Ֆրանսիան կոշտ քաղաքական պահանջներ է առաջադրել

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքում արդեն ութ ամիս փոխադրումների սահմանափակումն ու ամբողջական շրջափակումը հանգեցրել է ներկայիս ճգնաժամի։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթը։

«Այդ միջանցքի շրջափակումը շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ամբողջ աշխարհից։ Ընդ որում, նման իրավիճակն արդարացնելու լեգիտիմ պատճառներ չկան, այն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։

Այս իրավիճակը գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների, ինչպես նաեւ ջրի դեֆիցիտի հետ մեկտեղ բնակչության համար դժվարություններ է առաջացնում, իսկ վառելիքի պակասը խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներին, եւ դա խորացնում է հումանիտար ճգնաժամը: Նկատվում է նաեւ դեղորայքի լայնածավալ դեֆիցիտ։

Ֆրանսիան ցավում է ԿԽՄԿ-ի եւ այլ հումանիտար դերակատարների գործունեությունը սահմանափակելու եւ խոչընդոտելու համար։ Դա անընդունելի է։

Մարդասիրական իրավիճակի ծանրության լույսի ներքո Ֆրանսիան կոչ է անում անվերապահ եւ անհապաղ վերականգնել ապրանքների, մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով եւ կոչ է անում գազի եւ էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարում ապահովել։

Մեր վերջին նիստից ի վեր Միջազգային դատարանը հրապարակել է 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը մատնանշում է ժամանակավոր պարտադիր միջոցները, որոնք Ադրբեջանից պահանջում են, ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժն ապահովելու համար։

2023 թվականի հուլիսի 6-ի իր վճռով դատարանը հաստատել է փետրվարի 22-ի վճռում նշված միջոցների անհապաղ ընդունման անհրաժեշտությունը»,-նշել է Բրոդհերսթը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան կրկին կոչ է անում Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները եւ իրականացնել միջանկյալ միջոցներ, որոնք նշված են Միջազգային դատարանի կողմից:

«Ֆրանսիան կոչ է անում մարդասիրական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի հաստատությունների համար ապահովել անհապաղ, ազատ եւ անարգել մուտքը եւ բացել Լաչինի միջանցքը։

Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության որոնմանը։ Այս կապակցությամբ Ֆրանսիան կոչ է անում վերսկսել բանակցությունները, որոնք ուղղված են մնացած հարցերի կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու երաշխիքները:

Նման կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով եւ բացառում է ուժի ցանկացած կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք:

Եվրամիության հետ միասին Ֆրանսիան շարունակելու է ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանն աջակցելու ուղղությամբ։ Մենք լիովին աջակցում եւ մասնակցում ենք ԵՄ-ի կողմից ղեկավարվող միջնորդական ջանքերին։ Մենք աջակցում ենք բանակցությունների շրջանակներում բոլոր հարցերում առաջընթացի որոնմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախագիծը, սահմանների դելիմիտացիան, հումանիտար հարցերը եւ հաղորդակցության ուղիների բացումը: Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ նպատակներին ՝ պահպանելով շփումները բոլոր կողմերի եւ դերակատարների հետ»,-շեշտել է դիվանագետը։

Բաքուն հրաժարվեց Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակից

Այսպես կոչված Լաչինի միջանցքը չունի որևէ արտատարածքային կարգավիճակ և, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսված է հիմնականում քաղաքացիների, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար։ Այս մասին օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիեւը։

Թեկուզ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է հենց 5 կմ լայնությամբ արտատարածքային միջանցքի մասին։

Ռուսաստանը, Չինաստանն ու Բրազիլիան խոսել են “աղդամով” ճանապարհի մասին

Արցախի շրջափակման հարցով ՄԱԿ ԱԽ նիստին Չինաստանի ու Բրազիլիայի ներկայացուցիչները խոսեցին Մոսկվա-Բաքու-Երևան եռակողմ հայտարարությունների մասին և չհիշատակեցին ՄԱԿ դատարանի որոշումը Բերձորի միջանցքը ապաշրջափակելու մասին։ Նրանք ընդհանրապես չհիշատակեցին Բերձորի միջանցքը, իսկ Բրազիլիայի ներկայացուցիչը կիրառեց «աղդամ-խանքենդի» ճանապարհ արտահայտությունը։ Այդ ճանապարհի բացման Մոսկվայի առաջարկի մասին խոսեց ՌԴ ներկայացուցիչը և հայտարարեց, որ եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա։ ՌԴ ներկայացուցիչը նույնպես չհիշատակեց ՄԱԿ Դատարանի որոշումը Բերձորի միջանցքն ապաշրջափակելու մասին։

ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթը ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստում

Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։

Արարատ Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Տիկին նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդին այս արտահերթ նիստը գումարելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով, որը ստեղծվել է Լաչինի միջանցքի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի` 8-ամսյա արգելափակման հետևանքով:

Այսօր ես այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը մեր տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության և կայունության հասնելու հեռանկարը պահպանելու հարցում, որը լրջորեն խաթարվում է Ադրբեջանի կողմից՝ ԼՂ-ում մարդասիրական աղետի հրահրման միջոցով:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Եվ կարծում եմ, որ այսօր մենք դեռ հնարավորություն ունենք հասնելու այս նպատակին։ Սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր ես կցանկանայի մանրամասնել՝ առաջարկելով ձեզ դատել ոչ թե արդարացումների հիման վրա, որոնք կարող էիք համարել ճշմարիտ կամ կեղծ, այլ արժեքների և փաստերի հիման վրա:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք: Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով և արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման մեջ։

Այժմ թույլ տվեք ներկայացնեմ իրադարձությունները, փաստերն ու թվերը, որոնք ցույց են տալիս շրջափակված Լեռնային Ղարաբաղում առկա իրողությունները:

2020թ. նոյեմբերի 9. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություն, որի 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև…, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

2022թ. դեկտեմբերի 12. Ադրբեջանը բնապահպանական մտահոգությունների կեղծ պատրվակով արգելափակեց Լաչինի միջանցքը: Այդ պահից ի վեր ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործումը հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այսօր չի ստանում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք: Ներկայումս պարենի խիստ պակաս կա, այդ թվում՝ մանկական սննդի, ալյուրի, շաքարավազի, ինչպես նաև դեղորայքի, վառելիքի և այլն: Ավելին, վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից աշխատողների թիրախավորման պատճառով գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Արդյունքում շփման գծին հարակից մոտ 10000 հեկտար հողատարածք մնում է անմշակ։

2022թ. դեկտեմբերի 20. ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջին անգամ քննարկեց հարցը, և խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը կոչ արեց Ադրբեջանին վերացնել շրջափակումը:

2022թ. դեկտեմբերից պարբերաբար և 2023թ. մարտից ամբողջությամբ (ընդհանուր առմամբ մոտ 180 օր) Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղ բնական գազի միակ մատակարարումը։ Գազամատակարարման դադարեցումն արդեն իսկ հանգեցրել է մի շարք բացասական հումանիտար հետևանքների, ինչպիսիք են. 1. հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 2. դպրոցներում և մանկապարտեզներում կրթական գործընթացների խաթարում, 3. կենսական նշանակություն ունեցող հաստատությունների և սոցիալական ծառայությունների աշխատանքի խաթարում, 4. մարդկանց տները գազով տաքացնելու անկարողությունը, 5. շատ տներում տաք ջրի հասանելիության կորուստ, (6) տրանսպորտային միջոցների համար վառելիքի բացակայություն և այլն։

2023թ. հունվարի 9-ից (ավելի քան 210 օր) Ադրբեջանը խափանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ ժամանակից ի վեր, ապավինելով միայն տեղական էլեկտրաէներգիայի սահմանափակ ռեսուրսներին, Լեռնային Ղարաբաղը ստիպված է եղել ընդամենը մի քանի ժամով իրականացնել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։

2023թ. փետրվարի 22. Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոց է կիրառել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործի շրջանակներում, ըստ որի Ադրբեջանը պետք է «ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»:

2023թ. ապրիլի 23. Ադրբեջանը, խախտելով Արդադադատության միջազգային դատարանի որոշումը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

2023թ. հունիսի 15. Ադրբեջանն ավելի հեռուն գնաց՝ Լաչինի միջանցքը փակելով ամբողջությամբ՝ արգելելով ցանկացած, նույնիսկ մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։

2023թ. հուլիսի 6. Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը:

2023թ. հուլիսի 25. ԿԽՄԿ-ն՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է ԼՂ-ում ավելի քան 30 տարի, հայտարարել է. «Չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով»:

2023թ. հուլիսի 26. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար ավտոշարասյուն է ուղարկել, որը մինչ օրս մնում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ ադրբեջանական կողմը մերժում է մուտքը:

2023թ. օգոստոսի 2․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատեց իր խորը մտահոգությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված մարտահրավերների առնչությամբ՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտության մասին նախորդ հայտարարությունը, «ներառյալ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023թ. հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները` կապված Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժի հետ»: Գլխավոր քարտուղարն այնուհետև առանձնահատուկ մտահոգություն հայտնեց տեղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ և կոչ արեց «հրատապ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար»:

2023թ․ օգոստոսի 7․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների խումբ․ Սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցերով անկախ փորձագետը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն ահազանգել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման և սարսափելի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որը «բնակչությանը կանգնեցրել է սուր պակասի առջև» և «բնակիչների՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց և հիվանդների կյանքը լուրջ վտանգի տակ դրել»։

Ամփոփելով նշենք, որ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում տնտեսական ակտիվություն չկա։ Հազարավոր մարդիկ մնացել են գործազուրկ, քանի որ աշխատավարձ վճարելու հնարավորություն չկա։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գումար ունեն, չեն կարողանում ոչինչ գնել, քանի որ խանութները դատարկ են։ Կանայք, երեխաները, տարեցները երկար հերթեր են կանգնում, որպեսզի կարողանան հաց կամ միրգ ու բանջարեղեն գնել։ Երբեմն նրանք ստիպված են լինում ոտքով անցնել տասնյակ կիլոմետրեր՝ դատարկ խանութներ և դեղատներ հասնելու համար։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված են եղել պարենային կտրոններ տրամադրել որոշակի սննդամթերքների համար, այդ թվում՝ բրնձի, շիլայի, շաքարի և այլն: Սովի լուրջ վտանգ կա։

Եվս մի քանի այլ տվյալներ.

120․000՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց թիվը, ովքեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

20․000՝ տարեց մարդկանց թիվը, ովքեր հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով անգամ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։

30․000՝ ԼՂ-ում ապրող երեխաների թիվը, ովքեր տառապում են թերսնումից և սննդի պակասից։

270՝ երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

2000՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հղի կանանց թիվը, ովքեր անգամ տարրական հասանելիություն չունեն առողջապահական ծառայություններին։

9.000՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ովքեր զրկված են պատշաճ բուժսպասարկումից։

4.700 և 8.450՝ համապատասխանաբար շաքարային դիաբետով և արյան շրջանառության հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնց առաջին անհրաժեշտության դեղամիջոցները սպառվում են։

Այս բոլոր իրադարձությունները վերջին 8 ամիսների ընթացքում կրկնապատկել են մահացությունների թիվը ԼՂ-ում։ Ավելին, դեղամիջոցների, ախտահանիչ միջոցների և հիգիենայի այլ պարագաների բացակայությունը համաճարակների վտանգ է ստեղծում։

710՝ ողջ շրջափակման ընթացքում ԿԽՄԿ ուղեկցությամբ տարհանված հիվանդների և նրանց ուղեկցող անձանց ընդհանուր թիվը, ովքեր իրենց առողջական վիճակն ապացուցելու և տարհանման «թույլտվություն» ստանալու համար անցել են նվաստացուցիչ ընթացակարգ։

1՝ հստակ անուն-ազգանունով մարդ՝ Վագիֆ Խաչատրյան, ով առևանգվել է անցակետի մոտ՝ ԿԽՄԿ ուղեկցությամբ վիրահատության նպատակով Հայաստան տեղափոխվելու ճանապարհին: Նա առևանգվել է՝ լինելով միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո։ Սա միակ միջադեպը չէ, երբ Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտել է ԿԽՄԿ-ի աշխատանքը։

1՝ մեկ այլ անձ՝ հստակ անուն-ազգանունով՝ Կարո Հովհաննիսյան, ով երեկ է կյանքից հեռացել։ Դիահերձման եզրակացության համաձայն, նա մահացել է սովի և տևական թերսնման պատճառով։

2՝ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, ովքեր մահացել են Մարտակերտում, քանի որ իրենց մայրը ստիպված է եղել մենակ թողնել երեխաներին և ոտքով գնալ մոտակա քաղաք՝ նրանց համար սնունդ գտնելու հույսով:

Տիկնայք և պարոնայք,

Նախորդ ամիսներին ձեզանից շատերը փորձել են հասցեագրել Լաչինի միջանցքի բացման խնդիրը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր կոչերին, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին, իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարում։ Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամի խորացման վերաբերյալ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում, որոնց առանձին օժանդակել և միջնորդել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը։ Եվ, այնուամենայնիվ, ապարդյուն:

Այս ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերած ներգրավվածությունը կարող է բնութագրվել ցանկացած կերպ, բայց ոչ բարեխիղճ: Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ առաջին քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և նույնիսկ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը։ Վերջին ութ ամիսների ընթացքում Ադրբեջանը մի շարք պատրվակներ է առաջ քաշել իր գործողություններն արդարացնելու նպատակով։ Սկզբում այսպես կոչված էկոակտիվիստներ էին՝ մտահոգված շրջակա միջավայրի պահպանությամբ, հետո Լաչինի միջանցքով զենք տեղափոխելու անհիմն մեղադրանքները, ավելի ուշ՝ ռազմական սադրանքները և այլն։

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Այսպիսով, այսօր ես այստեղ եմ, որպեսզի հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար, և մենք այս Խորհրդից ակնկալում ենք.

  • դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով,
  • դատապարտել հումանիտար օգնության ապօրինի մերժումը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը, ներառյալ՝ օգնության մատակարարման և հակամարտության հետևանքով առաջացած պարենային անապահովությանն արձագանքելու հասանելիության կանխամտածված խոչընդոտումը,
  • պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, ներառյալ քաղաքացիական անձանց, մասնավորապես կանանց և երեխաների, ինչպես նաև կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանություն,
  • կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,
  • ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ լիարժեք համագործակցությունը և մարդասիրական օգնության ապահով և անխոչընդոտ մատակարարումը,
  • Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել  մարդասիրական օգնություն։

Այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։ Ըստ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների, «սա կանխամտածված հանցագործություն է՝ պայմանավորված ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հրահրել են Լաչինի միջանցքի շրջափակումը՝ իմանալով, որ դա կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության աստիճանական ոչնչացմանը, սակայն նախընտրել են շարունակել գործողությունների նման ընթացքը»։

Միևնույն ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում նշված է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, արդեն իսկ ցեղասպանություն է: Ըստ Օկամպոյի, «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի. «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»։

Հարգելի Անվտանգության խորհուրդ, նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի:

Եզրափակելով՝ ես կցանկանայի վերադառնալ իմ ելույթի հենց սկզբին։ ՄԱԿ-ի ամենակարևոր սկզբունքներից մեկը ոչ ոքի անուշադրության չմատնելն է, և 4-ամյա Էդվինը, 6-ամյա Անաստասիան, 7-ամյա Մարիան, 5-ամյա Դավիթը, 5-ամյա Տաթևը, 8-ամյա Սամվելը և շատ ուրիշներ դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի:

Շնորհակալություն»:

Ամռան շոգին առանց ջրի՞

Օրեր շարունակ Ստեփանակերտի որոշ թաղամասեր զրկված էին ջրից: Այս խնդիրը քաղաքապետարանը փորձել է լուծել տվյալ թաղամասերում ջրի տարաներ տեղադրելով, սակայն բնականաբար այս շոգին դա չի կարող կոմպիսացնել ջրի բացակայությունը:

Այսօր Արցախի Ջրմուղկոյուղի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորել էր բնակիչներին ջուրը օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում, հակառակ դեպքում ստիպված կլինեն դադարեցնել ջրամատակարարումը:

Հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացրել հասարակության շրջանում, մասնաորապես ինչպես որոշել, թե որն է ջրի խիստ անհրաժեշտությամբ օգտագործումը, երբ ողջ բնակչությունը գտնվում է խիստ խնայողության ռեժիմում:

Ըստ Ստեփանակերտի բնակիչ Ս.Բ-ի, նա չի պատկերացնում, թե որն է ջրի խիստ անհրաժեշտության օգտագործումը, երբ ամառ է, չկա տրանսպորտ և նաև պակասում են տարրական հիգիենայի պարագաները։ Նման պարագայում միակ փրկությունը հենց ջուրն է:

Դոշաբ և կուրկուտ Ճարտարից՝ ստեփանակերտցիների համար

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչների և բարերարների շնորհիվ Ստեփանակերտ քաղաքի Աբովյանի փողոցի 200 ընտանիքներ ստացել են 0.5լ դոշաբ և 1կգ կուրկուտ, որն այս պայմաններում մեծ օգնություն է Ստեփանակերտի բնակիչների՝ համար հաշվի առնելով, որ Ստեփանակերտի բնակիչները շրջափակման հետևանքներով սննդի բացակայության առումով ավելի խոցելի են:

Նաև հատկանշական է, որ ինչպես 90-ականերին, այնպես էլ այսօր բնակչության մեծ մասը գոյատևում են շնորհիվ աշխատասեր գյուղացիների, և շատուշատ արցախցիներ կարողանում են շաքարավազը փոխարինել դոշաբով, իսկ մակարոնեղենը՝ ավանդական կուրկուտով:

Օսիպյան. Եթե միջանցքը հնարավոր լինի ապաշրջափակել, Արցախը կմնա հայկական

Այսօր Արցախի «Հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի կոչով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել։

Օսիպյանի խոսքով՝ «դեպի Հակարի կամուրջ զինված դիրքերի միջով անզեն անցնելու մեր առաջարկը միանշանակ չի ընկալվում, և դա հասկանալի է»։ Այսօրվա հանրահավաքը լավ առիթ է մարդկանց բացատրելու խաղաղ գործողության ուժը և անվտանգության ինչ երաշխիքներ այն կարող է բերել։ «Մենք կարծում ենք, որ դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա առանց արյունահեղության ապաշրջափակել միջանցքը։ Իսկ միջանցքի ապաշրջափակումը կնշանակի, որ Արցախը մնալու է հայկական»,- ասաց Օսիպյանը։

Արցախում մի խումբ կանայք հանդիպել են պետնախարարի հետ. նրանք կսպասեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը

Այսօր Ստեփանակերտում բողոքի ակցիա անցկացրած մի խումբ կանանց ընդունել են Արցախի պետական ​​նախարարն ու նախագահի օգնականը։ Ինչպես նշեց ակցիայի նախաձեռնող Ժաննա Արզումանյանը, իրենք պայմանավորվել են սպասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա որոշմանը, նոր միայն պահանջել իրենց հարցերի պատասխանները։ Կանայք պահանջել են բացել ճանապարհը, ապահովել երեխաների անվտանգությունն ու սնունդը։

Արզումանյանի խոսքով, իրենք որոշել են ցրվել, մինչեւ կպարզվի ՄԱԿ-ի հետ կապված իրավիճակը։

Մի խումբ կանայք դիմել են Արցախի նախագահին՝ երեխաների անվտանգությունն ու սնունդն ապահովելու պահանջով

Արցախում մի խումբ կանայք հավաքվել են Ստեփանակերտում նախագահականի մոտ՝ պահանջելով բացել միջանցքը, ձեռնարկել բոլոր միջոցները երեխաների անվտանգությունն ու սնունդն ապահովելու համար։

Փաստաբան Ժաննա Արզումանյանն ասում է, որ արդեն արձանագրվում են սովից մահվան և վիժումների դեպքեր։ Մարդիկ իրենց ամբողջ ժամանակն անցկացնում են հերթերում, որտեղ ուշագնացություներ են լինում։ Ինչպես նշեց փաստաբանը, նախագահի հետ վերջին հանդիպումից անցել է երկու շաբաթ, սակայն իրավիճակը գնալով վատթարանում է։

Կանայք մտադիր են անժամկետ ակցիա սկսել և այժմ սպասում են պետնախարարի հետ հանդիպմանը։

Հայաստանը պետք է ըստ էության ՄԱԿ-ին ներկայացնի Արցախի խնդիրները․ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ նախագահ

Վերջին շրջանում Արցախն այնքան հարվածներ է ստացել Հայաստանից, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե որն է լինելու հաջորդ հարվածը։ Բայց, ամեն դեպքում, մենք ակնկալիքներ ունենք այսօր նախատեսված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից։ Հայաստանը պարտավոր է ըստ էության բանակցություններ վարել և արցախյան հիմնախնդրին մոտենալ ճիշտ առաջնահերթություններով։ Հայաստանը պետք է ՄԱԿ-ի նիստում ներկայացնի Արցախում տիրող իրավիճակը ըստ էության և բոլոր առումներով՝ պատմական, իրավական և այլն»,- մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստը՝ Step1.am-ին ասաց «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ նախագահ Մերի Դավթյանը։

Տիգրան Պետրոսյանը հրապարակել է Լավրովի առաջարկը

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է փաստաթուղթ․ «Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին։ Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում», գրել է նա։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել ԵՄ դիտորդների պարեկության ժամանակ ադրբեջանական կրակոցների առնչությամբ

Ֆրանսիան լրացուցիչ 3 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեությանն աջակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հեռախոսազրույցից։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն ավելի քան ութ ամիս է, ինչ տառապում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։

Կոլոննան ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին:

Նա ընդգծել է, որ չլուծված հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով, ինչն արդար և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կտա: Այդ մասին նախարարը նշել էր նաև ապրիլի 27-ին և 28-ին Ադրբեջան և Հայաստան կատարած իր այցերի ժամանակ:

Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով վերականգնելու, բնակչությանն անխափան գազ և էլեկտրականություն մատակարարելու իր կոչը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, որն ունի պարտադիր կատարման ուժ։