Մարտունի և Ճարտար քաղաքներն անցնում են հացի վաճառքի կտրոնային համակարգի

  • 15:48 23.08.2023

Այսօրվանից Մարտունու շրջանի քաղաքներում սկսվում է կտրոններով հաց վաճառելու գործընթացը։

Երեկ Մարտունու և Ճարտարի քաղաքապետարանները հաղորդագրություններ են տարածել, որոնցում բնակիչներին հանձնարարվում է օգոստոսի 23-ի առավոտից գալ տեղական քաղաքային գործադիր մարմիններ՝ իրենց եւ ընտանիքի բոլոր անդամների ինքնությունը հաստատող փաստաթղթերով՝ հացի գնման կտրոններ ստանալու համար։

Մարտունու շրջանի վարչակազմը նշել է, որ Մարտունիում և Ճարտարում կտրոններով հացի վաճառքը կսկսվի օգոստոսի 24-ից։

Ստեփանակերտի քաղաքապետարանից Step1.am-ին ասացին, որ «մայրաքաղաքում հացի կտրոնների հետ կապված կառավարությունից հրահանգներ չեն եղել»։