2020 թվականի պատերազմը, ցավոք, այլ իրականություն էր, քանի որ Ադրբեջանի հետ միասին դրան մասնակցում էր Թուրքիան, հազարավոր վարձկաններ, օժանդակում՝ մի շարք այլ պետություններ՝ տեխնոլոգիաներով և այլն։
Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք էին պատճառները, որ ծնվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
«Այն մեզ հուսադրում էր, որ ունենալով երաշխիքները, որ առկա են՝ տարածք Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի Հանրապետության հետ, դրանք հենման կետն էինք, որ պետք է ապահովեր հետագա մեր պայքարը ինքնորոշման իրավունքի առումով։ Ի՞նչ փոխվեց։
Սկզբնական փուլում, իհարկե, մենք վստահեցինք՝ մանավանդ, որ դրա տակ կային Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի ստորագրությունները”, ասաց նա:
Ըստ Հարությունյանի՝ իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն,- ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը:
«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնելով ցեղասպանություն»,-շեշտեց Ա. Հարությունյանը:
Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։
«Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել է երկրի ղեկավարը։
«Այսինքն՝ մենք, իրոք, ականատեսն ենք ցեղասպանության և այդ առումով քայլեր պլանավորում ենք»,- ընդհանրացրել է Նախագահը։