Հնարավոր վթարը կանխվել է. Արցախի ՆԳՆ-ն հեծանվորդներին խնդրում է լինել առավել զգույշ

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը․ մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:

Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը Step1.am-ին հայտնեց, որ հանրապետությունում այլընտրանքային տրանսպորտի կիրառման հետ կապված լուրջ վթարներ չեն եղել, սակայն անզգուշության պատճառով հնարավոր վթարը կասեցվել է Ստեփանակերտում։ Մայրաքաղաքի գլխավոր փողոցում անչափահաս հեծանվորդը, տեսնելով, որ ճանապարհին ավտոմեքենաներ չկան, գերազանցել է թույլատրելի արագությունը, կորցրել կառավարումը և կանգնեցվել ոստիկանների և քաղաքացիների ուժերով։

ԵՄ արտգործնախարարները այսօր Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Բրյուսելում այսօր՝ հուլիսի 20-ին կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնությունն ու անվտանգության երաշխիքները, Թուրքիայի և Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։

Ուկրաինայի հակամարտությունը, անվտանգության երաշխիքներն ու ռազմական օգնությունը Կիևին, ինչպես նաև ԵՄ հարաբերությունները Թուրքիայի և Չինաստանի հետ կլինեն ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման կենտրոնական թեմաները, որը տեղի կունենա հինգշաբթի Բրյուսելում։

«ԱԳ նախարարների խորհրդի նիստը կսկսվի աշխատանքային նախաճաշով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներկայացուցչի մասնակցությամբ: Այնուհետև կսկսվի ԱԳ նախարարների խորհրդի գլխավոր նիստը, որը նվիրված կլինի երեք թեմայի՝ Ուկրաինայի հակամարտություն, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական ասպեկտ և Թուրքիայի հետ հարաբերություններ», – ասել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ կեսօրին ԵՄ ԱԳ նախարարները մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ հարցերի լայն շրջանակի շուրջ։ Նշվում է, որ Բլինքենի հետ քննարկումների հստակ օրակարգ չկա, սակայն պարզ է, որ Ուկրաինայի հակամարտության և Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ քննարկումները կշարունակվեն, հավելել է նա։

Նա չի բացառել, որ այս զրույցի ընթացքում կարող է արծարծվել նաև Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցը և Վիլնյուսում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած որոշումները։

Հանդիպման ավարտին նախարարները նախատեսում են քննարկել ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Չինաստանը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ հուլիսի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թունիսի հարաբերությունների կարգավորումը։

Տնտեսական անվտանգության քննարկման ժամանակ նախարարները քննարկում կանցկացնեն երրորդ երկրներից կախվածությունը նվազեցնելու մասին, որոնք «առեւտուրն ու տնտեսությունը որպես զենք օգտագործելու ներուժ ունեն»։

Աղբյուրը նշում է, որ ԱԳ նախարարները Թուրքիայի հարցը քննարկելիս մտադիր են անդրադառնալ թուրքական ընտրությունների արդյունքներին։

«Սա ընդհանուր առմամբ լավ առիթ է քննարկելու մեր երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակը այս երկրի հետ, որը նույնպես ԵՄ-ի թեկնածու է»,- ասել է նա։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նախարարները կանդրադառնան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, աղբյուրը նշել է, որ «հարաբերությունների և իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցը, որը նախապես խնդրել էր Եվրոպական խորհուրդը, պատրաստ կլինի մինչև հոկտեմբեր»։

Աղբյուրն ընդգծել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները Չինաստանի հարցը քննարկելիս ցանկանում են շոշափել եվրոպական տնտեսական անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Պեկինի հետ «ներդաշնակ» հարաբերություններ կառուցել։

ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում կսկսվի տեղական ժամանակով ժամը 10.00-ին (Երեւանի ժամանակով 12.00-ին), եվրոպական դիվանագիտության Խոսեպ Բորելի ամփոփիչ ասուլիսը սպասվում է Երեւանի ժամանակով 19։00-ից հետո։

Արցախում պետություն կա՞։ Ինչ են խոսում Բաքվում

Պետական ​​նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնած Համաժողովրդական շարժմանը միանալու նախագահ Արայիկ Հարությունյանի և խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի որոշումը տարակուսանք է առաջացրել։ Մի րոպե, ի՞նչ կարող է անել Շարժումը, որը չեն կարող անել խորհրդարանը, կառավարությունը, նախագահը։ Ժողովրդի իշխանության ամենաբարձր աստիճանը՝ ընտրությունների միջոցով ընտրված պետական ​​իշխանությունն է, և նրան պատվիրակված են որոշումներ կայացնելու բոլոր լիազորությունները։

Եթե ​​պետական ​​պաշտոնյաները չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, ապա, տրամաբանորեն, նրանք պետք է հրաժարական տային մինչեւ Շարժմանը միանալը։ Եթե ​​նրանք կարողանում են կատարել իրենց պարտավորությունները, ի՞նչ կտա նրանց Շարժումը։ Հրաժարական չտալու հնարավորությո՞ւն։

Արայիկ Հարությունյանի անդամակցումը Շարժմանը պետության՝ որպես բարձրագույն կառույցի վարկաբեկում է և նրա չկայացության ընդունումը։ Պետական ​​կառույցները իրավիճակի վրա ազդելու տարբերակներ չունե՞ն։ Ի վերջո, նրանց է վերապահված ժողովրդի մանդատը և նրանք կարող են ցանկացած ինքնիշխան քայլ անել։ Օրինակ՝ Հայաստանին ուղղված դիմում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված վերամիավորման մասին որոշումը իրականացնելու խնդրանքով։ Կամ դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ միջազգային լեգիտիմ ռազմական ներկայության պահանջով։ Կամ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը՝ «ամեն կերպ» բացել միջանցքը։

Շարժումը պատասխանատվություն չունեցող մի բան չէ, իսկ պետությունն առաջին հերթին պատասխանատվություն է։ Արցախի պետական ​​կառույցներն իրենց սահմանադրական պարտավորություններն ու պատասխանատվությունը գցել են Ռուսաստանի, Երևանի ղեկավարության, վատ միջազգային հանրության, այժմ էլ՝ Արցախի ժողովրդի վրա։ Ընդհանրապես, ամեն ինչ արվում է, որպեսզի «իրենք մեքենայի մոտ չկանգնեն»։ Ինչի՞ համար են վարձատրվում այս մարդիկ: Պետական ​​կառույցները վարկաբեկելու ու ջրելու համա՞ր։

Արցախն առանց պետական ​​իշխանության գորշ գոտու վերածելը՝ ամենասարսափելի սպառնալիքն է։ Հենց դրան է փորձում հասնել Բաքուն՝ անգամ չհամաձայնելով Ղարաբաղի ինքնավար կարգավիճակին «Ադրբեջանի կազմում»։ Կարգավիճակը ժողովրդի մանդատի ճանաչում է։ Բաքվի քաղաքական գործիչ Ռասիմ Մուսաբեկովը չի թաքցնում իր «վրդովմունքն» առ այն, որ Վարդան Օսկանյանը «համառորեն խորհուրդ էր տալիս Լեռնային Ղարաբաղի խորհրդային ինքնավարության թեզը ներառել բանակցային օրակարգ»։ Նա փորձում է ապացուցել «այդ հանձնարարականի կեղծ լինելն ու անհեռանկարությունը»՝ հղում անելով «նախկին ԼՂԻՄ» մասին Շառլ Միշելի խոսքերին։ «Սա ընդգծում է, որ «Լեռնային Ղարաբաղը» կորցրել է իր քաղաքական-վարչական ենթատեքստը և մնացել է պատմական և աշխարհագրական փաստ»,- ասել է Մուսաբեկովը։

Արցախը հետևողականորեն ոչնչացվում է որպես քաղաքական և վարչական միավոր, որը պետք է դառնա «ինտեգրման» երաշխիք։ Սա ներհատուկ է թուրքական քաղաքականությանը՝ Օսմանյան կայսրությունում չկային ազգային վարչատարածքային միավորներ, որպեսզի չճանաչվեին բնիկ էթնիկ խմբերի ազգային իրավունքները տարածքի հանդեպ։ Նույն ճակատագիրն է սպասվում Հայաստանին, որտեղ հետևողականորեն քայքայվում են պետական ​​կառույցներն ու նրանց ազգային բազան։ Արդեն քայքայել են:

Նաիրա Հայրումյան

Միջնադարյան խաչքարեր Ակնայի տարածքում

Ժամանակակից Ակնաի /Աղդամ/ շրջանի տարածքում մենք հանդիպում ենք տարբեր մշակութային շերտերի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ առկա են հայկական մշակույթի նախաքրիստոնեական, վաղ քրիստոնեական, վաղ միջնադարյան, միջնադարյան փուլեր, որի ապացույցն են տարածքում ի հայտ եկած հնագիտական /դամբարանաբլուրներ, վաղ քրիստոնեական գերեզմաններ/ ու միջնադարյան հուշարձանները։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ակնայի ազատագրումից հետո, քաղաքի  մերձակայքում, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել խաչքարեր, որոնք թվագրվում  են 9-12-րդ դարերով և միջնադարյան խեցեղենի մնացորդներ։ Ցավոք սրտի խաչքարերը հայտնաբերվել են վնասված՝ կոտրված վիճակում։

Հատկապես ուշագրավ է խաչքարերից մեկը, որը ոչ միայն պատկերաքանդակ է, պատկերված է զինավառ հեծյալ, որին կարծես թե դիմավորում են, այլ նաև արձանագիր։ Արձանագրության մեջ հիշատակված է Մարտիրոս անունը, ով հավանաբար խաչքարագործ վարպետն էր։

Առհասարակ Ակնայի շրջանի տարածքում պահպանված հայ մշակույթի հուշարձանների մեծագույն մասը վերաբերում է վաղ միջնադարին, իսկ ահա 13-14-րդ դարերով թվագրվող հուշարձանները սակավաթիվ են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տարածքն այս ավելի վաղ է հայազրկվել. իր տեղը զիջելով խաշնարած ցեղերին։

Հետագայում Փանահն այստեղ վերաբնակեցրեց Ղարադաղից ու Պարսկաստանի այլ շրջաններից եկած թուրք ցեղերով, տարածքում ձևավորելով նոր գյուղ, որը դարձավ Փանահի ու նրա հաջորդների ձմեռոցը։ 19-րդ դարի վերջին Ակնայում արդեն հաշվում էին 458 թուրք բնակիչ։ ԼՂԻՄ կազմավորման ժամանակ այս տարածքը նույնպես միտումնավոր դուրս թողնվեց ԼՂԻՄ կազմից, որի արդյունքում կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀ Աղդամի շրջանը, իսկ 1930 թվականին այն վերածվեց համանուն շրջանի կենտրոնի և դարձավ քաղաքային բնակավայր։

Առնվազն վաղ միջնադարից այստեղ գոյություն ունեցած մի շարք հնավայրեր այժմ հայտնի են  19-20-րդ դարերում դրանց տրված օտար՝ թուրքալեզու անվանումներով։ Եվ ցավոք սրտի շատերի պատմական, հայկական անվանումները մոռացության են մատնվել, ինչպես օրինակ Գյավուր – կալա բնակատեղին։

 

Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։ Այս մասին նշված է հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ։

«Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը (EUMA) ընդունված և նշանակալի է համարվում։ Կանադան ազատված է առաքելության բյուջե կատարվող ֆինանսական ներդրումներից»,- ասվում որոշման մեջ։

Կապույտ նիվան և անվերջ թվացող բաժանումը

73 ամյա տիկին Ջուլիետան իր ողջ կյանքը ապրել է Արցախում, Երևան գալիս էր խիստ անհարաժեշտության դեպքում, այն էլ հիմանականում իր ամուսնու հետ՝ իրենց հայտնի կապույտ նիվայով. ինքը ճանապարհն էր ցույց տալիս, իսկ ամուսինը մեքենան էր վարում: Հիմա նա Երևանում է, իսկ ամուսինը Ստեփանակերտում: Ասում է, որ սա ամենաերկար ժամանակահատվածն է, որ իրարից բաժանված են։  Ասում է, որ նույնիսկ արտագնա աշխատանքի չէր թողնում, որ ամուսինը գնա, քանի որ չէր պատկերացնում, թե ինչպես պիտի իրարից հեռու լինեն:

Տիկին Ջուլիետան 2022 թվականի դեկտեմբերի 26-ին պետք է մեկներ Երևան հերթական վիրահատության: «Երբ փակել էին ճանապարհը, մտածում էի՝ մի քանի օրից կբացեն, կմեկնեմ, կանեմ վիրահատությունս։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ամիսները անցնում էին, հիվանդությունս բարդանում, իսկ ես չեի կարողանում հասնել Երևան: Մյուս կողմից վախենում էի թողնել ընտանիքս, վախենում էի, որ չեմ կարողանալու վերադառնալ Արցախ»։

6 ամիս ապրել է այն սպասումով, որ մի օր ճանապարհը կբացվի, և նա կկարողանա հանգիստ սրտով մեկնել Երևան:

Հուլիսին տիկին Ջուլիետան մեկնեց Երևան ԿԽ միջազգային կոմիտեի միջոցով, քանի որ այլևս անհնար էր հետաձգել վիրահատությունը՝ կամրջից այն կողմ թողնելով մեծ ընտանիքը: Չնայած որ այստեղ իրեն լավ են նայում, խանութները լեփլեցուն են, կարող ես մտնել և գնել այն ամենը, ինչը մտքովդ անցնում է, ինչն արդեն 7 ամիս է անհնար է Արցախում, բայց ամեն ինչ կորցնում է իր փայլը, երբ քո տանը չես, քո ամուսնու, երեխաների և թոռների հետ չես:

«Արդեն 20 օր է, ինչ Երևանում եմ, ու չեմ կարողանում վերադառնալ Արցախ: Վեր եմ թռնում ամեն մի զանգից, այն հույսով, որ ԿԽ-ից են զանգում և ասում են այդքան սպասված նախադասությունը՝ «վաղը կգաք Գորիս, որ գնաք Ստեփանակերտ»։

Ադրբեջանցիներին առաջարկվում է «վերադարձ» Արցախի հանրապետություն ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ հայերին՝ հարմարվել Բաքվի հետ

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները շատերին ստիպում են նոր հայացք նետել փակուղային իրավիճակին։ Ամեն անգամ ափսոսում ես կորցրած թանկարժեք ժամանակի համար, բայց դրա մասին ոչ հիմա և ոչ այստեղ:

Մեկ անգամ չէ, որ ասվել է, որ փախստականների և բռնի տեղահանվածների խնդիրը Հայաստանի բոլոր ժամանակաշրջանների իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության և առավել եւս լուծման չի արժանանում։

Այնուամենայնիվ, նույնիսկ այսօր դեռ ուշ չէ այս խնդրին անդրադառնալու համար։

Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Արցախի Հանրապետության բնակիչներին անվանել է «նախկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչներ»՝ առանց ինքնավար բառն ասելու»:

Բայց նույնիսկ առանց այս երևույթը հաշվի առնելու, Հադրութի, Շուշիյի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բնակիչները, որոնց գյուղերն ու քաղաքները 2020 թվականի պատերազմի ժամանակ գրավել են ադրբեջանական զինուժը, տրամաբանորեն պետք է կարողանան վերադառնալ իրենց տները։

Այս մասին է վկայում նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության 6-րդ կետը։

Բայց ինչո՞ւ այս խնդիրը չի արծարծվում բանակցությունների ժամանակ, որոնք ընթանում են թե՛ իրեն «խաղաղարար» հռչակած Ռուսաստանի, թե՛ իր միջնորդության մասին հայտարարած Եվրոպայի հովանու ներքո։

Ինչո՞ւ հայազգի փախստականների և բռնի տեղահանվածների խնդիրը տեղ չի գտնում միջազգային կազմակերպություններում, նույն ՄԱԿ-ի փախստականների գործակալությունում։ Ասում եք՝ բողոքարկումներ չկա՞ն։ Շտապում եմ վստահեցնել, որ մեծ թվով նամակներ են ուղարկվել, բազմաթիվ հայտարարություններ են արվել։ Թեև, հանուն արդարության, պետք է խոստովանել, որ նման կոչեր չեն եղել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։

Ինչպե՞ս է Ադրբեջանին հաջողվում ՄԱԿ-ի առաջ դնել ադրբեջանցի փախստականներին Արցախի հանրապետություն  վերադարձնելու խնդիրը, ընդ որում՝ ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահների երաշխիքների ներքո, իսկ Արցախի Հանրապետության հայերին առաջարկում են ապրել Ադրբեջանի բռնատիրական, ֆաշիստական ​​վարչակարգի հովանավորության տակ, որը ցույց տվեց, որ հայերն այս երկրում տեղ չունեն, որ Ադրբեջանի պրոտեկտորատի տակ նրանց սպասվում է մահ կամ բռնի վտարում սեփական տներից։

Ինչպե՞ս է միջազգային հանրությունը ցանկանում «համոզել» արցախահայությանը ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, եթե նւյն հանրությունը չի կարող (կամ չի ցանկանում) մտնել այն տարածք, որտեղ մարդիկ ապրում են 7 ամիս առանց լույսի, գազի, առանց պատշաճ սննդի, դեղորայքի, բժշկական օգնության։ Որտեղ գյուղաբնակները չեն կարողանում հող մշակել ու օգուտներ ստեղծել՝ բնակչությանը գոնե գյուղմթերքով ապահովելու համար։ Արցախի վարելահողերի 70 տոկոսը չի ցանվել, քանի որ դաշտում աշխատող գյուղացիները գնդակոծվում են Ադրբեջանի տարածքից.

Ադրբեջանը 7 ամիս շարունակ իրականացնում է ոչ միայն ահաբեկչական գործողություն՝ պատանդ պահելով հանրապետության ողջ բնակչությանը, այլեւ բնապահպանական դիվերսիա, որը միջազգային իրավունքում եւս որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն։

Մարգարիտա Քարամյան

Առանց միջազգային ռազմական ներկայության ճանաչում չի լինի

Խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է միջազգային կառույցներին. « Հաշվի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախությունը ինքնահռչակած պետությունների նկատմամբ բռնությանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրավունքի դրույթները, կոչ ենք անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին»,- ասված է խոսնակի կոչում։ Կոչում չի նշվում միջազգային ռազմական ներկայության մասին:

Երեկ Արցախի հասարակական կազմակերպությունները բետոնե բլոկներով փակել էին Ասկերանից Աղդամ տանող ճանապարհը՝ ասելով, որ Արցախը կարող է ունենալ միայն մեկ ճանապարհ՝ դեպի Հայաստան։

Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ հիմա ամենակարևորը՝  պետության պես պահելն է, այլ ոչ թե որպես ոչ ինստիտուցիոնալ համայնք. կան պետական ​​կառույցներ, որոնք պետք է գործեն։

Այս համատեքստում նա կարծում է, որ ի պատասխան Բաքվի՝ Աղդամով փոխադրումներ իրականացնելու առաջարկին, Բրյուսելը կարող էր պատասխան առաջարկ ներկայացնել. քանի որ մարդասիրական փոխադրումները կիրականացվեն ՄԱԿ-ի պարենային ծրագրի միջոցով, ՄԱԿ-ը կարող է պահեստ վարձել Աղդամում, որը կպաշտպանեն 10000 միջազգային խաղաղապահներ:

Առանց Արցախում միջազգային ներկայության ոչինչ չի փոխվի և կարող է հանգեցնել ծանր հետևանքների, նշել է Ղուկասյանը։

Նա կարծում է, որ անհրաժեշտ է դիմել Ֆրանսիային՝ ապահովել ռազմական ներկայություն, ցեղասպանության վտանգը կանխելու համար։

Բարեկամ երկրներից որևէ մեկից ռազմական ներկայություն և ճանաչում ձեռք բերելու հնարավորություն կա՞։ Հիշվում է, 2020 թվականի դեկտեմբերին ոչ ոք չէր հավատում, որ նախագահ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նույն կերպ չի բացառվում Արցախի ճանաչումը կամ միջազգային զգալի ներկայությունը, որը կարող է խառնել ռուս-թուրքական բոլոր խաղաքարտերը։

Հայտնի ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը իր ժամանակ գրել էր, որ ամերիկացիները սպառնացել են ճանաչել Արցախը, եթե պատերազմը չդադարեցվի։ Ճանաչումն, ինչպես և միջազգային ռազմական ներկայությունը այժմ միջազգային օրակարգում են։ Բայց Արցախից պետք է հնչեն ճիշտ ազդանշաններ ճիշտ հասցեով։

«Միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է». Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և  միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա:

Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության  քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումները՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի՝Արցախի Հանրապետության հայ բնակչության ապամարդկայնացմանը։

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորը՝  բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անն Լույոն խոսել է ադրբեջանական ագրեսիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի կրած դժվարությունների, հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին 2 տարում գրանցված առաջընթացի, ժամանակից շուտ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու և դրա պատճառների մասին:

ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել. Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրերը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: