Փաշինյանը մինչև աքլորականչ դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կայցելի

Դուբլինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերին այցելելու է Ռուսաստան։

«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում։

Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք ՀՀ քաղաքացիների համար։ Երկար ժամանակ ընկալումն այն էր, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,– ասել է Փաշինյանը։

Հարցին՝ ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»։

Փաշինյանը հայտարարեց Ռուսաստան այցելելու մասին այն բանից հետո, երբ Հայաստանում թեժ բանավեճ սկսվեց նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածից հետո, որը վերաբերում էր Հայաստանի Ռուսաստանից կտրուկ հեռանալու և դեպի ԵՄ շրջադարձի հետևանքներին: Այս բանավեճը հիմնականում կենտրոնանում է դեպի ԵՄ շրջադարձի վրա, բայց չի անդրադառնում այլ հնարավոր «այլընտրանքների» կամ կողմնորոշումների “հետևանքներին”: Խոսքը դեպի Մեծ Մերձավոր Արևելք Հայաստանի շրջադարձի մասին է, որը ներկայումս մոդերացվում է Միացյալ Նահանգների կողմից։

Թաքնվելով «եվրոպական երազանքի» տակ, Հայաստանի կառավարությունը վարում է «տարածաշրջանայինացման» քաղաքականություն, այսինքն՝ կապերի վերականգնում իր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս քաղաքականությունը խրախուսվում է Միացյալ Նահանգների կողմից, որը ստանձնել է միջնորդի դեր՝ Հայաստանի թուրքացման քաղաքականության «հակառուսական» բնույթ իմիտացնելով:

Այնուամենայնիվ, Հայաստանի մերձեցումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ոչ միայն չի վիճարկվում Ռուսաստանի կողմից, այլև ուղղակիորեն կառավարվում է:

Պաշտոնապես Ռուսաստանը ստանձնել է օպերատորի դերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և մինչ օրս կատարում է իր պարտականությունները: Այս համատեքստում Փաշինյանը Մոսկվայում կքննարկի այս մերձեցման մանրամասները և կստանա նոր հրահանգներ։

Հայաստանի անմիջական «հանձնելը» թաքցնելու համար հորինվեց «եվրոպական խաղ», որով հայ հասարակությանը բացատրում են նոր «հայկական» դավադրությունը․ Հայաստանը կստանձնվի Թուրքիայի կամ այլ մերձավորարևելյան խնամակալության տակ։ Սա կվերաբերի ոչ միայն անվտանգության, այլև մենտալ և հոգևոր համակարգերին, ինքնության և մշակույթի հարցերին։ Ապոթեոզը կլինի Հայ Առաքելական Եկեղեցու «անջատումը» Մոսկվայից և Աթոռի տեղափոխումը Պոլիս կամ Երուսաղեմ։

Խրախուսելով այս թատրոնը՝ եվրոպացի քաղաքական գործիչները նպաստում են “խոցելի” Հայաստանի անջատմանը եվրոպական անվտանգության համակարգից և Հարավային Կովկասի անվտանգության «պատվիրակմանը» Մեծ Մերձավոր Արևելքին, որը Միացյալ Նահանգներն են այժմ կառուցում։

Արմեն Գրիգորյանը մինչև վերջ անկեղծ չէ՝ պնդելով, որ Հայաստանի «եվրոպական կուրսը» մեծացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Նա չի հիշատակում Թուրքիան և Մեծ Մերձավոր Արևելքի նախագիծը, որը Միացյալ Նահանգները կառուցում է Ռուսաստանի հետ համաձայնությամբ։