Պուտինի և Լուկաշենկոյի «լեհական արշավը». ինչպես միշտ, կշահի Էրդողանը

Պուտինին չի հաջողվի փչացնել Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունները. այսպես է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մեկնաբանել Պուտինի վերջին հայտարարությունները, թե իբր Լեհաստանի իշխանությունները ցանկանում են օկուպացնել ուկրաինական տարածքները։ «Կիևի և Վարշավայի միջև սեպ խրել Պուտինի փորձերը նույնքան ապարդյուն են, որքան նրա անհաջող ներխուժումն Ուկրաինա»,- գրել է նա Twitter-ում։

«Ի տարբերություն Ռուսաստանի, Լեհաստանը և Ուկրաինան դասեր են քաղել պատմությունից և միշտ հանդես կգան որպես միասնական ճակատ ընդդեմ ռուսական իմպերիալիզմի և միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի»,- ընդգծել է նախարարը։

Պուտինն ու Լուկաշենկոն անցել են «հատուկ ռազմական գործողության» հաջորդ փուլը՝ հիմա էլ հայտարարելով Արևմտյան Ուկրաինան «փրկելու» մտադրության մասին։

Ուկրաինայի մասնատման և նրանից արևմտյան հատվածի օկուպացման ծրագրերը, որոնք մշակվել են, այդ թվում՝ Վարշավայում, անընդունելի սցենար են։ Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ստրելնայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն ասել է նաեւ, որ «վագներցիները սկսել են լարել իրեն»։ «Մենք ուզում ենք գնալ դեպի Արևմուտք: Թույլ տվեք մեզ»: Ասում եմ՝ ինչի՞ն է ձեզ պետք Արևմուտքը։ «Դե, գնացեք էքսկուրսիա Վարշավա, Ժեշով», – պատմեց Լուկաշենկոն:

«Արևմտյան Ուկրաինայի անջատումը, Ուկրաինայի մասնատումը և հողերի փոխանցումը Լեհաստանին անընդունելի են։ Եվ, եթե Ուկրաինայի արեւմտյան բնակչությանը դա անհրաժեշտ լինի, մենք, իհարկե, ամեն կերպ կաջակցենք նրանց»,- ասել է Լուշենկոն, փոխանցում է Belta-ն։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը հիմնավորեց իր ներխուժումն Ուկրաինա՝ «Արևելյան Ուկրաինայի ռուսալեզու բնակչությանը» փրկելու մտադրությամբ։ Արդյունքում՝ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո, Ռուսաստանը իր կազմում ներառեց Ուկրաինայի ևս չորս մարզ։ Պատերազմը շարունակվում է մեկուկես տարի և աստիճանաբար տեղափոխվում է բուն Ռուսաստանի տարածք։

Փորձագետները նշում են, որ Պուտինի և Լուկաշենկոյի «լեհական արշավը» բլեֆ է, որով նրանք փորձում են խաղադրույքները բարձրացնել գալիք բանակցություններին ընդառաջ։ Բանակցությունների մասին ավելի ու ավելի հաճախ են խոսվում, սակայն մինչ այժմ դրանք չեն կայանում բանակցությունների համար առաջ քաշված պայմանների անհամաըեղելիության պատճառով։ Իսկ «կարմիր գիծը» Ղրիմն է։

Հատկանշական է, որ երկու կողմերն էլ վստահում են միայն մեկ միջնորդի՝ Էրդողանին։ Թուրքիան արդեն հսկայական շահույթներ է ստացել «միջնորդությունից»՝ հացահատիկի գործարք, գազային հանգույց, ատոմակայան, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման նշաններ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ակտիվացում։ Սակայն Թուրքիայի համար գլխավոր «մրցանակը» կարող է լինել Ղրիմը։

Ռուսաստանն ու Ուկրաինան մտադիր չեն միմյանց զիջել Ղրիմը. Բայց նրանք կարող են փոխանցել այն Էրդողանին՝ «ժամանակավոր պրոտեկտորատի» տակ։ Ինչպես 100 տարի առաջ Նախիջեւանը։

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկում է իրավիճակը Բելառուսի հետ սահմանին և պատրաստ է տարբեր սցենարների։

Բելառուսն ավելի վաղ հայտնել էր, որ երկիր ժամանած Wagner-ի վարձկանները համատեղ վարժանքներ են անցկացնում Բրեստսկու պոլիգոնում։ Այս փորձադաշտից՝ 40 կմ է մինչև Ուկրաինայի սահման և մոտ 30՝ մինչև Լեհաստանի սահման:

Լուկաշենկոն Պուտինին բերել է Բելառուսի վրա հարձակման նոր քարտեզ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախօրեին Լուկաշենկոն նույնպես ժամանել էր քարտեզով. «Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե որտեղից են հարձակվելու Բելառուսի վրա», – նրա այս խոսքերը մեմ են դարձել։

Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է հուլիսի 23-ին Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը։

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել Արցախօ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարը՝ տեղադրելով Ադրբեջանի վերոնշյալ սադրանքի վերաբերյալ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Որտե՞ղ կորավ կարգավիճակը․ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործ

Հուլիսի 21-ին Արցախի Ազգային ժողովը երեք ուղերձ է հնչեցրել, որոնք բացասաբար են անդրադարձել արցախյան հիմնախնդրի հանրային ընկալման վրա։ Հայ հասարակության դանդաղ զարթոնքի, Արցախին աջակցող մի շարք ակցիաների ֆոնին Ստեփանակերտում պատգամավորները որոշել են ամեն ինչ փչացնել։

«Համաժողովրդական շարժման» հանդիսվոր հանրահավաքների և մեկ շաբաթից «կոշտ քայլերի» խոստումներից հետո Արցախի Ազգային ժողովը կոչ արեց Հայաստանին «անհապաղ դիմել ՄԱԿ՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու պահանջով» (Զախարովան անմիջապես ասաց, որ նրանց մանդատ պետք չէ)։ Ինչպես ասում են՝ սարը մուկ է ծնել։

Այս, մեղմ ասած, անհիմն քայլից նստվածքը չհասցրեց նստել, եչբ Արցախի խորհրդարանի նախագահը կամ թյուրիմացությամբ, կամ պատվերով նկատեց, որ «հազարավոր տարիներ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են»։

Այնուհետեւ մի կին պատգամավոր հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, որում քաղաքական պահանջների բացակայությունը լրացվում էր Հայաստանի ղեկավարների հասցեին բացահայտ վիրավորանքներով։ Հայտարարությունը բացասաբար են ընկալվել նաեւ Արցախում, թեեւ այնտեղ, մեղմ ասած, չեն այրվում Փաշինյանի հանդեպ սիրուց։

Կասկածից վեր է, որ Հայաստանի ղեկավարությանը ուղղված կոշտ կոչերի պատճառ կա։ Բայց հուլիսի 21-ի ուղերձների շեշտադրումներն ու տոնայնությունը, միտումնավոր թե անգիտակցաբար, ընտրվել են այնպես, որ այրվեն Երեւանի հետ վերջին կամուրջները։

Ինչո՞ւ պետք է Ստեփանակերտը այրի Երեւանի հետ քաղաքական կամուրջները։ Որպեսզի չդնեն պահանջներ, որոնք, ինչպես ասում են, ակնհայտ են։ Գլխավոր հարցն Երեւանին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի՞ ճանաչել «Արցախը որպես Ադրբեջանի մաս», այն դեպքում, ու կա Արցախի Հանրապետություն և նրա Սահմանադրությունը։ Նա իրավունք ունե՞ր ստորագրելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ո՞վ է Արցախի ինքնիշխանության կրողը։

Ստեփանակերտը պարտավոր է գործ հարուցել Փաշինյանի՝ Արցախի Սահմանադրությանը հակասող հայտարարությունների առնչությամբ։ Այ դա կլինի իրավական և քաղաքական քայլ, որը կհաստատի Արցախի քաղաքական կամքը՝ պահպանել պետական ​​կարգավիճակը և թույլ չի տա Փաշինյանին տնօրինել Արցախի տարածքներն ու կարգավիճակը։

Բայց խորհրդարանը դա չարեց՝ հանդես գալով այս պահին ոչ տեղին հայտարարություններով։ Ալեն Սիմոնյանը զանգահարեց Արթուր Թովմասյանին (որն ասում են, հուլիսի 21-ին հանկարծակի հիվանդացել էր), ըստ երևույթին հարցնելու՝ արդյո՞ք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ, և բացասական պատասխան ստանալով՝ հանգիստ անջատեց հեռախոսը՝ մաղթելով, որ Թովմասյանն այլեւս չնյարդայնանա։

Ալիևը, Փաշինյանը, միջնորդները կարող են ամեն ինչ առաջարկել, բայց Արցախի ինքնիշխանության կրողները՝ ի դեմս Արցախի խորհրդարանի, պետք է ելնեն միայն մեկ կարգավիճակից՝ Արցախի Հանրապետությունից։

Արցախի ղեկավարության կողմից վախկոտ մերժումը՝ պնդել Արցախի պետական ​​կարգավիճակը, որը ամրապնդված է  ժողովրդի կամքով, Սահմանադրությամբ, Ղարաբաղյան Առաջին պատերազմի արդյունքներով և միջնորդների առաջարկներով, չի նշանակում, որ պետականությունն ինքնին կլուծվի։ Նա կմնա, և բոլորը դրա հետ ստիպված են հաշվի նստել: Արցախի խորհրդարանը կա՛մ պետք է ելնի ինքնիշխանությունից, կա՛մ ընդունի օրենք, որը կլուծարի  Արցախի պետականությունը։ Պատգամավորները պատրա՞ստ են ընդունել նման օրենք։

Ես գնահատական չեմ տա Ազգային ժողովի հայտարարություններին

Step1.am-ի հարցերին է պատասխանել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 

Պարոն Բեգլարյան, որքանով է մարդկային էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի առումով ճիշտ “մեդիաֆոռումին” մասնակցելն օկուպացված Շուշիյում, երբ 10 կիլոմետր այն կողմ ռազմական հանցագործություն է կատարվում՝ մի ամբողջ ժողովուրդ է պաշառված։

Դա էթիկայի եւ լրագրողական պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից շատ սխալ քայլ է։ Իրենք են որոշում՝ այցելել Ադրբեջան թե ոչ, բայց բուն Շուշի այցելելը եւ իրողությունը միակողմանի լուսաբանելը՝ ստացած կեղծ տվյալների հիման վրա՝ լուրջ սխալ է եւ լրատվամիջոցների, եւ լրագրողների համար։ Որուհետեւ ակնհայտ է, որ թեման հենց Արցախի օկուպացիան է, բլոկադան է, հայ-ադրբեջանական հարաբերություններն են, եւ բոլոր այդ հարցերում կեղծիքներ կան Ադրբեջանի կողմից։ Լրագրողները, իմանալով, որ հենց Շուշիի կողքին 7 ամիս մի ամբողջ ժողովուրդ բլոկադայի մեջ է գտնվում եւ արդեն հասել է հումանիտար աղետի եզրին, չեն ցանկանում որեւէ կերպ անդրադառնալ այս իրողությանը։

Ինչպե՞ս կգնահատեիք Ազգային ժողովի վերջին նիստում արված հայտարարությունները։

Ես չեի ցանկանայի գնահատականներ տալ, միայն կասեմ, որ օրենսդիր մարմինը անկախ է գործադրից, բայց ըստ Սահմանադրության արտաքին քաղաքականությունը վարում է գործադիր իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ։ Ցանկացած ժողովրդավարական պետությունում պատահում է, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների դիրքորոշումների միջեւ տարբերություն լինի։ Այս համատեքստում պետք է հետեւել նախագահի եւ արտգործնախարարության հայտարարություններին, որի մեջ արտացոլվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտոնական դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ։

Այդ համատեքստում ինքնորոշման հարցը մի տեսակ քիչ է բարձրաձայնում։ Ինչի՞ հետ է դա կապված։

Իրականում մենք միշտ խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի մասին եւ նախագահի, եւ Ազգային ժողովի, եւ ԱԳՆ, եւ մնացած պաշտոնյաների մակարդակով՝ եւ հակամարտության կարգավորման համատեքստում, եւ Ադրբեջանի կողմից բռնաճնշումների, էթնիկ զտումների ռիսկի համատեքստոմ։ Մենք ասում ենք, որ նույնիսկ եթե խոսվում է Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանության անհրաժեշտության մասին, պետք է նկատի առնվի, որ այդ պաշտպանության առաջնահերթ ձեւը՝ ինքնորոշումն է։ Հենց ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն է երաշխավորելու մնացած բոլոր իրավունքների եւ անվտանգության պաշտպանությունը։

Հիշեցնենք, երեկ Արտակ Բեգլարյանը մի խումբ արցախյան լրագրողների հետ դեպի Շուշիի տանող ճանապարհին մասնակցել է բողոքի ակցիայի՝ միջազգային լրատվամիջոցներին Շուշիի մեդիաֆորումին մասնակցելու առթիվ։  

Շուշին եղել է հայկական 18 դարից առաջ էլ

Ինչքան էլ որ Շուշին ներկայացվում է որպես մշակութային քաղաք, կամ մեծ է Շուշիի դերը մշակութային կյանքում, այդուհանդերձ Շուշին քաղաքական գործոն է եղել միշտ։ Շուշին դարձել էր և է օտար իշխանության այն հիմնական գործիքը, որի միջոցով իշխել են ու հպատակեցրել Արցախի հայությանը։ Այդ քաղաքական գործիքից փոխնեփոխ օգտվել են տարածաշրջանում խաղացողները։ Ու պատահական չէ նաև այս տեսանկյունից այն հանգամանքը, որ թշնամին բոլոր ժամանակներում ձգտել է Շուշին դարձնել որպես օտար մարմին, հայության հետ, որպես տիրակալի՝ չաղերսվող։ Միտումնավոր կերպով Շուշիի՝ որպես բնակավայրի սկզբնավորումը կապել են 18-րդ դարի կեսերի՝ մասնավորապես Փանահի տարածաշրջանում հայտնվելու հետ։

Արցախը Ադրբեջանին բռնակցելուց հետո վերջինիս թույլատրվել էր իրականացնել հակահայկական միջոցառումների մի ողջ համալիր, այդ թվում մշակութասպան։ Պատմամշակութային հուշարձանների, հայկական ճարտարապետության հետքերի վերացմանը զուգահեռ, իրականացվել են նաև հայկական արժեքների օտարման, օտար լույսի ներքո ներկայացման քայլեր։ 1977 թվականին Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ Շուշին հռչակվեց արգելոց-քաղաք։ Ընդ որում, արգելոց էր հայտարարվել ու վերականգնվել էր միայն քաղաքի արևելյան՝ ադրբեջանական հատվածը, որտեղ ստեղծվում էին տուն-թանգարաններ, կառուցվում էին դամբարաններ: Իսկ հայկական հուշարձանները չէին ընդգրկվել պահպանվող օբյեկտների ցանկում, հայկական գերեզմանոցներն ու Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիներն ավերվել էին և օգտագործվել որպես շինանյութ։ Այսօր էլ Ադրբեջանը Ղազանչեցոց Սբ․ Ամենափրկիչ և Հովհաննես Մկրտիչ /Կանաչ ժամ/ եկեղեցիները հայտարարել է ուղղափառ և վերանորոգման անվան տակ հերթական վանդալիզմն է իրականացվում։

Շուշիի հիմնադրման, պաշտպանական համակարգի ու այդ հին բնակավայրի կառուցապատման, նրա հուշարձանների էթնիկ պատկանելիության ուսումնասիրումը, մինչև Շուշիի ազատագրումը մեծամասամբ հիմնված էր 18-19-րդ դդ. հեղինակների կեղծ և մուսուլմանամետ գրավոր աղբյուրների վրա։ Միայն Ադրբեջանի գաղութային լծից ազատագրվելուց հետո Շուշիի հնագիտական, վիմագրական, տեղագրական բնույթի բազմաթիվ աղբյուրներ մատչելի դարձան ուսումնասիրությունների համար։ Իրականացվեցին մի շարք հնագիտական պեղումներ, որոնք նոր լույս սփռեցին քաղաքի պատմության վրա, գոնե մեզ համար վերջ տալով Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կոմից բնակեցնելու ադրբեջանական առասպելին։ Փաստագրվեցին Շուշիի և շրջակայքի հնագիտական հուշարձանները, որն ընդգրկում է մոտ 200 հնագիտական հուշարձան, այդ թվում՝ պալեոլիթյան մեկ կայան, բրոնզի և երկաթի դարերի մեկ կիկլոպյան ամրոց, հինգ դամբարանադաշտեր, երկու անտիկ և երկու վաղքրիստոնեական դամբարանադաշտեր, 6 միջնադարյան գյուղատեղիներ և մոտ չորս տասնյակ խաչքարեր։

2005թ. ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը` պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ իրականացրեցին պեղումներ Հայ-հունական գերեզմանոցի հին հատվածում, որի արդյունքները ցույց տվեցին, որ այստեղ 12-13-րդ դարերում եղել է հայկական գերեզմանոց, որի խաչքարերը հետագայում` 19-րդ դ. կեսերին օգտագործվել են նոր թաղումների համար: 12-13-րդ դարերի հայկական խաչքարերը վառ ապացույցն են այն բանի, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված է եղել Խաչենի հայկական իշխանության հզորության ժամանակաշրջանում։

Շատ հետաքրքրական էր Ավանի կարան կոչվող ամրացված քարանձավի կողքի ամրոցի հետախուզական պեղումները: Նրա վերին հարթակի մաքրման ժամանակ բացված թոնրի շրջակայքից և լիցքից գտնվել են 12-14-րդ դդ. վերաբերող նյութերի բազմաթիվ նմուշներ: Ուշադրության արժանի են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք խոսում են ոչ միայն Շուշիի այս տարածքի բնակեցված լինելու մասին, այլ որ այդ ժամանակ զարգացած առևտուր ու այստեղով անցնող ակտիվ առևտրական ճանապարհ կար ու հենց այս ճանապարհի պահպանության ու անվտանգության նկատառումներից ելնելով Խաչենի իշխանները կառուցել  էին այս ամրությունները:

Շուշիի պարսպապատերի մանրամասն զննումների և համապատասխան մասնագիտական գրականության քննությամբ պարզվում է, որ Շուշիի ներկա տարածքում մինչև Փանահի կողմից պարիսպների կառուցումը այստեղ արդեն գոյություն ուներ ամրոց։ Իսկ եղած ամրոցներից մեկի ավերակները համընկնում են Մխիթարաշենի դարպասների մոտի պարսպահատվածին: Այստեղ ձեռնարկված լայանածավալ պեղումներն արդեն տվել են լուրջ տվյալներ, որոնք վկայում են, որ պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել գոնե մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբից:

Վաղ քրիստոնեական թաղումներ են ի հայտ եկել Շուշի քաղաքի կենտրոնական հատվածներում, շինարարական աշխատանքների ժամանակ, որոնցից ուսումնասիրության է ենթարկվել հատկապես Վերին մզկիթի վերանորոգման ժամանակ մեդրեսեի շենքի առաջին հարկի տակ հայտնաբերված վաղ քրիստոնեական դամբարանը, իսկ բուն մզկիթի հիմքերը ամրակայելիս ի հայտ է եկել այլ կառույցի խորը հիմք:

Մեկ նյութի շրջանակներում հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել Շուշիի հայկական հարուստ պատմա- մշակութային միջավայրը, որը սկզբնավորվում է, ինչպես նշեցինք քիչ վերևում, առնվազն մ․թ․ա․ առաջին հազարամյակից։ Շուշիի ազատագրումից հետո հաջողվել է վերականգնել Շուշիի երբեմնի մշակութային, ճարտարապետական հարստության միայն մի փոքր մասը։ Այսօր հաշվառված ունենք 405 հուշարձան, այդ թվում մահմեդական ու ռուսական։ Հայկական մշակութային, հոգևոր ու պատմական ժառանգության ամբողջական ցանկը հնարավոր չէր կազմել, քանի որ դրա մեծ մասը ոչնչացվել էր 100 տարի առաջ։ Հավանաբար, նույն ճակատագիրն է սպասում նաև դեռ կանգուն մնացածներին։

Հայկական էթնիկ մշակույթի դեմ պատերազմ սկսած Ադրբեջանի բռնապետ Ալիևը Շուշիին փորձում է տալ համաթյուրքական նշանակություն, այն հռչակելով որպես թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Բայց, հարցն այստեղ մշակույթը չէ, այլ Շուշիի քաղաքական նշանակությունը, որի մասին արդեն նշել ենք։

 

Լուսանկարները Artsakhmonuments ֆեյբուքյան էջից։

 

 

 

 

 

 

Ռուսները չուղեկցեցին Բերձորի միջանցք, քանի որ պահանջ կար՝ անցակետում ստուգում չենք անցնելու

Երեկ մի խումբ արցախցիներ 25 լրագրողների ուղեկցությամբ փորձել են անցնել Բերձորի միջանցք, սակայն ռուս խաղաղապահներն այդպես էլ չմոտեցան նրանց։

Արշավի համանախաձեռնող Մարգարիտա Քարամյանը բացատրել է, թե ինչու։

Երեկ ռուսները մեզ չարձագանքեցին և չկամեցան ուղեկցել Արցախ, որևհետև մենք պահանջ ենք դրել, որ իրենք պետք է ուղեկցեն մեզ՝ առանց անցակետում ստուգում անցնելու։

Այսօր առավոտը Կարմիր Խաչը /որը նույնպես արդեն հանցակից է դառնում ռուս-թուրքական տանդեմին/ մի քանի Արցախի բնակիչների ուղեկցեց անցակետով, իհարկե պարտադրելով անցնել ստուգումը։

 

Արցախցի լրագրողները պահանջում են անաչառ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները

Արցախցի մի խումբ լրագրողներ հուլիսի  22-ին, խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին: Ակցիայի մասնակիցներն օկուպացված Շուշիում կազմակերպված Գլոբալ մեդիա-ֆորումի մասնակիցներին կոչ են արել  հավատարիմ մնալ իրենց  առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը։ Ակցիային մասնակցում էին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Շուշիում տեղի է ունեցել «մեդիա ֆորում», որին մասնակցել են համաշխարհային լրատվամիջոցների 50 լրագրողներ՝ Ալիեւի մասնակցությամբ։ Հայկական լրագրողական կազմակերպությունները դիմել են ֆորումի մասնակիցներին՝ Շուշիից մեկնել Ստեփանակերտ և ծանոթանալ Արցախում տիրող իրավիճակին, որը ֆորումի կազմակերպիչը շրջափակման և հումանիտար ճգնաժամի է ենթարկել։

«Հաշվի առնելով, որ դուք՝ ավելի քան 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ​​ռեժիմի հրավերով,

հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ռեկորդներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և ճնշումների տակ գտնվող բազմաթիվ լրագրողների առկայությունը,

հաշվի առնելով մանիպուլյացիաների, կեղծիքների և միջազգային լրատվամիջոցների վրա ապօրինի ազդեցության Ադրբեջանի երկարամյա փորձը,

նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Շուշիի բնիկ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը կեղծելու ադրբեջանական քաղաքականությունը,

Նկատի ունենալով Ադրբեջանի հակահայկական էթնիկ ատելության և խտրական պետական ​​քաղաքականության լույսի ներքո՝ միջազգային դատարանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ օրինակները,

ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն ավելի քան 7 ամիս, որից 5 շաբաթը՝ լիակատար, շրջափակել է Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությյանը՝ նրանց թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների,

անհանգստանալով Լեռնային Ղարաբաղում վատթարացող սուր հումանիտար ճգնաժամով, սովի բարձր ռիսկերով, նորածինների և չծնված երեխաների մահացության կրկնակի մակարդակով, հղիների շրջանում անեմիայի 90%-ով, հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության դադարեցմամբ, գործազրկության և աղքատության կտրուկ աճով,

հաշվի առնելով Ադրբեջանի մերժումը՝ կատարելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումները Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու մասին,

հաշվի առնելով միջազգային փաստահավաք առաքելությունների, օտարերկրյա լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու, իրական իրավիճակն արձանագրելու և զեկուցելու համար Ադրբեջանի խոչընդոտները,

մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.

դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և նարատիվների հաղորդումը,

դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից ​​աղաղակող խախտումներին աջակցելը,

գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր համայնքներ՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,

հավատարիմ մնալ ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,

զերծ մնալ բռնապետական ​​ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց։

Հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:

Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական:

Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն կատարել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր: Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական ​​աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության»,-նշել  են արցախցի լրագրողներն իրենց կոչ-ուղերձում:

 

Ջրի հարց Ստեփանակերտում․ կա՞ ճգնաժամային պլան

Արցախի համապատասխան մարմինները հայտարարել են հովհարային անջատումների պատճառով ծագող խմելու ջրի խնդրի մասին, եւ Արցախի բնակչությունը էլեկտրաէներգիայի, գազի և սննդի պակասի հետ մեկտեղ փաստացի կանգնել է նոր աղետալի իրաղության առաջ՝ խմելու ջրի պակաս:

Հիշեցնենք, որ 2021 թ. Ստեփանակերտում ևս ջրի լուրջ պակաս կար, ինչը պայմանավորված էր 2020թ. պատերազմի արդյունքով, երբ մայրաքաղաքը սնուցող հիմնական կետերը օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Որպես հարցի լուծում առաջարկվել էր Պատարա գետի վրա կարուցել ջրամբար, որի նախագիծը պատրաստ էր դեռևս 2007 թվականից: Ջրամբարը դեռ շինարարության փուլում է, սակայն ջուրն արդեն հասցվել է Ստեփանակերտ։ Ինչպես տեղեկացանք, ջուրն ինքնահոս է գալիս, այդ պատճառով Պատարայից ջուր ստանողներին անջատումներ չեն սպառնում։

Ընդհանուր առմամբ 22 կիլոմետրանոց խողովակաշարի համար, որը ձգվում է Պատարայից դեպի Ստեփանակերտ, ծախսվել է 5 մլդ ՀՀ դրամ: Ի հակառակն ծախսված գումարի, ինչպես նաև այն հայտարարություններին, որ շրջօրյա ջրի հարցը վերջնական կլուծվի մայրաքաղաքում և հարակից բնակավայրերում, փաստացի կրկին կանգնում ենք ջրի խնդրի առաջ։

Հավելենք նաև, որ չնայած հիմնական շեշտադրումը դրվում է մայրաքաղաքի վրա, սակայն արդեն մայիս ամսից ջրի պակասի, որոշ դեպքերում նաև բացակայության հետ են առընչում Արցախի մի շարք համայնքների բնակիչներ: Որոշ համայնքներում ջուրը հասնալի է օրական ընդամենը 1 ժամ:

Ըստ Ստեփանակերտի բնակիչ Ա.Գ-ի, բնականաբար, բնակչությունը վրդոված է, և եթե ինչ-որ չափով հնարավոր է գոյատևել առանց գազի, էլեկտրաէներգիայի, ապա առանց ջրի անհնար է: Բնակչությանը այժմ հետաքրքրում է միայն մեկ հարց, արդյո՞ք հնարավոր չէր համապարփակ լուծում տալ այս խնդրին, եթե ի սկզբանե համապատասխան մարմինները տեղյակ էին, որ հովհհարային անջատումների պատճառով հնարավոր է կանգնենք նման խնդրի առաջ։ Դա լրջագույնս խորացնում է Արցախում տիրող աղետալի վիճակը։ Արդյո՞ք Արցախի իշխանությունը, հաշվի առնելով մոտալուտ աղետը մշակել է միջոցառումներ դրանց հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Արցախից 13 բուժառու «Կարմիր խաչ»-ի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 13 բուժառու ուղեկցողների հետ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հուլիսի 22-ին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած իրականացված ջանքերին՝ «Կարմիր խաչ»-ը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը:

Ավանեսյան. Արցախի խորհրդարանը «հինգերորդ շարասյուն» է, որը չի ծառայում ժողովրդին

«Արցախի ինքնորոշման խնդիրը պետք չէ մղել երկրորդ պլան։ Դրա մասին պետք է միշտ խոսել, քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»,- Step1.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահին առընթեր հասարակական խորհրդի և Միջանցքի ապաշրջափակման Համաժողովրդական շարժման շտաբի նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը։

«2020 թվականի աշնանային պատերազմը նպատակ ուներ զրոյացնել այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվել են՝ սկսած Ղարաբաղյան շարժումից՝ Արցախի ինքնորոշմանը հասնելու համար։ Հայաստանի իշխանությունները խոսում են Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին. Բայց Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ստիպված է իջեցնել նշաձողը ոչ թե միջազգային հանրության, այլ կոնկրետ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ճնշման տակ։ Այլ բան է, որ Փաշինյանը միջազգային հանրություն տակ նկատի է ունենում այս երկրների ղեկավարներին»,- ասաց Ավանեսյանը։

Նա կարծում է, որ «եկել է ռեստարթի ժամանակը՝ պետք է շարունակել աշխատել Արցախի ինքնորոշման ուղղությամբ, բայց այն կետից, որտեղ մենք եղել ենք մինչև 2016 թվականը»։

«Ավելի ճիշտ կլիներ սկսել այն կետից, երբ ճանաչվեց Կոսովոն։ Այն ժամանակ Հայաստանը պետք է դիմեր միջազգային դատարան՝ Արցախի ճանաչման համար։ Բայց նա չարեց: Արցախի քաղաքական շրջանակներն ինձ չկարողացան բացատրել, թե ինչու նման քայլ չարվեց։ Բայց նման իրավիճակներ շատ են եղել, որոնք հայկական կողմը չի օգտագործել»։

Ավանեսյանը նշեց, որ «այսօր էլ նման իրավիճակ է ստեղծվել, եւ եթե Հայաստանը դիմի միջազգային դատարան՝ ԼՂ-ի ճանաչման համար, ապա դրական արձագանք կլինի»։

«Արցախի հարցը փակուղի տանելով՝ Ադրբեջանի իշխանությունները մեզ ևս մեկ հնարավորություն են տալիս. Աշխարհաքաղաքական շահերի բացատրելը՝ պարզապես արդարանալու փորձ է։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ են ծրագրում աշխարհաքաղաքական կենտրոնները։ Մի բան հստակ է՝ մենք պետք է մեր քայլերն անենք, օգտագործենք բոլոր միջազգային բանաձեւերը, հատկապես վերջին տարիներին, պահանջենք դրանց կատարումը։ Բայց մենք հստակ տեսնում ենք, որ Հայաստանն ու Արցախի իշխանությունները դա չեն պահանջում։ Ավելին, հայկական քաղաքականությունը պաշտպանում է Ադրբեջանին»։

Որպես թարմ օրինակ՝ նա հիշեցրեց հուլիսի 21-ի Արցախի Ազգային ժողովի ուղերձը, որտեղ արցախցի պատգամավորները կոչ էին անում Հայաստանին դիմել ՄԱԿ՝ պահանջելով «անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար»։ Ավանեսյանը խորհրդարանը համարում է «հինգերորդ շարասյուն» Արցախի քաղաքական դաշտում.

«Հայ հասարակությունը պետք է ստիպի իր իշխանություններին՝ Հայաստանին և Արցախին, համարժեք քայլեր ձեռնարկել։ Բայց Արցախի խորհրդարանի հուլիսի 21-ի նիստը ցույց տվեց, որ իշխանությունները հակառակն են անում։ Արցախի խորհրդարանն իր ելույթներով ու հայտարարություններով ոչնչացնում է Արցախում ի սկզբանե քաղաքական և հումանիտար խնդիրները լուծելու հնարավորությունները»,- ասաց ակտիվիստը։

Նրա կարծիքով՝ Արցախի խորհրդարանը «հինգերորդ շարասյուն» է, և խորհրդարանի քաղաքական ուժերի ղեկավարների կողմնակալությունը հանգեցրել է նրան, որ այսպես կոչված «ժողովրդի ընտրյալները» չեն ծառայում ժողովրդին։

Ալիևի «մեսիջը» միջանցքի մասին. Արցախի կապը Հայաստանի հետ էկզիստենցիալ հարց է

Ֆեյսբուքյան օգտատեր Մերի Գրիգորյանը գրում է. «Ասեք Միշելին էլ, Զախարովային էլ, որ մենք ուզում ենք ճանապարհ բացել, ոչ թե որ հաց բերենք ու փորներս լցնենք, մենք ճանապարհներ ենք ուզում, որ կապվենք մայր Հայաստանի հետ»։
Սա հասարակ արցախցու չափազանց նշանակալից հայտարարություն է, որը վկայում է այն մասին, որ քաղաքական խնդիրը հումանիտարով փոխարինելու նենգ փորձերը սթափ գնահատականներ են ստանում ողջամիտ մարդկանց կողմից Արցախում եւ ամբողջ Հայաստանում։

Արցախի անխափան կապը Հայաստանի հետ էկզիստենցիալ ու առանցքային խնդիր է, որը ցուցիչ է, քաղաքական որոշման ձգան։ Կլինի Հայաստանի հետ միջանցք՝ Արցախը կպահպանի իր սուբյեկտությունը, չի լինի միջանցք, չի լինի հայկական Արցախ։

Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ միջանցք որպես այդպիսին չկա և երբեք չի եղել, թեև այնտեղ էլ  ըմբռնում կա, որ Արցախը գետտո դարձնելու փորձերը (ինչպես ասում է Փաշինյանը) և սովի միջոցով «ինտեգրում» պարտադրելը կդիտվի որպես պատերազմական հանցագործություն։ Մինչ այժմ Երեւանն ու Ստեփանակերտը միջազգային ատյաններ չեն ներկայացրել Բաքվի ռեժիմը որպես ռազմական հանցագործ ճանաչելու պահանջ։ Բայց դա անպայման տեղի կունենա, եւ այժմ Ալիեւը ուղիներ է փնտրում նման արդյունքից խուսափելու համար։

Գտնվելով օկուպացված Շուշիում՝ Ալիևն ասել է, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը մեսիջ է։ «Դա նաև մեսիջ էր. Բայց քանի՞ մեսիջ պետք է ուղարկենք, քանի՞ անգամ կարող ենք ակնարկել։ Եվ Փարուխի օպերացիան, և իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2021 թվականի մայիսին, և իրավիճակը սահմանին 2022 թվականի սեպտեմբերին, և սահմանային անցակետը՝ մեսիջ են։ Իսկապե՞ս նրանք կարող են այդքան անհասկացող լինել»,- ասել է Ալիեւը։

Ալիևը խոստովանում է մեղքը՝ ասելով, որ դրանք ընդամենը «մեսիջներ» են և ոչ թե օրինական որոշումներ։ Այսինքն՝ հնարավոր է փոխել որոշումը։

Միջազգային կազմակերպություններն ու դատարանները միանշանակ ճանաչել են Արցախի և միջանցքի շրջափակումը, այսինքն՝ ռազմական հանցագործության փաստը, որը Ալիևը փորձում է ներկայացնել որպես «մեսիջ»։ 120 հազար մարդու ճակատագրի հաշվին գեստապոյական «մեսիջները» պետք է դատապարտվեն ամենաբարձր միջազգային իրավական մակարդակով որպես ռազմական հանցագործություն։

Երեկ մի խումբ արցախցիներ 25 լրագրողների ուղեկցությամբ Երեւանից մեկնել են Կոռնիձոր՝ փորձելով մտնել Բերձորի միջանցք։ Վերջին հայկական դիրքում 4-5 ժամ սպասել են՝, բայց ռուսական ուղեկցորդություն այդպես էլ չեղավ։ Միջանցքը փակ է, այդ ընթացքում ոչ մի մեքենա չի անցել։ Ավելին, ինչպես հայտնի դարձավ, ռուս խաղաղապահները նույնպես ադրբեջանական անցակետով Հայաստան չեն անցնում։

Փաստորեն, ռուս խաղաղապահները հասկացել են Ալիևի «մեսիջը» և «ընդունել», որ Հայաստանի հետ միջանցք չկա, թեև Արցախում իրենց մնալու մանդատը ստորագրել է ոչ թե Բաքուն, այլ Երևանը։

 

Նաիրա Հայրումյան