
Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը խոստացել է սովորել ռուսերեն և իր ռուս գործընկեր Սերգեյ Կոպիրկինին անվանել է իր եղբայր, հաղորդում է «Սպուտնիկ»-ը։
«Ես ներողություն եմ խնդրում, որ չկարողացա ելույթս ռուսերենով արտասանել։ Եվ մեր երկրների, Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար խոստանում եմ սկսել սովորել ռուսերեն», – ասել է դեսպանը Երևանում «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում. միասին՝ խաղաղության և կայունության համար» խորագրով կլոր սեղանի ժամանակ։
Չինացի դիվանագետը նշել է, որ պարբերաբար շփվում է Հայաստանում աշխատող տարբեր երկրների գործընկերների հետ, բայց Ռուսաստանի դեսպանին համարում է իր ամենամտերիմ և ամենավստահելի ընկերը։
Շատ բան է դեռ պարզվելու Չինաստանի դերի մասին 2020-2023 թվականներին Հայաստանի հետ կապված իրադարձություններում և Զանգեզուրի միջանցքի առաջխաղացման գործում։ Չինաստանը աշխարհում ավանդական աշխարհառազմավարական քաղաքականություն չի վարում, այլ օգտագործում է տարբեր մակարդակներում կապերը՝ համաշխարհային տնտեսական և լոգիստիկ գերակայություն ձեռք բերելու համար։
Ինչպես մի անգամ խոստովանել է Հայաստանի նախկին արտգործնախարարը, հենց Չինաստանն էր, որ վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2020 թվականին Արցախում պատերազմը դադարեցնելու և միջազգային զորքեր տեղակայելու որոշման վրա։ Եւ հենց դրանից հետո հրապարակվեց Պուտինի նոյեմբերի 9-ի «եռակողմ» հայտարարությունը, որը ներառում էր 9-րդ կետը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ինչպես նաև ռուսական զորքերի տեղակայումն Արցախում: Միջանցքի համար ակտիվորեն լոբբինգ են անում Ռուսաստանը և Չինաստանը: Մյուս կողմից, Չինաստանը Հայաստան ուղարկեց օգնության արկղեր՝ ԱՐԱՐԱՏ լեռան պատկերներով։
2025 թվականին TRIPP-ի ստեղծման որոշումը որոշ չափով փոխեց ծրագրերը: Այժմ, երբ խոսվում է TRIPP-ին Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին, Չինաստանը կրկին միացել է Ռուսաստանին՝ ձգտելով դրա միջոցով հասանելիություն ստանալ կարևոր ճանապարհներին և, ԱՄՆ-ի հետ միասին, ամբողջությամբ դուրս մղել ԵՄ-ն տարածաշրջանից: