
Այս շաբաթ ԱԺ նիստում իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ, որն ավարտվել է “սրիկայաբար” բառով։ Քանի որ հետո սկանդալ առաջացավ, և ամբողջ ուշադրությունը սևեռվեց հենց “սրիկա” բառին, Ղազարյանի խոսքի բովանդակությունը, որը պատգամավորները լուռ լսում էին, ստվերվեց։
Պատգամավորը հնչեցրել է ծանրագույն մեղադրանքներ վերարտադրված իշխանությունների հասցեին․ որ խաթարել են բանակցային միջազգային ձևաչափը, դուրս են եկել բանակցություններից, գաղտնի հաղորդակցություններ էին փոխանակում Ալիևի հետ, ինչը և հանգեցրեց պատերազմի։
Ղազարյանի ելույթը “խախտել է” նաև “իշխանություն-ընդդիմություն” կոնսենսուսը՝ խորհրդարանում չբարձրացնել պատերազմի պատճառների, հատկապես “պայմանավորված պարտության”, Արցախյան հարցի լուծման “օրինականության” հարցերը։ Ահա թե ինչու միանգամից հարց ձագեց, որ Էդգար Ղազարյանը պետք է վայր դնի մանդատը։ Պարզ է, որ “սրիկա” բառի համար չէ, որը խորհրդարանում վաղուց նորմալ պրակտիկա է։
Այս հարցը փակելու համար իշխող կուսակցությունը պետք է “հերքի” Ղազարյանի ասածները։
Ներկայացնում ենք Էդգար Ղազարյանի ելույթի ամբողջ տեքստը
Ազգային ժողովի “Ուժեղ Հայաստան” և “Հայաստան” խմբակցությունների պատգամավորներ, նիստին հետևող հարգելի քաղաքացիներ։
Խորհրդանշանական է, որ Հայաստանի Ազգային ժողովում Թուրքիայում կասկածելի հանգամանքներում և ֆինանսավորմամբ ծրագրի դրամաշնորհի շահառու է ոչ միայն ԱԺ նախագահը, այլև ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Եւ սա միակ բանը չէ, որ կապում է Ռուբեն Ռուբինյանին և Սարգիս Խանդանյանին․ նրանք երկուսն էլ խտրական վերաբերմունք են ցուցաբերել իրենց կողմից քաղաքացիների ընդունելիության ժամանակ, և պարոն Խանդանյանի ենթադրյալ հանցանքի հիմնավոր կասկածի փաստով նույնպես դատարանի որոշմամբ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ, և ես սպասելու են գլխավոր դատախազին նաև այդ միջնորդության համար։
Պատգամավորներից մեկն այս դահլիճում ասաց, արդյո՞ք Ամենայն հայոց Կաթողիկոսը պետք է դատվի, եթե նրա մեքենան անցնի կարմիր լույսի տակով։ Կարմիր լույսի տակով անցնելը դա վարչական իրավախախտում է, և ոչ ոք դրա համար չի դատվում։ Ես չեմ լսել, որ Վեհափառ հայրապետը նման գործով վարչական պատասխանատվության ենթարկվի։ Բայց լսել եմ, որ կարմիր լույսի տակով անցնող վարչապետի ավտոշարասյունը սպանել է հղի կնոջ։
Եւ դրա համար ոչ վարչապետը, ոչ նրա անվտանգության պատասխանատուները, ոչ էլ այդ հրահանգը ստացած ոստիկանության ծառայողը իրենց արարքի համապատասխան պատժի և պատասխանատվության չեն ենթարկել։ Միգուցե եթե վարորդը ոստիկանության մայոր լինելու փոխարեն լիներ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս, անմիջապես կենթարկվեր քրեական պատասխանատվության, որովհետև մեր եպիսկոպոսները առանց որևէ հանցավոր արարքի են ենթարկվում պատասխանատվության։
Իսկ ինչ է ասել այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2013-ի հունիսի 20-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում․ “Այդպիսի մի արտահայտություն կա, որ եթե դու մի մարդ ես սպանում՝ մարդասպան ես, իսկ եթե հազարների ես սպանում, դու դառնում ես ականավոր զորավար”։
Հիմա հասկանանք, թե ինչպես ժամանակին իշխանական գործիչների հետ ստվերային պայմանավորվածություններով հայտնի մի լրագրող դարձավ ականավոր զորավար։
2018 թ․ մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո, երբ մայիսի 9-ին գնաց Ստեփանակերտ, հանդես եկավ մի հայտարարությամբ, որ այլևս ինքը չի բանակցելու Արցախի անունից, ինքը լիազորված է բանակցելու միայն Հայաստանի անունից։ Այդ թեզը նա երբեք չի ասել, երբ եղել է վարչապետի թեկնածու՝ մայիսի 2-ին կամ մայիսի 8-ին։ Այդ թեզը նա ասել է միայն վարչապետ ընտրվելուց հետո։ Եւ դրանից հետո նա այդ թեզը կրկնել է նաև պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ․ “Ուզում եմ ասել հետևյալը․ ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը”։
Ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ միջազգային ընդունված բանակցային ձևաչափից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն էր, հայկական կողմի պաշտոնական բանակցողը պաշտոնապես միակողմանի դուրս է եկել բանակցային գործընթացից։ Առանց այդ մասին խորհրդակցելու բանակցային մյուս հիմնական կողմի՝ Ադրբեջանի նախագահի հետ և, որ ամենակարևորն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարների հետ։
Իսկ ինչ է տեղի ունենում, երբ որ կա կոնֆլիկտ, իսկ բանակցողը դուրս է գալիս բանակցություններից, թողնելով կոնֆլիկտը զարգացման փուլում։ Դա հանգեցնում է պատերազմի։
Իսկ ե՞րբ եղավ պատերազմը, խոսքը 44-օրյաի մասին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 2,5 տարում, այսինքն ժամկետի ուղիղ կեսին։ 2,5 տարի նա հնարավորություն է ունեցել բանակցելու և հայկական կողմի՝ իր համար ընդունելի թեզերը ներկայացնելու՝ եթե կար 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիր, կամ այլ թեզեր։ Բայց նա դա չի իրականացրել։
Ուզում եմ ձեզ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ պաշտոնավարման ողջ շրջանում Նիկոլ Փաշինյանը 2018 թ․-ից մինչև 44-օրյա պատերազմը Իլհամ Ալիևի հետ ունեցել է ընդամենը մեկ պաշտոնական բանակցություն։ Դա տեղի է ունեցել 2019 թ․ մարտի 19-ին Վիեննաում, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, և հանդիպումը կազմակերպվել է նրանց ջանքերով։ Դրանից առաջ և հետո նա բազմաթիվ անգամ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ․ Մոսկվայի ֆուտբոլի առաջնության ժամանակ, Դուշանբեի հայտնի լիֆտի համդիպումը, Մյունհենում անվտանգության համաժողովի ժամանակ, Շվեյցարիայում։ Դրանցից ոչ մեկը չի եղել պաշտոնական բանակցություններ։
Իսկ ի՞նչ է եղել պաշտոնական բանակցությունների փոխարեն։ Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների կասկածելի հանդիպումներ երրորդ երկրներում, այդ թվում Դուբայում։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խոստովանել է, որ ինքն առնվազն ամիսը մեկ անգամ երրորդ երկրներում հանդիպումներ էր ունենում Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հետ։ Բնականաբար նրանք բանակցելու իրավունք չունեին, որովհետև նրանք դիվանագետներ չեն, այդ հանդիպումներին Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկը ներկա չի եղել, և այդ հանդիպումների ժամանակ փոխանակվել են պետությունների ղեկավարների միմյանց հասցեագրված փակ ծրարներ, որոնց բովանդակության մասին մինչ օրս մեզանից ոչ ոք տեղեկություններ չունի։ Եւ ահա այս գաղտնի պայմանավորվածություններով, շրջանցելով այն միջազգային ձևաչափը, որը լուծարվեց 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ի թիվս այլ փաստաթղթերի, այդ թվում “խաղաղություն” կոչված փաստաթղթի նախաստորագրության, շրջանցելով դեռևս այն ժամանակ գոյություն ունեցող ձևաչափը, մեծ զորավարը գնաց պատերազմի։
Գնաց պատերազմի, մեր ժողովրդին պատճառելով անդառնալի մարդկային կորուստներ, հազարավոր երիտասարդների կյանքեր։ Մեր պետությանը և բանակին միայն 44 օրում պատճառելով շուրջ 5 մլրդ․ դոլարի նյութական վնաս։ Արցախի քաղաքացիական օբյեկտներին հասցված ընդհանուր վնասը գնահատվում է շուրջ 100 մլրդ․ դոլար։
Եւ դրա դիմաց ի՞նչ են ստացել այս ամենի հեղինակները։ Պարգևավճարներ։ Պարգևատրել են իրենք իրենց, օրենքով չնախատեսված ֆինանսավորումից դուրս, ձեռք են բերել տներ, առանձնատներ, տնավեր դարձնելով 100 հազարավոր մարդկանց։
Իսկ ի”նչ են արել պատերազմի արդյունքները։ Վերածել կապիտուլյացիայի, կապիտուլյացիան նորից 2021 թ․ պատերազմի, հետո նոր կապիտուլյացիայի, խախտելով բոլոր բանակցային ձևաչափերը, կասկածելի ձևաչափերով տանելով մինչև 2022-ի հոկտեմբերի 6, որին նախորդել էր Ջերմուկի պատերազմը։ Դրանից հետո նորից պատերազմ Արցախում 2023-ի սեպտեմբերին, նորից կապիտոիլյացիա, Տավուշի հանձնում։
Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ։
Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քեռին ո՞նցա, նա ուրախությամբ պատասխանում է, որ փարք Աստծո, լավա քեռին։ Թող լավ լինի։ Բայց իմ քեռին չի կարա լավ լինի։ Որովհետև նրա անվանակից թոռնիկը՝ Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող, զոհվել է այդ պատերազմում։ Իմ քեռին և ես երբեք էլ չենք կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար ռազմական բժիշկ և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել։