Լիաննա Պետրոսյանը իր մաս գործը լավ է անում

  • 13:19 04.04.2026

Լրացավ մեկ տարին, ինչ գործում է իմ կողմից հիմնադրված՝ Արցախցիների աջակցման տեղեկատվական, խորհրդատվական կենտրոնը, գրում է հասարակական գործիչ Lianna Petrosyan-ը։

Այս մեկ տարվա ընթացքում այն դարձել է հարթակ, որտեղ մարդիկ դիմում են ոչ միայն պատասխաններ ստանալու, այլ նաև՝ որպես վստահելի գործընկեր իրենց հարցերի ու խնդիրների ճանապարհին միայնակ չմնալու համար։

Անցնող ժամանակահատվածում Կենտրոնի փոքրաթիվ անձնակազմն աշխատել է գերծանրաբեռնված, ուժերի գերլարմամբ՝ օրական երբեմն սպասարկելով մինչև 700 զանգ. տարեկան ֆիքսված և փաստագրված զանգեր՝ 45864, էլեկտրոնային նամակներ և հաղորդագրություններ՝ 45066, ինչպես նաև՝ հարյուրավոր որոշումների ու օրենքների ուսումնասիրություն և վերլուծություն, նամակ – առաջարկությունների կազմում, մի քանի տասնյակ հանդիպում-քննարկումներ՝ ՀՀ պետական, միջազգային, դիվանագիտական, հասարակական կառույցների ղեկավար կազմի, ներկայացուցիչների հետ, որի ընթացքում բարձրաձայնվել և ներկայացվել են տեղահանված մեր հայրենակիցների հիմնարար հարցերը, խնդիրները և առաջարկները, գրում է Լիաննա Պետրոսյանը։

Ինչպես քանիցս նշել եմ՝ այս շրջափուլում մենք մեր աշխատանքների հիմքում դրել ենք բացառապես հասարակական գործունեություն՝ բացառելով քաղաքականը, քանզի մեր միակ նպատակը եղել է միմիայն մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները մեղմելը և հարցերի մասին բարձրաձայնելը, որի արդյունքում էլ մեր խոսքն առնվազն դարձավ լսելի տեղական և միջազգային մեր գործընկերների համար, գրել է նա։

Լիաննա Պետրոսյանի կազմակերպությունը իսկապես մեծ և կարևոր աջակցություն է արցախցիների համար, ովքեր տարիների մաքառումներից հետո հայտնվել են դեմ առ դեմ փախստականների համար անհասկանալի, անդեմ, երբեմն անթափանց և անտարբեր, ոչ բարյացակամ սոցիալական աջակցության համակարգի առջև: Կառավարության էլեկտրոնային համակարգերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալները դառնում են ամբողջ ընտանիքների ճակատագիրը որոշող գործոններ: Շատերը հանձնվում են, և այս իրավիճակում ճիշտ խորհուրդը կամ ճիշտ ռեսուրսին ուղղորդումը կարող է փրկարար լինել:  Այդ առումով Լիաննա Պետրոսյանը և այլոք մեծ աշխատանք են կատարում։   

Խնդիրն սակայն այն է, որ Հայաստանի կառավարությունը սահմանափակում է իր շփումները արցախցիների հետ բացառապես սոցիալական և մարդասիրական հարցերով՝ կտրականապես հրաժարվելով քննարկել իրավական և քաղաքական հարցեր, որոնց մի օր պատասխաններ պետք է տրվեն։ Առանց այդ պատասխանների սոցիալական օգնությունը մնում է ժամանակավոր միջոց, որը կախված է օրվա կառավարության քմահաճույքից։

ՀՀ կառավարության ներկայացուցիչների և արցախցիների խմբի միջև օրերս տեղի ունեցած տեղահանությունից հետո 2.5 տարվա ընթացքում առաջին հանդիպման ժամանակ հայտարարված միակ «լուծումը» արցախցիների համար բնակարանային վկայագրերի վճարումների 3-ից 4 միլիոն դրամի ավելացումն էր Երևանի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրերում։ Իսկ նույն Լիաննա Պետրոսյանի առաջարկը՝ արցախցիների համար առանձին բնակավայրեր կամ շենքեր կառուցել, կտրականապես մերժվեց սոցիալական հարցերի նախարարի կողմից, ով հայտարարեց, որ արցախցիները չպետք է ապրեն կոմպակտ՝ համայնքներում։

Արցախցիներին հուզող քաղաքական և իրավական որոշումների հետ կապված հարցերը նույնիսկ չի նախատեսվել քննարկել, և հենց այս շրջանակներում են ընտրվել հանդիպման մասնակիցները։

Լիաննա Պետրոսյանը կատարում է իր բաժին աշխատանքը արցախցիների հետ, բայց մնացած մասերով պետք է զբաղվեն այլ կազմակերպություններ։

Արցախցիների ինքնակազմակերպման գործընթացը, կարծես, առաջընթաց է գրանցում, ինչի մասին վկայում է Հանրային խորհրդի ստեղծումը։

Եվրոպական Միության և միջազգային կազմակերպությունների կողմից փախստականների համար նախատեսված փոքր նախագծերի ֆինանսավորումը նույնպես կարևոր դեր է խաղում։ Այս նախագծերը թուլ են տալիս տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, կարիքների գնահատում, խնդիրների ձևակերպում և նպաստում են բիզնես կողմնորոշմանը։ Ընդհանուր առմամբ, այս նախագծերը նպատակ ունեն կապեր հաստատել Արցախի հասարակության, ՀՀ կառավարության, միջազգային և դոնոր հաստատությունների միջև։ Այս կապերը չպետք է պայմանավորված լինեն անձերով՝ ո՛չ կառավարության, ո՛չ էլ Արցախի ժողովրդի կողմից։