Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը հայտնել է․

«Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ  ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ,   հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։

Սա չափազանց բարդ աշխատանք է՝ այն դեպքում,  երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։

Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։

Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ  ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու  քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան՝ դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»։

Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության տեղեկատվությանը՝ հայտնում են, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբր խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Մնացականյանը ձերբակալվել էր նախօրեին Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։

Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

Ֆրանսիան դադարեցնում է Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը

Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խումբը դադարեցնում է գործունեությունը։ Այս մասին հայտնել է խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պիեռ Վատինը։

«Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամակն խումբը, որը ես ղեկավարում եմ Ազգային ժողովում, դադարեցնում է իր գործունեությունն ու հարաբերությունները Ադրբեջանի խորհրդարանի Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամական խմբի հետ»,-ասել է նա։

Դավիթ Բաբայանը ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից

Ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը՝ հայտնում են ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Դավիթ Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ ինքնակամ մեկնում է Շուշի՝ ադրբեջանական կողմի պահանջած հետաքննության համար։

«Ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,-գրել էր Բաբայանը։

Սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր: Այս մասին իր ֆեհսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:
Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:
Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:
Վաղը Հումանիտար կենտրոնի ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում»,- գրել է նա:

Արցախում մնացել է մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ

«Իմ ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվում են Հայաստան»,- այդ մասին հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»,- նշել է նա։

Պետության տրամադրած ժամանակավոր կեցավայրերից այս պահի դրությամբ օգտվել է 32 200 բռնի տեղահանված արցախցի

Պետության տրամադրած ժամանակավոր կեցավայրերից այս պահի դրությամբ օգտվել է 32 200 բռնի տեղահանված արցախցի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Տեղահանված արցախցիները ըստ մարզերի տեղաբաշխվել են հետեւյալ կերպ՝

Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 1852 մարդ,

Արարատի մարզում` 7640,

Արմավիր` 3009,

Գեղարքունիքի մարզ` 2862,

Լոռի` 1581,

Կոտայք` 8289,

Շիրակ 1317,

Սյունիքի մարզ` 2244,

Վայոց Ձոր` 1700

Տավուշի մարզ` 1706։

Պեսկովը խոստովանել է, որ Արցախը Ադրբեջան չէ

«Հիմա դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը գնում է առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կդառնա ադրբեջանական կողմի հետ բանակցությունների առարկա», – ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ պատասխանելով ռուսական խաղաղապահ առաքելության ճակատագրի մասին հարցին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործունեությունը հունվարի 1-ին դադարեցվելուց հետո»։

Պարզվում է, որ մինչ այժմ առաքելությունը չի գտնվել Ադրբեջանի տարածքում։ Իսկ ո՞ւմ տարածքում է գտնվել։ Հայաստանի? Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Հայաստանի վարչապետի հետ, ինչը նշանակում է, որ Մոսկվան Արցախը համարում էր Հայաստանի տարածք։ Հակառակ դեպքում, ի՞նչ իրավունքով Փաշինյանը փաստաթուղթ կստորագրեր մի տարածքի վերաբերյալ, որի վրա իր իրավասությունը չի տարածվում։

Արցախում վերջերս նշանակված ռուսական զորախմբի հրամանատարն, ի դեպ, այցելել է Երևան և հանդիպել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ որպես ռուսական զորախմբի տեղակայման մանդատ տվող կողմի։ Պատերազմից ընդամենը մի երկու օր առաջ է եղել։ Այսինքն՝ այն ժամանակ Արցախը Հայաստանի տարածքն էր։

Այն, որ Արցախը Ադրբեջան չէ, վկայում են նաև Պուտինի արձագանքները, որը վկայակոչում է բացառապես մեկ տարի առաջ Պրահայում արած Փաշինյանի հայտարարությանը։ Սա նշանակում է, որ մեկ տարի՝ Փաշինյանի հայտարարությունից առաջ, Պուտինը Արցախը չէր ընկալում որպես «Ադրբեջանի մաս»։

Առաջանում է հետևյալ տրամաբանական շղթան. 2020 թվականին ռուս խաղաղապահները մանդատ ստացան Փաշինյանից (Ալիևը մանդատի մասին համաձայնագիր չի ստորագրել՝ հասկանալով, որ դա իր իրավասության ոլորտը չէ), քանի որ Արցախը գտնվում է Հայաստանի իրավասության ներքո։ Ռուսական «խաղաղապահության» 3 տարիների ընթացքում Մոսկվան ամեն ինչ արել է իրավասությունը փոխելու համար, և այժմ Պեսկովն ասում է, որ իրենք հարցեր են քննարկելու Բաքվի հետ։

Այսինքն՝ ռուս խաղաղապահները 3 տարում Հայաստանից բռնակցեցին Արցախը և հանձնեցին Ադրբեջանի իրավասությանը։ Կամ մտածում են, որ հանձնեցին:

Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է Ղարաբաղից փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը

Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է կղզի պետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ ղարաբաղցի հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք տեղահանված [ղարաբաղցի] հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Կիպրոսի ԱԳՆ-ն։

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 27 հազար 396 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 27 հազար 396-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ 27 հազար 396 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքում՝ 2398, Լոռիում՝ 1404, Կոտայքում՝ 7078, Շիրակում՝ 1067, Սյունիքում՝ 2094, Վայոց  ձորում՝ 1613, Տավուշում՝ 1237:

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արդարադատության միջազգային դատարանի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ հարցում է ուղարկել դատարան ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար» ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին:

Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները և հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն այդ գործով կայացրած վճիռների, մասնավորապես ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի:

1) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նկատմամբ իր պարտավորությունների խախտմանը։

2) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետեւանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել;

3) Ադրբեջանը պետք է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով օկուպացված Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը;

4) Ադրբեջանը պետք է աջակցի Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների հասանելիությանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց և որևէ կերպ չմիջամտի նրանց գործունեությանը;

5) Ադրբեջանը պետք է աջակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հասանելիությունը և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաև համագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ՝ վերջին հակամարտության այլ հետևանքների վերացման գործում;

6) Ադրբեջանը պետք է անհապաղ աջակցի Լեռնային Ղարաբաղում կոմունալ ծառայությունների, այդ թվում ՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և հետագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց;

7) Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց;

8) Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ հուշարձան կամ Լեռնային Ղարաբաղում առկա որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային օբյեկտ կամ արտեֆակտ;

9) Ադրբեջանը ճանաչում և գործողության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները և գրանցամատյանները և չի ոչնչացնում կամ առգրավում այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը;

10) Ադրբեջանը պետք է դատարանին հաշվետվություն ներկայացնի սույն վճիռի ի կատար ածելու համար ձեռնարկված բոլոր միջոցների մասին մեկ ամսվա ընթացքում ՝ սկսած սույն վճռի ամսաթվից և հետագայում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև դատարանի կողմից գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»,- նշված է Արդարադատության միջազգային դատարանի տարածած հաղորդագրության մեջ։

Դժողքային ճամփա

Nonna Poghosyan-ը գրում է.

Դուրս եկանք։

Մտածում էի, որ երբ տունդ փակում ես՝ իմանալով, որ երբեք տուն չես վերադառնա, սա ամենավատն է։ Բայց երեսուներեք ժամվա դժոխային ճանապարհը, ավելի շուտ այն հատվածը, որին կարելի էր հասնել մեկ ժամից էլ քիչ ժամանակում, ինձ հասցրեց վերջին։
Գնում ու մտածում էի՝ հանկարծ մեքենայի հետ ոչինչ չպատահի։ Որովհետև եթե հանկարծ կանգնենք, վերջն է: Կմնանք այս քաոսի մեջտեղում, ստիպված կլինեք թողնել մեքենան իրերով բեռնված և փնտրել, թե ոնց առաջ շարժվել, ով կվերցնի ձեզ:
Ամբողջ երթուղու երկայնքով լքված հարյուրավոր վնասված մեքենաներ կան։ Սա նշանակում է, որ մարդը հանել է ընտանիքի համար կարևոր մի բանի իրեր, որոշելով թողնել ամեն ինչ և շարժվել, օրինակ, ավտոբուսով: Որովհետև ինչ-որ մեկը մեզ համար որոշել է, որ սա միակողմանի ճանապարհ է։
Մի տեղ ծածկված իրերով սայլ կար։ Կեռիկն էր երեւի կոտրվել: Սայլի մեջ նուռ էր, ընկույզ, թթի օղի մի տուփ, մի բանկա մեղր և սրբիչով փաթաթված մի երկու ափսե… մարդիկ կանգնելիս ընկույզ ու նուռ էին ուտում…

Լացող երեխաներ. Մեծերը հազիվ են դիմանում, ի՞նչ անեն երեխաները։

Ինչ-որ մեկը կրակ է վառում, երբ մենք կանգնած ենք։ Ջուր տաքացնում և թեյ խմում։ Մնացած ջուրը տանում են թերմոսների մեջ, քանի որ յուրաքանչյուր երեք ժամը մեկ պետք է կաթնախառնուրդ պատրաստել և կերակրել երեխաներին։ Հասկանում ես, որ ամեն ինչից զատ՝ մարդիկ ճանապարհին իրենց հետ տանելու բան էլ չունեին՝ 9-ամսյա հյուծող շրջափակում, սով։

Ճանապարհին կան բոլոր տեսակի մեքենաներ, այն ամենը, ինչ կարելի էր խոդի տալ։ Մի մարդ իր բեռնատարը, հավաքված տարբեր մեքենաներից, պարանով փայտե շրջանակով միացնում է, քաշում է պարանը, այն ձգվում է, շարժիչն արագ պտտվում է, և մեքենան շարժվում է։ Տրակտորներ, կցանքներ, կոտրված սայլեր. Ի՞նչ են անելու այս մարդիկ։ Ո՞ւր են գնալու։

Դասընկերս չաթում գրել է, որ նախօրեին առավոտյան են դուրս եկել։ Այսօր գրում են, որ վթար է եղել, երեխաներն ու ամուսինը ողջ են մնացել, Կարինան մահացել է։ Երեք երեխա մեկ օրում մնացին՝ առանց տուն, առանց հայրենիքի, առանց մոր։

Հազարավոր ծնողներ սեպտեմբերի 19-ից հետո, այնուհետև բենզինի հրեշավոր պայթյունից հետո չգտան իրենց երեխաների մասունքները։ Մի կողմից պետք է որքան հնարավոր է շուտ հեռանալ, մյուս կողմից՝ բացակայող հարազատներ, ինչպե՞ս հեռանալ։

Վայքում հանդիպում ենք մորս նախկին աշխատակցուհուն։ Նա կանգնում է ու ողբում, սկեսուրին փաստաթղթեր, ոսկի ու փող է թողել պայուսակի մեջ, բայց նա չի ջոկել, թե որտեղ է կորցրել։

Ընկերներիս մեքենայում մի տարեց կին ջուր է խնդրում, ջուր են տալիս, խմում է ու քնում։ Քիչ անց հասկանում են, որ նա մահացել է։ Մնացած ճանապարհին այդպես թլ վարում են։ Անցակետում իմ հայրենիքի «կարեկից» զավթիչները հաղորդում են «Հայերը ծեր ծնողներին սպանում են»։

Հազարավոր պատմություններ, որոնցից հյուսված է իմ դժբախտ ժողովրդի ճակատագիրը։ Ու՞մ լսեմ, ո՞ւմ մասին գրեմ։