
Լուսանկարում՝ Լավրովն իրական դաշնակցի՝ թուրք նախարար Ֆիդանի հետ
Իր «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» հոդվածում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գրում է. «Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանք հաստատելու և վստահությունն ամրապնդելու ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»։
Սերգեյ Լավրովը, ինչպես միշտ, անազնիվ է. Եթե Ռուսաստանը իրոք հանդես գար «ՄԱԿ-ի սկզբունքների պահպանման օգտին», ապա Լավրովի «պլանի» մեջ ղարաբաղյան կարգավորման հարցում հղում կլիներ հիմնարար սկզբունքներից մեկին՝ ինքնորոշմանը։ Իսկ Ռուսաստանը, որը 2020 թվականին յուրացրել է «խաղաղապահությունն» ու «միջնորդությունը», ՄԱԿ-ին թույլ կտար մուտք գործել Արցախ ոչ թե նրա բնակչության տեղահանությունից հետո, այլ այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր միջազգային երաշխիքներ։
Այժմ ռուսական քարոզչությունը իրականության սեփական վիրտուալ պատկերն է նկարում, որն այնուհետև կդառնա երկրի վրա իրական քաղաքականության հիմքը: Դատելով ռուսական տեղեկատվական հաղորդագրություններից՝ Արցախում հայեր են ապրում, դրա համար ստեղծված են բոլոր պայմանները, իսկ գնացողները ուղղակի վախեցան ու փախան, և այժմ ռուսական զորքերը փորձում են համոզել նրանց վերադառնալ իրենց «հուսալի պաշտպանության» ներքո։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Ո՞ր Ստեփանակերտը։ Ռուսաստանը Արցախի նախկին ղեկավարներին հանձնեց Բաքվին, թեև կարող էր նրանց ուղորդել Երևան։ Արցախի վերջին ղեկավարությունը հայտնի չէ, թե որտեղ և դեռ որևէ հայտարարություն չի արել, թեև ԼՂՀ-ն ֆորմալ առումով գոյություն ունի մինչև 2024թ. Թե՞ «Ստեփանակերտը», Մոսկվայի ընկալմամբ, պարեկ նշանակված անհայտ ծագման մարդիկ են։
«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից հանձնված զինամթերքով, սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով պահեստների անվտանգությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։ Կներեք, բայց տեղեկություն կա, որ այդ զենքերն արդեն տեղափոխվել են ուկրաինական ճակատ։ Թե չէ ո՞ւմ համար եք պահում այս զենքերը։
«Հյուսիս» (7 կետ) և «Հարավ» (18 կետ) պատասխանատվության գոտիներում ստեղծվել է 25 պահակակետ, որից 14-ը ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Ումի՞ց են պաշտպանվում համատե դիրքերը, եթե ԼՂ բանակը զինաթափվել է, զենքը պահվում է «պահեստներում», իսկ Արցախում հայ չի մնացել։
«Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սա, թերևս, միակ բանն է, որ իրական է. Ռուսաստանի աչալուրջ աչքի տակ Բաքուն փոխում է Արցախի ենթակառուցվածքը, այն առանձնացնում Հայաստանից և կապելով Ադրբեջանի հետ։
Ինչո՞ւ է Մոսկվան պահում իր զորախումբը Արցախում և ձևացնում, թե այնտեղ դեռ «պատանդներ» կան։ Լավրովի տեղակալ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ «հակամարտության իրավիճակի վերջը դեռ սահմանված չէ»։ «Մենք խոսում ենք այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանագծմամբ և խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասել է Գալուզինը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին առաջնորդները ստորագրել են եռակողմ հայտարարություն… կար նաև ջենթլմենական համաձայնություն, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ապագայում»,- ասել է Գալուզինը` նշելով, որ այս համաձայնությունը տապալվել է Փաշինյանի կողմից։ Թեև Պուտինը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին էր ասել, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է»։ Բայց ՌԴ ԱԳՆ-ն ինչպես միշտ ստում է և աչք չի թարթում։
Մոսկվան փորձեց Արցախը որպես պատանդ օգտագործել «միջանցքների ապաշրջափակման» համար, սակայն հայ բնակչության արտագաղթը Ռուսաստանին զրկեց այդ «փաստարկից»։ Այժմ Մոսկվան ձևացնում է, թե զբաղված է «Ղարաբաղի հետագա զարգացմամբ՝ ղարաբաղցի հայերի և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև խնդիրներ լուծելով»։
«Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում եմ, որ ապագայում դա նույնպես անհրաժեշտ կլինի։ Նախ, մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան։ Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը լրացուցիչ հանգստության գործոն կլինի այս մարդկանց համար»,- ասել է Գալուզինը։
Մոսկվան Արցախում փորձարկում է բարդ ցեղասպանական մեթոդներ, որոնք այնուհետև կիրառում է այլ վայրերում՝ Ռուսաստանը 2022-ին Ուկրաինայում կիրառեց 2020 թվականի Արցախ ներխուժման, հողերի օկուպացման և Արցախի «դոնբասացման» սխեման։ 2023 թվականին Արցախի ամբողջական տեղահանումն արդեն իսկ կիրառվում է Գազայում՝ Իսրայելի հետ համատեղ։