Տարածաշրջանում փոխվում են հիմնական դերակատարները. Չինաստանն առաջարկել է «խաղաղապահություն», Իրանը «պահում է» Սյունիքը

Օգոստոսի 17-ին Հայաստանում Չինաստանի չխոսկան դեսպան Ֆան Յոնգը հանդիպել է լրագրողների հետ եւ հայտարարել, որ «մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ավանդական և ոչ ավանդական հակամարտությունները լուծելու և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»։

Ֆան Յոնգը հիշեցրել է, որ Չինաստանը և Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են և ունեն համանման հայացքներ՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել Երևանի հետ՝ ուղղված գլոբալ զարգացմանը։

«Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները սկսվել են հազարավոր տարիներ առաջ»,- ընդգծել է դիվանագետը։

Չինաստանը լուրջ արդյունքների է հասել անվտանգության ոլորտում և հանդիսանում է ՄԱԿ-ի երկրորդ խաղաղապահ ուժը, որը ակտիվորեն հանդես է գալիս երկխոսության օգտին։ Դիվանագետը հիշեցրել է, որ Պեկինի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և Իրանը վերականգնել են դիվանագիտական ​​հարաբերությունները։ Նրա խոսքով, նշված բոլոր ուղղությունները ենթադրում են հարաբերությունների զարգացում նաև Հայաստանի հետ։

Նա հույս է հայտնել, որ համապատասխան կողմերի ներգրավմամբ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ամրապնդել երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն մոտենալ խնդիրների լուծմանը։

Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցիանգը նշել է, որ Չինաստանը և Հայաստանը կարող են «համագործակցել միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում»։

Չինաստանը գլոբալ մակարդակաում մրցում է Հնդկաստանի հետ։

Ինչպես գրում է Eurasianet-ը, Ղարաբաղը դառնում է Քաշմիրի հակամարտության երկարացում Պակիստանի և Հնդկաստանի համար, երկուսն էլ այժմ զենք են մատակարարում հիմնական պատերազմող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին։

Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին սերտորեն կապված է Բաքվի գլխավոր հովանավոր Թուրքիայի հետ Իսլամաբադի սերտ ռազմավարական հարաբերությունների հետ: Թեև պաշտոնապես հաստատված չէ, պակիստանցի ռազմական խորհրդականները, ինչպես հաղորդվում է, ներգրավված են եղել Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, գրում է թերթը:

2022 թվականի աշնանը Հնդկաստանն ուժեղացրեց իր աջակցությունը Հայաստանին՝ տրամադրելով 245 միլիոն դոլար արժողությամբ հնդկական հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռներ և զինամթերք։

Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու Հնդկաստանի որոշումը պայմանավորված է «Իսլամի հետ ունեցած սեփական բարդ պատմությամբ», գրում է թերթը։ Հնդկաստանի ղեկավարները, վախենալով թուրք-մահմեդականների ազդեցության աճից, անհրաժեշտ են գտել ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

Հունիսի վերջին ադրբեջանական լրատվական գործակալությունը հրապարակեց մի զեկույց, որտեղ պնդում էր, որ հնդիկներին հավաքագրում են Ղարաբաղում որպես վարձկաններ կռվելու համար: Աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիան վկայում է ավանդական միջնորդների ազդեցության թուլացման մասին, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը»,–գրում է թերթը։

Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքական դիրքորոշումը հաշվի է առնվում այլ երկրների կողմից, ինչը բխում է նրանց հռետորաբանությունից, ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ըստ ամենայնի, նա նկատի ուներ Էրդողանի այն հայտարարությունը, թե Զանգեզուրի միջանցքին դեմ է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։

Նա կրկնեց Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, որ Իրանը չի ճանաչում տարածաշրջանում սահմանների և քարտեզների փոփոխությունները, և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Հարավային Կովկասի մյուս երկրներին։

«Սյունիքի մարզը ռազմավարական նշանակության շատ կարևոր մարզ է»,- ասաց հյուպատոսը։ Եթե ​​Իրանը 100-200 տարվա հարաբերություններ ունի այլ երկրների հետ, ապա Հայաստանի հետ բարեկամությունը խորանում է հազարամյակների մեջ, նշել է նա։

Իրանցի դիվանագետը հույս է հայտնել, որ տարածաշրջանում ոչ մի երկիր ռազմական գործողություններ չի սկսի իր սահմաններից դուրս։

Նաիրա Հայրումյան

Հումանիտար հարցերը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է․

Ծագած խնդիրների լուծման ուղիները որոշելու համար անչափ կարևոր է բուն խնդրի ճշգրիտ որոշումը: Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է:

Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը:

Ակնհայտ է, որ Արցախի բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել արհեստականորեն, Ադրբեջանի դիտավորյալ ու կանխամտածված քայլերի հետևանքով, որպեսզի այդ վիճակից դուրս գալու համար առաջարկության դեմքով պարտադրվեն նաև հումանիտար ճանապարհներ` այդ ամենը ներկայացնելով որպես մարդասիրության վեհ դրսևորում:

Հետևաբար միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի 22.02.2023թ. և 06.07.2023թ. որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար:

Այն կատարվելու դեպքում արցախցին ինքնուրույն լուծելու է իր բոլոր հումանիտար խնդիրները և չի լինելու ո՛չ ԿԽՄԿ աջակցության և ո՛չ էլ «փրկության» նոր ճանապարհների կարիքը:

Ի դեպ` փրկության ճանապարհներին ադրբեջանցիների ներկայությունը կամ դրանց մոտ լինելը մեզ համար հումանիտար ճգնաժամ, «անցակետում» հիվանդի արհամարհական հետազոտություն, բերքահավաք անող տեխնիկայի ռազմական թիրախավորում, ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից Վագիֆ Խաչատրյանի առևանգում, մոլորյալ Ռաշիդ Բեգլարյանի գերեվարում և «խաղաղության» հասնելու Ադրբեջանի իշխանությունների կամքը ցայտում ձևով վերահաստատող այլ հետևանքներ է արժենում:

 

Արցախի ԱԳՆ։ Բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափով

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն անթույլատրելի է անվանել Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնելը։ Այս մասին նա ասել է Արցախի շրջափակմանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ։

Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել մի շարք երկրների դիրքորոշման կապակցությամբ, որոնք ցանկանում են Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնել։

«Արցախն ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կարիք ունի։ Սակայն նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափով և երաշխիքներով»,-նշել է Ղազարյանը։

Նախարարը հաստատել է, որ առաջարկվել է հանդիպել Եվլախում օգոստոսի սկզբին։

Սակայն Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հաստատել է առանց միջնորդների նման հանդիպման անհնարինությունը։ Ղարաբաղյան կողմը պարբերաբար առաջարկություններ է անում, սակայն ադրբեջանական կողմը դրանք անտեսում է։

Նախարարը տեղեկացրել է, որ Արցախում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել: «Ադրբեջանական կողմը միտումնավոր խոչընդոտում է Արցախի մասնակցությանը, որպեսզի վերջինս չկարողանա պատմել ծանրագույն իրավիճակի մասին։ Ուստի նախարարն ինքն է ներկայացրել իրավիճակը»,-նշել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմի՝ վարձկանների օգտագործման, Թուրքիայի մասնակցության համար Ադրբեջանի անպատժելիության արդյունքում։

 

Եվ այնուամենայնիվ, ճանապարհը կբացվի՞։ Ի՞նչ է լինելու Արցախի հետ, և ովքե՞ր են հրաժարական տալու

Երեկ մի խումբ արցախցի կանայք բողոքի ակցիայի են դուրս եկել Ստեփանակերտում՝ պահանջելով միջանցքը բացել և ապահովել երեխաների անվտանգությունն ու սնունդը։ Կանանց ընդունել է պետնախարարը և խորհուրդ տվել սպասել ԱԽ-ում քննարկումների արդյունքին, որից հետո հնարավոր կլինի որոշել։

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շուրջ երկու ժամ քննարկվում էր Արցախի հարցը։ Բանաձևեր չեն ընդունվել, թեև հետագայում չի բացառվում դրանց ընդունումը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը վկայում է այն մասին, որ Հայաստանը չի պնդի բանաձևերի վրա և շարունակելու է իր «խաղաղ օրակարգը»։

Իրականում ոչինչ չի փոխվել։ Ի՞նչ են մտադիր անել Արցախի իշխանությունները։ ՄԱԿ-ում երեկվա հանդիպման վերաբերյալ Արցախից պաշտոնական հայտարարություններ ու գնահատականներ դեռ չեն եղել։

Tert.am-ին տված հարցազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արձանագրել է իրողությունները, սակայն կոնկրետ միջոցներ ձեռնարկելու մասին չի հայտարարել։ Միաժամանակ նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթն անվանել է «հավասարակշռության փորձ»։ Հիշեցնենք, որ ՌԴ ներկայացուցիչը կրկնել է Լավրովի թեզը «Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում ղարաբաղցիների իրավունքների պաշտպանության» մասին։

Դաշնակցությունը, որը փաստորեն Արցախում իշխանության է եկել ի դեմս խորհրդարանի նախագահի, պատրա՞ստ է «Ադրբեջանի օրենսդրության» շրջանակներում ինտեգրվելուն։

Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը հիշեցրել է, որ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ զանգահարել է Բաքվի իր գործընկերոջը և «խնդրել է չանհանգստանալ ԱԽ նիստի որոշման արդյունքով»։

«Ժամանակն է բարձրացնել Արցախի ամբողջական շրջափակման համար Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության իրավական և քաղաքական պատասխանատվության հարցը… Ավելին՝ ողջամիտ հարցում ուղարկել միջազգային դատական ​​և այլ ատյաններ»,- ասաց նա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը Լաչինի միջանցքը բացելու հավաքական կոչ էր, բայց չի ասվում, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը անտեսի այդ կոչը, ասում է Վահրամ Բալայանը։ «Մենք կոնկրետ գործողությունների ենք սպասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից, նրանք նման հնարավորություն ունեն»,- ասաց նա։

Ստեփանակերտում խոսակցություններ են պտտվում որոշ պաշտոնանկությունների մասին, որոնք սպասվում են օրերս։ Այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՅԴ ներկայացուցիչը, ով դեռ իր դիրքորոշումը չի հայտնել, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևեր չի ընդունել, հրաժարականներն անխուսափելի են դառնում։

Բաքվի զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում Բաքվի զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։  Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակը։ Հայկական կողմում կորուստներ չկան։

Ռուսական պետական ​​գործակալությունը մեղադրել է Արթուր Օսիպյանին և Տիգրան Պետրոսյանին

Լուսանկարը՝ “Кавказский узел” կայքից

Ռուսական Sputnik Արմենիա գործակալությանը տված հարցազրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ գործողությունները՝ հերթական փորձն են վարկաբեկելու Ռուսաստանի Դաշնության ներկայությունը և, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հարթեցնելու բացասական տեղեկատվական ֆոնը Հայաստանում եվրոպացի դիտորդների շուրջ։

Մաթևոսյանը համոզված է, որ ռուս խաղաղապահների վրա տեղեկատվական հարձակումը ձեռնտու է առաջին հերթին Ադրբեջանին և Արևմուտքին։ Ոմանք, արևմտյան կուրատորների առաջարկով, սադրանքներ են կազմակերպում խաղաղապահների դեմ, ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով Օսիպյանի՝ Բերձորի միջանցքը ապաշրջափակելու համար երթ կազմակերպելու մտադրության մասին։ Հիշեցնենք, որ երեկ ռուս խաղաղապահները ուժով ապաշրջափակել էին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում գտնվող իրենց բազա տանող ճանապարհը, որը փակել էր Միջանցքի ապաշրջափակման շըաբը։

«Կատարվող ամեն ինչի ֆոնին (հանկարծ!) համացանցում հայտնվում է ինչ-որ փաստաթուղթ, որն իբր առաջարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին Մոսկվայում ու որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետագա «ինտեգրմանը» Ադրբեջանին։ Եվ դա տեղադրում է սորոսական ակտիվիստ, Հակաճգնաժամային խորհրդի նախագահ (ԼՂ ղեկավարի կից գործող) Տիգրան Պետրոսյանը»,- ասում է քաղաքագետը։

Ըստ Մաթևոսյանի, թեև փաստաթուղթը վերագրվում է ռուս նախարարին, սակայն այնտեղ ուրվագծված կետերն ավելի համահունչ են արևմտյան քաղաքական գործիչների լեքսիկոնին և դիրքորոշմանը։

Փաստորեն, ռուսական թերթը միանում է Բաքվի «մենակատարներին», ովքեր սարսափած գրում են, որ Ղարաբաղում դժգոհ են խաղաղապահների առաքելությունից։ Բաքուն և Մոսկվան ամեն ինչ անում են, որպեսզի ռուս խաղաղապահները մնան, և կարգավորումը տեղի ունենա «Լավրովի պլանով»։

Ի դեպ, ինքը՝ Լավրովը, կասկած չի հայտնել հրապարակված փաստաթղթի իսկության վերաբերյալ։ Երեկ ՄԱԿ ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցիչը բառացիորեն կրկնել է այդ առաջարկը։ Բայց «հավատարիմ» Մաթևոսյանը չի էլի “հավատում”։

ՄԱԿ ԱԽ․ Մալթայի ներկայացուցիչը Բաքվին կոչ արեց չառաջարկել աղդամի ճանապարհը

ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Մալթան անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂ-ում ապահովվի սննդի և դեղորայքի հասանելիությունը:

«Անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը ԼՂ-ի համար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական նորմերի համապատասխան: Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, որովհետև այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի այլընտրանք:

Մահերից կարելի է խուսափել: Բոլորը՝ հատկապես հասարակության խոցելի խմբերը, պետք է պաշտպանվեն: Ներքին տեղահանվածները և փախստականները պաշտպանված չեն խտրականությունից: Մարդասիրական օգնությունը չպետք է քաղաքականացվի: Պետք է ապահովվի ԿԽՄԿ-ի և տեղական կազմակերպությունների աշխատանքի վերականգնումը: Դրանից բացի՝ պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ և սոցիալական պարագաների տրամադրումը»,- ասաց նա:

Ո՞վ է հրավիրել Թուրքիային. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը չավարտվեց կամ ավարտվեց ոչնչով

Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, ըստ էության, չի ավարտվել, քանի որ ոչ հայտարարություններ են ընդունվել, ոչ էլ բանաձեւեր։ Պաշտոնական Երեւանը կարող է պնդել դրա շարունակությունը, եթե, իհարկե, երեկվա քննարկման արդյունքներն իր համար “բավարար” չհամարի։

Ի՞նչ էր պետք պաշտոնական Երեւանին։ Նրա պահանջների թվում է՝ առաքելություն ուղարկելը Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար և Ադրբեջանին «վճռական միջազգային միջամտության միջոցով» ստիպել ապաշրջափակել միջանցքը՝ հումանիտար խնդիրները լուծելու համար։

Ներկաները, սկզբունքորեն, համարժեք են գնահատել իրավիճակը նույնիսկ առանց առաքելության. ոչ ոք (բացառությամբ Բաքվի ներկայացուցչի) չի հերքել ճգնաժամի առկայությունը, ուստի, մեծ հաշվով,  «իրավիճակը գնահատելու առաքելություն» կարիք չկա: Ինչ վերաբերում է «վճռական միջամտությանը», ապա Հայաստանը կոնկրետ միջոցներ չի նշել, օրինակ՝ խաղաղապահ զորքերի ներդրում։

Հայաստանը չի հայտարարել, որ Բերձորի միջանցքի շրջափակումը 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոյի ավարտն է, և անհրաժեշտ է անվտանգության այլ համակարգ՝ անկախ Ռուսաստանից։

«Հայ-ադրբեջանական հաշտեցումն անհնար է պատկերացնել առանց անվտանգության հուսալի և հստակ երաշխիքների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների պահպանման՝ համընդհանուր միջազգային սկզբունքների հիման վրա՝ բայց Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում»,- ասել է ՌԴ ներկայացուցիչը։ Նրանից բացի ոչ ոք չի նշել «Ադրբեջանի իրավական դաշտը»։

Սակայն Երեւանի «խաղաղության օրակարգի» շնորհիվ պարզվեց, որ «Ռուսաստանից անկախ» անվտանգության համակարգը աստիճանաբար կախվածության մեջ է ընկնում Թուրքիայից։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար 37 կանոնի համաձայն նիստին մասնակցեց նաև Թուրքիան, որն իր աջակցությունը հայտնեց Բաքվի դիրքորոշմանը: Այս կանոնը թույլ է տալիս Անվտանգության խորհուրդի քննարկմանը հրավիրել խորհրդի անդամ չհանդիսացող պետությանն առանց քվեարկելու իրավունքի, եթե քննարկվող հարցում շոշափվում են տվյալ երկրի շահերը: Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունը նիստին ևս ապահովված էր այդ կանոնի համաձայն, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Այսինքն՝ հրավիրող կողմը որպես շահագրգիռ երկիր դիտարկում է Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին հավասար։ Գրեթե կասկած չկա, որ Թուրքիան հրավիրվել է Ռուսաստանի կողմից։ Թեեւ ԱՄՆ-ը նույնպես խոսել է Թուրքիայի «արդյունավետ դերի» մասին։

Հատկանշական է այս առումով, որ Աղդամում, որը Մոսկվան և Բաքուն արդեն բացահայտ առաջարկում են որպես «այլընտրանք Լաչինին», գործում է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, իսկ Թուրքիան փաստացի հանդիսանում է հակամարտության կողմ։ Ավելի շուտ, ձեւավորվել է հակամարտության ռուս-թուրքական կողմ, որի համար գործիք են Բաքվի և Երևանի իշխանությունները։

Հակամարտության այս կողմը հակադրվում է Հյուսիսատլանտյան դաշինքին, որի ներկայացուցիչները պահանջում էին քաղաքական լուծումներ։

ԱՄՆ ներկայացուցիչն ասել է. «Ուզում եմ ընդգծել կողմերի անհրաժեշտությունը շարունակելու բանակցությունները՝ ուղղված հակամարտության կայուն, խաղաղ կարգավորմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս խաղաղ բանակցությունները բոլոր կողմերից պահանջում են ճկունություն և փոխզիջում: Թույլ տվեք անկեղծ լինել. տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը»: Նկատենք, որ այստեղ «Ադրբեջանի իրավական դաշտ» չկա։

Ֆրանսիայի ներկայացուցիչը նշել է. «Ֆրանսիան կոչ է անում մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին անհապաղ, ազատ և անարգել մուտք գործել տարածաշրջան և կոչ է անում բացել Լաչինի միջանցքը։ Ֆրանսիան հաստատակամորեն հավատարիմ է մնում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն գտնելուն։ Այս կապակցությամբ Ֆրանսիան կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ ուղղված մնացած հարցերի լուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու երաշխիքներին։ Նման կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով և բացառում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ցանկացած կիրառում»։ Կրկին առանց «Ադրբեջանի»։

Իր հերթին ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը ասել է, որ Բաքվի առաջարկած մատակարարման ուղին Աղդամով չի կարող դիտարկվել որպես Լաչինի միջանցքի այլընտրանք։

Երեկվա քննարկումներից յուրաքանչյուր կողմ իր եզրակացությունները կանի, սակայն առանցքային դերը պատկանում է Երևանին և Ստեփանակերտին։ Հայկական կողմը հնարավորություն ունի դուրս գալ ռուս-թուրքական արատավոր հունից և ձեռք բերել միջազգային սուբյեկտիվություն։ Բայց սա պահանջում է ռազմավարության արմատական ​​փոփոխություն: Նաեւ ստրուկի մտածողության փոփոխություն։

Նաիրա Հայրումյան

ԵՄ ներկայացուցիչ․ Աղդամը չի կարող դիտվել որպես Լաչինի այլընտրանք

ԵՄ-ն մեծ մտահոգությամբ է հետևում լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում ԼՂ ինքնավար մարզում: Այս մասին ՄԱԿ անվտանգութան խորհրդի արտահերթ նիստին հայտարարեց ԵՄ ներկայացուցիչ Սիլվիո Գոնզատոն:

«Լաչինի միջանցքում տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան  8 ամիս, չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը բացելու այն: Հունիսի 15-ից  միջանցքի խաթարումը լիարժեք է, բացառությամբ բժշկական նպատակով տարհանումների համար: Բնակչությունը ծայրահեղ պահանջ ունի անհրաժեշտ նյութերի ու պարագաների և սա լուրջ հետևանքների կարող է հանգեցնել տեղի բնակչության համար»,- ասաց նա:

Նրա խոսքով ԿԽՄԿ հումանիտար առաքումները չպետք է քաղաքականացվեն և պետք է բացել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ եռակողմ հայտարարության և Արադարադատության միջազգային դատարանի որոշմամբ կողմերը պարտավորություն են կրում ապահովել տեղաշարժը՝ կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը:

«Անհրաժետ ենք համարում, որ Ադրբեջանը ապահովի Աղդամի ուղղությամբ ապրանքների մատակարարումը, այնուամենայնիվ սա չդիտարկելով որպես Լաչինը չբացելու այլընտրանք: Առաջին հերթին պնդումները պետք է ուղղված լինեն բնակչության անվտանգության և իրավունքների ապահովմանը և խրախուսվեն Լեռնային Ղարաբաղի հայերի ու Բաքվի միջև երկխոսությունը»,-ասաց նա:

Պաշտոնյան նշեց, որ անցած ամսին հայ-ադրբեջանական սահմանով կրակոցներ են եղել, ինչը փաստել են նաև ՀՀ-ում պարեկություն անող ԵՄ դիտորդները: Նա կոչ արեց դադարեցնել կոշտ հռետորաբանությունը, որպես խաղաղության, հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմք:

 

ՄԱԿ ԱԽ․ ՌԴ ներկայացուցիչ․ «ԼՂ բնակիչների իրավունքներ ու անվտանգություն Ադրբեջանի օրենքների համատեքստում»

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որտեղ քննարկվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։

«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ներկայումս ավելի, քան երբևէ, տեղում քայլեր են անհրաժեշտ՝ արագորեն թոթափելու լարվածությունը Լաչինի միջանցքի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ», – նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա հավելեց, որ Մոսկվան ամեն ջանք գործադրում է, որպեսզի աջակցի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով, բոլոր մակարդակներում և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորակազմը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը», – նշեց ՌԴ ներկայացուցիչը՝ հիշեցնելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադբերջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների մասին և ընդգծելով, որ եռակողմ համաձայնագրերի դրույթներին այլընտրանք չկա։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նաև կարևորեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը և սահմանագծումը՝ Ռուսաստանի աջակցությամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, Ադրբեջանի օրենքների համատեքստում։ Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև. յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան», – նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա հույս հայտնեց, որ քաղաքական կամք կցուցաբերվի՝ հաղթահարելու այս ծանր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, և երկխոսություն տեղի կունենա Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։ Նա նաեւ հայտարարեց, թե դրսից միջամտությունները խանգարում են կարգավորմանը։

Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի խափանմամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների ու ապրանքների մատակարարմանը՝ մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նման տեսակետ հայտնեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այն կարողանա իր կենսական աշխատանքներն իրագործել: Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»,- ասաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ տեղի ունեցող միջազգային գործընթացները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ վերջին շրջանում հյուրընկալած հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ջանքերը խաղաղության հասնելու ուղղությամբ՝ պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ:

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության  հասնելու համար: Նրա համոզմամբ՝ միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր կողմերին ավելի մոտեցենել խաղաղությանը։

 

Խրախուսում ենք ուղիղ բանակցություններ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախագահող, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ արտակարգ նիստին: Իր ելույթում դեսպան Թոմաս-Գրինֆիլդն ասել է.

«Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով: Մենք խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի փակմամբ, որը դադարեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը և սրել հումանիտար իրավիճակը։ Սննդի, դեղորայքի, մանկական սննդի և էներգիայի հասանելիությունը երբեք չպետք է պատանդ լինի:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, որպեսզի առևտրային, մարդասիրական և մասնավոր ավտոմեքենաները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Մենք նաև նշում ենք մարդասիրական մատակարարումների լրացուցիչ երթուղիների փոխզիջման հնարավորությունը և գիտակցում, որ անցած դեկտեմբերից ի վեր ԿԽՄԿ-ն նպաստել է բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 700 անձանց տեղափոխմանը Լաչինի միջանցքի միջոցով: Չեզոք, անաչառ, հումանիտար և անկախ մարդասիրական հասանելիությունն ու օգնությունը, ներառյալ բժշկական պատճառներով տեղափոխումները, չպետք է խոչընդոտվեն:

Հարգելի՛ գործընկերներ, ես ուզում եմ ընդգծել կողմերի անհրաժեշտությունը շարունակելու բանակցությունները՝ ուղղված հակամարտության կայուն, խաղաղ կարգավորմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղության այս քննարկումները պահանջում են բոլոր կողմերից ցուցաբերել ճկունություն և փոխզիջումների գնալու կարողություն: Թույլ տվեք հստակ նշել. տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանությունը:

Միացյալ Նահանգները կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և անհապաղ դադարեցնել ցանկացած գործողություն, որը խաթարում է խաղաղ գործընթացը։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները: Միջազգային հանրությունը պետք է շարունակի դիվանագիտորեն ներգրավվել երկխոսության և կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատման համար:

Բանակցությունները կենսական նշանակություն ունեն տևական խաղաղության համար: Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ է տալիս Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին ուղղակի բանակցություններ վարել, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն: Մենք կշարունակենք երկկողմ և բազմակողմ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ օգնելու կառուցել այս պայծառ ապագան»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը: