
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կհանդիպեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ամենամյա համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Օլիվիա Ուելսը՝ հաստատելով լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակված հաղորդագրությունները։
Նրա խոսքով՝ այս երկրների առաջնորդների միջև առաջին եռակողմ հանդիպման գլխավոր թեման կլինի միջուկային զենքի վերահսկողության համապարփակ համաձայնագրի մշակումը: «Մենք որևէ համաձայնագիր չենք սպասում: Ես սա կբնութագրեի որպես սկզբնական փուլ, սկզբնական զրույց՝ առնվազն առաջնորդների մակարդակով՝ այս երկրների միջև», – CNN-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Քննարկումները կարող են նաև անդրադառնալ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է The New York Post-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի պաշտոնյային: Սակայն, ըստ մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի, Ուկրաինայում պատերազմի ավարտը, հավանաբար, չի քննարկվի առաջնորդների կողմից հանդիպման ժամանակ: «Չինաստանը այս գործընթացի մասնակից չէ, ուստի այստեղ Ուկրաինայի հարցը քննարկելը կլինի անտեղի», – բացատրել է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ: