Պուտինը Կրեմլում հունիսի 29-ին հանդիպել է Պրիգոժինի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խռովության փորձից հինգ օր հետո Կրեմլում հանդիպել է «Վագներ» ՄՌԿ ղեկավարության հետ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իսկապես, նախագահը նման հանդիպում ունեցել է։ Նա հանդիպմանը հրավիրել էր 35 մարդու։ Ընկերության ջոկատների բոլոր հրամանատարներին եւ ղեկավարությանը։ Ներառյալ Պրիգոժինին։ Այդ հանդիպումը կայացել է Կրեմլում հունիսի 29-ին։ Տեւել է մոտ երեք ժամ»,- ասել է նա լրագրողներին։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը միջոցառման ժամանակ «գնահատական է տվել ընկերության գործողություններին ճակատում հատուկ ռազմական գործողության ընթացքում, ինչպես նաեւ իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները եւ առաջարկել նրանց աշխատանքային գործունեության հետագա տարբերակները»։

«Նրանք շեշտադրել են, որ պետության ղեկավարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի համոզված կողմնակիցներն ու զինվորներն են»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հանդիպման այլ մանրամասներ Պեսկովին հայտնի չեն։

Ինչ եղավ գազի հետ. Բրյուսելի հանդիպումից առաջ ինչ-որ մեկն ուզում էր «գոլորշի բաց թողնել»

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում գազ է հայտնվել. մեքենաները շարվել են գազալցակայանների մոտ, Արցախգազի աշխատակիցները սպառողներին զգուշացրել են մոտալուտ գազամատակարարման մասին։ Բայց հետո գազը դադարեց։ Կառավարության ներկայացուցիչներն ասացին, որ Արցախի հետ շփումներ չեն եղել ո՛չ գազը միացնելու, ո՛չ էլ անջատման ժամանակ։

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյան՝ Արցախի նախագահին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ապաշրջափակման Համաժողովրդական շարժման շտաբի նախաձեռնող խմբի անդամ, ձեռնարկատեր․

-Ի՞նչ եղավ գազի հետ, և արդյոք այս իրադարձությունները կապված են Բրյուսելում կայանալիք բանակցությունների հետ։

-Գազամատակարարման վերսկսման և դրա դադարեցման հետ կապված իրավիճակը գովազդային արշավ է, բրյուսելյան հանդիպումից առաջ «գոլորշի բաց թողնելու» մի տեսակ փորձ։ Ռուսական կողմը Ադրբեջանի հետ մտադիր է սաբոտաժի ենթարկել բրյուսելյան հանդիպումները։ Պատահական չէ նաև, որ Մարիա Զախարովան քննադատել է Ֆրանսիայի նախագահին, և գուցե այդ քննադատությունը կկիրառվի Մակրոնի նկատմամբ։ Նաև կարծում եմ, որ Պուտինն ու Ալիևը կփորձեն փոխել բանակցությունների ձևաչափը Բրյուսելում։ Եվ այս ամենը գալիս է Ուկրաինայում տիրող իրավիճակից, ինչպես նաև Թուրքիայի վերջին գործողություններից՝ գերիներին Ուկրաինա վերադարձնելու ուղղությամբ։ Այսինքն՝ Թուրքիան տեսավ, որ կշեռքը ուկրաինական կողմ է թեքվում։ Իսկ Ռուսաստանը, հասկանալով, որ Եվրոպայի հետ «ոչինչ չի ստացվի», ամբողջ ուժով կփորձի բավարարել իր կայսերական հավակնությունները Կովկասում, որպեսզի իր ազդեցության գոտում պահի գոնե Կովկասի հարավը։

Այս իրավիճակում ամեն ինչ կախված է հայ վերլուծաբանների ու դիվանագետների ճիշտ ու ակտիվ աշխատանքից։ Թեեւ նրանց գործողությունները կասկածներ են հարուցում, որ Հայաստանի իշխանության մեջ նստած են ոչ ադեկվատ մարդիկ կամ արտաքին ազդեցության գործակալներ։ Օրինակ՝ նրանց գործողությունները հանգեցրին Հաքարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի օրինականացմանը։ Ինչո՞ւ երկրորդ անգամ դիմեցին քրեական դատարան անցակետի հարցով, թեեւ անհրաժեշտ էր Անվտանգության խորհրդ դիմել (նկատի ունենք Միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը)։

– Բաքվի վրա ճնշում կա՞ եւ ո՞ւմ կողմից։

-Այսօր Բաքվի վրա ակնհայտ ճնշում չեմ տեսնում: Իսկ եթե կա, ապա միաձույլ չէ։ Բայց, ընդհանուր առմամբ, կա մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է իր համար ինչ-որ բան պոկել, հատկապես գլոբալ հարցերում՝ իսկ դրանք Ուկրաինան ու Չինաստանն են։ Հատկապես Ուկրաինան, և ամբողջ գալիք շաբաթվա ընթացքում, ինչ էլ որ անենք, աշխարհը քննարկելու է Ուկրաինայի խնդիրը. այնտեղ որոշվում է նոր աշխարհակարգի հարցը։

Հայկական քաղաքականությունը պետք է աշխատի, որպեսզի գլոբալ քննարկումների ընթացքում առաջին պլան մղվի նաեւ Արցախի հարցը։ Բայց, միևնույն ժամանակ, ուկրաինական հարցի լուծումը չպետք է պրոյեկտել Արցախի հարցի վրա։ Օրինակ՝ տարածքային ամբողջականության խնդիրը իր ներկայիս պատկերացումներով։

Step1.am

Երբ աղմկում է անցյալը. Քարագլուխ

2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, օկուպացրել են Փառուխ և Քարագլուխ գյուղերը։ Հարկ է նշել, որ Քարագլխի աշխարհագրական դիրքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Բարձունքը վերահսկում է Ակնայի հարթավայրը, Խաչենի հովիտը, ինչպես նաև Ասկերանի ենթաշրջանի մի մասն ու Ստեփանակերտը։

Պատմական իրադարձությունները փաստում են, որ Ասկերանի ու նրա շուրջը գործող ռազմավարական բարձունքների նկատմամբ թուրք-թաթարական մերօրյա ցանկություններն ամենևին էլ նորություն չեն։ Ասկերանի գյուղերի, բարձունքների նկատմամբ նրանց հավակնություններն առնվազն 100 տարվա վաղեմություն ունեն ։

Դրա մասին են վկայում 1918 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերը, երբ ամսի 21-ին թուրքական զորքը  հարձակման անցավ Ասկերանի ուղղությամբ, նպատակ ունենալով  գրավել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները։

Այդ օրերի մասին կարևոր հիշատակություն ունի Ղարաբաղի ժողովրդական կառավարության առաջին նախագահ Եղիշե Իշխանյանն իր «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքում։ Համաձայն որի, սեպտեմբերի 21-ին և 22-ին թուրքական զորքը ուժեղ գրոհ է սկսում Քարագլխի և Վարազաբուն,  Քյաթուկ գյուղերի ուղղությամբ։ Նրանց հաջողվում է գրավել որոշ հայկական բնակավայրեր, սակայն առաջին օրերին Քարագլուխը մնում է անսասան։ Դալի Մահրասան, Մուսան, Աղասին, Ալէքսան դայու ղեկավարությամբ հետ են մղում թշնամու գրոհները, և Քարագլխի մոտ թշնամին բավական կորուստներ է ունենում։ Սակայն հայկական պաշտպանական ուժերը զիջում էին մի քանի անգամ գերակշռող թուրքական զինված ուժերին, բացի այդ զենքի ու զինամթերքի լուրջ պակաս էր զգացվում։

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո հաջորդ օրը ևս մարտական գործողությունները շարունակվում են։ Սեպտեմբերի 23-ին թուրքական զորքերը գրավում են Քարագլուխն ու Խրամորթը։ Նրանց առաջխաղացումն ավելանում է և արդյունքում թուրքական զորքերը գրավում են նաև Վարազաբունը, Ղլիժբաղը, Խանապատը, Քյաթուկը, Փիրջամալը, Նախիջևանիկն ու Ասկերանը։ Կարճ ժամանակ անց Ասկերանի և նրա շրջակա գյուղերի անկման լուրը տարածվում է Արցախում։ Ասկերանի և շրջակա գյուղերի անկումը դրդում է համագումարի նիստ գումարել։ Նիստին համագումարի անդամներն ունեին տարբեր տեսակետներ։ Ոմանք կարծիք են հայտնում, որ պետք է խաղաղությունը չխախտել և հարևանների հետ հաշտ ապրել։ Ոմանք ցանկանում էին շարունակել զինված դիմադրությունը, սակայն գիտակցում էին, որ զենքի ու զինամթերքի բացակայության դեպքում անհնար է պայքար մղել թուրք-թաթարական մեծաքանակ զորքի հետ։

Քարագլխի հին գերեզմանոցում այսօր կանգուն է մի տապանաքար, Հարություն Մովսիսյան Գրիգորյանցի տապանաքարը, որի վրայի գրությունը փաստում է,  որ նա մասնակցել է Քարագլխի ինքնապաշտպանական մարտերին ու իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։

«Երնեկ այն մարդուն, որ ազգի Սիրուն կըզոհվի

Այս է տապան լուսահոգի Յարությունի Մովսեսեան Գրիգորյանց որը տաճկական պատերազմի ժամանակ Քարագլուխ գյուղը վերցնելուց չխնայելով իր երիտասարդ կյանքը հանուն ժողովրդի զոհ գնաց տաճկական գնդակին ջուխտ խաչերի առջև։ 23 սեպտեմբերի, 1918թ, 35 տարեկան հասակում »։ Մինչդեռ այսօր Ադրբեջանը գնում է ամեն քայլի, օկուպացված տարածքները ոչ հայկական ներկայացնելու համար։

Արցախյան առաջին պատերազմում Քարագլուխը կրկին հայտնվել էր թշնամու թիրախում, կատաղի մարտերում սակայն մեր մարտիկներին հաջողվել է ծանր գնով անառիկ պահել այն։

Պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերը երբեք պատրաստ չեն խաղաղ ապրել հայերի կողքին և ամեն առիթով միշտ փորձելու են առաջ շարժվել։ Ցավալիորեն մեզանից շատերը սա չգիտեն, կամ էլ գիտեն, սակայն չեն ցանկանում դասեր քաղել պատմությունից։

Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման հետ կապված իրավիճակին՝ նշելով, որ էներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ պետք է իրականացվեն առանց սահմանափակումների, իսկ Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական երկխոսություն պետք է սկսվի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել էր Արցախ գազի մատակարարումը, սակայն հուլիսի 9-ին կեսօրին ադրբեջանական կողմը կրկին լրիվ անջատել է այն:

«Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ: Ինչպես բազմիցս կրկնել է Եվրամիությունը, չափազանց կարևոր է, որ էներգայի մատակարարումները վերականգնվեն առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի՝  նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: Եվրամիությունը անհամբերությամբ սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»,- գրել  է Կլաարը։

Ավելի վաղ նա գրել էր․ «Հաճելի էր այսօր առավոտյան կարդալ, որ Խանքենդի/Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնվել է»։

Ո՞վ է իրավունք տվել նրան Ստեփանակերտը Խանքենսի անվանել, հայտնի չէ։

Թաթարական Ղրիմը Թուրքիայի պրոտեկտորատի տակ, ինչպես Նախիջևանը 100 տարի առաջ

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին կոշտ բազմակողմ խաղ է ընթանում դաշինքի անդամների միջեւ։ Գագաթնաժողովի երկու հիմնական հարցերում՝ աջակցություն Ուկրաինային և Շվեդիայի անդամակցությանը Դաշինքին, առաջատար դեր է խաղում է ընտրություններից հետո վերածնված Էրդողանը։

Բայդենն ու Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական կողմի խոսքով՝ քննարկվել են ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցությունը, Շվեդիայի անդամակցությունը, F-16-ների մատակարարումները, ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցությունը։ Այսինքն՝ Էրդողանը, որպեսզի համաձայնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն, պահանջում է ոչ միայն F-16-ներ, այլեւ՝ անդամակցություն ԵՄ-ին եւ առանցքային դերակատարություն Ուկրաինայում։

Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ում և Ռուսաստանի հետ նրա եղբայրական հարաբերությունները պաշտոնապես չեն քննարկվում, սակայն փորձագետները դրանք համարում են առանցքային գործոն։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական դեր ստանձնելու Թուրքիայի փորձերը ի սկզբանե դրական էին գնահատվում Արևմուտքում, բայց հետո պարզ դարձավ, որ Թուրքիան խաղում է իր սեփական խաղը։ Նա, փաստորեն, աջակցում է Պուտինին՝ նրանից ստանալով այն ամենը, ինչ ուզում է, բայց չի օգնում Ուկրաինային։

Գագաթնաժողովից բառացիորեն մի քանի օր առաջ Էրդողանը Զելենսկիին հրավիրեց Կոստանդնուպոլիս և նրան «հանձնեց» Ազովի գնդի հրամանատարներին։ Հրամանատարների հետ մի քանի ամիս առաջ տարօրինակ պատմություն է պատահել՝ Մարիուպոլում Ռուսաստանի կողմից նրանց գերեվարվելուց հետո Էրդողանը, փաստորեն, համոզել Պուտինին նրանց արտահանձնել Թուրքիայի “պրոտեկտորատի” տակ, խոստանալով չարտահանձնել Ուկրաինա։ Դա Էրդողանի «փոխզիջումն» էր։ Հիմա, փաստորեն, Էրդողանը «գնեց» Ուկրաինային՝ նա կարող է Ուկրաինային զենք չտալ (Պուտինի դեմ չգնալու համար)։ Էրդողանը չի միանում հակառուսական պատժամիջոցներին, ինչը հարցեր է առաջացնում Կիևում և ՆԱՏՕ-ում։ Ըստ ամենայնի, նա այս կերպ է «վճարել»՝ նաեւ հայտարարելով, որ «Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելու»։

Բացի այդ, Էրդողանը պարտավորվել է միջնորդ դառնալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ եւ օգոստոսին հայտարարել Պուտինի Թուրքիա այցի մասին։

Ռուսական կողմի արձագանքը վկայում է այն մասին, որ Մոսկվան գնալու է Էրդողանի հետեւից։ Պեսկովը միայն ասել է, որ Պուտինի այցի ժամկետները հայտնի չեն, սակայն Էրդողանին չի հերքել։ Իսկ հուլիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի միջև։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի առաջնորդների»՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի շուրջ։ Անկարայի ուշադրությունը հրավիրվել է Կիևի ռեժիմին ռազմական տեխնիկայի մատակարարումները շարունակելու կուրսի ապակառուցողականության վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Էրդողանի պնդումները ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, ի լրումն «Ազովստալի» պաշտպանների ազատ արձակման, նկատելի տեղաշարժ է ռուս-թուրքական հարաբերություններում, թեև Ուկրաինային Էրդողանի ակնհայտ աջակցության խորությունն ու համառությունը ներկայումս պարզ չէ», – ասում են արևմտյան վերլուծաբանները:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը մատնանշել է այս «խորությունը», և դա կարծես Ղրիմն է։

Կողմերը քննարկել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում տիրող իրավիճակը։ «Ամեն դեպքում, մենք կվերականգնենք մեր օրինական վերահսկողությունը Ղրիմի վրա և կվերադարձնենք թերակղզու անվտանգությունը և արդարությունը Ղրիմի բոլոր մարդկանց, մասնավորապես Ղրիմի թաթար ժողովրդին, որը, ցավոք, այժմ կրկին ենթարկվում է դաժան բռնաճնշումների և ճնշումների Ռուսաստանի կողմից»,- ընդգծել է Զելենսկին։

«Ղրիմի բռնակցման սկզբից, որը հակասում է միջազգային իրավունքին, և առ այսօր մենք բոլոր հարթակներում հայտարարում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այսօր Ղրիմի թաթարները նույնպես համառ պայքար են մղում Ուկրաինայի ազատության համար, և շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Զելենսկիին՝ Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների ապահովման գործում կատարած աշխատանքի համար։

Այսպիսով, Էրդողանի խաղի պարադիգմը նշմարվում է. նա մնում է Պուտինի հետ շփման «միակ կապուղին», դառնում է ապագա բանակցությունների գլխավոր միջնորդը, և արդյունքում՝ որպես «փոխզիջում», առաջարկում է վիճելի թաթարական Ղրիմը հանձնել Թուրքիայի պրոտեկտորատի տակ։ Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ եղավ Նախիջեւանի հետ։ Իսկապես «սողոմոնյան որոշում»։

Կլաարը պետք է ոչ թե ուրախանա, այլ շրջափակմանը իրավական ու քաղաքական գնահատական ​​տա

Հարավային Կովկասում և Վրաստան ճգնաժամերի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էստոնացուն ոչ հարիր արագությամբ է արձագանքել Բաքվի անհաջող «սալտոյին»՝ Արցախի գազը միացնելու և դրա գրեթե անմիջապես անջատմանը։ Գազը միացնելուն պես նա «պոլիտկոռեկտ» թվիթ արեց. «Հաճելի էր այսօր առավոտյան կարդալ, որ Խանքենդի/Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնվել է»։

Թե ինչից է ելնում ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախի մայրաքաղաքն անվանելով «Խանքենդի», հայտնի չէ, բայց պետք է հասկանալ, որ պաշտոնը լքող Կլաարը ցանկացել է նրբանկատորեն ակնարկել, որ Բաքուն գազը միացրել է Եվրոպայի «ճնշմամբ»։ Ի վերջո, մի քանի օրից Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում, և Բաքուն, ըստ ամենայնի, միացնելով ու անջատելով գազը, ցանկացել է ցույց տալ Բրյուսելին, որ ոչ մի ճնշում իր վրա չի ազդում, քանի դեռ Պուտինն ու Էրդողանը սարի պես կանգնած են նրա թիկունքում։

Ընտրություններից հետո Էրդողանը, ըստ երևույթին, մտադիր է առաջատար դեր ստանձնել հետխորհրդային հակամարտություններում՝ Ղարաբաղում և Ուկրաինական (նաև Վրացական), և աստիճանաբար փորձում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը՝ «վակուումը» սեփական ներկայությամբ լրացնելու համար։ Ռուսաստանը առանձնապես չի «դիմադրում»՝ նախընտրելով, որ վակուումը լցնի Թուրքիան, այլ ոչ թե, ասենք, Ֆրանսիան։ Հենց դրան է ուղղված կատաղի հակաֆրանսիական արշավը և ԵՄ-ԱՄՆ միջնորդությունը խաթարելու ռուս-թուրքական համատեղ գործողությունը։

Ստեփանակերտում գազով «սալտո»-ն ընկալվել է որպես խիստ կասկածելի քայլ։ Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն նշեց, որ այս հարցով արցախյան կողմի հետ որևէ շփում չի եղել։ Ստեփանակերտում ասում են, թե Բաքվի նման քայլի պատճառները կարող են միայն ենթադրել։

«Ամեն դեպքում, Ադրբեջանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ գազով, լույսով, վառելիքով, սննդով և կենցաղային այլ զրկանքներով չեն կարող խլել մեր բնական իրավունքները և կոտրել մեր ազատության ոգին ու կամքը»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

Միաժամանակ, Արցախի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ «Արցախի ամբողջական պաշարումը, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումները՝ մարդկության դեմ հանցագործության դրսեւորում են, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ և գործնականում վերացնի այդ խախտումները և կանխի հումանիտար աղետի հետագա խորացումը։ Եվ դրա իրականացման պարտադիր ձևերից մեկը մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն է, քանի որ մարդասիրական աղետը միայն հետևանք է մեր ժողովրդի քաղաքական իրավունքների և ազատությունների ճնշման»։

Սա շատ կարևոր հայտարարություն է։ Տոյվո Կլաարը տեղանունական դատարկ «վարժությունների» փոխարեն լավ կանի Արցախի շրջափակման իրավաքաղաքական գնահատականը տա, այլ ոչ թե ուրախանա, որ գազ են տվել։ Այսօր տվել են, վաղը անջատել են։

Step1

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:

«Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և մարդասիրական խնդիրներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով միջազգային կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար:

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:

Մայրը երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով նրանց թողել էր առանց հսկողության. ԱՀ դատախազություն

Արցախում երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը)և 176-րդ հոդվածի 1-ին մասով (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը): Հայտնում են ԱՀ դատախազությունից:

«Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ երեխաները տանը չեն:

Այնուհետև, հուլիսի 08-ին ժամը 07:30-ին, անչափահասներ Գ.Ն.-ն և Լ.Ն.-ն հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ-4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:

Նշված դեպքի առթիվ 08.07.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով /Անզգուշությամբ մահ պատճառելը/ և 176-րդ հոդվածի 1-ին մասով /Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը/ հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազությունը»:

Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները․ Արցախի տեղեկատվական շտաբ

Բաքուն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում ենք առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ տեղ-տեղ կարող է ներքին ցանցի տարբեր հատվածներում մնացած գազն աստիճանաբար դուրս գալ՝ կախված ջերմաստիճանի տատանումներից:

Միաժամանակ «Արցախէներգո» ընկերությունը տեղեկացնում է, որ նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն վաղվանից (հուլիսի 10-ից) է գործելու այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը:

Արտակ Բեգլարյանի պարզաբանումը

«Մի քանի կարևոր դիտարկում Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման և կրկին ընդհատման վերաբերյալ.
1. Երեկ (հուլիսի 8-ին) Ադրբեջանը վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը՝ Արցախի իշխանությունների ու «Արցախգազ» ընկերության համար անակնկալ կերպով, իսկ ժամեր առաջ՝ նորից ընդհատել այն:
2. Թե այս վերականգնման պատճառները որոնք են, մենք միայն կարող ենք ենթադրել, քանի որ բավարար տեղեկություններ չունենք: Մի բան է հստակ, որ արցախյան կողմի հետ այդ թեմայով որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել:
3. Այս քայլի գլխավոր նպատակը միգուցե կոնկրետ պահի արտաքին ճնշումը որոշակիորեն նվազեցնելն էր, սակայն վստահ եմ, որ մի շարք այլ նպատակներ էլ են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները, օրինակ՝ ցանկացած պահի անակնկալ կերպով միացնել-անջատելու միջոցով հարուցել մշտական անորոշություններ և տարաբնույթ բամբասանքներ ու կասկածներ Արցախի բնակչության շրջանում, որի օգտին է խոսում այսօրվա ընդհատումը: Չեմ բացառում նաև այն հանցավոր դիտավորությունը, որ 109-օրյա անընդմեջ դադարից հետո գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ:
4. Հատկապես անորոշության ու անօգնականության զգացողությունների հարուցման նպատակը հաշվի առնելով՝ հարկ է գիտակցել ու մշտապես հոգեբանորեն պատրաստ լինել, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի անակնկալ կերպով վերականգնել ու ընդհատել գազամատակարարումը: Եվ այդպիսի պայմաններում մենք պետք է զերծ մնանք լրացուցիչ ներքին տեղեկատվական-հոգեբանական իրարանցում ստեղծելուց՝ թե՛ վերականգնման և թե՛ ընդհատման դեպքում: Ահա այդ նկատառումից ելնելով ու հաշվի առնելով իրավիճակի անորոշությունը՝ երեկ լիազոր մարմինները չեն շտապել պաշտոնական տեղեկություն հրապարակել վերականգնման մասին:
5. Հունիսի 15-ից ընդհանրապես Արցախ չի մատակարարվում վառելիք, ի թիվս առաջին անհրաժեշտության մնացած ապրանքների, և արդեն լրջագույն խնդիրներ են առաջացել ներքին տեղաշարժի հետ կապված: Հատկապես այդ պատճառով գազամատակարարման վերականգնումը որոշակիորեն կմեղմացներ մարդկանց զրկանքները ներքին տեղաշարժի ու կենցաղի կազմակերպման առումով, բայց գլխավոր հիմնախնդիրը շարունակում է մնալ բուն շրջափակումը:
6. Ամեն դեպքում Ադրբեջանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ կենցաղային զրկանքներով չեն կարող մեր բնական իրավունքները խլել մեզնից և կոտրել ազատության մեր ոգին ու կամքը:
7. Արցախի լիակատար պաշարումը, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանումները մարդկության դեմ հանցագործության դրսևորումներ են, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը հրատապ ու գործնական միջոցներով պետք է վերացնի այս խախտումները և կանխի հումանիտար աղետի հետագա խորացումը: Իսկ դրա կատարման պարտադիր ձևերից մեկը մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն է, քանի որ հումանիտար աղետը զուտ հետևանքն է մեր ժողովրդի քաղաքական իրավունքների ու ազատությունների բռնաճնշման»:

Գազն նորից անջատե՞լ են

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է․
“Հարգելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի:
Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները: Ամեն դեպքում խնդրում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնությունը և հետևել գազօգտագործման անվտանգության կանոններին, քանի որ որոշակի ծավալի գազ արդեն մղվել էր դեպի ներքին ցանցի մի հատված:
Լրացուցիչ զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք առանձին հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցված գազամատակարարումը հուլիսի 8-ին վերականգնվել էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է հանրագումարային 143 օր շարունակ:
«Արցախգազ» ՓԲԸ”