Տեղահանությունից հետո․ ի՞նչ հնարավորություններ են ստացել արցախցի կանայք՝ նոր կյանք կառուցելու համար

2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Հայաստանում հայտնված ավելի քան 100 հազար մարդկանց շարքում կանայք ու աղջիկները կազմում էին բնակչության շուրջ 52 տոկոսը։ Նրանցից շատերը ոչ միայն կորցրին տունն ու աշխատանքը, այլև ստիպված եղան նոր միջավայրում ստանձնել ընտանիքի հոգսերի, երեխաների խնամքի և կենսապահովման պատասխանատվությունը։

Տեղահանությունից հետո արցախցի կանանց աջակցությանն ուղղված մի շարք նախաձեռնություններ իրականացվեցին ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից։ Դրանք ներառում էին հոգեբանական աջակցություն, մասնագիտական վերապատրաստում, աշխատանքի տեղավորում, ձեռներեցության խթանում և կանանց ինքնակազմակերպմանն ուղղված ծրագրեր։

Սակայն ծրագրերի առկայությունն ինքնին դեռ չի նշանակում, որ դրանց շահառուներին հաջողվել է հասնել երկարաժամկետ տնտեսական անկախության։ Որքանո՞վ են այդ նախաձեռնությունները փոխել կանանց կյանքը, և ի՞նչ խնդիրներ են շարունակում մնալ չլուծված։

Աջակցությունից մինչև տնտեսական ինքնուրույնություն

Տեղահանված կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններից մեկը «Հաբ Արցախ» հասարակական կազմակերպության իրականացրած «Սլացք» ծրագիրն է։ Այն մեկնարկել է 2024 թվականի հունվարին և նպատակ ունի վերապատրաստել արցախցի կանանց տեքստիլի, գեղեցկության և սննդի ոլորտներում՝ միաժամանակ տրամադրելով ձեռնարկատիրական ու հաղորդակցման հմտությունների ուսուցում, հոգեբանական աջակցություն և զբաղվածության հնարավորություններ։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված էր 50 կնոջ վերապատրաստում։

Հետագա փուլերում նախաձեռնությունն ընդլայնվել է։ 2025 թվականի աշնանը «Սլացք»-ի չորրորդ փուլը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի հետ համագործակցությամբ, իրականացրել է «Վիրտուալ օգնական» մասնագիտության ուսուցում։ Ծրագրի 21 մասնակիցները սովորել են թվային գրագիտություն, ֆայլերի կառավարում, էլեկտրոնային նամակագրություն, աշխատանքային ժամանակի կազմակերպում և արհեստական բանականության գործիքների կիրառում։ Ուսուցման հետ մեկտեղ նրանց տրամադրվել է աջակցություն ինքնակենսագրականներ (CV) կազմելու, աշխատանքի դիմելու և հարցազրույցների պատրաստվելու հարցերում։

Այսպիսի ծրագրերը կարևոր են հատկապես այն կանանց համար, որոնք տեղահանությունից հետո կորցրել են նախկին աշխատանքը կամ մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունը։ Միաժամանակ, դրանց արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել՝ վերապատրաստումից հետո քանի՞ կին է իրականում աշխատանք գտել, ինչպիսի՞ եկամուտ է ստանում և արդյո՞ք կարողացել է պահպանել այդ աշխատանքը։

Տնտեսական ինքնուրույնությանն ուղղված մեկ այլ նախաձեռնություն իրականացրել է Փախստականների Էստոնական խորհուրդը։ Կազմակերպությունը Հայաստանի տարբեր մարզերում տեղահանված արցախցիներին, հոգեբանական աջակցությունից զատ, ֆինանսապես աջակցել է բիզնես ծրագրերի իրականացման հարցում։ Մասնակիցները նախ անցնում էին բիզնեսի հիմունքների ուսուցում, մշակում եկամտաբեր գաղափարներ, իսկ առավել կենսունակ նախաձեռնությունները ստանում էին դրամաշնորհ՝ սեփական փոքր բիզնեսը սկսելու համար։ Ծրագրի նպատակն էր ոչ միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը, այլև տեղահանվածներին կայուն եկամտի աղբյուր ստեղծելու և նոր համայնքների տնտեսական կյանքում ներգրավվելու հնարավորություն ընձեռելը։

Արմիդա Դադայանն այն մասնակիցներից է, ով ընդգրկվել է Էստոնական խորհրդի կողմից աջակցվող ծրագրերից մեկում։

«Շատ արդյունավետ էր։ Ամենաազդեցիկն այն էր, որ 15 տեղահանված կանանցով կիսվում էինք մեր վախերով, հույզերով, ապրումակցում իրար և հավատում մեր ուժերին»,- պատմում է Արմիդան, ով ծրագրի շնորհիվ կարողացել է շարունակել ընտանեկան բիզնես դարձած մեղվաբուծությունը։

Արմիդան, այնուամենայնիվ, նշում է, որ տեղահանությունից անմիջապես հետո նման ծրագրեր գտնելը դժվար էր, և ինքն ու իր շրջապատի կանայք միշտ չէ, որ հնարավորություն են ունենում լիարժեք քաջատեղյակ լինելու առկա հնարավորություններին։

Կանանց ինքնակազմակերպումն ու փոխօգնությունը

Տեղահանությունից հետո կանանց աջակցությունը միայն միջազգային կազմակերպությունների ծրագրերով չի սահմանափակվել։ Գործունեությունը Հայաստանում շարունակել են նաև Արցախում ձևավորված կանանց նախաձեռնություններն ու հասարակական կազմակերպությունները։

Դրանցից է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ն, որը, տեղահանությունից հետո վերագրանցվելով Հայաստանում, շարունակել է իր աշխատանքը՝ փորձելով պահպանել արցախցի կանանց միջև ձևավորված կապերն ու ստեղծել նոր հնարավորություններ։ Կազմակերպության գործունեության կարևոր ուղղություններից է արցախցի ստեղծարար և արտադրող կանանց համախմբումն ու նրանց արտադրանքը հայաստանյան շուկայում ներկայացնելը։ Այդ նպատակով Երևանում կազմակերպվել է «Վըսկէ ծերքեր» փառատոնը, որը հնարավորություն է տվել արցախցի կին արտադրողներին ներկայացնել իրենց աշխատանքները, ձեռք բերել նոր կապեր և դառնալ ավելի ճանաչելի։ Այս նախաձեռնության նշանակությունը միայն վաճառքի հնարավորությամբ չի սահմանափակվում. այն կանանց հնարավորություն է տալիս պահպանել մասնագիտական զբաղվածությունը, շարունակել սեփական գործը և նոր միջավայրում գտնել իրենց տեղը։

Կանանց ինքնակազմակերպման ու տնտեսական հզորացման ուղղությամբ ծրագրեր են իրականացրել նաև այլ կառույցներ։

2024 թվականի փետրվարին Կանանց ռեսուրսային կենտրոնը՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ, 14 տեղական ՀԿ-ների տրամադրել է ենթադրամաշնորհներ՝ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների սոցիալ-հոգեբանական աջակցության ու տնտեսական հզորացման ծրագրեր իրականացնելու համար։ Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների թվում էին «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոնը, Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը, «Արփի» ՀԿ-ն, FemForward-ը և այլ կառույցներ։ Նրանց նախաձեռնությունները տարբեր համայնքներում ներառել են հոգեբանական աջակցություն, մասնագիտական հմտությունների զարգացում, կանանց համախմբում և տնտեսական հնարավորությունների ընդլայնում։

2024 թվականի հունիսին «Կանանց հիմնադրամ Հայաստան»-ը հայտնել էր, որ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի մայիսը տարբեր գործընկերների միջոցով աջակցություն է տրամադրվել շուրջ 2500 տեղահանված կնոջ։ Աջակցության շրջանակում ապահովվել է առաջնային կարիքների բավարարում, տրամադրվել են սոցիալական և հոգեբանական ծառայություններ։ Հիմնադրամը ֆինանսավորել էր ևս ինը ծրագիր՝ ուղղված կանանց ինտեգրմանը, շահերի պաշտպանությանը, արվեստին և հետազոտություններին։

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը նշում է.

«Տեղահանությունից հետո կանանց կյանքը մի քանի անգամ բարդացավ՝ տան հարց, երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու խնդիր, սեփական ինքնազբաղվածությունն ապահովելու հարցեր, կենցաղ, փոքր տարածքներում մեծ ընտանիքների բնակեցում։ Կանայք շատ ավելի հեշտ են ադապտացվում նոր իրականությանը, քան տղամարդիկ. կանայք ավելի մոբիլիզացված են։ Կանայք, իհարկե, նախաձեռնող են. նրանք, ովքեր կարող էին ադապտանալ նոր իրականությանը, դա արեցին բիզնեսի միջոցով։ Այլ հարց է, թե որքանով են կարողացել իրացնել։ Կան բիզնեսներ, որոնք կարողացել են հաջողել․ արծաթագործությամբ, կար ու ձևով զբաղվողների վառ օրինակներ կան, ինչպես նաև տարբեր նախաձեռնությունների մասնակցած և այդ կրթության միջոցով զբաղվածության հարցը լուծած կանայք։

«Մայրիկների աջակցման կենտրոնի» կողմից մինչ օրս տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, որոնք որոշակի արդյունքներ տվել են։ Այն ուժն ու թափը, որ կարողացել ենք ներդնել աշխատաշուկայում կանանց իրենց տեղը գտնելու, տեղացիներին բիզնեսներին ծանոթացնելու գործում, հիմա ինքներս ենք զարմանում, թե ինչպես ենք կարողացել։ Իհարկե, ոչ բոլորն են հաջողել, բայց հաջողությունները ինչ-որ չափով կարող ենք համարել նաև մեր հաղթանակը։

Կանանց՝ միմյանց աջակցելու կարողությունը չի նայում ոչ կազմակերպության, ոչ ֆինանսների։ Մենք դրանում համոզվեցինք հատկապես շրջափակման (բլոկադայի) ժամանակ՝ ով ինչով և ում կարող էր։ Շրջափակումը ցույց տվեց, որ կանայք շատ են իրար աջակցում։ Ծրագրերը, որ անում ենք, դոնորների միջոցով ենք իրականացնում, և կանայք սովորում են, բայց երբ ծրագրեր ենք գրում, կենտրոնանում ենք համայնքապահպանության վրա։

Վերջին դասընթացի ժամանակ, որպես մասնագետ, հրավիրել էինք Սուսաննա Հարությունյանին, ով մանկաբույժ է Հայաստանից․ երբ տեսան, որ իրենց սիրելի մանկաբույժն է դասընթացն իրականացնում, շատերը եկել էին հենց իրենց սիրելի մասնագետին տեսնելու։ Շատ հաճելի են լինում այդպիսի հանդիպումները, այնքան, որ կարող են լացել իրար տեսնելով։

Երբեմն լինում է, որ կանանց միջև եղած կապերը վերածվում են մեծ համագործակցությունների։ Սա մեր ՀԿ-ի հաջողությունն է, որ իրար ձեռք բռնած փորձում են հաղթահարել իրենց առջև ծառացած մարտահրավերները, և շատերը, կատարելով շատ դաժան, ծանր աշխատանք, չեն կոտրվում»։

Հոգեբանական աջակցություն և նոր համայնքներին ինտեգրում

Տեղահանության հետևանքները չեն սահմանափակվում միայն նյութական կորուստներով։ Կանանց մի մասը ստիպված է եղել հաղթահարել հարազատ միջավայրից, սոցիալական կապերից և մասնագիտական ինքնությունից զրկվելու հետևանքները՝ միաժամանակ հոգալով ընտանիքի անդամների կարիքները։

2024 թվականին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված նախաձեռնություններից մեկը ներառել է տեղահանված և ընդունող համայնքների կանանց ու աղջիկների սոցիալական և տնտեսական ներառման ծրագրեր։ Չորս հասարակական կազմակերպություն Հայաստանի տարբեր մարզերում իրականացրել է մասնագիտական ուսուցման, հոգեբանական աջակցության, արտթերապիայի և կանանց ձեռներեցությանն ուղղված միջոցառումներ։ Մասնավորապես, «Դիզակ Արտ»-ը 265 կնոջ համար կազմակերպել է վարպետության դասեր՝ նրանց կապելով տեղական բիզնեսների և ձեռնարկատերերի հետ։ «Ընտանիքն առանց բռնության» կազմակերպությունը Լոռու մարզում 115 կնոջ և աղջկա տրամադրել է հոգեբանական աջակցություն, իսկ Մարտունու կանանց համայնքային խորհուրդը Գեղարքունիքում 141 կնոջ ներգրավել է մասնագիտական ուսուցման և արտթերապիայի ծրագրերում։

Եվրոպայի խորհրդի՝ 2025 թվականի մարտից սեպտեմբեր իրականացված հաջորդ նախաձեռնության շրջանակում երեք հասարակական կազմակերպություն աշխատել է կանանց տնտեսական անկախության, մասնագիտական հմտությունների զարգացման և սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ։ Կազմակերպության հրապարակած տվյալներով՝ ծրագրերից օգտվել է 158 խոցելի իրավիճակում գտնվող կին և աղջիկ, որոնցից 66-ը տեղահանված էին Արցախից։ Հրապարակման համաձայն՝ մասնակիցների մոտ մեկ քառորդը աշխատանք է գտել, իսկ մոտ կեսը սկսել է ինքնազբաղվածություն կամ տնային աշխատանք։

Ի՞նչ են ասում հենց կանայք

Այս թվերը ցույց են տալիս, որ նման ծրագրերը կարող են որոշակի գործնական արդյունք տալ։ Սակայն դեռ բաց է մնում դրանց երկարաժամկետ ազդեցության հարցը՝ արդյո՞ք կանայք կարողացել են պահպանել զբաղվածությունը, և արդյո՞ք իրենց աշխատանքը բավարար եկամուտ է ապահովում ընտանիքի կարիքները հոգալու համար։

2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Հայաստանում իրականացրել է ֆոկուս-խմբային քննարկումներ՝ Արցախից տեղահանված 149 կնոջ մասնակցությամբ։ Հետազոտությանը մասնակցել են 25-75 տարեկան կանայք՝ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Ուսումնասիրությունն անդրադարձել է զբաղվածության, սոցիալական ներառման, հոգեկան առողջության, պաշտպանության, տեղեկատվության հասանելիության, ընտանիքում դերերի փոփոխության և ինտեգրման խնդիրներին։

Հետազոտության կարևորությունն այն է, որ այն ներկայացնում է ոչ միայն աջակցություն տրամադրող կազմակերպությունների դիտարկումները, այլև հենց կանանց փորձառությունն ու գնահատականները։ Քննարկումներում բարձրացված հարցերը ցույց են տալիս, որ տեղահանված կանանց կարիքները բազմաշերտ են․ աշխատանք գտնելը, նոր համայնքում սոցիալական կապեր ստեղծելը, հոգեբանական վերականգնումն ու ընտանիքի հոգսերը հաճախ փոխկապակցված խնդիրներ են։

Կանանց տնտեսական հզորացման ծրագրերը կարող են կարևոր քայլ լինել, սակայն դրանց արդյունավետությունը հնարավոր չէ չափել միայն վերապատրաստվածների կամ դրամաշնորհ ստացածների թվով։ Անհրաժեշտ է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում ծրագրերի ավարտից հետո, արդյո՞ք կանայք շարունակում են իրենց գործունեությունը, ի՞նչ եկամուտ են ստանում և որքանո՞վ են կարողանում ինքնուրույն հոգալ իրենց ու ընտանիքների կարիքները։

Տեղահանությունից երեք տարի անց արցախցի կանանց համար նոր կյանք կառուցելու գործընթացը շարունակվում է։ Իրական աջակցության չափանիշը ոչ միայն տրամադրված օգնությունն է, այլև այն հնարավորությունը, որ կինը կարողանա վերականգնել իր մասնագիտական կյանքը, ունենալ սեփական եկամուտ, պահպանել ինքնուրույնությունը և նոր միջավայրում չկորցնել իր ձայնն ու դերը։

Մարիամ Սարգսյան