
Արցախից բռնի տեղահանված անձինք նոյեմբերի 26-ին բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի իրենց տրվող անձնագրերում «ծննդավայր» դաշտում չնշվի «Ադրբեջան»։
Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարդիկ զոհվել են Արցախում, զոհվել են հայ լինելու համար, հանուն Հայաստանի անկախության։
«Տարբերակներ կան, որ բացի «Ադրբեջան» բառից գրվի մարդու ծննդավայրի անունը։ Այս աղետը, որ մեր գլխին բերել են, այս ղեկավարների որոշման հետևանքով է եղել։ Հիմա մի հատ իրավունք է մեզ մնացել, այդ իրավունքն էլ են ուզում մեզանից խլել։ Իմ հողն ու ծննդավայրն ինձանից խլել են, այսօր ի՞նչ իրավունքով են ուզում իմ իրավունքը խլել։ Ես այդ հողի ու ծննդավայրի տերն եմ, այդ իրավունքը կրողն եմ, այդ իրավունքի համար պայքարելու ենք։ Սա ազգային պայքար է, Արցախի հարցը միայն Արցախի ժողովրդի հարցը չէ, Արցախի հայկական լինելը միայն իմ հարցը չէ։ Այս հարցը մշտապես պետք է լինի օրակարգում»։
Ըստ Իսրայելյանի՝ ով ուզում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, թող գնա Ադրբեջան, բայց Արցախում ապրած ու հայկական անձնագիր ունեցող մարդու անձնագրում «Ադրբեջան» բառ չպետք է գրվի։
«Մենք Ադրբեջանի հողում չենք ապրել ոչ մի ժամանակ, մենք Ադրբեջանի հետ կապ չենք ունեցել։ Մենք մի պետության մասին ենք խոսում, որը 100 տարվա պատմություն էլ չունի։ Եթե նախկինում Ադրբեջան գրված չի եղել իմ անձնագրում, այսօր ինչո՞ւ պետք է գրվի։ Եթե հազարամյակներով Արցախում ադրբեջանցի չի եղել, ինչո՞ւ պետք է իմ ծննդավայրն անվանեն ադրբեջանական։ Այսօր Արցախը ժամանակավոր օկուպացված է, երկրագնդի տարբեր հատվածներում կան այսպիսի իրավիճակներ։ Ի՞նչն է ստիպում, որ նման քայլի գնան, ասեմ, թե ինչն է ստիպում՝ այն մարդիկ, ովքեր համագործակցել են Արցախի հանձնման համար, ովքեր մասնակից են եղել դրան, նրանք ուզում են իրենց դավաճանության ու հանցագործության հետքերը փակել։ Եթե իրենց մոտ դա հաջողվի, մենք ազգովի դառնում ենք հանձնման պրոցեսում իրենց հետ համագործակցած, մեզ դարձնում ենք այդ հանցագործության մի մասը։ Մեզ գցում են այդ թակարդի մեջ, որ վաղը մեզ ասեն՝ եթե համաձայն չես եղել, ինչո՞ւ ես հարմարվել, բա որ համաձայն չես եղել, ինչո՞ւ ես այդ անձնագիրը վերցրել»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Նա նշեց, որ թշնամու բերանը փակելու միակ միջոցը Արցախի հիմնախնդիրն է․ «Սրանք սարսափում են Արցախից, որովհետև թշնամու հանցագործությունները Արցախում են, մեր ներքին թշնամու հանցագործության հետքերն էլ են այնտեղ։ Դրա համար բոլորը շահագրգռված են, որ Արցախի հարցը փակվի։ Այնինչ, Ադրբեջանի հետ ամեն քննարկման ժամանակ պետք է դրվի արցախցիների վերադարձի, արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցրերը»։
Նա հավելեց, որ պայքարի ճանապարհը մեկն է՝ ազգային համախմբվածություն․ «Մենք ազգային գաղափարախոսություն ունենք, արժեքներ ունենք, պիտի համախմբվենք այդ արժեքների շուրջը այսպիսի ծանր իրավիճակում»։
«Անկախության հռչակագիրը բոլորիս վկայականն է, դա ծնվել է Արցախի ազատագրումից հետո, այս երկրում ով մարդ է դարձել, Ացրախի ազատագրումից հետո է դարձել, Արցախի անունով են բոլորը եկել ղեկավարներ դարձել, Արցախի անունով են բոլորը հարստություն ձեռք բերել։ Հիմա եկել է ժամանակն այդ Արցախի համար պայքարելու, եթե դու Արցախի համար չես ուզում պայքարել, ուրեմն դու իրավունք չունես ոչ երկրի ղեկավար լինելու, ոչ հայ լինելու, ոչ էլ ազգի անունից խոսելու։ Սա թուրքի ծրագիր է, մեր հերոսները կյանք են զոհաբերել, որ այսօրվան չհասնենք»,- հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։
Տեսնելով Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ արցախցիները բղավեցին. «Պարոն Սիմոնյան, Արցախը Հայաստան է, և վերջ»։
Սիմոնյանն ի պատասխան ասաց. «Բա դուք ստեղ ի՞նչ եք անում»։
Արցախցիներից մեկն ասաց․ «Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք մենք այստեղ»։
Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, որ արցախցիներն Արցախում են ծնվել, ոչ թե Ադրբեջանում, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Բա որտե՞ղ են իրենք ծնվել։ Այդ ժամանակ, երբ որ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ»։
Դիտարկմանը, որ նրանք Արցախում են ապրել, նա պատասխանեց․ «Հա, ի՞նչ անենք։ Ես էլ Ռուսաստանում եմ ապրել և Ֆրանսիայում եմ ապրել։ Բա եթե այդ մարդիկ այնտեղ են ծնվել, ի՞նչ պիտի գրվեր։ Էդ ո՞ր մի երկրի անձնագրում այդպես չի գրվում, ի՞նչ պիտի գրվի, եթե այնտեղ են ծնվել։ Արցախի Հանրապետությունն իրենք լուծարել են, հետո Արցախի Հանրապետությունը, երբ եղել է, իրենք չեն ծնվել այնտեղ։ Ասենք այդ ի՞նչ էմոցիաներ են, թող գրվի նաև՝ քրիստոնյա է և շատ լավ մարդ է։ Այդ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև է, իսկ ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ։ Իսկ որ Ամերիկա են գնում կամ Եվրոպա են գնում, այնտեղ որ անձնագիր են ստանում, ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ»։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արցախցիների բողոքին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշիյանը և ասաց, որ Եռաբլուրի համար իր խիղճը տանջում է։
«Անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի։ Երկուսն իրար հետ անհամատեղելի են՝ կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնգրի սկզբունքների շրջանակում մնանք։ Եթե խոսք է գնում Եռաբլուրի ընդլայնման մասին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում կա 2 տարի 8 ամիս, որտեղ Եռաբլուրի ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։ Սա բացառիկ ու աննախադեպ բան է»
Արցախցի մի կին լրագրողների հետ զրույցում, արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը, ասաց․ «Սուտ է ասում, չհավատաք։ Ինչքան ինքն այս քայլերն անի, այնքան Եռաբլուրը եռապատկվելու է»։
«Ես ու իմ ընտաինքը կմնանք առանց անձնագիր, բայց երբեք թույլ չենք տա, որ «Ադրբեջան» բառը գրվի մեր անձնագրում»,- հայտարարեց արցախցի կինը։