Մեժլումյանների ընտանիքի համար շատ ցավոտ է բռնի տեղահանումը․ թշնամուն են թողել Մարտունու հարազատ Մյուրիշենը ու իրենց ամբողջ հարստությունը՝ մեծ տունը, երկու տասնյակից ավելի անասնագլխաքանակով ֆերման։
«Ձմռան համար խոտ էի պահեստավորել, ամեն ցուլիկը 200 կիլոյից ավել միս ուներ, տոննաներով գարի էի պահեստավորել, խոզեր էլ ունեի։ Էդ ամենը որ ծախեի, Երևանում բնակարան կառնեի, հիմա ստեղ չէինք ապրի։ Ախր ամեն ինչ շատ հանկարծակի սկսեց», -ասում է 50-ամյա Անդրանիկ Մեժլումյանը։
200 հազար դրամով վարձակալած երևանյան բնակարանը մեծ չի, վերանորոգված չի՝ «պետական վիճակ», կահավորված չի եղել, դռան ու լուսամուտների արանքից սառնություն է մտնում ներս։ Անդրանիկն ասում է՝ դատարկ բնակարանի համար մի քանի մահճակալ, բազմոց ու գորգ նվիրել են անծանոթ մարդիկ․ «Շատ շնորհակալ ենք, մեծ օգնություն էր»։
Մեժլումյանները Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանվել են բազմանդամ ընտանիքով՝ հարսներով, թոռներով։ 77-ամյա Զաբելա Մեժլումյանը պարբերաբար հոգոց հանելով դողացող ձեռքը ծնկին է հարվածում․ «Ինչեր թողեցինք, բալա, ինչեր թողեցինք, մեր երկիրը թողեցինք»։
Մյուրիշենը Արցախի սահմանային գյուղերից էր և ադրբեջանական հարվածն առաջինն ընդունողներից մեկը։ Բնակչության համար սեպտեմբերի 19-ի հարձակումը անակնկալ է եղել։ «Մեզ համար խաղաղ ապրում էինք․երեխեքս երկուսը պոստերում էին, մենք էլ մյուս տղայիս հետ գնացել էինք անտառ հատապտուղ հավաքելու։ Միաժամանակ բլոկադա էր, ժողովուրդը դաշտերից ձմռան պահուստ էր հայթայթում», -պատմում է 46-ամյա Շողիկ Մեժլումյանը։
Իր կյանքում Շողիկը 4 պատերազմ է տեսել։ Արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, 44-օրյայում՝ հարազատ Վազգենաշենը։ Հիշում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով «թուրքերը եկել, առանց գրավելու տիրացել են գյուղին»․ «Էնքան ցավոտ էր, չեք պատկերացնի, եկան գլխներիս կանգնեցին, չէին թողում, որ մեր տներից մի ապրանք վերցնեինք »
Սեպտեմբերի 19-ին Մյուրիշենի տղամարդ բնակչությունը սկսում է ադրբեջանցիներով շրջափակված գյուղի ինքնապաշտպանությունը։ «Տղես աշխարհազորի մեջ էր, աղջիկս հղի, փոքր թոռնիկս լացում ա ձայներից, մտել ենք մի թաքստոց, լսում ենք դղրդոց։ Զանգում եմ տղաներիս, չեն պատասխանում։ Մի ահավոր վիճակ, չգիտեինք՝ էլ ինչ անել։ Որոշեցինք գնալ գյուղամեջ, խուճապ էր, մարդիկ չգիտեին՝ ինչ անեն, ուր գնան, երեխեքին ուր թաքցնեն էդ կրակոցներից», -արցունքների միջից պատմում է Շողիկը։
Սկսում են ինքնակազմակերպվել․ գյուղամեջում հավաքված բնակչությունը թաքնվում է մի մեծ տան մեջ, տղամարդիկ բաժանվում են խմբերի՝ մի մասը հսկում է, որ կանայք, ծերերն ու երեխաները կարողանան հեռանալ գյուղից, մի խումբն էլ դիմադրում է ադրբեջանական հարձակմանը։ Որոշում են հեռանալ հարևան գյուղեր, քանի որ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհն արդեն գրաված է եղել։
«Գիշերը ժամը չորսն էր, տղամարդիկ որոշեցին գյուղից հանել կանանց, երեխաներին, ծերերին։ Մեր հագին եղած շորերով, լաթիկներով դուրս եկանք էդ տնից։ Մի մասը գնացին հարևան Բերդաշեն գյուղ, մյուս մասը՝ Կաղարծի։ Տղամարդիկ մնացին։ Մինչև վերջին պահը, որ զինադադար եղավ, նրանք՝ մի 25 հոգի, դիմադրել են։ Մարտունու դիրքերը կռվով չեն կարողացել վերցնել, զինադադարն եղավ, էկան լցվեցին։ Երբ շրջափակումը խորացավ, մեր գյուղի տղամարդիկ ստիպված դուրս եկան։ Առանց զոհերի», -վերհիշում է Շողիկը։
Մեժլումյանների ընտանիքը գյուղից տեղահանման ճանապարհին կիսվել է, հղի դստերն ու տատիկին կարողացել են տեղափոխել Ստեփանակերտ, մի մասն էլ մնացել է Բերդաշենում։ Շողիկն ասում է՝ հույս ունեին, որ հարցը կլուծվի, իրենք կմնան իրենց հարազատ վայրերում։ Բայց ամենացավոտն առջևում էր․ «Լուրեր էին տարածում, որ պիտի թողենք Ղարաբաղը, ամենավատն էդ էր։ Ասում էի՝ պատրաստ եմ մնալ ուրիշ գյուղում, մենակ թե մնամ Արցախում։ Բայց էդ էլ չեղավ, մեր վերջին հույսն էլ կտրվեց ու հրամայեցին բոլորիս դուրս գալ գյուղից։ Ժողովուրդը խուճապի մեջ էր, չգիտեր՝ ինչ թողի, ինչ վերցնի։ Ոչ էլ կարողացանք մեր հարազատների գերեզման գնալ, հրաժեշտ տալ։ Միանգամից խուճապի մեջ հայտնվեցին մարդիկ»։
Մարտունուց Ստեփանակերտ ճանապարհն անցել են 12 ժամում՝ վախը սրտներում անցնելով ադրբեջանական անցակետները․ «Տեսնեիք՝ ոնց են ծաղրում, հրճվում, ծիծաղում մեզ վրա։ Էդ ահավոր վիճակով հասել ենք Ստեփանակերտ։ Մարդիկ են եղել, որոնց կանգնեցրել, ստիպել են ասել իրանց ուզած արտահայտությունը։ Ժողովուրդը ստիպված իրանց ուզածներն անում էր, որ կենդանի դուրս գար էդ վիճակից»։
Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից հետո նրանք որոշում են հեռանալ Արցախից։ Դեպի Հայաստան ճանապարհն անցել են 3 օրում։ Գրեթե չորս ամիս է անցել մղձավանջային օրերից, բայց միևնույն է, Մեժլումյանները ուշքի չեն գալիս․ «Դժվար էլ ուշքի գանք, սաղ գիշեր մտովի Արցախում ենք»։
Հասմիկ Համբարձումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: