Հայերը պետք է հասկանան, որ չի կարելի անցնել Բաքվի անցակետով

  • 19:47 31.07.2023

Կառավարության դիմաց արցախահայերի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանն ասել է, որ «այսօր ոչ թե սովի խնդիրը պետք է դնել, թեեւ դա էլ է շատ կարեւոր, այլ իրավունքների խնդիրը: Հաջորդիվ նույնը լինելու է Հայաստանի հասարակության հանդեպ»,-ասաց նա:

Անդրադառնալով Բերձորի միջանցքում Բաքվի անցակետին, Մարգարիտա Քարամյանն ասաց, որ այն ապօրինի է եւ հայերը պետք է հասկանան, որ չի կարելի այդ անցակետով անցնել ընդհանրապես:

Նրա խոսքով՝ «Մենք անընդհատ ասում ենք, որ, ինչ ճնշում էլ լինի, Հայաստանը չպետք է հրաժարվի արցախահայության  անվտանգության երաշխավորը լինելուց։ Ցավոք, ոչ միայն այդ թեզից հրաժարվեց Հայաստանը, նաեւ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մեր պատգամավորները ԵԽԽՎ-ում ավելի առաջ գնացին, հայտարարեցին, որ նույնիսկ Արցախն են ճանաչում Ադրբեջանի մաս։ Բազմիցս ասել եմ, էլի կասեմ՝ ոչ ոք աշխարհում Հայաստանին չի հարգի ու չի ճանաչի, եթե նա հրաժարվում է իր ազգակիցների մի մասին պաշտպանելուց: Չեմ կարծում, որ Արցախը կկործանվի, որովհետեւ մենք պայքարելու ձևերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է հիմա: Հիմա ՀՀ բնակչությունը շատ լուրջ պետք է մտահոգվի իր ճակատագրով», ասել է Քարամյանը: