոչընդոտի Ադրբեջանի հավակնություններին «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Սակայն ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը հանգիստ վավերացրեց TRIPP կամ «միջանցքի» համաձայնագիրը։ Եւ ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարության և Բերձորի միջանցքի մասին չհիշեց։

Արցախցիներին վերադարձնելու գաղափարի մերժումը Փաշինյանը պայմանավորեց «Արևմտյան Ադրբեջանի» առաջխաղացումը կանխելու անհրաժեշտությամբ։ Սակայն Բաքուն բացարձակ մտադիր չէ հրաժարվել դրանից։

Հիմա Փաշինյանն ասում է, որ եթե Սահմանադրությունը չընդունվի, խաղաղություն չի լինի։ Խաղաղություն կլինի, Հայաստան չի լինի։ Եւ սա կարող է վերջնական մանիպուլյացիան լինել։

Նաիրա Հայրումյան