2023 թվականի օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից Ստեփանակաերտում, Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ «Artsakh STEM Expo 2023»-ը` «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻԱ» խորագրով։
Միջոցառման նպատակն է դպրոցականների և ուսանողների մոտ մեծացնել հետաքրքրությունը բնագիտություն, տեխնիկա, ճարտարագիտություն և մաթեմատիկա առարկաների նկատմամբ, ծանոթանալ գիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական և ՏՏ ոլորտներին, ընդլայնել կրթության կապը աշխատաշուկայի հետ, նպաստել Արցախում նոր STEM ուսումնական կենտրոնների ստեղծմանը:
Artsakh STEM Expo 2023-ի շրջանակներում տեղի ունեցավ գիտահետազոտական արտադրանքի և գիտական, ճարտարագիտական և ուսանողական թիմերի աշխատանքների ցուցահանդես, պանելային քննարկումներ՝ աշխատանքային փորձի, հնարավորությունների, նոր ուղղությունների ներկայացմամբ։
Համաժողովի մասնակից, ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի խոսքով «Եթե հետ ենք գնում և ուսումնասիրում ենք համաշխարհային պատմությունը, հասկանում ենք, որ չկար այնպիսի մի փիլիսոփա, որը մաթեմատիկա չիմանար: Այս առումով իհարկե շատ բան չի փոխվել, և եթե մենք ցանակնում ենք զարգանալ, ապա պետք է հիմնվենք STEM-ի զարգացման վրա: Նաև, երբ հանդիպումներ են լինում բոլորը հարցնում են, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից։ Որպես դասախոսի, ճարտարապետի և որպես մարդու, որը գիտությամբ է զբաղվում՝ իմ պատասխանը մեկն է․ առաջին քայլը պետք է լինի կրթության որակի բարելավումը, պետք է ոչ թե աշխատել քանակի, այլ որակի վրա»: