Ինչ է կատարվում Բերձորի միջանցքում․ փաստաթղթերից անհետացել են “բլոկադա” եւ “կորիդոր” բառերը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ, ասել է Նիկոլ Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը:

«Այսօր կքննարկենք ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք», – նշել է Փաշինյանը։

Վալդիմիր Պուտինը չի պատասխանել հարցմանն, համենայդեպս՝ պաշտոնապես։ Նա չի դատապառտել Բաքվի անցակետի տեղադրումը եւ չի գնահատել ռուս խաղաղապահների պահվածքը։ Թեկուզ 2020 թ․ պատերազմից հետո հստակ հայտնել է իր դիրքորոշումն առ այն, որ “Ղարաբաղը բոլորի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվում”։

Բաքուն փորձում է ձեւացնել, իբր միջանցքը բաց է, ադրբեջանական անցակետում բարեհաճ եւ սիրալի ստոոգում են անձնագրերը, ուղակի ստուգում են։ Իբր մարդիկ ուզում են գնալ, բայց տեղական ազգայնականներն ու անջատողականները թույլ չեն տալիս դա անել։ Ռուս խաղաղապահներն էլ “տակից” համոզում են արցախյան հայերին “ազատ տեղաշարժվել”, ճիշտ է՝ միայն ռուսական ռազմական մեքենաներով, ասում են, որ իրենք կապահովեն անվտանգությունը, որ անձնագրերում ոչ մի նշում չի լինի եւ այլն։ Ինչ-որ մարդկանց հաջողվում է համոզել։ Սակայն արդեն անցակետի մոտ ռուսները հետ են քաշվում, Բաքվի “սահմանապահները” նկարահանում են հայերի “խաղաղ” անցումը եւ աշխարհով մեկ տարածում, ասելով, որ ոչ մի բլոկադա էլ չկա։ Եւ աստիճանաբար եվրոպական փաստաթղթերից անհետանում են “բլոկադա”, “կորիդոր” բառերը, իսկ հայերին մեղադրում են, որ ճանապարհը բաց է, իսկ իրենք չեն ուզում անցնել։

“Բաքուն տապալել է վաշինգտոնյան հանդիպում, որ ժամանակ շահի ու ապացուցի աշխարհին, իբր միջանցքը բաց է, եւ Ադրբերանը Հաագայի դատարանի որոշումը չի խախտում։ Ռուսներին էլ է ձեռնտու թուլացնել մեր դիրքերը արեւմտյան դաշտում եւ գործընթացը սեփական կողմ քաշել։ Դրա համար Մոսկվան ու Բաքուն անում են ինչ ուզում են՝ քանի մարդ թողել, ինչպես նկարահանել․․․ Իսկ Ստեփանակերտը ի վնաս սեփական շահերին հետեւում է ռուս-թուրքական ախպերության հրահանգներին։ Պետք է կանգնեցնել այս գործընթացը”, գրել է արցախյան ընդդիմադիր գործիչ Արթուր Օսիպյանը։

Այս պահին սննդամթերքն ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքները Արցախ են ներմուծվում ռուսական զորքերի միջոցով, իսկ հիվանդ կան ընտանիքի հետ միանալ ցանկացողները՝ Կարմիր խաչի մեքենաներով։ Հայաստանից Արցախ եւ հակառակը ազատ տեղաշարժն արգելված է։ Դա կոչվում է բլոկադա։

“Բերձորի միջանցքը Զանգեզուրի փոխարեն”․ ի սկզբանե առատավոր բանաձեւը չգործեց

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում,  նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները», – այսօր Report.az կայքի հետ զրույցում նշել է Ադրբեջանի փոխվարչապետ, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Բաքուն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային կետեր տեղադրել համապատասխան Բերձորի եւ “Զանգեզուրի” միջանցքների սկզբնամասերում։ Կոպիտ ասած՝ եթե դուք րեք համաձայվում “Զանգեզուրի միջանցքին”, ապա մենք Բերձորի միջանցքում անցակետ կտեղադրենք։ Եւ տեղադրեցին։

Հայաստանը կտրուկ չի առարկել Բաքվի սահմանակետի տեղադրումը Կորնիձորից այն կողմ, քանի որ, ըստ ՀՀ պաշտոնյաների, Ադրբեջանը կպնդեր “Զանգեզուրի միջանցքը”։ Հիմա Բաքուն պնդում է, որ այդ միջանցքը վերահահսկի ռուսական ԱԴԾ-ն։

Բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, և եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր, ավելի վաղ Հանրայինի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մեր տրամադրվածությունն է՝ գտնենք լուծումներ, այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգն ու ունենանք խաղաղության համաձայագիր», – հավելել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ ապաշրջափակման մասով կարևոր բան կա, որը հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար. – «Սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացնելու են միայն հայկական ծառայությունները»։

Շրջափակումն ազդում է ամեն ինչի եւ բոլորի վրա

«Ես չգիտեմ, ինչ անել։ Չեմ կարողանում ինձ ստիպել մի բան ցանել բանջարանոցում, ավելացնել կովերի գլխաքանակը կամ տանը մի բան կառուցել թե վերանորոգել։ Եւ դա շրջափակման հետ է կապված։ Նորություններն եմ լսում եւ ամեն օր հայերիս համար ինչ-որ տհաճ բաներ եմ լսում։ Ամեն օր մտածում ենք, ինչ կլինի մեզ հետ»։

Արցախի Ասկերանի շրջանի բնակիչ Ասյա Պետրոսյանը կիսվել է մեզ հետ իր ամենօրյա մտորումներով։

Թոշակառու կինը պատմել է, որ մինչ Արցախյան շարժումն ապրել է իր ընտանիքի հետ Բաքվում։ Երբ 80-ների վերջում սկսվել են հայերի նկատմամբ ճնշումներն, ամուսինը որոշել է դուրս բերել իրեն 4 անչափահաս երեխաների հետ միասին Ադրբեջանից։ Դեպի Ստեփանակերտ ճանապարհն արդեն փակ էր, եւ ընտանիքը ստիպված էր Վրաստանով հասնել Հայաստան, իսկ այնուհետեւ՝ Ղարաբաղ։ Այստեղ, Ասկերանի շրջանում, նրանց ֆիննական տուն են տրամադրել՝ որպես փախստականների։

«Բաքվից ոչինչ չենք հասցրել հանել՝ պետք էր երեխաներին փրկել, մենք ուղակի հագնվել ենք, վերցրել փաստաթղթերը եւ ճանապարհ ընկել։ Այստեղ մեզ ֆիննական տուն են տրամադրել, եւ ամուսնուս հետ մենք սկսեցինք զրոյից՝ սկսած երեխաների համար հագուստից եւ վերջացրած տնային տնտեսությամբ։ Սակայն սկսվել է պատերազմը, մեր տունը ռումբ է ընկել, մենք փրկվեցինք, քանի որ թաքստոցում էինք։ Բարեկամները մեզ մի հին տուն տրամադրեցին։ Մեր տունը պետությունն այդպես էլ չվերականգնեց, իշխանություններն երկիր էին վերականգնում, ինչպես մեզ ասում էին, ավելի մեծ գործեր կաին։ Տարիներ առաջ մահացավ ամուսինս։ Ավագ երեխաներս առանձնացան, հիմա իմ հետ ապրում է կրտսեր որդիս ընտանիքի հետ, նա զբաղվում է տնտեսությամբ, ես էլ ինչքան կարող եմ՝ օգնում եմ», պատմում է տիկին Պետրոսյանը։

Նա ասում է, որ 2020 թ․ պատերազմից հետո հույս կար, որ խաղաղություն կհաստատվի, քանի որ Ռուսաստանը իրեն հայտարարել է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավորը, սակայն հանգստությունն այդպես էլ չեղավ, եւ հետպատերազմյան շրջանն առավել դժվար էր ինչպես ֆիզիկապես, այնպես էկ հոգեբանորեն։ «Հարեւան գյուղերի եւ տարածքների հանձնումը, մեր գյուղի մոտ ադրբեջանական պոստերի հայտնվելը, աշխատող գյուղացիների վրա կրակելը, հիմա էլ շրջափակում։ Եւ հայտնի չէ, թե որքն դա կշարունակվի։ Մենք չգիտենք, այս պայմաններում ինչպե՞ս ապրել եւ արարել», ասում է տիկին Պետրոսյանը։

Նա ասում է, որ մինչեւ պատերազմը նրանք բավական խոշոր տնտեսություն ունեին՝ մի քանի տասնյակ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանի, մեծ բանջարանոց եւ նռան այգիներ։ Պատերազմի ժամանակ անասունը կորել է, իսկ այգիները վնասվել են ռմբակոծությունից։

Պատերազմից հետո արդեն որդին ստիպված է կրկին ամեն ինչ զրոյից սկսել։ Սակայն շրջափակման մեջ ի՞նչ անես։ Համապատասխան կենդանիներ կարելի է միայն Հայաստանից բերել։ Կերը, սերմերն ու մնացած պարագաններն եւս անհնար է բերել։

Շրջափակումը արցախյան ֆերմերներին զրկել է ոչ միայն անհրաժեշտ ապրանք ներմուծելու, այլեւ տեղական ապրանքը արտահանելու հնարավորությունից։

«Տեսնում եմ, թե ինչպես է որդիս նեղվում, որ շրջափակման պատճառով չի կարողանում ընտանիքը ապահովել։ Իսկ ֆերմերական ընտանիքներ, որոնք շրջափակման պատճառով զրկվել են եկամտի իրենց միակ աղբյուրից, շատ են։ Հատկապես դժվար է բազմազավակ ընտանիքների համար։ Գազի բացակայությունը, էլեկտրամատակարարման խափանումները նոր հոգսեր են առաջացնում։ Բենզին չկա, եւ արդեն չեն կարող վաճառել մեր բանջարանոցի արտադրանքը։ Բլոկադան ամեն ինչի եւ բոլորի վրա է ազդում», ասում է Ասյա Պետրոսյանը։

Բանակցությունների ակտիվացում կոտրեց Բաքուն։ Կկայանա՞ Բրյուսելի հանդիպումը

2023 թ. Փետրվարին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ապրիլի երկրորդ կեսին ԱՄՆ-ն մաքոքային դիվանագիտության շարք սկսեց, եւ 2023 թ. մայիսի սկզբին Վաշինգտոնում մեկնարկեցին հայ-ադրբեջանական քառօրյա բանակցություններն արտաքին գործերի նախարարների միջև, որոնք 4 օր շարունակվեցին: ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է զգալի առաջընթացի մասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններն իրենց հայտարարություններում շատ ավելի զուսպ էին: Պաշտոնապես հաստատվեց այն տեղեկույթը, որ Վաշինգտոնում կողմերը աշխատել են կոնկրետ փաստաթղթի վրա։

2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացան Փաշինյան-Ալիև բանակցությունները: Մայիսի 14-ի հանդիպման արդյունքներով Հայաստանն առաջին անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետր սահմաններով: Դրանից առաջ, 2022 թ. հոկտեմբերին, Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի վարչապետը հաստատեց 2023 թ. մայիսի 17-ին Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որ «Լեռնային Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրի մեջ»:

Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարները մայիսի 19-ին հանդիպեցին Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին կայացավ նաև Փաշինյանի և Ալիևի հերթական հանդիպումն այս անգամ նախագահ Պուտինի մասնակցությամբ: Մոսկվայում քննարկվող հիմնական հարցը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրն էր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխվարչապետների մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որը կայացավ Մոսկվայում 2023 թ. հունիսի 2-ին: Այն ոչ մի շոշափելի արդյունք չտվեց։

Մինչ այդ, 2023 թ. հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական հանրույթի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2023 թ. հուլիսի 21-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, իսկ մինչ այդ, հունիսի 12-ին, Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:

Հունիսի 7-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչները բավական կոշտ պահանջներ են ներկայացրել Ալիեւին՝ կապված Բերձորի միջանցքի բացման եւ այլ հարցերի հետ։ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին իր արձագանքում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն նշել է, որ «որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս  առիթով կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել Արդարադատության Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին ու ոգուն»։

ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը նույնպես հայտարարություն է տարածել եւ կոչ արել Ադրբեջանին մշակել դրական օրակարգ, «որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ «Մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկում և վերանորոգում»:

Ադրբեջանը կտրականապես մերժում է այս պահանջները և Արցախից պահանջում պետական բոլոր ինստիտուտների լուծարում՝ խոստանալով այդ դեպքում դիտարկել Արցախի պետական համակարգում ներգրավված անձանց համաներում հայտարարելու հնարավորությունը: Արդբեջանը առերեւույթ նախապատրաստվում է Արցախում ուժային գործողությունների իրականացմանը՝ դա փաթեթավորելով «հակաահաբեկչական գործողությունների», կամ «ապօրինի զինված խմբավորումների զինաթափման» պիտակներով:

Հունիսի 8-ին Բաքվի խնդրանքով հունիսի 12-ի վաշինգտոնյան հանդիպումը չեղարկվեց։ Հունիսի 9-ին Փաշինյանը կրկին հանդիպեց Պուտինին։ Եւ հասկանալի չէ, կկայանա՞ Բրյուսելի հանդիպումը։

 

Արցախում մեծ կոնսենսուս է ձեւավորվել

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իր կառավարությունը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ԼՂՀ-ում բուռն բողոքի ալիք է բարձրացրել։ Նախագահ Արայիկ Հարությունյանն այն անվանել է «կարմիր գիծ», չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծել է բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը։

Փաշինյանի հայտարարությունից հետո տեղի քաղաքական ուժերի միջև, որոնք որոշ հարցերի շուրջ արմատապես հակադիր տեսակետներ ունեն, կոնսենսուս է ձևավորվել։ Բոլոր խմբակցությունները մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ չեն համաձայնի ինքնորոշմանը հակասող ոևէ լուծման։

«Փաշինյանի հայտարարությանն առաջինը արձագանքեց խորհրդարանը: Մայիսի 22-ի ուշ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում պատգամավորներն ընդունեցին հայտարարություն, որում ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը,  փաստորեն, իր այդ  հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության  Անկախության հռչակագրի  և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես,  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ  «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու»։

Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին տեքստին.

Այնուհետ նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատեց այս դիրքորոշումը.

«Մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու»։

Նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը եւ նրա կողմից կազմակերպված «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը տարածել է հայտարարություն, որում ընդգծվում է «հայության բոլոր մասերը համախմբելու և Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը».

«Արցախում իշխանությունը մեկ վայրկյան անգամ չի կարող իր դիրքերը զիջել: Արտաքին վտանգի դիմաց մենք պետք է բացարձակ միասնական լինենք: Արցախը պատրաստ է 100 տոկոսով պայքարել»:

Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ղեկավարած, այժմ խորհրդարանական երկրորդ ուժ հանդիսացող «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի ձեռքբերումները, որոնք ամրագրվելու են ստորագրվելիք խաղաղության համաձայնագրում, հասել են այն եզրին, որ Արցախն արդեն փրկագին է։ Նիկոլ Փաշինյանը Արցախի ճակատագիրը տնօրինելու լիազորություն չունի»:

«Միասնական հայրենիք» կուսակցությունը տեսնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի իրացման նախադրյալներ, Ղարաբաղի հարցի միջազգայնացում ինքնորոշման իրավունքի միջոցով։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը կարծում է, որ «այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվի, և այս ամենը դատարկ աղմուկ է։ Լեռնային Ղարաբաղը հանձնելն այնքան էլ հեշտ չէ: Շահագրգիռ ուժերի համար այս խնդիրը կարող է ավելի կարևոր լինել, քան հենց Հայաստանի համար, բայց խնդիրը, ոչ թե դրա լուծումը։ Ուրեմն պետք չէ ավելորդ աղմուկ բարձրացնել, թե մեզ հանձնել են, դավաճանել են, և ամեն ինչ վերջացած է։ Ամեն բան նոր է սկսվում, Արցախն իր անունից կխոսի ու ավելի լավ, քան մյուսները»։

Իսկ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ «Արցախի ժողովուրդը վճռական է ապրել ու արարել իր հողի վրա»։

«Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցները պետք է ապահով ապրեն իրենց հողում և օգտվեն իրենց իրավունքներից։ Մենք այս ճանապարհը տեսնում ենք ԲաքուՍտեփանակերտ երկխոսության միջոցով, միջազգային մեխանիզմների շրջանակներում, որտեղ Արցախի ժողովուրդը, ինչպես նշում են ԼՂ խորհրդարանի պատգամավորները, կարող է իրացնել և՛ ինքնորոշումը, և՛ մյուս բոլոր իրավունքները։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր դիվանագիտական ​​խողովակներով կարող է այդ հարցում աջակցել մեր հայրենակիցներին»,- նշել է Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

 

Արցախցի դիմորդները շրջափակման պատճառով մեծ դժվարությունների են բախվում

«Ես Աննա-Մարիյա Աղաբալյանն եմ, ավարտել եմ Ստեփանակերտի թ․ 3 դպրոցը։ Մանկությունից երազում էի դիզայն սովորել, քանի որ դա ինձ շատ է հետաքրքրում։ Որոշել եմ ընդունվել Երեւանի Պետական ճարտարապետական համալսարանը։ Արդեն երկու տարի է պարապում են այդ ուղությամբ։ Սակայն ներկայիս պայմաններում ես չեմ կարող գնալ եւ Երեւանում հանձնել ներբուհական քննությունները՝ գծանկար եւ գծագրություն։

 

Ասել են, որ Արցախում հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ Երեւանի ճարտարապետականի հետ համատեղ, որն եւ կընդունի քննությունը։ Այն կկայանա Ստեփանակերտում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։

– Ասենք՝ ընդունվեցիր, բայց ճանապարհն էլի փակ է։ Ի՞նչ ես անելու։

Առաջնայինը՝ Երեւան գնալն է, բայց եթե չստացվի, կմնամ եւ ուսումս կստանամ Արցախում»։

2022 թ․ դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում արցաախի շրջանավարտներն, որոնք Հայաստանի բուհեր են դիմել, հայտնվել են մեծ խնդիրների առաջ։

Արցախի 50 դիմորդներ չեն հանձնել Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները, որոնք Հայաստանում մեկնարկել են է 2023 հունվարի 15-ից։ 

ՀՀ բուհերի արցախցի դիմորդները ստեղծված իրավիճակից ելնելով՝ ներբուհական քննությունները կհանձնեն Արցախում: Մայիսի 8-ին ավարտվել է բուհերի ընդունելության հայտագրման փուլը:

«Ես Լյուսի Պետրոսյանն եմ, երաժիշտ։ Ցանկանում են ընդունվել Երեւանի տնտեսագիտական համալսարանի կառավարման բաժին՝ հեռակա սովորելու համար։ Նաեւ ուում են ընդունվել Երեւանի Երգի պետական թատրոնը։ Տնտեսագիտականի համար պետք է հանձնեմ մաթեմաթիկայի եւ անգլերեն լեզվի քննություններ։ Իսկ Երգի պետական թտրոնում պատրաստվում եմ «երգ» հանձնել։

Ուզում են Երեւանում սովորել, քանի որ իմ կառերայի համար առաջնային եմ համարում վոկալը։ Ուզում Երեւան գնալ եւ զբաղվել իմ կառերայով, քանի որ Արցախում դա անհնար է։ Միասնական քննությունները ես կհանձնեմ այստեղ հունիսին, բայց «երգ» քննությունը օգոստոսին անպայման պետք է հանձնեմ Երեւանում։ Եթե ճանապարհը չբացվի՝ դա չի տեղավորվում իմ մտքի մեջ, ապա ես իմ կառերան խորտակված կհամարեմ»։

Նման պատմություններն, կապված թե կրթություն, թե բուժում ստանալու հետ, Արցախում բազմաթիվ են։ Վերջին 30 տարվա մեջ 3 պատերազմ տեսաց Արցախի բնակիչներն ուզում են ընդամենը ապրել իրենց հողում, զբաղվել գործարարությամբ, ստեղժագործել, սովորել, երգել։

Դիմորդների համար Հայաստանի հետ համատեղ միջանկյալ միջոց է համաձայնեցվել․ Ստեփանակերտում ստեղծվում է հանձնաժողով, որն էլ կընդունի Երեւանյան բուհերում սովորելու ցանկացողների քննությունները։

«Ես Անի Արամյանն եմ, ավարտել եմ Ստեփանակերտի թ․11 դպրոցը եւ պատրաստվում եմ Երեւանի Ճարտարապետական համալսարանն ընդունվել։ Քննությունները ներբուհական են՝ գծագրություն եւ գծանկար։ Բայց քանի որ մենք չենք կարողանում Երեւան գնալ, քննությունները կանցկացվեն Ստեփանակերտում։ Երրորդ քննությունը՝ կոմպոզիցիան մենք չենք հանձնելու, հանվել է։

Եթե հանկարծ ընդունվեմ ու չկարողանամ գնալ Երեւան, դժվար թե սովորեմ Արցախի համալսարանում։ Թեկուզ այստեղ ուսանողներն ավելի քրտնաջան են աշխատում, եւ լավ դասախոսներ շատ կան։ Եթե այս տարի չստացվի, մի տարի «տարկետում» կվերցնեմ, մի քիչ էլ կպարապեմ, եւ հաջորդ տարի կգնամ Երեւան։

Արցախում, ասում են, հանձնաժողով է ստեղծվել, որը Հայաստանում վերապատրաստում է անցել։ Ես չգիտեմ, ինչ չափանիշներով են գնահատելու մեր քննությունները, եւ թեկուզ Հայաստանից օնլայն-ռեժիմով հետեւեն, դժվար եմ պատկերացնում, ոնց են հետեւելու, ասենք, գծագրության քննությանը։ Եւ չգիտեմ, արդյո՞ք Հայաստանի եւ մեր դիմորդների համար պայմանները նույնը կլինեն»։

Արցախի երիտասարդները իրենց կրթական ապագան կապում են Հայաստանի, հայկականի հետ։

2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում արցախցի դիմորդների համար, ընդհանուր առմամբ, 60 անվճար տեղ է նախատեսվել, 30 տեղ էլ՝ վճարովի։

Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը ասել է, որ սկզբից քննությունները որոշվել էր անցկացնել Գորիս քաղաքում, «բայց բոլորին զգուշացրել էինք, որ կարող է ճանապարհը փակ լինել: Հիմա քննությունները հանձնելու են Արցախում»: «Եթե ՀՀ որևէ բուհ ընդունվեն, կմտածենք, թե երեխաներն ուսումն ինչպե՞ս շարունակեն»,- ասել է Յուրի Քարամյանը:

Ընդհանուր առմամբ 572  շրջանավարտ Արցախում ցանկանում է կրթությունը այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակել։ Արցախից Հայաստանի բուհերի համար 101 հոգի է դիմել, իսկ Հայաստանի բուհերի ոչ նպատակային տեղերի համար հայտագրվել է 97 դիմորդ։ Առավել շատ դիմել են ԵՊԲՀ՝ 46 դիմորդ։

Ամեն նոր հուշարձան նորովի է բացում անցյալը. մի խաչքարի պատմություն

Չնայած Արցախում 44-օրյա պատերազմից հետո պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառը կանգնել է ավելի մեծ խնդիրների առաջ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգության պաշտպանություն, այդուհանդերձ շարունակվում են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման ու պահպանման աշխատանքները։ Հետպատերազմյան շրջանում հայտնաբերվել են 300-ից ավել նոր հուշարձաններ, հիմնականում խաչքարային արվեստի, որոնք հարստացնում են Արցախի այս կամ այն տարածքի պատմությունը, մանավանդ երբ դրանք արձանագիր են։ Ստորև կներկայացնենք այդ խաչքարերից երկուսը, որոնք հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի տարածքում։ Առհասարակ Արցախի խաչքարային պատկերաքանդակներում հաճախ ենք հանդիպում պատերազմի ու ռազմիկի թեմատիկային։ Խաչքարերի ստորին մասում շատ հաճախ մենք տեսնում ենք սպառազինված հեծյալի և նաև հետիոտնի։ Հեծյալը,  ինչու չէ նաև նժույգը պատկերված են հանդիսավոր ձևով։ Շատ հստակ ցուցադրվում է զենքը։ Հեծյալը որպես կանոն մի ձեռքով բռնած է նիզակը, կամ սուրը, մյուսով ձիու սանձը։  Հանդերձանքից կարող ենք առանձնացնել հատկապես գլխարկը, որը երբեմն սուր եռանկյունաձև, կամ ռոմբաձև տեսք է ունենում։  Նման պատկերաքանդակները որոշակի պատկերացում են հաղորդում տվյալ ժամանակաշրջանի ռազմական հանդերձանքի ու զենքի մասին։  Շատ հետաքրքրական է նաև ձիու պատկերումը։

Որպես կանոն պատկերաքանդակները լինում են խաչի ստորին մասում, ասել է թե խոսվում է անդրաշխարհի՝ հանգուցյալի մասին։ Ունենք նաև պատկերաքանդակներ, որտեղ պատկերված են նաև ընտանիքի անդամներ, մայրը, կին, երեխա և այլն։

Որպես օրինակ կներկայացնենք  այս երկու գեղաքանդակ խաչքարերը, որոնք հայտնաբերվել են 2021 թվականին  Հարությունագոմեր  գյուղի <<Միջի խութ>> կոչված անտառապատ լեռնային բարձունքում: Խաչքարերը կերտված են կրաքարից, արտաքուստ ունեն բաց դարչնագույն տեսք: Աչքի են ընկնում մեծ տարածում գտած դրվագազարդումներով՝ խոյաեղջյուր,  բուսական ու երկրաչափական քանդակներով: Սակայն ամենաուշագրավը հուշարձանի ներքնամասն է՝ պատկերաքանդակներով ու արձանագրությամբ: Առաջին նկարի խաչքարի ձախ անկյունում երեք մարդկային պատկերներ են (հավանաբար կնոջ ու երեխաների), իսկ աջ կողմում զինավառ հեծյալ՝ նիզակով ու աջ գոտկատեղից կախված թրով, որը զինվորականին ռազմաճակատ ճանապարհելու տեսարան է հիշեցնում: Իսկ արձանագրությունից հայտնի է դառնում, որ ոմն Դեղ խաչքար է կանգնեցրել իր որդու կամ որդիների հիշատակին 1209 թվականին։ Իսկ  երկրորդ խաչքարի  կենտրոնում մեծադիր գեղազարդ լայնաթև խաչն է՝ ստորին մասում՝ խոյաեղջյուր, եզրամասերում բուսական քանդակներով:

Սակայն խաչքարն առանձնապես աչքի է ընկնում զինավառ նիզակակիր հեծյալի պատկերաքանդակով ու արձանագրությամբ: Իսկ մասամբ եղծված արձանագրությունից կամ դրա բովանդակությունից հայտնի է դառնում, որ Գրիգորը խաչքար է կանգնեցրել եղբոր հիշատակին. <<Թինն ՈԾԷ (1208) ես Գիրգոր Ս հոգու կանգնե(ցի) զխաչս եղբա(ւր) Հարբի որ երկիր(պագանէք…)>>։

Այս նորահայտ խաչքարերը ավելի շատ նոր հարցեր առաջացրին տարածաշրջանի պատմության վերաբերյալ, քան պատասխաններ տվեցին։ Մի բան հստակ է, որ տեղանքը մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի։

 

Մի բարավորի պատմություն

Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը շատ դառը ճակատագիր է ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ այսօր այն դարձել է սահմանամերձ։ Ինչպես Արցախի շատ գյուղեր, Կիչանն էլ շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի։ Դրանցից մեկն էլ գյուղից 3 կմ հյուսիս – արևելք, լեռնալանջին փռված Անապատ կոչվող վանքային համալիրն է, որը կրում է նաև Խոթավանք անվանումը, իսկ բնակիչների մոտ պահպանվել է Անահիտի տոն տարբերակը: Բավականին հետաքրքիր հուշարձանախումբ է, բաղկացած երկու եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միաբանների խցերից և ընդարձակ գերեզմանոցից: Համալիրի ամենահին 1191 թվագրությամբ արձանագրությունը պահպանվել ե մի խաչի վրա, որը իհարկե միակ արձանագրությունը չէ: Վանքի տարբեր շենքերից ընդօրինակվել և հրատարակվել են 10- ից ավելի արձանագրություններ: Սակայն Խոթավանք անվանմանը հանդիպում ենք միայն մեկ տապանագիր-արձանագրության մեջ․ ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՏՐ․ ԳՐԻԳՈՐԻՆ, ՈՐ ԷՐ ՄԻԱԲԱՆ ԽՕԹ/ԱՎԱՆՔԻՆ, ՍԱՅ ՈՐԴԻ ԷՐ ՍԻՄԷՕՆԻՆ։ ՌԲՃ ՄԷԿ ԹՎԻՆ․ (1752):

Նյութն այս ոչ թե հուշարձանի, կամ նրա ճարտարապետական կառուցվածքի մասին է, այլ մի փոքրիկ շատ հուզական պատմություն, որը գալիս է հարստացնելու նաև եկեղեցու պատմությունը։ 2020 թվականի ամռանը ,,Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության հետ կապ է հաստատել Կիչանի բնակիչ Մանվել Միքայելյանը և հայտնել, որ եկեղեցու ,,անձնագիրը,, ինքը արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ավելի կոնկրետ 1989 թվականին թաքցրել է Ղուլյան Բորիսի հետ մեկտեղ։ 1991 թվականի դեկտեմբերին  Բորիսը զոհվել է և դրա տեղը գիտի միայն ինքը, հետևաբար ուզում է այն հանել թաքստոցից, որպեսզի անհետ չկորչի։ Մանվելի հետ այցելեցինք հուշարձանի տարածք և նա թաքստոցից հանեց եկեղեցու ,,անձնագիրը,,՝ բարավորի արձանագիր քարը։ Հարցին, թե ինչու՞ են թաքցրել, Մանվելը պատասխանեց, թե մտածելով, որ թշնամին կարող է վերացնել այդ քարը, որոշեցին թաքցնել։ Իսկ երկար տարիներ դրան չանդրադարձավ, որովհետև տարածքը ականապատ էր։

Թե քարը, թե արձանագրությունը բավական լավ էին պահպանվել, ճիշտ է գիրը կիսատ է, ԹՎ ՌՄԼ (1781) ԱՆԴՐԵԱՍ ՎԱՐԴԱՊԵՏՍ ՈՐ Է Ի ԽՕԹԱՎԱՆՔ, ՈՐԴԻ Տ(է)Ր ՊՈՂՈՍԻՆ և ԲԷԿԶԱԴԻՆ, ՈՐ ԵՂԵԻ ԸՍՊԱՍԱՈՐ և ԾԱՌԱ Ս(ՈԻ)ՐԲ ՈԻԽՏԻՍ, ԵՍ և ԻՄ ԵԽ(ԲԱՅՐ)․․․ բայց բավարար է փաստելու, որ սույն վանական համալիրը իսկապես կոչվում է  Խոթավանք։ Տարօրինակ է, որ 1989 թվականին թաքցված քարը ուսումնասիրողները չէին նկատել։

 Քարը վերադարձվեց եկեղեցուն, բայց դեռ իր տեղում չէ, քանի որ հուշարձանը նախ ենթակա է վերանորոգման և իհարկե տարածքի մանրակրկիտ ուսումնասիրման, չի բացառվում, որ գտնվի նաև արձանագրության շարունակությունը, որը նոր լույս կսփռի պատմության այս էջերին։

Ի դեպ հուշարձանից ներքև, ձորի մեջ Անահիտի անունը կրող աղբյուր կա: Ի՞նչ կապ ունի այս ամենը Անահիտի հետ, ցույց կտան հետազոտությունները։

Ուկրաինական ուժերը գյուղեր են գրավում Դոնեցկի մարզում

“Ազատություն”

Ուկրաինական 68-րդ առանձին բրիգադը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է ուկրաինացի զինվորականների կողմից Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե բնակավայրի գրավումը:

Տեսանյութում ուկրաինացի զինվորականները դրոշ են ամրացնում մի շենքի վրա, որը զգալիորեն վնասվել է գնդակոծությունից: Հաղորդվում է, որ ռուս զինվորականները գերի են ընկել: Այլ մանրամասներ ուկրաինական կողմը չի հրապարակում:

Տեղեկություններ կան նաև նույն ուղղությամբ մեկ այլ՝ Նեսկուչնոյե գյուղի գրավման մասին:

Կիրակի երեկոյան Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հաստատել է տվյալ ուղղությամբ ևս մեկ գյուղի՝ Մակարովկայի գրավման մասին: Սա նշանակում է, որ ըստ ամենայնի՝ ուկրաինական ուժերը գրավել են նաև Ստորոժևոյե գյուղը, որը գտնվում է Մակարովկա և Բլագոդատնոյե գյուղերի միջև:

Ռուսական կողմը դեռևս անցած շաբաթ հայտարարեց, որ ուկրաինացիներն անցել են հակահարձակման, բայց լուրջ հաջողություններ չունեն: Սակայն նույնիսկ ռուսական աղբյուրները հաստատեցին Նեսկուչնոյե և Բլագոդատնոյե գյուղերի գրավման մասին՝ միաժամանակ պնդելով, թե ռուսների պաշտպանությունը ճեղքելու մասին խոսք չկա:

Պաշտոնապես Ուկրաինայի գլխավոր շտաբը հակահարձակման մասին չի հայտարարում, նույնիսկ չի հաստատում, որ այն արդեն սկսվել է:

Նախագահ Զելենսկին շաբաթ օրը Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ բանակցություններից հետո հրաժարվել էր լրագրողներին ներկայացնել ուկրաինական հակահարձակման դետալները, միայն ասել էր, թե որոշակի պաշտպանական և հակահարձակողական գործողություններ են իրականացվում: