Մենք իրավունքների կրողն ենք և պարտավոր ենք պայքարել այդ իրավունքների համար

Step1.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ, հասարակական գործիչ Ալվարդ Զաքարյանի հետ՝ արցախցիների նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի, նրանց իրավունքների պաշտպանության, միջազգային իրավական պայքարի, անձնագրերում ծննդավայրի նշման խնդրի և Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի շուրջ։

Հարցազրույցում անդրադարձել ենք նաև Արցախյան շարժման պատմության խեղաթյուրման վտանգներին, արցախահայության ինքնորոշման իրավունքին և հայրենիք վերադարձի հեռանկարին։

Արցախցիների նկատմամբ նկատվում են անհանդուրժողականության և բացասական վերաբերմունքի դրսևորումներ։ Դուք ևս տարբեր առիթներով բարձրաձայնել եք այդ խնդիրների մասին։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը արցախցիների նկատմամբ, և ի՞նչ նպատակներ կարող են հետապնդել նման դրսևորումները։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը արցախցիների նկատմամբ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է վատթարանում։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նաև տարբեր ներքաղաքական գործընթացներով։ Նախկինների, եկեղեցու և արցախցիների թեմաներն օգտագործելով՝ իշխանություններին հաջողվում էր հասարակության մեջ ձևավորել որոշակի հակադրություն և իրենց քաղաքական օրակարգի համար շահեկան մթնոլորտ ստեղծել։

Միաժամանակ պետք է նկատել, որ COP17-ի շրջանակներում տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ միջազգային հարթակները կարող են կարևոր հնարավորություն լինել տարբեր երկրների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական շրջանակների հետ շփվելու, խնդիրները ներկայացնելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու համար։ Մենք փորձում էինք օգտվել այդ հնարավորություններից, մասնակցել նախաձեռնություններին և բարձրաձայնել արցախցիների իրավունքների հարցը։

Սակայն այսօր տեսնում ենք, որ նույնիսկ այդ հնարավորություններն են սահմանափակվում։ Մեր հիմնական պահանջը շատ հստակ է՝ մենք ունենք հայրենիք վերադառնալու իրավունք, և մեզ պետք է հնարավորություն տրվի մեր հայրենիքում ապրելու։

Ինձ համար պատահական չէ, որ նման գործընթացները տեղի են ունենում հենց այս ժամանակահատվածում։ Տեսնում ենք տարբեր նախաձեռնությունների և քաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը, սակայն դրանցից շատերը մնում են առանց պատշաճ արձագանքի։ Կարծում եմ՝ այստեղ կա նաև քաղաքական հաշվարկ։ Իշխանությունները հասկանում են, որ արցախցիների խնդիրները կարող են դառնալ ավելի լայն հանրային քննարկման առարկա և որոշակի ազդեցություն ունենալ ներքաղաքական իրավիճակի վրա։

Օրինակ՝ անձնագրերում ծննդավայրի նշման հարցը։ Այսօր առաջանում են իրավիճակներ, երբ արցախցիները չեն կարողանում իրենց ծննդավայրը ներկայացնել այնպես, ինչպես այն իրականում կա։ Ես ինքս առնչվել եմ այդ խնդրին և ստիպված եմ եղել տարբեր պարզաբանումներ ստանալ։ Մինչդեռ սա միայն տեխնիկական կամ փաստաթղթային հարց չէ։ Այն վերաբերում է մարդու ինքնությանը, ծննդավայրին և իր կենսագրության մեջ սեփական հայրենիքը նշելու իրավունքին։

Այսպիսի բազմաթիվ խնդիրներ կան, որոնք, կարծես, պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Ամեն անգամ դրանց մասին խոսելիս առաջանում են նաև իրավական և հոգեբանական բազմաթիվ հարցեր։ Անկախ նրանից՝ որքան հավասարակշռված է մարդը, նման իրավիճակներն առաջացնում են լուրջ հույզեր և մտահոգություններ։

Իմ գնահատմամբ՝ այս ամենի նպատակը միայն արցախցիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը չէ։ Խնդիրն ավելի խորքային է․ ստեղծվում է մի միջավայր, որտեղ արցախցիների իրավունքների, վերադարձի և հայրենիքի հետ կապի մասին խոսելը ներկայացվում է որպես անցանկալի երևույթ։

Դուք անդրադարձաք անձնագրերում ծննդավայրի նշման խնդրին։ Իշխանությունների կողմից նման սահմանափակումները երբեմն ներկայացվում են որպես միջազգային չափորոշիչների պահանջ։ Արդյո՞ք դա իսկապես այդպես է, և ինչպե՞ս կարելի է իրավական ճանապարհով վիճարկել նման մոտեցումը։

Իհարկե, դա միջազգային չափորոշիչների պահանջ չէ։ Ես հիմնվում եմ նաև իմ անձնական փորձի վրա։ Տարբեր երկրներում եմ եղել, բազմաթիվ օրինակներ եմ տեսել, երբ մարդկանց փաստաթղթերում ծննդավայրի նշման հարցում նման մոտեցում չի կիրառվում։

Օրինակ՝ ԱՄՆ դեսպանատունը վիզա է տրամադրել այն անձանց, որոնց փաստաթղթերում ծննդավայրի հետ կապված համապատասխան տվյալներ են նշված եղել։ Մարդիկ մեկնել են, վերադարձել, և դա որևէ խնդիր չի առաջացրել։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է պնդել, որ նման նշումը հակասում է միջազգային չափորոշիչներին։

Ավելին, եթե միջազգային կառույցների կամ այլ պետությունների համար այդպիսի տվյալները խնդիր չեն, ապա ինչո՞ւ պետք է դրանք խնդիր լինեն Հայաստանի Հանրապետությունում։

Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք այս հարցը փաստերով ներկայացնել և անհրաժեշտության դեպքում իրավական ճանապարհով վիճարկել։ Եթե Հայաստանում հնարավոր չլինի հասնել պատշաճ լուծման, ապա պետք է դիմել նաև միջազգային ատյաններ։

Կարևոր է, որ արձանագրվի՝ Լեռնային Ղարաբաղը եղել է ինքնավար մարզ, իսկ փաստաթղթերում տարբեր ժամանակներում օգտագործվել են նաև «Լեռնային Ղարաբաղ» և «Արցախի Հանրապետություն» ձևակերպումները։ Այս իրողությունները պետք է ներկայացնենք և ապացուցենք փաստաթղթերով։

Պետք է հավաքագրել նման բազմաթիվ օրինակներ և թույլ չտալ, որ մարդկանց ծննդավայրի ու ինքնության հարցը վերածվի քաղաքական կամայականությունների առարկայի։

Անցնենք միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների պաշտպանության պայքարին։ Միջազգային դատարանները տարբեր որոշումներ են կայացնում, սակայն դրանց կատարումը հաճախ խնդրահարույց է լինում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ պայքարի արդյունավետությունը։

Միջազգային դատարաններ դիմելը շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք շարունակել այդ գործընթացը, և որքան շատ գործեր քննվեն ու համապատասխան որոշումներ ընդունվեն, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենանք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու մեր խնդիրների վրա։

Իհարկե, հաճախ հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի դիմել միջազգային դատարաններ, եթե դրանց որոշումները չեն կատարվում։ Բայց պետք է հասկանալ, որ իրավական պայքարը միայն տվյալ պահին կոնկրետ արդյունք ստանալու մասին չէ։ Այն նաև փաստերի արձանագրման, իրավական գնահատականներ ստանալու և միջազգային քաղաքական ու իրավական միջավայրի վրա ազդեցություն ունենալու գործընթաց է։

Ադրբեջանը, չունենալով այն իրավական հիմքերը, որոնց վրա մենք ենք հիմնվում, տարիներ շարունակ կարողացել է միջազգային հարթակներում ձևավորել իր համար շահեկան տեղեկատվական և քաղաքական միջավայր։ Մինչդեռ մենք ունենք փաստեր, ունենք մեր իրավունքները հիմնավորելու հնարավորություններ և պետք է կարողանանք դրանք լիարժեք օգտագործել։

Մենք իրավունքների կրողն ենք, հետևաբար պարտավոր ենք այդ իրավունքների պաշտպանության համար հետևողականորեն պայքարել։ Սա երկարատև գործընթաց է, և պետք չէ ակնկալել, որ բոլոր հարցերը միանգամից կլուծվեն։ Կարևոր է շարունակել աշխատանքը, փաստեր ներկայացնել և հասնել նրան, որ մեր իրավունքների խախտումները ստանան միջազգային իրավական գնահատական։

Կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի նոր Սահմանադրության հրապարակված տեքստին։ Եթե դրանում բացակայում է Հայաստանի և Արցախի վերամիավորման գաղափարը, և փաստացի անտեսվում է շուրջ 30 տարվա պայքարի պատմությունը, ապա ինչպե՞ս կարելի է հետագայում շարունակել պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության համար։ Արդյո՞ք նման մոտեցումը չի սահմանափակում այդ պայքարի հնարավորությունները։

Նախ պետք է արձանագրենք, որ Արցախյան շարժումը սխալ ներկայացնելը և դրա պատմական բովանդակությունը խեղաթյուրելը շատ լուրջ խնդիր է։

Պետք է հիշենք, որ Արցախյան շարժման հիմքում մեր ինքնորոշման իրավունքի իրացումն էր։ Մենք պայքարում էինք այդ իրավունքի համար, որպեսզի կարողանայինք ազատ ապրել մեր հայրենիքում և ինքնուրույն որոշել մեր ապագան։

Միավորման գաղափարը, անշուշտ, եղել է այդ շարժման կարևոր բաղադրիչներից մեկը, սակայն պետք է հասկանալ, որ պայքարը չի սահմանափակվել միայն դրանով։ Միջազգային իրավական գործընթացներում ևս տարբեր հարցեր են բարձրացվել, և մենք կարողացել ենք արձանագրել որոշակի իրավական հիմքեր ու ձեռքբերումներ։

Ինչո՞ւ եմ սա կարևորում։ Որովհետև մեր պայքարի համար, իհարկե, շատ լավ կլիներ ունենալ նաև հստակ արձանագրված դրույթներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ։ Բայց ես խնդրին նայում եմ ավելի լայն տեսանկյունից։ Այն հանգամանքը, որ այս կամ այն ձևակերպումը բացակայում է Սահմանադրության տեքստից, ինքնին չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավունքներից կամ դադարեցնենք պայքարը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ որևէ ձևակերպման բացակայությունը չի կարող վերացնել պատմական իրողությունները, մարդկանց իրավունքները և այն փաստը, որ արցախցիները զրկվել են իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից։

Միաժամանակ կարծում եմ, որ այս գործընթացի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինենք։ Հրապարակված նախագծի վերաբերյալ հասարակական և քաղաքական քննարկումները պետք է շարունակվեն։ Ես հույս ունեմ, որ այս փուլում այդ Սահմանադրությունը չի ընդունվի, և դրա շուրջ առկա մտահոգությունները պատշաճ ուշադրության կարժանանան։

Սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք չլռենք և թույլ չտանք, որ Արցախյան շարժման պատմությունը ներկայացվի խեղաթյուրված ձևով։

Այսօր իշխանությունների կողմից տարածվող որոշ ձևակերպումներ փորձում են Արցախյան շարժումը ներկայացնել որպես սխալ կամ անհիմն գործընթաց։ Մենք պետք է հստակ հայտարարենք և փաստերով ապացուցենք, թե ինչպես է սկսվել Արցախյան շարժումը և ինչ նպատակներ է այն ունեցել։

Արցախյան շարժումը սկսվել է ոչ թե որևէ մեկի դեմ պայքարելու, այլ սեփական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից։

Խորհրդային Ադրբեջանը տարիներ շարունակ խտրական քաղաքականություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Պետք է հիշել, թե ինչպես էին փոխվում ժողովրդագրական հարաբերակցությունները, ինչպես էին սահմանափակվում հայ բնակչության իրավունքները, ինչպիսի վերաբերմունք կար հայերի նկատմամբ։

Հայերը ցանկանում էին պահպանել իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը, քրիստոնեական ժառանգությունը և իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը։ Շարժման հիմքում հենց այդ իրավունքների պաշտպանությունն էր։

Այդ պատճառով այսօր շատ կարևոր է թույլ չտալ պատմության խեղաթյուրումը։ Մենք պետք է կարողանանք ներկայացնել համապատասխան փաստերը, իրավական հիմնավորումները և պատմական իրողությունները։ Պետք է նաև պահանջենք, որ այս հարցերին տրվեն պատշաճ քաղաքական և իրավական գնահատականներ։

Մեր պատմության ճիշտ ներկայացումն անմիջականորեն կապված է նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և վերադարձի իրավունքի հետ։

Մենք պետք է հետևողական լինենք, որովհետև լռությունը կարող է նպաստել այնպիսի պատկերացումների տարածմանը, որոնք հետագայում կօգտագործվեն հենց մեր իրավունքների դեմ։

Արսեն Աղաջանյան