Ինձ թվում է, դա ահաբեկչություն էր. Ռոբերտը ապաքինվում է դժոխքից հետո

  • 13:29 13.01.2024

Ռոբերտ Գևորգյանը ծնվել է 1994 թվականին Ստեփանակերտում։ Նա իր ողջ հասուն կյանքն ապրել է հայրենիքում՝ Արցախում։ Աշխատել է որպես առաքիչ։ Ինչպես բոլոր արցախցիները, նա էլ մեծ ծրագրեր էր կազմում՝ երազելով պայծառ ապագայի մասին։

Բայց նրա բոլոր ծրագրերը սկսեցին քանդվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ 44-օրյա պատերազմից հետո նա վերադարձավ հայրենիք և, հաղթահարելով հետպատերազմյան շրջանի բոլոր դժվարությունները, փորձեց ամեն ինչ սկսել նորից՝ հույս ունենալով, որ 2020 թվականի պատերազմը վերջին փորձությունն էր արցախցիների համար։

Սակայն պարզվեց, որ փորձությունների շարանը չի ավարտվել: Առջևում 9 ամիս հյուծող շրջափակում էր։ Նա բոլոր արցախցիների հետ քաջաբար գոյատեւում էր։ Առանց սննդի, լույսի և գազի մատակարարման մնացած մարդիկ չեն վհատվել և շարունակել են գոյատևել՝ սպասելով լուսաբացին։

Բայց լուսաբացի փոխարեն նորից սկսվեց պատերազմը, որը կրկին հարյուրավոր կյանքեր խլեց և ավարտվեց էթնիկ զտումներով։

Երբ մինչև ատամները զինված ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի մերձակայքում էին, արցախցիներին այլ բան չէր մնում, քան կյանքը փրկելու համար լքել հայրենիքը։ Բայց սա էլ հեշտ չէր, քանի որ վառելիք չկար։

Վառելիքի բաժանման մասին լուրը լսելով՝ շատերը շտապեցին չարաբաստիկ պահեստ։ Նրանց թվում էր Ռոբերթը։

«Ես նույնիսկ չհասցրեցի հերթ կանգնել, երբ պայթյուն տեղի ունեցավ։ Այդ պահին տեսողությունս մթնվեց։ Ես արթնացա փոսում: Շուրջբոլորը լցված էր ծխով ու սարսափելի ճչերով։ Ես փորձեցի օգնություն խնդրել, բայց ոչ ոք ինձ չլսեց, և ես ինքս սկսեցի դուրս գալ փոսից։ Մի կերպ սողացի դեպի ճանապարհը և միայն հասցրի զանգահարել ընկերոջս, ինչից հետո կորցրել եմ գիտակցությունս։ Ես ուշքի եկա արդեն հիվանդանոցում։ Ստացել եմ 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ։ 18 օր անցկացրել եմ վերակենդանացման բաժանմունքում։ Մարմնիս վրա բազմաթիվ բաց վերքեր կային, որոնք ինձ անտանելի ցավ էին պատճառում։ Տուժել են մարմնիս գրեթե բոլոր մասերը, հատկապես ձախ կողմը՝ դեմքս, ոտքս, ձեռքս և մատներս այլևս չեն գործում։

Բժիշկների և վերականգնող մասնագետների շնորհիվ վիճակս աստիճանաբար բարելավվում է, և ես իսկապես հուսով եմ, որ շուտով կկարողանամ վերադառնալ լիարժեք կյանքի, թեև ողբերգության որոշակի հետքեր, անկասկած, կմնան իմ ողջ կյանքի ընթացքում։ Ինձ թվում է, որ այս պայթյունը նախապես ծրագրված ահաբեկչություն էր, որի կազմակերպիչները հույս ունեին ոչնչացնել հնարավորինս շատ հայերի»։

Անցնելով դժոխային փորձություններ՝ Ռոբերտը չի կորցնում Արցախ վերադառնալու հույսը։

Արսեն Աղաջանյան

f