47,000 արցախցիներ ստացել են նոր անձնագրեր, ստիպված ապացուցելով, որ հայ են

Նոյեմբերի 1-ի դրությամբ, արցախցի 32,690 չափահաս և 14,344 անչափահաս (ծնողների համաձայնությամբ) ստացել է Հայաստանի քաղաքացիություն: Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Այս պահի դրությամբ 53,039 արցախցի ներկայացրել է նոր անձնագրերի դիմումներ, որոնցից 47,034-ը, այդ թվում՝ երեխաների, բավարարվել են։

Նախարարն ասաց, որ Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունները մշակել են ընթացակարգ, որի համաձայն, ծննդյան վկայականի բացակայության դեպքում, դրա ամսաթիվը հաստատվում է նոտարական կարգով։

Անձնագրային գրասենյակում նոր ՀՀ անձնագրերի համար դիմելիս շատ արցախցիներ պարտավոր են տրամադրել ոչ միայն դիմորդների, այլև իրենց ծնողների ծննդյան վկայականները։

Դա պայմանավորված է նրանով, որ արցախցիները պետք է ապացուցեն իրենց էթնիկ հայկական ծագումը։

Փաստն այն է, որ արցախցիներին «քաղաքացիություն» է շնորհվում էթնիկ հայերի համար նախատեսված հատուկ ընթացակարգով: Այս ընթացակարգը շատ ավելի պարզ է, քան ոչ հայերի համար սահմանված պահանջները։ Մասնավորապես, արցախցիներից չի պահանջվում իմանալ լեզուն, Սահմանադրությունը և այլն, իսկ քաղաքացիություն շնորհելու ժամկետն ավելի կարճ է։

Սակայն հայկական ծագումը ապացուցելու համար անհրաժեշտ են ծննդյան վկայականներ, այդ թվում՝ ծնողների, քանի որ միայն ծննդյան վկայականներում կա «ազգություն» դաշտը։ Կարելի է նաև ներկայացնել հայկական եկեղեցում մկրտության վկայական։

Այնուամենայնիվ, քանի որ ոչ բոլոր ծննդյան վկայականներում կա «քաղաքացիություն» դաշտը, 1981 թվականից հետո ծնվածներին անհրաժեշտ է ներկայացնել ծնողների փաստաթղթերը։ Եթե ծնողների ծննդյան վկայականները հասանելի չեն, հարազատներին են կանչում դատարան՝ ապացուցելու, որ տվյալ անձը հայ է։ Սա հայկական ինքնությունը ապացուցելու միակ միջոցն է, և այս նվաստացուցիչ ընթացակարգը պարտադրվում է Արցախից հայ լինելու պատճառով վտարված մարդկանց, որորնցից էթնիկ զտման ժամանակ ծննդյան վկայական չեն պահանջել։

Անհրաժեշտ փաստաթղթերի նոտարական և դատարանի կողմից վավերացումը բավական թանկ են և պահանջում են ամիսների սպասում։

Այժմ արցախցիների վիճակը բարդանում է նաև կենսաչափական անձնագիր ստանալու պահանջով, որը արժե 28,700 դրամ։ Շատ արցախցիներ պարզապես ի վիճակի չեն նման գումար վճարել, հատկապես, եթե նրանք պետք է նոր անձնագրեր ձեռք բերեն ամբողջ ընտանիքի համար։

Այսպիսով, արցախցիների անձնագրերի փոփոխության ստանդարտ ընթացակարգը, որը կարող էր կազմակերպվել կառավարության մեկ որոշմամբ, վերածվեց արցախցիներին՝ ՀՀ քաղաքացիությունից զանգվածային զրկման, որին հաջորդեց նոր անձնագիր ստանալու երկարատև, թանկարժեք և նվաստացուցիչ գործընթաց․

1․ Արցախցիները ստիպված էին ստորագրել մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ դիմորդը «ոչ մի պետության» քաղաքացի չէ, այսինքն՝ նրանք ստիպված էին հրաժարվել իրենց քաղաքացիությունից։

2․ Արցախցիները ստիպված են ամիսներով փաստաթղթեր հավաքել, գումար և ժամանակ ծախսել, որպեսզի ներկայացնեն տեղեկությունները, որոնք կան Հայաստանի պետական ​​գրանցամատյանում։

3․ Արցախցիները պետք է ապացուցեն իրենց հայկական ծագումը՝ «պարզեցված» ընթացակարգով անձնագիր ստանալու համար, թեկուզ նրանք չեն խնդրել իրենց անձնագիր տրամադրել հենց այդ ընթացակարհով։

4․ Այժմ արցախցիները ստիպված կլինեն վճարել 100 դոլար անձնագրի համար՝ բնակարանային ծրագրին մասնակցելու իրավունք ունենալու համար։

ՀՀ ներքին գործերի նախարարը պետք է մտածի, թե ինչու են երեք տարվա ընթացքում ընդամենը 32,000 արցախցիներ ստացել նոր անձնագրեր, և բացատրի, թե ինչ ընթացակարգով է 120,000 մարդ զրկվել քաղաքացիությունից։

Այս հարցերը բարձրացվել էին այս տարվա հունիսի ընտրություններից առաջ, սակայն դրանք արագ “փակվեցին”. դատարանի որոշմամբ 070 անձնագիր ունեցող 3 ՀՀ քաղաքացիներ իրավունք են ստացել գրանցվել ընտրողների ցուցակներում։ Սակայն Ներքին գործերի նախարարությունը միջամտեց և հասավ դատարանի որոշման չեղարկմանը: Այնուհետև դատարանները պարզապես դադարեցին ընդունել արցախցիների հայցերը՝ զրկելով նրանց նաև դատական պաշտպանությունից։

Մի օր այս անօրինությունը կավարտվի, և նրանք, ովքեր իրականացրել են իրավական ցեղասպանություն արցախցիների նկատմամբ, ստիպված կլինեն պատասխան տալ այն տառապանքների, նվաստացումների և ծախսերի համար, որոնք պատճառել են արցախցիներին՝ զրկելով նրանց իրավունքներից և քաղաքացիությունից։