Երևանը այլ միջազգային դերակատարներին ևս կոչ է անում հետևել ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ խոսնակ

Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները Միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար:

Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:

Արտակ Բեգլարյանը․ այլ բան չի կարող փոխարինել միջանցքը

Խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է մեզ համար. դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս մասին NEWS.am-ւի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն ռաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով:

«Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների: Ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտը այս մասով լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նկատեց, որ Լաչինի միջանցքը միակ միջազգայնորեն հաստատված ճանապարհն է, որ Արցախը կապում է Հայաստանին եւ ամբողջ աշխարհին. «Դա նաեւ հումանիտար միջանցք է, այլ ճանապարհ չի կարող փոխարինել այդ միջանցքին»:

Արցախի նախագահը հանդես կգա ուղերձով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին հանդես կգա ուղերձով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով: Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ», Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:

Լաչինի միջանցքի կարգավիճակը կասկածի տակ է՝ տոտալ երեսպաշտություն

Հուլիսի 15-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նշել է «Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնել Աղդամով… Ես նաև ողջունում եմ բժշկական տարհանման վերսկսումը ԿԽՄԿ-ի միջոցով»։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, և դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վիճակը։ ՌԴ ԱԳՆ-ն նույնպես կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

Այս երկու հայտարարությունների համատեքստում ի հայտ է գալիս հետևյալ պատկերը՝ ԵՄ-ի, Ռուսաստանի, Բաքվի և Երևանի միջև «կոնսենսուս» է ձևավորվել, որ Լաչինի միջանցքը պետք է գործի բացառապես Կարմիր Խաչի հովանու ներքո հիվանդների տարհանման համար։ Այսինքն՝ այն դադարեց ծառայել որպես 2020 թվականի Եռակողմ հայտարարությամբ սահմանված միջանցք՝ ապրանքների և մարդկանց փոխադրման և Հայաստանի և Արցախի միջև կապն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (ըստ Կրեմլի կայքի) «Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև և չի վերաբերվի Շուշա քաղաքին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի հսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով»:

Մոսկվան խոսում է «հիմնարար փոփոխության մասին, որում ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը”։ Ի՞նչ է դա նշանակում։ Ռուսաստանը պատրա՞ստ է վերանայել Եռակողմ հայտարարությունը և այն սպառվա՞ծ է համարում։ Այդ դեպքում ինչի՞ հիման վրա է այժմ դրա կոնտինգենտը Արցախում։ Իսկ եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի սպառվել, ապա Մոսկվան պարտավոր է կատարել իր պարտավորությունները Լաչինի միջանցքում։

Թեև Մոսկվան «փոփոխությունը» կապում է Փաշինյանի հայտարարության հետ, որ «Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», իրականում ռուսական զորքերը Բաքվի հետ միասին սկսել են փոխել Բերձորի միջանցքի 5 կիլոմետրանոց արտատարածքային կարգավիճակը դեռ 2022 թվականի օգոստոսին։ Բոլորը հիշում են Բերձորի, Ահավնոյի և Սուսի հապճեպ հանձնման, ադրբեջանցիների կողմից «ճանապարհի իրենց հատվածի» կառուցման, հայկական կողմից շինարարության ավարտի պատմությունը։ Եվ անմիջապես, հենց բացվեց ճանապարհի նոր երթուղին, Բաքուն Մոսկվայի համաձայնությամբ ու աջակցությամբ ճանապարհին անցակետ տեղադրեց ու արգելեց մուտքը։

Ո՞վ է որոշելու Լաչինի միջանցքի կարգավիճակը այն բանից հետո, երբ Մոսկվան պաշտոնապես հաստատի, որ չի կատարում իր պարտավորությունները և չկա Եռակողմ հայտարարություն։ Հայկական կողմը խոսում է միջանցքի բացառապես մարդասիրական նշանակության մասին, եվրոպացիները՝ որ միջանցքն անհրաժեշտ է միայն հիվանդների տարհանման համար։ Ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժն այլեւս ոչ մեկին չի անհանգստացնում։ Առավել եւս՝ Հայաստանի եւ Արցախի կապը։ Տոտալ երեսպաշտություն։

«ՄԱԿ-ը պետք է տիրություն անի իր բազում կոնվենցիաներին, որոնցով այսօր Արցախի Հանրապետությունը դե ֆակտո և դե յուրե կայացած հանրապետություն է»

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Արցախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհրդի անդամ, բժիշկ Արամայիս Գալումյանը իր ելույթում նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախի դեմ, ահաբեկչություն է։ «Դա ահաբեկչություն է մի պետության կողմից, որը ոչ թե մասնավոր ահաբեկչական խմբավորում է, այլ ահաբեկիչ պետություն է։ Չտեսնված մի երևույթ է, երբ կարելի է 120 հազար մարդու շրջափակել, զրկել տարրական սննդի հնարավորությունից, առողջապական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Սա ի՞նչ է, եթե ոչ ահաբեկչություն։ Այստեղ պատասխանատու են բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր մեծ պետությունները, որոնք աշխարհում կարգեր են հաստատում։ Մենք պահանջում ենք Արցախի բնակչությանն ապահովել սննդով, առողջապահական ծառայություններով, ճանապարհով և ամեն ինչով»,- հայտարարեց  Արամայիս Գալումյանը։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը իր խոսքում նշեց, որ հայությունը չի կորցրել իր հույսը, որ փափուկ ուժով էլ կարող է Արցախը փրկել։ «ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարբերաբար ինձ անձամբ հիշեցնում է, որ իրենք քաղաքական հարցերով չեն զբաղվում։ Հարց եմ տալիս՝ միթե տոտալ շրջափակման մեջ 2 մանկահասակ երեխաների մահը քաղաքականության արդյունք չէ՞։ Ինչո՞ւ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը մինչ օրս չի բարձրաձայնել, որ այսօր տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի հանդեպ ցեղասպանությունն ընթացքի մեջ է։ Այսօր Արցախը գտնվում է հյուծման միջոցով ցեղասպանության ընթացքի մեջ»։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարտավոր է միջնորդ լինել Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի և մեր միջև և տեղ հասցնի նրանց, որ ՄԱԿ-ը կարիք ունի վարկանիշի փրկության։ ՄԱԿ-ը չպետք է մոռանա, որ ինքը իրավահաջորդ է Ազգերի լիգայի, որը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։ ՄԱԿ-ը պետք է տիրություն անի իր բազում կոնվենցիաներին, որոնցով այսօր Արցախի Հանրապետությունը դե ֆակտո և դե յուրե կայացած հանրապետություն է»,- ասաց Ավագյանը։

Նա հավելեց, որ վերջերս ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնյաներին նամակներ են հղել, որում հիշեցրել են, որ առնվազն Արցախյան առաջին պատերազմից 820 հազար հայեր փախստական են դարձել, երկրորդ պատերազմից, ինչպես ֆիքսել է հենց ՄԱԿ-ը, 26 հազար 750 փախստական կա։ «Պահանջել ենք, որպեսզի ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը գա Հայաստան և տեղում հասկանա, թե ինչ մտահոգություններ ունեն հայ փախստականները։ Երկրորդ կետով դիմել ենք, որպեսզի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցով խորհրդականը տրամադրի տեղեկատվություն, թե ՄԱԿ-ը ինչ գործողություններ է անում Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ հյուծման միջոցով տարվող ցեղասպանությունը կասեցնելու և հետագայում այն կանխարգելելու համար»,- մանրամասնեց Մարիամ Ավագյանը։

Բողոքի մասնակիցները կգնան նաեւ Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Արցախի շրջափակման հարցով հայց է ներկայացվել Վաշինգտոնի դատարան Վազիրիի դեմ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է.

Կոլեկտիվ հայց է ներկայացվել Միացյալ Նահանգների դաշնային դատարան Վաշինգտոնում, ընդդեմ Մոհամմադ Ռեզա Վազիրիի՝ ԱՄՆ-ում գործող Anglo Asian Mining PLC-ի ղեկավարի դեմ: Վազիրիին մեղադրում է Ադրբեջանի կողմից արցախցի քաղաքացիների շարունակվող ապօրինի բանտարկությանը մեղսակցության և Արցախի 7-ամսյա ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած խոշտանգումների մեջ։

Դաշնային բողոքում մասնավորապես ասվում է, որ Վազիրին ֆինանսապես աջակցել և խրախուսել է Ադրբեջանին Արցախի շրջափակման մեջ՝ պնդելով, որ «շրջափակումը պահպանվի և չվերացվի այնքան ժամանակ, քանի դեռ մեղադրյալ Վազիրին, նրա գործակալները և/կամ նրա հանցակիցները ոսկու և պղնձի հանքեր մուտք գործելու իրավունք չեն ստացել Լեռնային Ղարաբաղում»:

Բողոքում նաև ասվում է, որ Վազիրին նպաստել է ԱՄՆ Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտումներին՝ փորձելով ապահովել Արցախում թանկարժեք մետաղների, այդ թվում՝ ոսկու և պղնձի հանքավայրերի հասանելիությունը և շահագործումը:

Գործում պնդվում է, որ Վազիրիի՝ Արցախի ոսկու և պղնձի հանքավայրեր մուտք գործելու պահանջների և Ադրբեջանի կողմից արցախահայության շարունակական շրջափակման միջև կարևոր կապ կա:

Գործը հարուցվել է որպես հայցվորների կատեգորիա՝ ներառյալ 120.000 արցախահայեր, այդ թվում՝ 30.000 երեխաներ, ծերեր և 9.000 հաշմանդամներ։

Վստահ եմ, որ հազարավոր ադրբեջանցիներ նույնպես դժգոհություններ ունեն այս անձի և ընկերության դեմ, որը նույնպես պատկանում է Ալիևների ընտանիքին։ Այս դեպքը կօգնի լույս սփռել ընկերության մութ կողմերի վրա, ներառյալ Ալիևի ռեժիմի մասնակցությունը բոլոր անօրինական գործողություններին:

Գործը հարուցվել է ԱՄՆ-ում գործող միջազգային իրավաբան Կարնիգ Քերքոնյանի և Kerkonian Dajani LLP իրավաբանական ընկերության կողմից՝ փաստաբաններ Արման Թաթոյանի, Կարո Ղազարյանի և Թաթոյան հիմնադրամի իրավունքի և արդարադատության կենտրոնի աջակցությամբ։

Պաշտոնական բողոքի տեքստը կարող եք կարդալ այստեղ։ @ArtakBeglaryan

Շրջափակումը սպանում է. վառելիքի սղության պատճառով “շտապ օգնությունը” չի կարողացել փրկել Արցախի պետնախարարի ազգականի կյանքը

Ինչպես հայտնի դարձավ, երեկ երեկոյան Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի աներոջ առողջական վիճակը  վատացել է, շտապօգնությունը ժամանել է շատ ուշ, և նրան փրկել չի հաջողվել։

Ինչպես Step.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, կարելի է պնդել, որ մահվան պատճառ է դարձել նաև շրջափակումը, քանի որ վառելիքը բավարար չէ, եւ շտապօգնությունը չի կարողացել ժամանակին բուժօգնություն ցուցաբերել։

Արցախի շտապօգնության վարչությունից Step.am-ին ասացին, որ ոչ միայն մեքենաների վառելիքը չի բավականացնում, այլեւ դեղերը։

Զինադադարը խախտվել է Մարտակերտում, Ներքին Հանդում եւ Սոթքում

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 17-ին ժամը 00:05-01:40-ն ընկած ժամանակահատվածում, հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են  Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանին արգելված է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, սակայն խաղաղության պարտադրման ոչ բռնի մեթոդները թույլատրված են

Միջանցքի ապաշրջափակման Համաժողովրդական շարժման շտաբի նախաձեռնող խումբն այսօր երեկոյան՝ ժամը 19.00-ին Շտաբի մոտ հավաք է հայտարարել՝ քննարկելուԱրցախի ապաշրջափակման կոնկրետ գործողություններ։ Հանդիպումն արդեն կայացել է։

Շտաբը նման որոշում է կայացրել Վերածննդի հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքից հետո։ Շտաբի համակիր, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն ասաց. «Իշխանությունը շատ վատ է կազմակեչպլ հուլիսի 15-ի հանրահավաքը։ Շատ թույլ կոչեր եղան։ Բանախոսների խոսքում կոնկրետ հայտարարություններ չկային։ Եվ մտավախություն կա, որ հանրահավաքը հասարակության մեջ հիասթափություն կսերմանի, ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Հիմա մեր խնդիրն է թույլ չտալ, որ ժողովրդի էներգիան նպատակային փոշիացվի»,- ասաց Արթուր Օսիպյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ մեզ ոչ ոք չի օգնի, և մեզ աջակցություն չի լինի»,- ասաց նա։

«Գերտերությունները երեկվա հանդիպումներում և հայտարարություններում ցույց տվեցին իրենց դիրքորոշումները։ Փաստորեն, Ադրբեջանին արգելված է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել տարածաշրջանում, սակայն խաղաղության պարտադրման ոչ բռնի մեթոդները թույլատրված են։ Կոչերից բացի այլ բանով մեզ չեն օգնի։ Մենք միայն մեկ ելք ունենք՝ հավաքվել, կազմակերպվել և բացառապես խաղաղ երթ սկսել դեպի Հաքարի կամուրջ։ Եթե ​​մենք պասիվ մնանք, իրավիճակը կսրվի ու կվատթարանա. կսկսվի ոչ միայն հարկադիր ինտեգրում, այլև Ադրբեջանի ուժային կառույցների կողմից հայերի նկատմամբ կոշտ քայլերը»,- ասաց Օսիպյանը։

Նա կոչ արեց բոլոր նրանց, ովքեր հասկանում են իրավիճակը, ովքեր չեն ցանկանում, որ իրենց հարգանքն ու արժանապատվությունը ոտնահարվեն, նախապատրաստական ​​աշխատանքներ սկսել նախատեսվող գործողությունների իրականացման համար։

Եռակողմ հայտարարությունը հայտարարվել է սպառված. վակուումը ուզում են “աղդամով” լրացնել

Բրյուսելում կայացել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, որից հետո Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանը զբաղեցնում է 29800 քառ. կմ, իսկ Ադրբեջանը՝ 86600 քառ. կմ”՝  հավատարիմ մնալով Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին:

Նա նշել է «Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնել Աղդամով… Ես նաև ողջունում եմ ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանման վերսկսումը»։

Միշեկն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարիք ունի իր իրավունքների և անվտանգության երաշխիքների և հայտարարել է, որ ԵՄ-ն կարևոր է համարում ուղիղ երկխոսության հաստատումը Բաքվի և «ԼՂԻՄ-ում բնակվող հայերի» միջև։ ԵՄ-ն, փաստորեն, խոսում է միջազգային երաշխիքների և ինքնավար կարգավիճակի մասին, իսկ Բաքուն կտրականապես հրաժարվում է եւ կարգավիճակից, եւ միջազգային երաշխիքներից, եւ միջանցքի բացումից։

Միշելն ասաց, որ ամառվանից հետո Փաշինյանին ու Ալիևին կհրավիրի ևս մեկ հանդիպման՝ Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի շրջանակներում, այս անգամ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ քննարկվել է Ղարաբաղում «զորքերի դուրսբերման և բանակային կազմավորումների զինաթափման» հարցը։

Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ քննարկվել են «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցեր»։

Ամփոփելու համար նշենք, որ բրյուսելյան հանդիպմանը նոր է«աղդամյան» տարրն է հայտնվել՝ մարդասիրական մատակարարումների համար, իսկ Լաչինի միջանցքը, ըստ երեւույթին, կօգտագործվի միայն ԿԽՄԿ-ի համար։ Բացի այդ, տարաձայնությունները պահպանվում են բոլոր հարցերի, այդ թվում՝ կարգավիճակի, միջանցքի ու երաշխիքների շուրջ, իսկ աշնանը սպասվում է նոր հանդիպում։ Տեղեկություններում ոչ մի խոսք չկա ռուսական խաղաղապահ առաքելության, նոյեմբերի 9-ի հայտարարության, միջազգային խաղաղապահների մասին։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխում է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վիճակը տարածաշրջանում»։

Փաստորեն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը սպառված է համարվում, եւ Ռուսաստանը կարող է վերանայել իր խաղաղապահ կոնտինգենտի պայմաններն ու դիրքորոշումը։ Կոնտինգենտը դուրս կբերվի՞ մինչև 2025 թվականը, թե՞ ավելի վաղ: Էրդողանն արդեն հրամայել է Պուտինին զորքերը դուրս բերել Արցախից, իսկ Մոսկվան չի առարկել։

Քանի որ եռակողմ հայտարարություն այլեւս չկա, Մոսկվան համարում է, որ պարտավոր չէ ապահովել նաեւ Լաչինի միջանցքը, ինչի պատճառով էլ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել «ադրբեջանական ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու համար»։

Արցախում արձագանքը հետևյալն էր՝ նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է հղել Միշելին, որը Փաշինյանն անձամբ է փոխանցել նրան։ Խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է հղել բոլոր բարեկամ երկրներին՝ սկսելու Արցախի «ճանաչման հանուն փրկության» ընթացակարգը։ Պետական ​​նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցությունների և զիջումների առարկա չէ, որ Արցախի ժողովուրդը վաստակել է ինքնորոշման իրավունքը և իրացրել է այն։ Իսկ Արցախի ժողովրդի անունից արված զիջումների մասին ցանկացած հայտարարություն, զիջումների վերաբերյալ ցանկացած որոշում առ ոչինչ է»։

Այսօրվա հանրահավաքը տարակուսանք առաջացրեց

«Հարկ է նշել, որ երեկ ավելի հստակ և համարձակ քայլեր արվեցին, իսկ հիմա կարծես թե մտնում ենք անորոշության շրջան։ Շտաբը հետեւելու է հանրահավաքներին և թույլ չի տա, որ ալիքը մարի», Step1.am–ին տված հարցազրույցում ասել է Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» շտաբի անդամ, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Երեկվա հանրահավաքից և դեպի Ստեփանակերտի օդանավակայան երթից, քաղաքական պահանջների ներկայացումից հետո այս երեկո տեղի ունեցավ երկրորդ հանրահավաքը, որին Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցությունների և զիջումների առարկա չէ, Արցախի ժողովուրդը վաստակել է ինքնորոշման իրավունքը և իրացրել այն։ Իսկ Արցախի ժողովրդի անունից արված զիջումների մասին ցանկացած հայտարարություն, զիջումների վերաբերյալ ցանկացած որոշում առոչինչ է»։

Այսօր Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, որտեղ նոր շեշտադրումներ եղան, և ՌԴ ԱԳՆ հայտարարության ֆոնին սպասվում էին քաղաքական գնահատականներ և առաջիկա քայլերի քննարկում։

Այսօրվա հանրահավաքում ոչինչ չհասկացա, Step1.am-ին տված հարցազրույցում ասաց ստեփանակերտցիներից մեկը։ «Մեզ պիտի ասեն՝ ինչ և ինչպես, եթե մեզ արդեն տվել են, թող ասեն, եթե ոչ, ուրեմն պետք է պայքարել։ Եվ մենք պատրաստ ենք պայքարել։ Երեկ մի բան էին ասում, այսօր լրիվ այլ բան։ Պետնախարարը երեկ ասաց, որ պետք է սպասել հանդիպմանը (Բրյուսելում), և եթե ինչ-որ բան այն չընկնի, մենք առաջ կգնանք։ Իսկ որտե՞ղ են այսօր ճանապարհ բացելու կոչերը։ Ասեք, թե ինչ է սպասվում առջևում։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք սոված ել մնալ, բայց պետք է տեսնել ապագան։ Երեկ երեխաների հետ քայլեցինք դեպի օդանավակայան, իսկ այսօր ոչինչ չեն ասում։ Ի՞նչ է որոշվել հանդիպմանը, թող ասեն»,- ասաց կինը։