Արցախցիների անժամկետ հաշմանդամության ճանաչման հստակ մեխանիզմներ են պետք

Տիգրանի և Արթուրի պատմությունները, որոնց տարբեր ժամանակներում անդրադարձել է Step1.am-ը, ցույց են տալիս, թե ինչ դժվարությունների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք պետական աջակցության համակարգից օգտվելիս։ Հատկապես խոցելի վիճակում են Արցախից բռնի տեղահանվածները, որոնք, բացի տեղահանության հետևանքներից, ստիպված են հաղթահարել նաև փաստաթղթային քաշքշուկը և կրկին հաստատել նախկինում ճանաչված հաշմանդամության կարգավիճակը։

Տարվա սկզբին Տիգրան Վերդյանի ընտանիքի խնդրի հանրայնացումից հետո Միասնական սոցիալական ծառայությունն ընդունեց իր սխալը։ Տիգրանը, որը տասը ամիս կոմայի մեջ էր և հատուկ խնամքի կարիք ուներ, Արցախում ի ծնե ունեցել էր հաշմանդամության առաջին կարգ։ Սակայն Հայաստանում նրա ընտանիքը չէր կարողանում ստանալ անհրաժեշտ աջակցության հավաստագիրը, քանի որ պետական մարմինը պահանջում էր կրկին անցնել ֆունկցիոնալության գնահատում։ Ընտանիքի՝ տնային պայմաններում գնահատում կազմակերպելու դիմումներն էլ մերժվել էին։ Step1.am-ի հրապարակումից հետո պարզվեց, որ ծառայությունում տեխնիկական խնդրի պատճառով Տիգրանի մորը չէին հասնում մերժումների պարզաբանումները։ Ծառայությունն ընդունեց սխալը և նախաձեռնեց տնային գնահատման կազմակերպման գործընթացը։

Այժմ դրական լուծում է ստացել նաև արցախցի Արթուր Գրիգորյանի հարցը։ Հաշմանդամության կարգավիճակից զրկվելու հետևանքով նա ոչ միայն զրկվել էր կենսաթոշակից, այլև կանգնել էր Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից վտարվելու վտանգի առաջ։ Բժշկական հանձնաժողովի վերագնահատումից հետո Արթուրը ճանաչվել է անժամկետ հաշմանդամ՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակմամբ։ Վերականգնվել է նրա կենսաթոշակը, վերացել է կենտրոնից վտարման վտանգը, և նա կարող է ստանալ պետական ծրագրով նախատեսված դեղորայքը։

Երկու պատմություններն էլ ցույց են տալիս, որ պետական համակարգի միջամտությամբ հնարավոր է լուծել կոնկրետ խնդիրները։ Սակայն միաժամանակ հարց են առաջացնում․ ինչո՞ւ են մարդիկ ստիպված լինում ամիսներ շարունակ պայքարել իրենց տարրական իրավունքներն իրացնելու համար, և ինչո՞ւ այդ հարցերը հաճախ լուծվում են միայն հանրային աղմուկից հետո։

Խնդիրը հատկապես արդիական է Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նրանց մի մասը Արցախում ունեցել է հաշմանդամության, այդ թվում՝ անժամկետ կարգավիճակ, սակայն Հայաստանում բախվել է նախկին փաստաթղթերի ճանաչման, կրկնակի բժշկական գնահատման և աջակցության տրամադրման դժվարություններին։ Արդյունքում մարդը, որը կորցրել է տունը և ստիպված է եղել զրոյից սկսել կյանքը, նաև ստիպված է կրկին ապացուցել իր առողջական վիճակն ու աջակցության կարիքը։

Այս խնդիրը քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող հանրային քննարկման ընթացքում, որն անցկացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։

Քննարկմանը մասնակցել են նախարարության, ոլորտային կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ։ Խոսնակներից էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը, որը ներկայացրել է գործող համակարգում առկա խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։

Արմեն Ալավերդյանն առաջարկել է անժամկետ հաշմանդամության  կարգավիճակ ունեցող անձանց ազատել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն անցնելու և արդեն իսկ ճանաչված հաշմանդամությունը վերահաստատելու պարտավորությունից։

Տիգրանի և Արթուրի դեպքերը ցույց են տալիս, որ խնդիրը միայն բժշկական գնահատման ընթացակարգը չէ։ Խոսքը նաև իրավունքների շարունակականության, պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և սոցիալական աջակցության հասանելիության մասին է։ Հաշմանդամություն ունեցող մարդը չպետք է կախված լինի գերատեսչությունների տեխնիկական սխալներից, չպատճառաբանված մերժումներից կամ հերթական հանձնաժողովի որոշումից, հատկապես երբ նրա կարգավիճակն արդեն ճանաչվել է անժամկետ։

Անհրաժեշտ է հստակ մեխանիզմ, որը կապահովի Արցախում տրված անժամկետ կարգավիճակների ճանաչումը, կբացառի անհարկի կրկնակի փորձաքննությունները և կկրճատի փաստաթղթային քաշքշուկը։

Տիգրանի և Արթուրի պատմությունները, որոնց անդրադարձել է Step1.am-ը, դրական լուծումների օրինակներ են, բայց նաև հիշեցում, որ անհատական խնդիրների լուծումը դեռ համակարգային փոփոխություն չէ։

Արսեն Աղաջանյան