Չնայած շրջափակմանը՝ դասերն Արցախում կմերկնարկեն սեպտեմբերի 1-ին
Month: Օգոստոս 2023
Ասկերանում բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել ռուսական բեռնատարներին անցնել Ակնա
Մի քանի ժամ առաջ Ասկերանում բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ Արցախի տարածքից ռուսական խաղաղապահների մի քանի բեռնատարներ փորձում են շարժվել դեպի Ակնա (Աղդամ), որտեղ կայանված են ադրբեջանական բեռնատարները։ Ակտիվիստները կասկածել են, որ ռուս խաղաղապահները գնացել են ադրբեջանական բեռնատարների մոտ՝ իրենց մեքենաներով բեռները բերելու Արցախ։
Դավիթ Կ.-ի խոսքով՝ եղել է հինգ ռուսական բեռնատար և մեկ ուղեկցորդ։ Բեռնատարներին թույլ չեն տվել անցնել և նրանք ստիպված են եղել վերադառնալ բազա:
Ակցիայի մեկ այլ մասնակից Հովիկ Ե.-ն հայտարարեց, որ թույլ չեն տվել ռուսական բեռնատարների անցումը. «Ռուսական բեռնատարները վերադարձել են։ Մենք բաց չենք թողել։ Որովհետև մենք այստեղ կանգնած ենք ոչ թե 9 ամիս մեզ սովամահ արած թշնամուց ողորմություն վերցնելու, այլ նրա համար, որ պաշտպանում ենք մեր իրավունքը մեր հողի, խաղաղ կյանքի ու ազատության նկատմամբ»։
Մարիա Զախարովամ Ֆրանսիային կոչ է արել հաշվի առնել Բաքվի շահերը
Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական գործողություններում հարկավոր է հաշվի առնել երկու երկրների դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոստումը՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։
«Մի կողմից՝ մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և, առավել ևս, չեն խաթարում այդ ջանքերը», – ասել է Զախարովան ճեպազրույցում։
Նա նաև նշել է, որ առանց երկու երկրների շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ «բավականաչափ թեժացած» իրավիճակի հանգուցալուծում։
«Մյուս կողմից, մեզ քաջ հայտնի է Ֆրանսիայի գործունեությունն այս ուղղությամբ։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ նման միջնորդական ջանքերի շրջանակներում պարզապես անհրաժեշտ է հաշվի առնել, առաջին հերթին, հակամարտության երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումը։ Եվ առանց դրա չարժե ակնկալել առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի կարգավորման որևէ առաջընթաց։ Սա ցանկացած միջնորդության ալֆան և օմեգան է», – նշել է Մարիա Զախարովան:
Բաքուն երեկ հերթական սադրանքն է իրականացրել
Բաքուն երեկ հերթական սադրանքն է իրականացրել՝ ուղարկելով «հումանիտար» օգնությունը։ Այդ մասին Կոռնիձորում լրագրողներին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ ընդգծելով՝ Բաքուն փաստացի ընդունել է, որ կա հումանիտար ճգնաժամ։
Մեկնաբանելով լուրերը, թե Ակնայից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը՝ նախարարն ասաց, որ Բաքվից բազմաթիվ հավաստիացումներ են ստացել, որոնք մինչև օրս իրականություն չեն դարձել։
Նա նաև ընդգծեց, որ Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում։
Արցախի ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն:
«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։
Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում», – ասվում է հաղորդագրությունում։
Մերսի, Ֆրանսիա
Երախտագիտության ակցիա Ստեփանակերտում
Սեպտեմբերի 1-ին Արցախում կտրվի ուսումնական տարվա մեկնարկը
Արցախի մի խումբ բնակիչների կողմից կազմակերպվել է ինքնաբուխ ակցիա ի երախտագիտություն Ֆրանսիայի
Ֆրանսիայի քաղաքապետների ուղեկցությամբ հումանիտար բեռը նախատեսված Արցախի բնակիչների համար այրդեն Կոռնիձորում է, չնայած, որ բեռների հետագա ընթացքը խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից:
Այսօր Արցախի մի խումբ բնակիչների կողմից կազմակերպվել է ինքնաբուխ ակցիա ի երախտագիտություն Ֆրանսիայի, որը այս օրերին այն եզակի պետություններից է, որոնք խոսում են Արցախի շրջափակման և Լաչինի անհապաղ բացման մասին:
Ըստ ակցիայի մասնակցի, նրանց հիմնական նպատակը երախտագիտություն հայտնելն է Ֆրանսիայի ղեկավարությանը և ժողովուրդին այս ծանր օրերին Արցախի կողքին լինելու համար:
Մեր զրուցակցի խոսքով, Ֆրանսիան բավականին ակտիվ է թե այս ճգնաժամի, թե արցախյան հարցի միջազգայնացման հարցում, որը շատ կարևոր է, և մենք պետք է կարողանանք միջազգային հանրության ուշադրությունը պահել մեզ վրա, ինչպես նաև ևս մեկ անգամ պետք է վերահաստատենք, որ Լաչինի (Բերձորի) միջանցքը այլընտրանք չունի։
Այն պետք է անհապաղ բացվի և այնտեղ չպետք է լինի ադրբեջանական անցակետ: Այդ ճանապարհը կոչված է ապահովելու Արցախի կապը Հայաստանի և աշխարհի հետ, որը պետք է գործի ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության:
Արցախի նախագահը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Կոռնիձոր ժամանած Ֆրանսիայի պատվիրակության հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոնների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ:
«Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչն այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները արդարացան: Իհարկե, Ադրբեջանը ակնկալում է հումանիտար ճնշման միջոցով ծնկի բերել արցախցուն, Արցախին, բայց դա չի հաջողվի: Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք: Պայքարելու ենք այնքան, ինչքան հնարավորություն ունենանք։ Չնայած որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք: Հազարամյակներով ժառանգած արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,- նշել է Հարությունյանը:
Արցախի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայից Արցախի համար հատկացված հումանիտար առաքելության բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ Արցախը դա երբեք չի մոռանա:
Ֆրանսիայի քաղաքապետեր․ հումանիտար շարասյանմուտքն Արցախ խոչընդոտել են. Մակրոնը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ
Ֆրանսիացի քաղաքապետերը, ովքեր ուղեկցել են մարդասիրական ավտոշարասյունը դեպի Հակարի կամուրջ, մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, որ իրենց արգելել են մարդասիրական օգնություն հասցնելը Արցախ։
Ասուլիսի ընթացքում շեշտը դրվել է հիմնականում միջազգային իրավունքի, ցեղասպանության, էթնիկ զտումների կանխարգելման, Արցախի դիմադրության աջակցության վրա։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց նաև Հայաստանին: Մենք չենք ուզում, որ Ադրբեջանը Արցախը վերածի բանտի։ Մենք ցանկանում ենք արթնացնել միջազգային հանրությանը»,- ասվել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դիմում ենք Ֆրանսիայի նախագահին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Արցախին սատարող բանաձև ներկայացնելու համար»,- ասել են քաղաքապետերը։
Իսկական ժամանակն է հավաքվել և գնալ դիմավորելու Հայաստանի և Ֆրանսիայի մեր ընկերներին․ Օսիպյան
Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հերթական ուղիղ եթերում ելույթ ունեցավ, որում հայտարարեց, որ առաջին անգամ հասարակության ճնշման ներքո խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում բոլոր քաղաքական ուժերի և շարժումների մասնակցությամբ։
«Արդյունքն եղել է այն, ինչ ասել է Արայիկ Հարությունյանը, այսինքն՝ ընդհանուր արդյունք չի եղել, ու պարզ է դարձել, որ նրանք կոնկրետ ոչինչ չեն կարողացել անել»,- ասել է Օսիպյանը։
«Ժամանակն է հավաքվենք և ինքներս որոշենք, թե ինչ է պետք անել, խաղաղ երթի պահանջ առաջադրենք դեպի Հակարի՝ Հայաստանի և Ֆրանսիայի մեր ընկերներին դիմավորելու համար»,- նշել է նա։
«Եթե ճանապարհը փակեն, Ադրբեջանն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ ճանապարհը փակ է նաև արցախցիների համար։ Հենց որ ցանկացողների բավարար թիվ լինի, մենք կորոշենք երթի ժամկետը»,- նշեց նա։
Ռուս «խաղաղապահները» առաջարկել են հնարավորություն տալ, որ ազերբայդժանական բեռնատարները մտնեն Արցախ
Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Այս քննարկումները դեռևս որևէ արդյունք չեն տվել, համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որևէ արդյունք չի տվել: Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվել և այդ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են: Դրանք ավարտված չեն: Այստեղ շատ կարեւոր է Արցախի ընդհանուր դիրքորոշումը և ռուսական կողմի համապատասխան բացատրություններ տալը»,- ասաց Իշխանյանը: